Բժշկագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկագիտություն, տեսական և փորձառական գիտելիքների համակարգ, որի հիմնական նպատակն է մարդու առողջության ամրապնդումն ու պահպանումը, կյանքի տևողության երկարացումը, հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը։ Իր բազմադարյա պատմության ընթացքում բժշկագիտությունը նշանակալի հաջողությունների է հասել, ախտորոշման, կանխարգելման ու բուժման ժամանակակից միջոցները հնարավորություն են տալիս փրկել հիվանդի կյանքը, բուժել նախկինում անբուժելի համարվող շատ հիվանդություններ։

Բժշկագիտության վիճակն ու զարգացման մակարդակը, բժշկական գործունեության բովանդակությունն ու մեթոդները որոշվում են կյանքի նյութական պայմաններով, հասարակարգով, մշակույթի ընդհանուր մակարդակով։ Հանդիսանալով բնագիտության մաս՝ բժշկագիտությունն իր զարգացմամբ սերտորեն կապված է կենսաբանական գիտությունների (ընդհանուր կենսաբանություն, գենետիկա, անատոմիա, ֆիզիոլոգիա և այլն), ինչպես նաև ֆիզիկայի և քիմիայի նվաճումների հետ։ Փիլիսոփայությունը սահմանում է ընդհանուր բժշկական պատկերացումներ օրգանիզմի, միջավայրի հետ նրա փոխհարաբերության, հիվանդության և առողջության էության մասին։ Տեխնիկան զինում է գիտական և գործնական բժշկագիտությանը, նպաստում գիտական հետազոտությունների խորացմանը, հիվանդությունների ախտորոշմանն ու բուժական գործելաոճի և միջոցների ընդլայնմանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկագիտության սաղմերը դրվել են դեռևս մարդու գոյության ամենավաղ շրջանում։ «Բժշկական գործունեությունն առաջին մարդու տարեկիցն է», - ասել է Ի. Պավլովը։ Գիտական տվյալները վկայում են, որ նախամարդն ամենևին էլ օժտված չի եղել «կատարյալ» առողջությամբ։ Ընդհակառակը, նա մշտապես տուժել է ցրտից, խոնավությունից, քաղցից, հիվանդացել է և վաղ մահացել։ Կմախքների վրա նկատվել են ռախիտի, ատամների ոսկրափուտի, սերտաճած կոտրվածքների, հոդերի ախտահարման տեղերը։

Հազարամյակների ընթացքում փորձերով հայտնաբերված բուժման եղանակները և հիվանդություններից պաշտպանվելու միջոցներն ամրապնդվել են նախամարդու սովորույթներում, աստիճանաբար ձևավորել են ժողովրդական բժշկությունն ու հիգիենան։ Այդ բուժկանխարգելիչ բժշկագիտության մեջ կիրառվել են դեղաբույսեր, բնական գործոններ (ջուր, օդ, արև), վիրաբուժական որոշ եղանակներ (օտար մարմինների հեռացում, արյան բացթողում) և այլն։

Բժշկագիտությունը ստրկատիրական հասարակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասեղնաբուժության սխեմա

Բժշկագիտությունը ստրկատիրական հասարակարգում ժառանգել է բժշկության մեջ կիրառվող բուժման տարբեր եղանակներ, ինչպես նաև ժողովրդական բժշկության բուժիչ միջոցները։ Կիրառվում էին արդեն հայտնի և ներդրվում բուսական ու կենդանական ծագման նոր դեղանյութեր (կյանքի արմատ, կիտրոնաթուփ, քափուր, նուռ, խավարծիլ, անանուխ, կատվախոտ, օշինդր, մատղաշ բծավոր եղջերուի եղջյուր՝ պանտի, մուշկ, լյարդ, ոսկրածուծ և այլն)։ Կարևոր նշանակություն էր տրվում մերսմանը, բուժական սննդին, ջրային բուժարարողություններին, մարմնամարզությանը։ Օգտագործվում էին վիրաբուժական մեթոդներ, կարևոր տեղ էին հատկացնում հիվանդությունների կանխարգելմանը։

Այդ շրջանում բժշկագիտական գործն առանձնացավ որպես ինքնուրույն մասնագիտություն։ Զարգացում ապրեց եկեղեցական բժշկագիտությունը, բժշկագիտական ֆունկցիաները կատարում էին քրմերը։ Հին Հունաստանում բարձր մակարդակի հասած բժշկագիտությունն իր արտացոլումն է գտել աստվածացված բժիշկ Ասկլեպիադեսի և նրա դուստրերի[1] (Հիգիեան՝ առողջության պաշտպանը, աստվածուհին[2], այստեղից՝ հիգիենա գիտությունը, և Պանաքեան՝ բուժական գործի հովանավորը[3], այստեղից՝ պանացեա-համադարման հասկացությունը) վերաբերյալ պաշտամունքներում։

Հիգիենայի, սննդաբուժության, վիրաբուժության, ներքին հիվանդությունների, մանկաբարձության, ստոմատոլոգիայի և այլ բնագավառներում հին եգիպտացիները տիրապետել են լայնածավալ գիտելիքների։ Հին Եգիպտոսը կոսմետիկայի[4] և մաշկային հիվանդությունների մասին ուսմունքի հայրենիքն է։ Մեզ հասած ձեռագրերի նմուշները վկայում են, որ հին եգիպտական կոսմետիկական միջոցներն օժտված են եղել բարձր կայունությամբ, չեն գրգռել մաշկը, երբեմն ունեցել են նաև բուժական ներգործություն։

Հին Հնդկաստանի բժշկագիտության բնորոշ կողմն անձնական և հասարակական հիգիենայի տարրերի, ինչպես նաև բնական միջոցներով բուժման (ջրաբուժություն, արևային և օդային լոգանքներ) մեթոդների ներդրումն էր։ Հին հնդկական կրոնափիլիսոփայական համակարգի բաղկացուցիչ (մինչև այժմ պահպանված) մասն են կազմում յոգերի հոգեֆիզիկական վարժությունները[5][6]։

Հին Չինաստանում ախտորոշման մեջ մեծ ուշադրություն է դարձվել անոթազարկին։ Բնական ծաղիկ հիվանդության կանխարգելման նպատակով լայն տարածում էր ստացել «ծաղկապատվաստումը»[7], երբ առողջ մարդու քթանցքերի մեջ դնում էին հիվանդի թարախաբշտիկների չորացրած թարախը։

Հազարամյակների խորքից մեր օրերը հասած բուժման մեթոդներից են ասեղնաբուժությունը (չժեն-ցզյու թերապիան[8]), ասեղնածակումը և մարդու մարմնի «կենսական կետերի» այրումը (խարում)։ Բուժման այս մեթոդի ռացիոնալ տարրերն օգտագործում են ժամանակակից ռեֆլեքսաբուժության մեջ։

Հին ժամանակների բժշկագիտական արվեստն իր բարձրակետին է հասել հույն բժիշկ Հիպոկրատի (մ.թ.ա. 460-377 (այլ աղբյուրներում՝ մ.թ.ա. 356)) աշխատանքներում։ Նա անկողնու մոտ հիվանդի զննումը վերափոխել է բժշկագիտական հետազոտման մեթոդի, նկարագրել մի շարք հիվանդությունների արտաքին նշանները, կարևորել ապրելակերպի և շրջապատող միջավայրի (ավելի շատ՝ կլիմայի) նշանակությունը հիվանդությունների ծագման գործում, իսկ մարդկանց մարմնակազմվածքի և խառնվածքի մասին ուսմունքով հիմնավորել հիվանդի ախտորոշման ու բուժման հանդեպ անհատական մոտեցումը[9][10]։ Նրան կոչում են բժշկության հայր[11][12]։ Իհարկե, բուժումն այդ դարաշրջանում հենվում էր ոչ թե օրգանների ֆունկցիաների մասին պարզ պատկերացումների, այլ կյանքի սկիզբ համարվող 4 հեղուկների (լորձ, արյուն, դեղին և սև լեղի) մասին ուսմունքի վրա, ըստ որի այդ հեղուկների փոփոխությունները հանգեցնում են հիվանդության։

Մարդու մարմնի կառուցվածքի և ֆունկցիաների միջև փոխադարձ կապ հաստատելու առաջին փորձը պատկանում է ալեքսանդրիացի բժիշկներ Էրազիստրատոսին և Հերոփիլոսին (մ.թ.ա 4-3-րդ դարեր), ովքեր դիահերձումներ և կենդանիների վրա փորձեր են կատարել։

Բժիշկ Ասկլեպիադեսը (մ.թ.ա. 128-56) բժշկագիտական գործունեություն է ծավալել նաև Հռոմում։ Նա առաջ է քաշել տեսություն այն մասին, որ հիվանդությունների առաջացման մոտավոր պատճառն ատոմների շարժումների խանգարումներն են[13][14], որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում անցքերի ու խողովակների չափից ավելի սեղմման կամ թուլացման, աղտոտման ու խանգարման հետևանքով։

Բժշկագիտության զարգացման վրա բացառիկ ազդեցություն է թողել հռոմեացի բժիշկ Գալենը։ Նա ընդհանրացրել է անատոմիայի[15], ֆիզիոլոգիայի, ախտաբանության[16], թերապիայի, մանկաբարձության, հիգիենայի, դեղագիտության[17] վերաբերյալ տեղեկությունները և բժշկագիտության այդ ճյուղերը հարստացնելով՝ փորձել է ստեղծել բժշկության գիտական համակարգ։

Բժշկագիտությունը միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում Արևմտյան Եվրոպայում բժշկագիտությունը գրեթե հետագա զարգացում չի ապրել։ Քրիստոնեական եկեղեցին, որը հռչակել էր հավատքի առաջնությունը գիտության նկատմամբ, կանոնականացրել էր Բալենի ուսմունքը՝ այն վերածելով դոգմայի։ Արդյունքում Գալենի պարզունակ և մտահայեցական շատ պատկերացումներ (նա համարում էր, որ արյունը գոյանում է լյարդում, տարածվում մարմնով և այնտեղ ամբողջությամբ կլանվում[18], սիրտը «կենսական պնևմայի» առաջացման տեղն է[19], որը պահպանում է մարմնի ջերմությունը, օրգանիզմում կատարվող գործընթացները համարում էր հատուկ ոչ նյութական «ուժերի» ազդեցության հետևանք, օրինակ՝ անոթազարկի ուժը, որի շնորհիվ զարկերակները բաբախում են) դարձան այդ ժամանակաշրջանի բժշկագիտության անատոմիաֆիզիոլոգիայի հիմքը։ Ուշ միջնադարում, սակայն, Գալենի մեթոդը[20] մոռացվեց, մնաց միայն բժշկագիտության՝ նրա հորինած «գիտական» հիմքը։

Գործնական բժշկագիտության տվյալների կուտակումը շարունակվում էր։ Ժամանակի պահանջներին ի պատասխան՝ հիվանդների և վիրավորների բուժման համար կազմակերպվում էին հատուկ հիմնարկներ, իրականացվում վարակիչ հիվանդների հայտնաբերման և մեկուսացման միջոցառումներ։ Խաչակրաց արշավանքները, որոնք ուղեկցվում էին մարդկային զանգվածների մեծաքանակ գաղթով, պայմանավորեցին կարանտինի ի հայտ գալը Եվրոպայում։ Բացվեցին վանքապատկան հիվանդանոցներ ու լազարեթներ։ Դեռևս 7-րդ դարում Բյուզանդական կայսրությունում քաղաքի բնակչության համար հիմնվեցին խոշոր հիվանդանոցներ։

9-11-րդ դարերում գիտական բժշկության մտքի կենտրոնը տեղափոխվեց Արաբական խալիֆայություն։ Բյուզանդական և արաբական բժշկագիտությանը հետագա սերունդները պարտական են համաշխարհային ժառանգության պահպանման համար, որը նրանք հարստացրին հիվանդությունների, դրանց նոր ախտանշանների, դեղանյութերի նկարագրությամբ։

Բժշկագիտության զարգացման համար մեծ նշանակություն են ունեցել արևելքի գիտնական իբն Սինայի (Ավիցեննա, 980-1037) աշխատանքները[21], ում «Կանոն բժշկության» աշխատությունը[22] եղել է բժշկական գիտությունների հանրագիտարանային ժողովածու[23][24][25]։

Հին ռուսական ֆեոդալական պետությունում եկեղեցական բժշկագիտության հետ համատեղ զարգացել է նաև ժողովրդական բժշկագիտությունը։ Տարածված բժշկարանները պարունակել են հիվանդությունների բուժման և կենցաղային հիգիենայի վերաբերյալ օգտակար հրահանգներ։ Դեղագիտարաններում նկարագրված են բազմաթիվ դեղաբույսեր։

Բժշկագիտությունը նոր շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկագիտական գիտելիքների դանդաղ, բայց աստիճանական զարգացումն սկսվել է Արևմտյան Եվրոպայում՝ 12-13-րդ դարերում (որն իր արտացոլումն է գտել Սալեռնոյի համալսարանի գործունեության մեջ[26]Վերածննդի դարաշրջանում բժիշկ Պարացելսուսը հանդես եկավ գալենիզմի վճռական քննադատությամբ[27] և ոչ թե հեղինակությունների, այլ փորձի ու գիտելիքների վրա հենված նոր բժշկագիտության պրոպագանդմամբ։ Քրոնիկական հիվանդությունների պատճառը համարելով մարսողության և ներծծման ընթացքում քիմիական փոխակերպումների խանգարումները՝ Պարացելսուսը գործնական բժշկության մեջ ներդրեց տարբեր քիմիական նյութեր և հանքային ջրեր։ Ձևավորվեց ու զարգացավ, այսպես կոչված, յատրոքիմիան (բժշկագիտական քիմիան)։

Այդ ժամանակ Գալենի հեղինակության դեմ ապստամբել է գիտական անատոմիայի հիմնադիր Անդրեաս Վեզալիուսը, ով դիակների համակարգված անատոմիականացման հիման վրա նկարագրել է մարդու մարմնի կառուցվածքն ու ֆունկցիան[28][29]։

Բժշկագիտության զարգացման համար հսկայական նշանակություն է ունեցել բնության հետազոտման փորձարարական մեթոդը, որի հիմնավորմամբ հանդես է եկել անգլիացի փիլիսոփա և բնախույզ Ֆրենսիս Բեկոնը[30]։ Իտալացի բժիշկ և ֆիզիոլոգ Սանտորիո Սանտորիոն 1614 թվականին հրատարակել է օրգանիզմում նյութափոխանակության ուսումնասիրության վերաբերյալ փորձերի (իր վրա կատարած) արդյունքները և դրանով սկիզբ դրել փորձարարական ֆիզիոլոգիային։ Բժշկագիտության մեջ նա ստեղծել է ուղղություն, որի հետևորդները կենսագործունեության բոլոր գործընթացները բացատրում էին մեխանիկայի օրենքներով[31]։

Բնության երևույթների սխոլաստիկ քննարկումից մեխանիկամաթեմատիկականի անցումը մեծ ազդեցություն է ունեցել բժշկագիտության զարգացման վրա։ Անգլիացի բժիշկ Վիլյամ Հարվեյը (1628) ստեղծել է արյան շրջանառության մասին ուսմունքը[32], որով դրվել է ժամանակակից ֆիզիոլոգիայի հիմքը[33]։ Հարվեյի մեթոդն արդեն ոչ միայն նկարագրական էր, այլև փորձարար մաթեմատիկական հաշվարկների կիրառմամբ։ Բժշկագիտության վրա ֆիզիկայի ազդեցության փայլուն օրինակներ են խոշորացնող սարքերի (մանրադիտակ) կիրառումը և մանրադիտման զարգացումը։

Գործնական բժշկագիտության բնագավառում 16-րդ դարի առավել կարևոր իրադարձություններից են հպավարակային (կոնտագիոզ) վարակիչ հիվանդությունների մասին իտալացի բժիշկ Ջիրոլամո Ֆրակաստորոյի առաջարկած ուսմունքը[34], վիրաբուժության բնագավառում անգլիացի բժիշկ Ամբրուազ Պարեի մշակած առաջին գիտական հիմունքները[35]։ Մինչ այդ Եվրոպայում վիրաբուժությանը պատշաճ ուշադրություն չի դարձվել։

Արդյունաբերական արտադրության աճը հետաքրքրություն է առաջացրել մասնագիտական հիվանդությունների ուսումնասիրության բնագավառում։ 17-18-րդ դարերում իտալացի բժիշկ Բեռնարդինո Ռամացինին (1633-1714) արդյունաբերական ախտաբանության և աշխատանքի հիգիենայի սկիզբն է դրել[36][37]։ Ժանտախտի վերաբերյալ ռուս բժիշկ Դանիլո Սամոյլովիչի աշխատանքներով (հրատարակվել են 18-րդ դարի 2-րդ կեսին) հիմնադրվել է համաճարակաբանությունը[38]։

18-19-րդ դարերում բժշկագիտության բնագավառում տեսական ընդհանրացումների համար պայմաններ են ստեղծվել ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության առաջընթացով, ինչպիսիք են այրման և շնչառության գործընթացներում թթվածնի դերի բացահայտումը, էներգիայի պահպանման ու փոխակերպման օրենքը, օրգանական նյութերի սինթեզի սկիզբը (19-րդ դարի առաջին կեսը), լիարժեք սննդի մասին ուսմունքի մշակումը, կենդանի օրգանիզմում քիմիական գործընթացների մասին ուսմունքը (որը հանգեցրել է կենսաքիմիայի ձևավորմանը) և այլն։

Կլինիկական բժշկագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական բժշկագիտության զարգացմանը նպաստել են (18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը) հիվանդի օբյեկտիվ հետազոտման մեթոդները՝ ընդբախումը[39] (Լեոպոլդ Աուենբրուգեր[40], Ժան Նիկոլա Կորվիզար), լսումը[41] (Ռենե Լաենեկ[42]), շոշափումը[43], լաբորատոր ախտորոշումը։ Կլինիկական դիտարկումների հետ դիահերձումների արդյունքների համադրման մեթոդը, որը 18-րդ դարում կիրառել է Ջ. Մորգանը, այնուհետև՝ Մ. Բիշան, Ռուդոլֆ Վիրխովը, Կարլ Ռոկիտանսկին, Նիկոլայ Պիրոգովը և ուրիշներ, ինչպես նաև օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսության մշակումը կյանքի են կոչել բժշկագիտության նոր ճյուղերի (հյուսվածաբանություն, ախտաբանական անատոմիա), որոնք հնարավորություն են տվել հաստատել շատ հիվանդությունների տեղադրությունն ու նյութական ընդհանրությունների հիմքը։

Բժշկագիտության զարգացման վրա բացառիկ ազդեցություն է թողել մի շարք երկրներում կենդանիների վրա դրվող փորձերի՝ կենդանահատումների (վիվիսեկցիա) մեթոդի կիրառումը[44][45][46]՝ բնականոն և խանգարված ֆունկցիաների ուսումնասիրման նպատակով։

Շվեյցարացի բնախույզ և բժիշկ Ալբրեխտ ֆոն Հալլերը (1708-1777) կյանքի ծագման բացատրության հանդեպ մեխանիկական մոտեցումը փոխարինել է ֆիզիոլոգիականով։ Նա ձևակերպել է գրգռականության և զգայնության վերաբերյալ ուսմունքը՝ որպես կենդանի մատերիայի հիմնական հատկություններ և առաջինը ձևակերպել ֆիզիոլոգիայի՝ որպես ինքնուրույն գիտության հիմնական խնդիրները։

Ֆրանսիացի ֆիզիոլոգ Ֆրանսուա Մաժանդին (1783-1855) սկիզբ է դրել փորձի հաջորդական կիրառման[47] (որպես հիվանդ և առողջ օրգանիզմների գործունեության օրենքների ճանաչման բնագիտական մեթոդ) նոր դարաշրջանի։ Կլոդ Բեռնարը (1813-1878) 19-րդ դարի կեսերին շարունակել է այդ ուղղությունը և ցույց տվել ուղիներ, որոնցով փորձարարական բժշկագիտությունը հաջողությամբ առաջ է ընթացել նաև հարյուրամյակ հետո[48]։ Օրգանիզմի վրա դեղանյութերի և թույների ազդեցության ուսումնասիրությամբ Բեռնարը փորձարարական դեղաբանության և թունաբանության հիմքն է դրել։

