Պետրոս Ադամյան
| Պետրոս Ադամյան | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Պետրոս Ադամյան Հերոնիմոսի |
| Ծնվել է` | դեկտեմբերի 21, 1849 |
| Ծնվելու վայր` | Ստամբուլ |
| Վախճանվել է` | Ստամբուլ |
| Վախճանի օր` | ապրիլի 6, 1891 (41 տարեկան) |
| Մասնագիտություն | դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ |
Պետրոս Հերոնիմոսի Ադամյան (դեկտեմբերի 21 1849, Կոստանդնուպոլիս - հունիսի 3 1891, Կոստանդնուպոլիս), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ։ Համլետի և Օթելլոյի նրա դերակատարումները նրան դասել են աշխարհի մեծագույն ողբերգակների շարքը։[1] Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը։
Բովանդակություն |
Կենսագրություն և կարիերա [խմբագրել]
Պետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը 1867 թ. Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենյաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին։
1867-1869 թթ. խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875թթ. աշխատել է Պ. Մաղաքյանին թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է ասմունքով` տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879 թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում։ 1883-1885թթ. Ադամյանը արդեն որպես ճանաչված դերասան հրավեներ է ստանում խաղալու տարբեր քաղաքներում` Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանը, իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»։ [2] Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղավեստից ակադեմիայի պատվավոր անդամ: 1888 թվականին վերադարձել է Հայաստան։
1880 թ. նոյեմբերի 20-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը։[3] Ադամյանը նաև բանաստեղծություններ է գրել` կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմասատասիրական բնույթի քնարական և երգիծական։ 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յու Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրանում 1889թ. դեկտեմբերի 10։ Կյանքի վերջին տարիները նյութական ծանր վիճակում, տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով մահանում է հունիսի 4 Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Թաղված է Շիշլիի գերեզմանատանը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում էր նրա անունը։
Դերեր թատրոնում [խմբագրել]
Ադամյանը կերտել է շուրջ 300 դեր, որոնցից են.
- Համլետ՝ Վ.Շեքսպիրի «Համլետ»
- Օթելլո՝ Վ.Շեքսպիրի «Օթելլո»
- Ֆրանց Մոոր՝ Ֆ.Շիլլերի «Ավազակներ»
- Ժադով՝ Ա.Օստրովսկիու «Եկամտաբեր պաշտոն»
- Չացկի՝ Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»
- Կրեչինսկի՝ Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»
- Արբենին՝ Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես»
- Խլեստյակով՝ Ն.Գոգոլու «Ռևիզոր»
- Արման՝ Ա.Դյումաի (որդու) «Քամելիազարդ տիկինը»
- Քին՝ Ա.Դյումաի (որդու) «Քին»
- Ջանումյան՝ Ա.Քիշմիշյանի «Օրիորդ Բերոյանց»
- Կորրադո՝ Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»
- Ուրիել Ակոստա՝ Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա»
- Ատրներսեհ՝ Մուրացանի «Ռուզան»
- Մասիսյանց՝ Գ.Սունդուկյանի «Խաթաբալա»
- Միքայել՝ Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
Երկեր [խմբագրել]
- Նամակներ. Երևան, 1959 թ.
Գրականություն Պետրոս Ադամյանի մասին [խմբագրել]
- Զարյան Ռ., Ադամյանի արվեստը, Երևան, 1960, 415 էջ
- Զարյան Ռ., Ադամյանի կյանքը, Երևան, 1961, 535 էջ
- Զարյան Ռ., Ադամյանի Շեքսպիրը, Երևան, 1965, 303 էջ
- Տոնապետյան Պ., «Քսան և հնգամյա բեմական գործունեություն Պ.Հ.Ադամյանի», Կ. Պոլիս 1888 թ.
- Արամ Վրույր, «Պետրոս Հ. Ադամյան», Թբիլիսի, 1891 թ.
- Մելիքսեթյան Ս., «Թատերական ակնարկներ» Երևան, 1945 թ.
- Ստեփանյան Գ., «Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության» Երևան, 1962 թ.
- Веселовскии А., Два силуэта, «Армянский вестник», Մոսկվա, 1916, № 3. էջ. 2-4 (ռուս.)
- Ярышкин А., Адамьян в роли Гамлета, Օդեսսա, 1887 (ռուս.)
- Гарин-Виндинг Д.В. Петросъ Адамьянъ. Несколько воспоминаній изъ жизни армянскаго трагика (ռուս.)
- Гайдин Б. Н. Адамян Петрос Иеронимович «Շեքսպիրի աշխարհ» հանրագիտարան (ռուս.)
Հղումներ [խմբագրել]
- Պետրոս Ադամյանը Դպրոցական Մեծ Հանրագիտարանում, գիրք II
- Պետրոս Ադամյանը «Թատերական Հանրագիտարանում» (ռուս.)
- Հովհաննես Թումանյան Ադամյանի օրերից (Հիշողություն)
- Հովհաննես Թումանյան Դերասան Ադամյանի մահը
- Հովհաննես Թումանյան Հրաժեշտ
- Հովհաննես Թումանյան Խեղճ Ադամյան
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Պետրոս Ադամյանը Մեծ Սովետական Հանրագիտարանում (ռուս.)
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան, («Новости», 1884, № 116)
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |