Էրեբունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրեբունու ամրոցի պարիսպները (վերականգնված)

Էրեբունի ուրարտական քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782-ին` ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք։

Տեղադրությունը[խմբագրել]

Գտնվում է այժմյան Երևանի հարավարևելյան մասի Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև վեր խոյացող Արին-բերդ բլրի շուրջը, որի գագաթին պահպանվել են միջնաբերդի մնացորդները։ Պահպանվել է Արգիշտի Ասեպագիր արձանագրությունը քաղաքի հիմնադրման մասին։ Համանման մի արձանագրություն Արգիշտին թողել է նաև Տուշպայում (Վան), որից պարզվում է, որ նա Խաթե և Ծուպանի երկրներից Էրեբունի է վերաբնակեցրել 6600 գերի զինվոր։

Ռազմավարական նշանակությունը[խմբագրել]

Էրեբունին ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից Արարատյան հարթավայրը Էրեբունիի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Ուրարտուն, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։

Ճարտարապետական նկարագիր[խմբագրել]

Քաղաքաշինական առումով Էրեբունին, ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ։

Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ, հարավ-արևելյան հատվածում կազմում են երեք շարք և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Երբեմնի 10-12մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակազիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները։

Միջնաբերդը[խմբագրել]

Միջնաբերդն ունեցել է որոշակիորեն արտահայտված երեք հիմնական մասեր՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական։ Էրեբունիի Արարատին և Արագածին նայող կողմերը միջնաբերդի պաշտոնական, հանդիսավոր մասն են։ Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, Խալդի աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։ Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»։ Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը «Սուսի» անվամբ։ Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր։ Պալատի ամենամեծ դահլիճը (12,0մ×30,0մ), որը երկայնական առանցքով ուներ հինգ սյուն, նախատեսված էր, ընդունելությունների և հանդիսավոր արարողությունների համար։ Դահլիճի մոնումենտալ ձևերը լրացվել են ճոխ որմնանկարներով, որոնք պատկերում են աշխարհիկ (որսի տեսարաններ, հողի մշակում, խաշնարածություն) և պաշտամունքային թեմաներ։ Որսի տեսարանում պատկերված կենդանիների սրընթաց վազքի և մյուս նկարները պատկերացում են տալիս արվեստի ռեալիստական բնույթի մասին։ էրեբունիի պալատի արգիշտյան մասը, որ հինավուրց ժամանակներում ամբողջովին ծածկված է եղել հոյակապ որմնանկարներով, ուրարտական արվեստի նշանավոր ստեղծագործություններից է։

Աքեմենյան շրջանի կառույցներ[խմբագրել]

Մ. թ. ա. VI դար Ուրարտուն, Մարաստանի հարվածների տակ, հեռացավ պատմության թատերաբեմից՝ տեղը զիջելով կազմավորվող հայ ժողովրդին։ Սակայն իրանական էքսպանսիան իր մեծապետական ձգտումներով արմատապես հեղաշրջեց երկրի պատմական ճակատագիրը։ Էրեբունին այդ շրջանում, ինչպես և նվաճված մյուս երկրների մի շարք քաղաքներ դարձան աքեմենյան Իրանի սատրապության կենտրոններից մեկը։ Այս է պատճառը, որ Էրեբունիում հայտնաբերվել են Աքեմենյանների շինարարական գործունեության հետքեր, ուրարտական շենքերի հետագա կառուցապատման, ինչպես և նրանց վերակառուցման միջոցով։ Այդպիսով, Էրեբունիում վերակառուցվել է Խալդիի տաճարը, որի 12 սյունանոց արտաքին սյունասրահին կցվել է 18 սյունանոց սրահ, և ստեղծվել աքեմենյան 30-սյունանոց դահլիճ՝ «ապաղան» կառույցը, որը, ինչպես և Իրանում, ծառայել է պաշտոնական ընդունելությունների, հանդիսավոր արարողությունների և հանդեսների համար։ Էրեբունիում Աքեմենյանների մյուս կառույցները պաշտամունքային շենքերն են՝ կրակի մեծ ու փոքր տաճարները։ Կրակի մեծ տաճարը ստեղծվել է պալատի պերիստիլ բակի և «Սուսիի» տաճարի վերակառուցման հիման վրա։ Աքեմենյանները ոչ թե սոսկ հարմարվել են գոյություն ունեցող կառույցներին, այլ դրանք հիմնովին վերափոխել են՝ ստեղծելով թեմատիկ նոր մտահղացմամբ ճարտարապետական շենքեր։ Այսպես, օրինակ, այնտեղ, ուր պաշտվում էր ուրարտական Իուբշա աստվածը, նրան փոխարինել է Ահուրամագդան։ Կրակի մյուս տաճարը նոր կառուցված շենք է՝ բաղկացած երեք սենյակից։ Մեծ սենյակի կամ դահլիճի ներսում հայտնաբերվել են երեք որմնախորշեր՝ իրենց նստարաններով։ Ինչպես որմնախորշերը, այնպես էլ բոլոր դռները ավարտվում էին երկկենտրոն կամարներով, որոնք այդ հորինվածքի ամենահին օրինակներն են Հայաստանում։

Էրեբունիում հայտնաբերված աքեմենյան կառույցները համապատասխանում են Իրանի դասական ճարտարապետության ձևերին, իսկ այդ նույն շենքերի շինարարական տեխնիկան գալիս է տեղական ավանդույթներից։

Այսպիսով Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանդիպելով հանգուցվում են երկու հինավուրց մշակույթներ՝ ուրարտական և աքեմենյան-իրանական։ Մյուս կողմից Էրեբունիի կառույցները հայկական դասական ճարտարապետության կարևոր ու հիմնական ելակետ են հանդիսացել։ էրեբունիի հնագիտական հետազոտությունները պարզորոշ ցույց տվեցին, որ նրանում կյանքը շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանկակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով` Էրեբունի, Երևու, Երևան։

Արտաքին հղումներ[խմբագրել]