Եվ 16-րդ և 18-րդ դարերի բուժամիջոցների զինանոցը, անկախ այն բանից, թե ինչպիսի տեսակետներ էր պահպանում բժիշկը, սահմանափակվում էր արյան բացթողումով[49], հոգնաներով, լուծող, փսխեցուցիչ միջոցներով և որոշ դեղանյութերով։ Արյան բացթողման կողմնակից ֆրանսիացի հայտնի բժիշկ Ֆրանսուա Բրուսեի (1772-1838) մասին ասել են, որ նա ավելի շատ արյուն է թափել, քան նապոլեոնյան պատերազմները միասին վերցրած[50]։

Ֆիզիոլոգիան և փորձարարական մեթոդն ախտաբանական անատոմիայի հետ միասին կլինիկական բժշկագիտության տարբեր բնագավառները փոխադրեցին գիտական հիմքերի վրա։ Գերմանացի գիտնական Հերման Հելմհոլցը (1821-1894) փայլուն փորձերով ապացուցեց ֆիզիկաքիմիական մեթոդների նշանակությունը ֆիզիոլոգիայի զարգացման համար, աչքի ֆիզիոլոգիայի վերաբերյալ նրա աշխատանքները և աչքի հայելու հայտնագործումը[51], չեխ գիտնական Յան Եվանգելիստա Պուրկինյեի նախկինում կատարած ֆիզիոլոգիական հետազոտությունների հետ մեկտեղ, նպաստեցին ակնաբանության (աչքի հիվանդությունների մասին ուսմունքի) արագ առաջընթացին և որպես բժշկագիտության առանձին ճյուղի՝ նրա առանձնացմանը։

Դեռևս 19-րդ դարի առաջին կեսին ռուս գիտնականներ Ե. Մուխինի, Ի. Դյադկովսկու, Ալեքսեյ Ֆիլոմաֆիտսկու[52] և այլոց աշխատանքներով բժշկագիտության մեջ դրվեցին ֆիզիոլոգիական ուղղության զարգացման տեսական և փորձարարական հիմքերը։ Բայց այն հատկապես ծաղկեց 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարում Իվան Սեչենովի «Գլխուղեղի ռեֆլեքսները» (1863) աշխատությունը[53] որոշիչ ազդեցություն ունեցավ բժիշկների և ֆիզիոլոգների մատերիալիստական հայացքների ձևավորման համար։ Կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական մոտեցումը և ներվիզմի գաղափարներն ավելի ամբողջականորեն ու հետևողականորեն օգտագործվեցին ներքին բժշկության գիտական ուղղության հիմնադիր Սերգեյ Բոտկինի[54], Ալեքսեյ Օստրոումովի աշխատանքներում[55]։ Ռուսական թերապիային համաշխարհային հռչակ բերեց Գրիգորի Զախարինի դպրոցը, ով կատարելության հասցրեց հիվանդի հարցուփորձի մեթոդը։ Իրենց հերթին Բոտկինի հայացքները խոր ազդեցություն թողեցին Իվան Պավլովի վրա[56], ում աշխատանքները (մարսողության ֆիզիոլոգիայի բնագավառի) արժանացել են նոբելյան մրցանակի[57], իսկ բարձրագույն նյարդային գործունեության վերաբերյալ նրա ստեղծած ուսմունքն ուղիներ է հարթել ինչպես տեսական, այնպես էլ կլինիկական բժշկագիտության շատ խնդիրների լուծման համար։

Սեչենովի և Պավլովի բազմաթիվ աշակերտները և գաղափարակիցները (Նիկոլայ Վվեդենսկի, Իվան Թարխանով, Վիկտոր Պաշուտին, Միխայիլ Շատեռնիկով) բժշկակենսաբանական տարբեր բնագավառներում զարգացրել են մատերիալիստական ֆիզիոլոգիայի առաջավոր սկզբունքները։ Փորձարարական դեղաբանության զարգացման համար հիմնարար ներդրում էին Նիկոլայ Կրավկովի աշխատանքները[58]։

