Ամիրդովլաթ Ամասիացի

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամիրդովլաթ Ամասիացի (մոտ 1420-1496) ― հայ բնագետ–բժիշկ, մանետագիր, բառարանագիր։

Ծնվել է Ամասիա քաղաքում։ Շրջել է Արևելքի երկրներում, ծանոթացել ժամանակի առաջավոր գիտությանը։ Բժշկությունը սովորել է, հավանաբար, Միջագետքում։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, թուրքերենին, արաբերենին, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկությունը։ Երկար տարիներ ապրել է Կ.Պոլիսում, մահացել է դեկտեմբերի 8-ին, Բրուսայում։

Ամիրդովլաթ Ամասիացին հայկական բժշկական գրականությունը հարստացրել է արժեքավոր երկերով, որոնք ընդգրկում են միջնադարյան բժշկագիտության և դեղագիտության գրեթե բոլոր ճյուղերը։ Առաջին աշխատությունը՝ «Ուսումն բժշկության», նվիրված է մարդու անատոմիայի, հիգիենայի, ախտաբանության և դեղագիտության հարցերին։ Գիրքը ունի երկու մաս. առաջինը՝ մարդակազմություն, երկրորդը՝ ախտաբանություն, ուր մանրամասը նկարագրված են հիվանդությունների պատճառագիտությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանիշները, հիվանդի բուժումը և խնամքը։ Հոգեբուժության ասպարեզում արժեքավոր են մոլություն, ցնորամտություն, մելամաղձություն, ընկճվածություն, անքնություն ախտանիշների և հիվանդությունների մասին տեղեկությունները։ Կանացի հիվանդություններից նկարագրվել է դաշտանային ցիկլի խանգարումները և սեռական օրգանների խոցերն ու ուռուցքները, չբերության պատճառները, մանկաբարձության ասպարեզում՝ արգանդի կառուցվածքը, դերն ու գործունեությունը հղիության և ծննդաբերության ընթացքում։ Ամիրդովլաթ Ամասիացին աչքի հիվանդություններին նվիրել է 20 գլուխ, քիթ–կոկորդ–ականջաբանությանը՝ 15 գլուխ, նկարագրել է ականջաբորբերը, քթի պոլիպները և անգինաները։

«Ախտապատին» աշխատությունը բաղկացած է երկու մասից՝ դեղագործություն և դեղագիտություն։ Առաջին մասում զետեղված են դեղատոմսեր, մանրամասն նկարագրված են դեղանյութերի, քանակը, պահպանման միջոցները։ Երկրորդում տրված են դեղերի անունները, նրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, ցուցումները դրանց օգտագործման մասին։ Ամիրդովլաթ Ամասիացուն հայտնի են եղել բուսական, կենդանական և հանքային ծագում ունեցող դեղերը և դրանց բաղադրիչ նյութերը։ Նա օգտագործվող բուսանյութերը բաժանել է ընտանի և վայրի տեսակների՝ հաճախ նախապատվություն տալով վերջինին։ Որպես դեղամիջոց առաջարկել է օգտագործել կենդանիների օրգանները։ Ամիրդովլաթ Ամասիացին թողել է ավելի քան 100 դեղատոմս, գրված պարզ լեզվով, զերծ ծածկագրերից, և հստակ ընդգրկված են բաղադրիչ նյութերի կշռային հարաբերությունները։

Անատոմիային և ֆիզիոլոգիային վերաբերող տվյալները շարադրված են «Օգուտ բժշկության» աշխատության առաջին մասում։ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունների հիմքը օրգանիզմի ամբողջականության գաղափարն է, ըստ որի, բոլոր օրգաններն ու հյուսվածքները, նրանց ձևը, կառուցվածքը և մյուս առանձնահատկությունները նպաստում են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությունը։ Ամիրդովլաթ Ամասիացին նկարագրել է սրտի, թոքերի, երիկամների, լյարդի, փայծաղի, ստամոքսի, աղիքների, միզասեռական օրգանների ձևը, կառուցվածքը, դասավորությունը, դերն ու նշանակությունը։ Նկարագրել է աչքի թաղանթների կառուցվածքն ու դերը, տեսողական նյարդի ուղին։ Ախտանշանակության, մասնավոր ախտաբանության և թերապիայի ասպարեզում կարևոր են զարկերակի ռիթմի և հաճախականության, մեզի բաղադրության փոփոխությունների տվյալները տարբեր հիվանդությունների ժամանակ։ Ամիրդովլաթ Ամասիացին զբաղվել է նաև աստղաբաշխության հարցերով։

Անձնական գործիքներ