Մխիթարյան միաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթարյանների եկեղեցու ներքին հարդարանքը (Սուրբ Ղազար Կղզի)

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

Պատմություն[խմբագրել]

Հիմնադրումը[խմբագրել]

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում։ Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում։ 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը։ 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա։ Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թ. Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։ 1701 թ. սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են՝ հասնելով արյունալի բախումների։ Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին՝ Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն։ Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա՝ Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում։ Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել Մորեա թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ՝ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունասատանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք։ 1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թ. սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսի կանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թ. Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։

Եկեղեցու և վանքի շինարարությունը[խմբագրել]

Մխիթարյան միաբանության գրադարանը

1706 թ. Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։ 1714 թ. դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ ծռայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի խնդրանքը և քննում այն։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել։ Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։ 1716 թ. ամռանը նա այցելում է կղզի։ Հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքարանի հոգևորականները փորձում են ամբաստանել և խոչընդոտել նրա գործունեությունը, սակայն 1717 թ. օգոստոսի 26-ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Սուրբ Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին՝ Միաբանության հիմնադրման տարելիցի օրը։ 1723 թ. ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1724 թ. Մխիթարը սկսում է իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը և ավարտին է հասցնում այն 1740 թ.՝ գրադարանով և սեղանատնով։ 1749 թ. ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև։ Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի։ 1990-ականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրում է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանում մի հողակտոր և շինություն՝ Ավան համայնքում վարժարան հիմնելու նպատակով։ Այսպիսով, 1994 թ. Երևանում բացվում է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան։ 2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո՝ 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։ 2000 թ. Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր վերանորոգման համար։ 2002-2004 թթ. Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։

Վարժարաններ[խմբագրել]

Մինչև Մխիթարյան միաբանության հիմնադրումը Մխիթար Սեբաստացին դպրոցներ է բացել տարբեր հայաբնակ քաղաքներում։ Աշխարհի տարբեր մասերում 1736 թ.-ից մինչ մեր օրերը գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան։

  1. Եղիսաբեթուպոլիս, Հունգարիա՝ 1746-1820 /74 տարի/
  2. Վարատին, Հունգարիա՝ 1749-1820 /71 տարի/
  3. Սեփվիզ Ֆրումոասա, Հունգարիա՝ 1797-1815 /18 տարի/
  4. Պոլիս, Թուրքիա՝ 1803-ից ցայսօր՝ 2 վարժարան
  5. Բերա, Թուրքիա՝ 1808-1870 /62 տարի/
  6. Ղալաթիա, Թուրքիա՝ 1808-1915 /107 տարի/
  7. Տրապիզոն, Թուրքիա՝ 1817-1915 /98 տարի/
  8. Խարասու Բազար, Ղրիմ՝ 1821-1918 /97 տարի/
  9. Քեաֆթարլու, Կովկաս՝ 1830-1884 /54 տարի/
  10. Ախալցխա, Կովկաս՝ 1831-1844 /13 տարի/
  11. Քոթահիա, Թուրքիա՝ 1912-1915 /3 տարի/
  12. Պադովա, Իտալիա՝ 1834-1846 /12 տարի/
  13. Վենետիկ, Իտալիա՝ 1836-1997 /161 տարի/
  14. Փարիզ, Ֆրանսիա՝ 1846-1870 և 1928-ից ցայսօր
  15. Սիմֆերոպոլ, Ղրիմ՝ 1850-1918 /68 տարի/
  16. Մուշ, Թուրքիա՝ 1852-1913 /61 տարի/
  17. Քաղկեդոն, Թուրքիա՝ 1870-1915 /45 տարի/
  18. Պարտիզակ, Թուրքիա՝ 1883-1915 /32 տարի/
  19. Սաիրա, Պարսկաստան՝ 1885-1900 /15 տարի/
  20. Նիկոմեդիա, Թուրքիա՝ 1887-1915 /28 տարի/
  21. Խարբերդ, Թուրքիա՝ 1912-1915 /3 տարի/
  22. Մալաթիա, Թուրքիա՝ 1912-1915 /3 տարի/
  23. Մերդին, Թուրքիա՝ 1912-1918 /5 տարի/
  24. Միլան, Իտալիա 1918-1933 /15 տարի/
  25. Երուսաղեմ, Պաղեստին՝ 1931-1934 /3 տարի/
  26. Ալեքսանդրիա, Եգիպտոս՝ 1936-1964 /28 տարի/
  27. Հալեպ, Սիրիա՝ 1936-ից ցայսօր
  28. Բեյրութ, Լիբանան 1948-ից մինչ այսօր՝ 2 վարժարան
  29. Բուենոս Այրես, Արգենտինա՝ 1956-ից ցայսօր

