Բժիշկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Բժիշկը», Հեղինակ` Լյուկ Ֆիլդս

Բժիշկը(լատ. medicus,հուն. iatros,γιατρός) մասնագետ է,ով կանխարգելում,ախտորոշում և բուժում է հիվանդությունները,պահպանում և ամրապնդում մարդկանց առողջությունը:Նա բարձրագույն բժշկական կրթություն ստացած անձն է:

Բժշկի մասնագիտության և բժշկական կրթության բնույթը [խմբագրել]

Բժշկի մասնագիտությունը պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն,քանի որ նրան է վստահվում մարդու համար ամենաթանկը`մարդու կյանքն ու առողջությունը,հետևաբար բժշկին անհրաժեշտ են ինչպես բժշկագիտության խորը իմացություն,այնպես էլ կլինիկական մտածելակերպով օժտվածություն:Դա է պատճառը,որ բոլոր մասնագիտությունների մեջ բժշկական կրթությունը ամենաերկարատևն է և ամենախրթինը,իսկ հետագայում` արդեն որպես կայացած մասնագետ, բժիշկը պարտավոր է մինչև կյանքի վերջ սովորել,թարմացնել ու խորացնել գիտելիքները,լինել տեղեկացված ամեն վայրկյան զարգացող ու փոփոխվող բժշկական աշխարհում: ՀՀ-ում բժիշկներ պատրաստող հիմնական բուհը Երևանի պետական բժշկական համալսարանն է:Սովորաբար բժիշկ դառնում են եռաստիճան ուսումնառությամբ. նախ սովորում են բակալավրիատի կրթական մակարդակում և խորությամբ ուսումնասիրում բժշկագիտությունը:Առաջին 3 տարիներին սովորաբար ուսումնասիրում են բժշկագիտության տեսական գիտությունները(Անատոմիա,Հյուսվածաբանություն,Ֆիզիոլոգիա,Կենսաքիմիա,Բժշկական տերմինաբանություն, Ախտաֆիզիոլոգիա,Ախտաբանական անատոմիա,Դեղագիտություն,Բժշկական մանրէաբանություն,Հիգիենա և այլն),իսկ բակալավրիատի մնացած տարիներին` կլինիկական գիտությունները(Ներքին և վիրաբուժական հիվանդություններ,Մանկաբարձություն և գինեկոլոգիա, Մանկաբուժություն, Սրտաբանություն և այլն):Այնուհետև ևս 2 տարի իրենց գիտելիքները խորացնում են մագիստրատուրայում,որտեղ ուսումնառելը պարտադիր է բոլոր բժիշկների համար:Մագիստրատուրայում ուսումնառելուց հետո ուսումնառությունը շարունակվում է կլինիկական օրդինատուրայում` բժշկագիտության որևէ նեղ բնագավառում :Գոյություն ունեն 2 կարգի բժիշկներ՝ ընտանեկան բժիշկներ կամ լայն պրոֆիլի թերապևտներ (ներքին հիվանդությունների բժիշկ) և նեղ մասնագետներ (մանկաբույժներ, վիրաբույժներ, հոգեբույժներ, ծերաբույժներ և այլն): Հիվանդը սկզբում դիմում է թերապևտին, որն ախտորոշում է հիվանդությունը և որոշում տվյալ հիվանդին բուժելու եղանակը: Նեղ մասնագետ բժիշկները սովորաբար աշխատում են հիվանդանոցներում (կլինիկաներում): Միայն բժշկական կրթությունը դեռևս բավարար չէ որակյալ և ժամանակակից բժշկի պաշտոնը ստանձնելու համար.բժիշկ-մասնագետին անհրաժեշտ են այնպիսի հատկանիշներ,ինչպիսիք են հոգատարությունը,դիտողականությունը, անձնվիրությունը,անսահման բարությունը,ուրիշին օգնության հասնելու ձգտումը,ինչպես նաև ներքին բարձր կուլտուրան:Ինչպես ասել է իսպանացի նշանավոր բժիշկ Խոսե դե Լյատումենդին."Միայն բժշկություն իմացող բժիշկը նույնիսկ բժշկություն էլ չգիտե":Բժիշկը պետք է գերազանց տիրապետի միջանձնային հարաբերությունների նրբություններին,չէ որ նա գործ ունի հիվանդ մարդու հետ,ում նկատմամբ անհրաժեշտ է լինել չափազանց նրբանկատ ու ներողամիտ: Քանի որ բժիշկը գործ ունի մարդու կյանքի հետ, ուստի, խոր գիտելիքներից բացի, նրանից պահանջվում են նաև բազմաթիվ հատկանիշներ, և մշակված են բժշկի վարվելակերպի հատուկ կանոններ: Ֆոնենդոսկոպը և ճնշաչափը բժշկի անբաժան գործիքներն են: Բժիշկը հետազոտում է հիվանդին և որոշում, թե ինչպես կարելի է կանխել ու բուժել հիվանդությունները:Դեռևս Հին Եգիպտոսում բժիշկը, նախքան գործնական բժշկությամբ զբաղվելը, երդվում էր հավատարիմ մնալ որոշակի նորմերի: Ավելի ուշ «բժշկության հայր», հին հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատը մշակել է բժշկի երդման տեքստ, որը հայտնի է իբրև «Հիպոկրատի երդում» և պարտադիր է բոլոր բժիշկների համար: Հայ բժիշկները մշտապես հետևել են բժշկի բարոյական նորմերին: Օրինակ՝ միջնադարյան հայ բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխիթար Հերացին, որի անունով է կոչվել Երևանի պետական բժշկական համալսարանը, շրջել է վտանգավոր համաճարակների վայրերում, զբաղվել է դողէրոցքի (մալարիա) և այլ վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ: ՀՀ բուժհիմնարկներում, որպես կանոն, անցկացվում են «Դեոնտոլոգիական օրեր», որոնց ընթացքում բուժաշխատողները քննարկում են բժշկական բարոյագիտության՝ դեոնտոլոգիայի հարցեր: