Արա Սարգսյան
| Արա Սարգսյան | |
|---|---|
![]() քանդակագործ |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 4 1902 |
| Ծննդավայր՝ | Կոստանդնուպոլիս (Թուրքիա) |
| Վախճանի օր՝ | հունիսի 6 1969 |
| Վախճանի վայր՝ | Երևան (Հայաստան) |
Արա Միհրանի Սարգսյան ( ապրիլի 4, 1902, Կ.Պոլիս – հունիսի 6, 1969, Երևան), հայ խորհրդային քանդակագործ, մանկավարժ, հասարակական գործիչ։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 4-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում` Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում:
[խմբագրել] Ուսման տարիներ
Նախնական անհրաժեշտ գիտելիքները ստանում է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվում է Պոլիս` Բերա թաղամաս, ուսումը շարունակում է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը` Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից էր, նրա խորհրդով Արան խորանում է արվեստի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողնում է ուսումն ու սկսում զբաղվել պատահական աշխատանքով` գոյության միջոցներ վաստակելու նպատակով: Նա զբաղվում է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ` էլեկտրիկ: Պատերազմից հետո նա սովորում է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919–21), որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով, ապա շարունակել է Վիենայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921-24), դիմաքանդակներով մասնակցել տեղի նկարիչների ցուցահանդեսներին։ Այս շրջանի դիմաքանդակները հասուն արվեստագետի ստեղծագործություններ են՝ հոգեբանական խառնվածքների շեշտված դրսևորումներով, որոշ դեպքերում թեթևակի հակումով դեպի իմպրեսիոնիզմը։ Կոմպոզիցիոն ստեղծագործություններում շարունակել է ողբերգական սյուժեները՝ Ռոդենյան ոճի պլաստիկական լուծումներով։ Գեղարվեստի վարժարանի քառամյա ուսումը նա գերազանց ավարտում է երկու տարում: 1921 թվականին ավարտելով Գեղարվեստի ուսումնարանը որոշում է մեկնել Հռոմ: Եսայան վարժարան հովանավորում է Արայի ուսումն արտասահմանում: Այնուհետև կյանքի սղության պատճառով տեղափոխվում է Վիենա և ընդունվում է այսպես կոչված «Վարպետների դպրոց»: Այստեղ նրա առաջին ղեկավարն էր պրոֆեսոր Է. Հելմերը, ապա Մյուլները։ Մասնագիտանում է հատկապես դիմաքանդակի ժանրում և Վիեննայի նկարիչների միության ցուցահանդեսին ներկայացնում է երաժիշտ, պրոֆեսոր Ռիխարդ Ռոբերտի պորտրեն:
[խմբագրել] Հայաստանում
Վիենայում 1924 թվականին ընդունում է սովետական քաղաքացիություն և 1925 թվականի ապրիլի 26-ին ժամանում Երևան՝ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ 1925-ից 1930 թվականերին Երևանյան գեղարվեստական տեխնիկումում բացում է քանդակագործության բաժինը և սկսում դասավանդել այնտեղ: 1930-ական թվականներին Արա Սարգսյանը փորձում է միացնել Հայաստանի նկարիչներին` համատեղ սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով: 1932 թվականին Գաբրիել Գյուրջյանի, Միքայել Արուտչյանի, Արա Սարգսյանի ջանքերով հիմնադրվում է Հայաստանի նկարիչների միությունը, իսկ առաջին քարտուղար միաձայնորեն ընտրվում է հենց Արա Սարգսյանը, որը գլխավորում է մինչև 1937 թվականը։ Սարգսյանի մանկավարժական գործնեությունն առավել լայն ծավալ ու նշանակություն է ստացել 1945 թվականից, երբ նրա գխավորությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ 1973 թվականին Երևանում բացվել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի համատեղ տուն-թանգարանը։
[խմբագրել] Ստեղծագործություններ
[խմբագրել] Կոմպոզիցիաներ
- «Քաղց», գիպս, 1919,
- «Հուսահատություն», գիպս, 1920,
- «Տառապանք», կավ, 1922,
- «Լուռ վիշտ», մարմար, 1923,
- «Բարձրուքի գրավումը», փայտ, 1942։
[խմբագրել] Դիմաքանդակներ
- «Կառլ Վայգել», գիպս, 1922,
- «Ռիխարդ Ռոբերտ», գիպս, 1922,
- «Հեղինե Զատեյան», գիպս,1923,
- «Սարգիս Խաչատության», գիպս, 1924,
- «Վահան Թոթովենց», գիպս, 1926,
- «Մանուկ Աբեղյան», գիպս, 1926,
- «Հրաչյա Աճառյան», գիպս, 1926,
- «Միքայել Նալբանդյան», Գիպս, 1933,
- «Հակոբ Պարոնյան», գիպս, 1933,
- «Սուրեն Սպանդարյան», մարմար, 1927։
[խմբագրել] Մոնումենտներ
- «Հովհաննես Թումանյան», բրոնզ, 1957,
- «Ալեքսանդր Սպենդիարյան», բրոնզ, 1957,
- «Նելսոն Ստեփանյան», բրոնզ, 1950։