Ներկայումս գործում են Մխիթարյանների Բուենոս Այրեսի, Հալեպի, Բեյրութի, Ստամբուլի, Փարիզի և Լոս Անջելեսի վարժարանները։

Ժառանգավորաց դպրոցներից ներկայումս գործում են երկուսը՝ Լիբանանի և Հայաստանի ժառանգավորաց դպրոցները, որոնց վերապահված է միաբանությունը նոր վարդապետ-միաբաններով համալրելու առաքելությունը։ Վերջին 10 տարում միաբանությունը համալրվել է միայն մեկ միաբանով, ևս երեք շրջանավարտ ներկայումս անցնում են փորձնական մեկամյա փուլը։

Մխիթարյան միաբանության վարժարաններում են ուսանել և աշխատել Միքայել Չամչյանը, Ղևոնդ Ալիշանը, Ծերենցը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Դանիել Վարուժանը, Արփիար Արփիարյանը, Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, ինչպես նաև Ջորջ Բայրոնը, Վալտեր Սկոտը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ստենդալը, Հայնրիխ Պետերմանը և այլք։

Աբբահայրեր[խմբագրել]

1921 թ. Կյուրեղյանի մահից հետո միաբանությունը մտնում է անցումային նոր շրջան՝ Հայր Հովհաննես վարդապետ Թորոսյանի ղեկավարությամբ, իսկ աբբահոր պաշտոնը մնում է թափուր։ 1928 թ. ընդունվում է միաբանության՝ նոր օրենսգրքով վերանայված կանոնադրությունը։

  1. Մխիթար աբբա Սեբաստացի (1712-1717)
  2. Ստեփանոս վարդապետ Մելգոնյան (1717-1799)
  3. Ստեփաննոս արքեպիսկոպոս Ակոնց (1800-1824)
  4. Սուքիաս արքեպիսկոպոս Սոմալեցի (1824-1846)
  5. Գևորգ արքեպիսկոպոս Հյուրմյուզյան (1846-1876)
  6. Իգնատիոս արքեպիսկոպոս Կյուրեղյան (1876-1921)
  7. Հովհան վարդապետ Ավգերյան (1929-1935)
  8. Սերապիոն Ուլուհոջյան (1935-1964)
  9. Հմայակ վարդապետ Կետիկյան (1964-1970)
  10. Պողոս վարդապետ Անանյան (1970-1982)
  11. Հովհաննես վարդապետ Դերձակյան (1982-1984)
  12. Ներսես արքեպիսկոպոս Տեր-Ներսիսյան (?-?)
  13. Սահակ վարդապետ Ճեմեճյան (?-?)
  14. Գևորգ Պալյան (1991-1996)
  15. Վարդան Քեշիշյան (?-?)
  16. Եղիա վարդապետ Քիլաղբյան (?- ցայսօր)

Գործունեություն[խմբագրել]

Կրոնական-կաթոլիկական աշխատություններ[խմբագրել]

Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աշխատությունը

Մխիթարյան միաբանության հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։ Դրանցից էին Ալբերտ Մեծի «Համառօտութիւն Աստուածաբանութեան» /1715/, Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ աւետարանին Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի որ ըստ Մատթէոսի» /1737/, Ալփոնսոս Ռոտրիկվեցու «Կրթութիւն կատարելութեան և կրօնաւորականի առաքինութեան» եռահատոր աշխատությունը /1741-1742/։ Նշանավոր էր հատկապես Մ. Չամչյանի «Մեկնութիւն Սաղմոսաց» տաս հատից բաղկացած աշխատությունը, ուր ներկայացված էին Դավիթ մարգարեի սաղմոսների քննական ուսումնասիրությունն ու մեկնությունները։ Լույս են տեսնում նաև Չամչյանի «Պատկեր Տօնից» ճառերը, «Նուագարան օրհնութեան» մեկնությունը և «Սեղան Խնկոց» աղոթագիրքը՝ նախատեսված տարվա տարբեր տոների համար։ 1810-1815 թթ. լույս է տեսնում Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աստվածաբանական աշխատությունը։ Այս տարիներին Մխիթարյանները լույս են ընծայում բազմաթիվ «վարք սրբոցներ» և «մեկնողական» գրականություն, այդ թվում նաև Աստվածաշունչ։

Պատմական աշխատություններ[խմբագրել]

Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» աշխատության տիտղոսաթերթը

Լույս են տեսնում Ագաթանգեղոսի «Պատմութիւն», Եղիշեի «Մատենագրութիւնք» /1838/, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց», Փավստոս Բուզանդի «Պատմութիւն հայոց» /1832/, Մովսես Խորենացու «Գիրք պիտոյից», Ղազար Փարպեցու «Պատմութիւն» աշխատությունները, ինչպես նաև հունա-հռոմեական մատենագրության թարգմանություններ, որոնց թվում էին Պլուտարքոսի «Զուգակշիռներ»-ը՝ վեց հատորով, Քսենոֆոնի «Կիւրոսի խրոտու պատմութիւնքը», Մարկոս Ավրելիոսի ճառերը, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը»։

Այս ամենից բացի, սակայն, Մխիթարյանները հանդես են եկել իրենց ինքնուրույն աշխատություններով։ Դրանցից ամենանշանավորը Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոցն» է, որ լույս տեսավ 1784-1786 թթ. Վենետիկում։ 1865-1878 թթ. լույս է տեսնում Գ. Զարբհանալյանի «Պատմութիւն հայերեն դպրութեանց» աշխատությունը։

Պատմա-աշխարհագրական աշխատություններ[խմբագրել]

Խոսելով աշխարհագրությանն առնչվող գործերի մասին՝ առաջին հերթին հարկ է հիշատակել Ղուկաս Ինճիճյանի և Ստեփանոս Ագոնցի ջանքերով հրատարակված «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» աշխատությունը։ 1802-1808 թթ. լույս տեսած այս աշխատությունը բաղկացած էր 11 հատորից, «բոլորն էլ ոսկեզօծ ու կաշվեկազմ»։ «Մոտ 8000 էջից բաղկացա այս աշխատության մեջ նկարագրվում են Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ամերիկայի բոլոր երկրները, նրանց աշխարհագրական դիրքը, բուսականությունը, վաճառականությունը, տեղագրությունը…» /«Հայ ժողովրդի պատմություն», 1974/։ Լույս են տեսնում Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրութիւն» /1853/, «Սիսուան» /1885/, «Այրարատ» /1890/ և «Սիսական» /1893/ աշխատությունները։ Տպագրվել են նաև մի շարք աշխարհագրական քարտեզներ՝ Իգնատիոս Խաչատրյանի և Եղիա Էնտազյանի փորագրությամբ։ Դրանք են «Համատարած աշխարհացույց», «Հայաստանեայց», «Երկրին աւետեաց», «Չորից մասանց աշխարհի», «Օսմանեան տէրութեան», «Սեաւ ծովու և շրջակայիցն» և «Նեղուցին Կ. Պոլսոյ»։

Լեզվաբանական և բառարանագիտական աշխատություններ[խմբագրել]

