Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան և պատկերասրահ
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
Կազմված էԽաչքար` Ասլիզատի և Հուշակոթող` Հակոբ Կոջոյանին և Արա Սարգսյանին
ՀասցեԵրևան, Պուշկինի 70
Հիմնադրվել է1973
Քարտեզ
Քարտեզ

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան, հիմնվել է Երևանում 1973 թվականին ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1970 թվականի մայիսի 25-ի որոշման համաձայն և հանդիսանում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը[2]։

1934 թվականից մինչ թանգարանի ստեղծումը Արա Սարգսյանը և Հակոբ Կոջոյանը բնակվել ու ստեղծագործել են այստեղ։

Տուն-թանգարանի հավաքածուն կազմում են ինչպես թանգարանի պատկանելիության, այնպես էլ արվեստագետների ընտանիքների սեփականությունը հանդիսացող ստեղծագործությունները[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի կենտրոնում է գտնվում երկհարկանի առանձնատունը, որտեղ տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը (1902-1969) և նկարիչ Հակոբ Կոջոյանը (1883-1959)։ 1973 թվականին ժառանգների համաձայնությամբ տրամադրվել է պետությանը, ստեղծվել է տուն-թանգարան՝ ՀԱՊ-ի մասնաճյուղի կարգավիճակով։

Տուն-թանգարանի շենքը կառուցվել է 1936 թ. ճարտարապետ Վարազդատ Արևշատյանի նախագծով, վերակառուցվել 1973 և 1981 թթ[4]։

Արա Սարգսյան բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Սարգսյանի աշխատասենյակը

Մասնաճյուղի՝ Արա Սարգսյանի արվեստի բաժնում, ներկայացված են ստեղծագործություններ ՀԱՊ-ի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր։ Այստեղ կարելի է ծանոթանալ նաև արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին։ Արա Սարգսյանի ստեղծագործությունը սինթեզում է ազգային և եվրոպական արվեստների ձեռքբերումները, յուրահատուկ հմտությամբ համադրում ավանդականն ու նորարարականը, մոնումենտալ վեհությունն ու կամերային քնարականությունը, ձևերի ու կերպարային ընդհանրացումն ու հոգեբանական հուզականությունը։ Մեծ է Արա Սարգսյանի ներդրումը նոր շրջանի հայ քանդակագործական դպրոցի սկզբնավորման գործում։ Նա եղել է Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրը, ինչպես նաև Հայաստանի նկարիչների միության հիմնադիրն ու առաջին քարտուղարը, Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիրն ու առաջին ռեկտորը։

Հակոբ Կոջոյան բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Կոջոյանի աշխատասենյակը

Շենքի երկրորդ հարկում տեղադրված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը։ Ներկայացված աշխատանքների մի մասը ՀԱՊ-ի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է։ Մեծ է վարպետի դերը հայկական կերպարվեստում։ Կոջոյանի գեղանկարներին հատուկ է լեզվի սրությունը, լակոնիկ և արտահայտիչ ձևերը, գունային լուծումների նրբությունն ու կոմպոզիցիոն կառուցվածքի վարպետությունը։ Իր կտավներում նկարիչը արտացոլում է հայրենի երկրի կենցաղը, գովերգում է բնությունը, անդրադառնում պատմական իրադարձություններին։ Առավել նշանակալից է Հակոբ Կոջոյանի ներդրումը գրաֆիկայի ասպարեզում։ Հիանալի ճանաչելով հայկական միջնադարյան մանրանկարչությունը` նա ստեղծագործաբար կիրառում էր օրնամենտալ մոտիվները գրքային նկարազարդումներում, հատկապես` հեքիաթներում։ Կոջոյանը նոր շրջանի գրքարվեստի խոշորագույն դեմքերից է։

Թանգարանը ունի հարմարավետ բակ՝ միջոցառումներ կազմակերպելու համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան - Մասնաճյուղեր - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  4. Այլ Երևան նախագիծ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան» հոդվածին։