«Բառգիրք հայկազեան լեզուի» կազմը

1749 թվականին լույս է տեսնում Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ Մխիթար աբբան և իր աշակերտները սկսել էին աշխատել այս բացատրական բառարանի վրա դեռևս 1727 թվականից և ավարտին հասցրին այն 1745-ին։ Նախկինում չկային հայկական բառարաններ, որոնք կարող էին ծառայել որպես աղբյուր Մխիթարի աբբայի բառարանի համար։ Կային միայն լատին վարդապետների կողմից հրատարակված լատիներեն-հայերեն մի քանի փոքր բառարաններ։ Կար նաև Աստվածաշնչյան բառարան, որում տրված մեկնությունները նույնպես անօգուտ էին Մխիթարին։ «Բառգիրք Հայկազեան Լեզուի» ստեղծման համար աղբյուր են հանդիսացել հայկական հին ձեռագրեր, գրքեր և ամենահայտնի հայ հեղինակների աշխատությունները։ Մխիթար աբբան դիմում էր հիմնականում վստահվելի աղբյուրների, մեծապես օգտվում Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից՝ ձեռքի տակ ունենալով նաև հունարեն բնագրերը։ Մխիթար Սեբաստացու գրչին է պատկանում նաև 1730 թ. լույս տեսած «Քերականութիւն Գրաբարի Լեզուի Հայկազեան սեռի» աշխատությունը։ Այս աշխատության նպատակն էր մաքրել հայերենը լատինամոլություններից։

1836-1837 թթ. Գ. Ավգերյանը, Մ. Ավգերյանն ու Խ. Սյուրմելյանը Վենետիկում հրատարակում են «Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը։ Այն ցայսօր համարվում է հայ բառարանագրության արժեքավոր գործերից մեկը և չի կորցրել իր արդիականությունը։ Բառարանում տեղ են գտել մինչև այդ թվականները հայ մատենագրության մեջ գործածված գրաբարյան բառերի բացատրությունները, ստուգաբանությունը։ Բառարանի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այնտեղ ընդգրկվել են նաև մի շարք բառեր, որոնք համեմատվել են հունարեն, լատիներեն, պարսկերեն, ասորերեն և այլ լեզվական համարժեքների հետ։ 1846 թ. Մկրտիչ Ավգերյանը հրատարակում է «Առձեռն բառարան հայկազեան լեզուի»՝ վերոնշյալ բառարանի համառոտ խմբագրությունը։ 1865 սոյն բառարանը վերահրատակուեցաւ և պարունակում էր նախորդ հրատարակությունից դուրս մնացած 5000 լրացուցիչ բառային միավոր։

Հիշատակված բառարաններիվ բացի լույս են տեսել նաև տարբեր լեզուներով այլ բառարաններ կամ, ինչպես Մխիթարյաններն էին կոչում, «առաջնորդներ»։ Դրանցից են, օրինակ, 1804 թ. Մ. Ջախջախյանի հրատարակած «Բառարան յիտալական լեզուէ ի հայ և ի տաճիկ բարբառ» աշխատությունը, Հարություն Ավգերյանի ֆրասերեն-հայերեն և անգլերեն-հայերեն բառարանները։ 1820-կաններին Հ. Ավգերյանը հրատարակում է անգլերեն-հայերեն բառարաններ և քերականություն՝ Սուրբ Ղազար կղզում հայերեն ուսանող Ջորջ Գորդոն Բայրոնի օժանդակությամբ։ Հիշատակության արժանի են նաև Մ. Չամչյանի «Քերականութիւն Հայկազեան լեզուի» /1779/, Պ. Հովհաննիսյանի «Մարդկային լեզուին սկզբան» /1857/, Ա. Այտընյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» /1866/, Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» /1885/ և այլ աշխատությունները։

Գրական-գեղարվեստական աշխատություններ[խմբագրել]

19-րդ դարը նշանավորվել նաև Մխիթարյանների գրական-գեղարվեստական գործունեությամբ։ Դրա հիմքն էր Մխիթար Սեբաստացու 1727 թ լույս տեսած «Տաղարան» ժողովածուն։ Դա կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումն էր հայ գրականության մեջ, որն իր գագաթնակետին հասավ 1858 թ.՝ արտացոլվելով Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն»-ի մեջ։ Կլասիցիզմն արտացոլվել է նաև Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի և այլոց ստեղծագործություններում։ Հայկական կլասիցիզմն ավելի արգասավոր եղավ վիպերգի և դրամայի ասպարեզում։ Առաջին կլասիկական դրաման՝ «Արկածք Տիգրանայ» վերնագրով, հայտնվեց Մխիթարյանների թատրոնում 1776 թվկանին։ Հաջորդ տասնամյակում ողբերգություններով հանդես եկան Մ. Ջախջախյանը՝ «Հաղթութիւն Տրդատայ ի վերայ Հռչեի», «Դավագործ մահ մեխին Խոսրովայ», Ե. Թովմաճյանը «Հայկ դյուցազն», «Հանդէս մեբնամարտութեան Որոտեանց» աշխատություններով, Պետրոս Մինասյանը «Արշակ Բ», «Խոսրով Մեծ», «Սմբատ Առաջին», «Երվանդ» պատմական ողբերգություններով և այլք։ Գեղարվեստական երկերից հատկանշական են Ս. Տերվիշյանի «Այրի մայրը և միամոր որդյակը», Կ. Սիպիլյանի «Տրդատա առանձնանալը, վերջին օրերն ու մեռնիլը», Ս Գաթրճյանի «Տարվույն չորս եղանակները կամ Նկարագիր սքանչելեաց բնութեան» գործերը և այլն։

Կատարվել են նաև մի շարք գեղարվեստական թարգմանություններ՝ Ժ. Ռասինի «Երգ վասն կրոնից», Ժ. Լաֆոնտենի «Առակք» և այլ ստեղծագործություններ։ 19-րդ դարի երկրորդ կեսին կլասիցիզմը զիջեց ռոմանտիզմին։ Վերջինիս հիմնադիրն էր Ղ. Ալիշանն իր «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի», «Հրազդան», չափածո, նաև «Յուշիկք հայրենեաց հայոց» ստեղծագործություններով։

Բնագիտական աշխատություններ[խմբագրել]

Մխիթարյանների գործունեությունը նպաստել է նաև բնագիտության զարգացմանը։ «Բազմավեպ»-ի էջերում տպագրվում են մի շարք աշխատություններ, ինչպիսիք են «Սկզբունք բուսաբանության» /1846/, «Տարերք բուսաբանության» /1883/, Հ Քավտաջյանի «Տարերք կենդանաբանության» /1885/, Ս. Երեմյանի «Նմույշ հայ կենդանաբանության» /1879/ և այլն։

Տնտեսագիտական աշխատություններ[խմբագրել]

Մխիթարյանները «Բազմավեպ» պարբերականում նաև տեղ են հատկացրել տնտեսագիտությանը։ Ղ. Տերտերյանն անդրադառնում է տնտեսական գործունեության դասակարգմանը, առաջ քաշում մի շարք տեսություններ, անդրադառնում ապրանքի արժեքին և գնի կատեգորիաներին՝ մոտենալով արժեքի գիտական բնութագրությանը։ Մեկ այլ հոդվածագրի՝ Տ. Թնկրյանի աշխատությունում կարելի է նկատել Ադամ Սմիթի անմիջական ազդեցությունը։ Նա անդրադառնում է ապրանքի, փողի, արժեքի և գնի խնդիրներին, փորձում ստեղծել արտադրության տարրերի մասին ամբողջական ուսմունք և դիտել այն որպես եկամտի երեք գլխավոր աղբյուրներ։

Թատրոն[խմբագրել]

19-րդ դարի առաջին կեսից վերելք ապրեց թատրոնը։ Սկսեցին կազմակերպվել սիրողական ներկայացումներ։ 1770-ականներից ի վեր ներկայացումներ կազմակերպվեցին նաև Վենետիկի Սուրբ Ղազարի վանքում։ 1790-ականներից սկսած Մխիթարյանները ցուցադրում են հայոց պատմությանը ներպայացնող պիեսներ՝ «Վասակ Մամիկոնյան» /1792/, «Ղևոնդյանց նահատակությունը» /1795/, «Մեծն Վարդան Մամիկոնյան» /1799/, «Հայկ դյուցազն» /1805/ և այլն։ Այս ժամանակաշրջանում ցուցադրվել է նաև երկու ողբերգություն՝ «Տրդատա հաղթությունը» և «Վաճառումն Հովսեփա»։ Ավելի ուշ՝ 1820-1860 թթ. հանդիպում են նաև կենցաղին առնչվող կատակերգություններ՝ «Ծաղրածու Յուսուֆ», «Ճիմիճ Ահմեդի նկարագիրը», «Ավրամ հրեա», «Վաճառական Մոշոն» և այլն։ Դեռ 1810-ական թվականներից Մխիթարյանները ներկայացումներ են կազմակերպել Կ. Պոլսի իրենց դպրոցներում /օրինակ՝ Գրիբայեդովի «Խերքից պատուհաս»-ը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և այլն/։

Մամուլ[խմբագրել]

Տետրակներ և տարեգրքեր[խմբագրել]

1799 թ. Մխիթարյանները հրատարակեցին «Տարեգրություն» փոքրիկ տետրակները։ 1803 թ. դադարում է «Տարեգրության» տպագրությունը և դրա փոխարեն լույս է տեսնում «Եղանակ Բյուզանդյան» տարեգիրքը։ Քանի որ «Եղանակ Բյուզանդյանի» ընթերցողը հիմնականում եվրոպական քաղաքների հետ առնչություն ունեցող վաճառականներն էին, տարեգիրքը լայն տեղ էր հատկացնում աշխարհագրական, տեղագրական գիտելիքներին, անդրադառնում տարբեր գյուտերի, ժողովուրդների կենցաղին, առևտրին, քաղաքական դեպքերին և այլնին։ Այս տարեգիրքը շարունակվում է լույս տեսնել մինչև 1820 թվականը։

Պարբերականներ[խմբագրել]

1812-1826 թթ. Վենետիկում լույս է տեսնում «Դիտակ Բյուզանդյան» պարբերականը։ Այնուհետև ավելի քան երկու տասնամյակ Մխիթարյանները պարբերական չեն ունեցել։ Այդ ժամանակաընթացքում հրատարակվել են «Դարապատում» ժողովածուները։ Բոլոր հրատարակությունների խմբագիրը եկել է Ղուկաս Ինճիճյանը։

Ամսագրեր[խմբագրել]

«Բազմավեպ» ամսագրի առաջին էջը

Այնուամենայնիվ, ոչ «Տարեգրությունը», ոչ «Եղանակ Բյուզանդյանը», ոչ էլ «Դիտակ Բյուզանդյանը» հայ հասարակական-մշակութային կյանքում չեն կատարել այն կարևորագույն դերը, ինչ «Բազմավեպը»։ 1843 թ. լույս տեսած ամսագրի հետ համագործակցում էին Ղ. Ալիշանը, Գ. Զարպհանալյանը, Հ. Զոհրապյանը և այլք։ «Բազմավեպի» առաջին խմբագիրը եղել է Հովհաննես Այվազովսկու եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին։ Ամսագիրը, հետևելով «Եղանակ Բյուզանդյանի» օրինակին, լայն տեղ է հատկացրել պատմությանը, աշխարհագրությանը, բնագիտությանը, հնագիտությանը, տեղագրությանը, առևտին, գյուտերին և այլնին։ «Բազմավեպում» են հրատարակվել բանասիրական և գիտական բազմաթիվ հոդվածներ։ Հետագայում 1887-ից հրատարակվել է նաև «Հանդես ամսօրյա» ամսագիրը։

Շաբաթաթերթեր[խմբագրել]

1847-1863 թթ. Մխիթարյանները հրատարակել են նաև «Եվրոպա» շաբաթաթերթը։

Գրականություն[խմբագրել]

  • Հ. Բարսեղ Սարգիսեան, Երկհարւրամեայ գրականական գործունէութիւն և նշանաւոր գործիչներ Վենետկոյ Մխիթարեան Միաբանութեան, Վենետիկ-Ս. Ղազար, 1905, էջ 19-29։
  • Հ . Յարութիւն վրդ. Պզտիկեան, «Մխիթար վրդ. Սեբաստացիի և Մխիթարեաններու նպաստը հայ մշակոյթին», Երևան, 2003
  • «Հայ ժողովրդի պատմություն», ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1974
  • Լեո, «Հայոց պատմություն», Երևան, 1973
  • Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1981