Վիկտոր Պաշուտինը, Ալեքսանդր Ֆոխտը և ուրիշներ Ռուսաստանում հիմք դրեցին ընդհանուր և փորձարարական ախտաբանության (ախտաբանական ֆիզիոլոգիա)[59], որն ուսումնասիրում է ախտաբանական գործընթացների ծագման ու զարգացման օրինաչափությունները[60]։

19-րդ դարի երկրորդ կեսին թերապիայից (ներքին բժշկություն, որն սկզբում ընդգրկում էր ամբողջ բժշկագիտությունը, բացի վիրաբուժությունից և մանկաբարձությունից) սկզբնավորվել են նոր գիտագործնական բնագավառներ։ Օրինակ՝ մանկաբուժությունը, որը, որպես գործնական բժշկության ճյուղ, նախկինում նույնպես գոյություն ուներ, ձևավորվել է որպես ինքնուրույն գիտակարգական, ներկայացվել ամբիոններով, կլինիկաներով, ընկերություններով։ Մանկաբուժության ականավոր ներկայացուցիչը Ռուսաստանում եղել է Նիլ Ֆիլատովը։

Նյարդախտաբանությունը և հոգեբուժությունը փոխակերպվում են գիտակարգերի՝ նյարդային համակարգի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ուսումնասիրման բնագավառում ձեռք բերված հաջողությունների և Ֆ. Պինելյի, ժան Մարտեն Շարկոյի (Ֆրանսիա), Ալեքսեյ Կոժևնիկովի, Սերգեյ Կորսակովի, Վլադիմիր Բեխտերևի ու տարբեր երկրների շատ ուրիշ գիտնականների կլինիկական գործունեության հիման վրա։

Կանխարգելիչ բժշկագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական բժշկագիտության հետ մեկտեղ զարգացել է նաև կանխարգելիչ բժշկագիտությունը։ Անգլիացի բժիշկ Էդվարդ Ջեները հայտնաբերել է հակածաղկային վակցինան (1796)[61][62], որի կիրառումը հնարավորություն է տվել ծաղկապատվաստման միջոցով հետագայում արմատապես կանխել այդ հիվանդությունը։ 19-րդ դարում վիեննացի բժիշկ Իգնաց Զեմելվեյսը (1818-1865) հաստատել է, որ ծննդաբերական տենդի պատճառը բժշկի ձեռքերի և գործիքների միջոցով վարակի փոխանցումն է։ Նա առաջարկել է վարակազերծման մեթոդը, որի կիրառման շնորհիվ խիստ կրճատվել է ծննդկանների մահացությունը[63]։

Լուի Պաստյորի (1822-1895) աշխատանքները, որոնցով հաստատվել է վարակիչ հիվանդությունների մանրէային բնույթը, «մանրէաբանության դարաշրջանի» սկիզբն են հանդիսացել[64]։ Հիմնվելով նրա հետազոտությունների վրա՝ անգլիացի վիրաբույժ Ջոզեֆ Լիստերը (1827-1912) առաջարկել է վերքերի բուժման հականեխության մեթոդը, որի կիրառումը հնարավորություն է տվել վնասվածքների և վիրահատությունների ժամանակ խիստ նվազեցնել բարդությունների թիվը[65]։

Գերմանացի բժիշկ Ռոբերտ Կոխի (1813-1910) և նրա աշակերտների հայտնագործությունները հանգեցրել են բժշկագիտության մեջ պատճառագիտական ուղղության տարածմանը, բժիշկներն սկսել են փնտրել հիվանդությունների մանրէային պատճառը[66]։

Մանրէաբանությունը և համաճարակաբանությունը զարգացել են շատ երկրներում, հայտնաբերվել են տարբեր վարակիչ հիվանդությունների հարուցիչները և փոխանցողները։ Կոխի մշակած հոսող գոլորշիով մանրէազերծման մեթոդը լաբորատորիայից տեղափոխվել է վիրաբուժական կլինիկա և նպաստել աննեխության զարգացմանը։

«Ծխախոտի խայտաբղետ հիվանդության» նկարագրությամբ (1892) Դմիտրի Իվանովսկին դրել է վիրուսաբանության զարգացման հիմքը[67][68][69][70][71]։ Բակտերիաբանության բնագավառում հաջողվել է բացահայտել մարդու հիվանդության առաջացման գործում մանրէ-հարուցիչի դերը։ Իլյա Մեչնիկովի գործունեության հետ են կապված վարակային գործընթացում օրգանիզմի նշանակության և հիվանդության հանդեպ անընկալության առաջացման պատճառի ուսումնասիրությունները[72]։ Գերմանացի գիտնականներ Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգը և Պաուլ Էռլիխը մշակել են իմունիտետի քիմիական տեսությունը և դրել շճաբանության (ուսմունք արյան շիճուկի հատկությունների մասին) հիմքը[73]։

Բնագիտության հաջողությունները հաստատել են հիգիենայի բնագավառում հետազոտության փորձարարական մեթոդների օգտագործումը, 19-րդ դարի երկրորդ կեսին հիգիենայի ամբիոնների և լաբորատորիաների կազմակերպումը։ Գերմանիայում Մաքս ֆոն Պետենկոֆերի (1818-1901), Ռուսաստանում Ալեքսեյ Դոբրոսլավինի, Ֆեոդոր Էրիսմանի[74] աշխատանքներով մշակվել են հիգիենայի գիտական հիմքերը։

Արդյունաբերական հեղաշրջումը, քաղաքների աճը, 18-րդ դարի բուրժական հեղափոխությունը պայմանավորել են սոցիալական խնդիրների մշակումը և հասարակագիտական հիգիենայի զարգացումը։ 19-րդ դարի կեսերին սկսել են կուտակվել նյութեր, որոնք ապացուցել են հատկապես բանվորների առողջության կապը աշխատանքային և կենցաղային պայմանների հետ։

Բժշկագիտության զարգացումը նորագույն շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկագիտությունն արհեստից գիտության վերածելու առաջին որոշիչ քայլերն արտասահմանում կատարվել են 19-20-րդ դարերում՝ բնական գիտությունների նվաճումների և տեխնիկական առաջընթացի ազդեցությամբ։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը (Վիլհելմ Ռենտգեն[75][76], 1895-1897[77]) ռենտգենախտորոշման սկիզբն է դրել, առանց որի անհնար է պատկերացնել հիվանդի խորացված հետազոտությունը։ Բնական ռադիոակտիվության հայտնագործումը և միջուկային ֆիզիկայի բնագավառում դրան հաջորդած հետազոտությունները պայմանավորել են ռադիոկենսաբանության զարգացումը։ Վերջինս ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների վրա իոնացնող ճառագայթների ազդեցությունը[78], որն էլ հանգեցրել է ճառագայթային հիգիենայի զարգացմանը և ռադիոակտիվ իզոտոպների կիրառմանը։ Դա իր հերթին հնարավորություն է տվել մշակել նշակիր ատոմներով հետազոտման մեթոդը, ռադիումը և ռադիոակտիվ մյուս պատրաստուկներն սկսել են հաջողությամբ կիրառվել ոչ միայն ախտորոշիչ, այլև բուժիչ նպատակներով։

Սրտի անռիթմության և մի շարք այլ հիվանդությունների հետազոտման (ախտորոշման հնարավորություններն ընդլայնող) մեթոդ է դարձել էլեկտրասրտագրությունը, որը գործնական կլինիկայում ներդրվել է հոլանդացի ֆիզիոլոգ Վիլեմ Էյնթհովենի[79][80] և ռուս ֆիզիոլոգ Ալեքսանդր Սամոյլովի աշխատանքներից հետո։

20-րդ դարի երկրորդ կեսին բժշկագիտության զարգացման համար կարևոր էր կիբեռնետիկական մեթոդների ներդրումը, ի հայտ եկան օրգանների և համակարգերի ֆունկցիաների գրանցման սկզբունքորեն նոր (ընկալող, հաղորդող և գրանցող) սարքեր (օրինակ՝ սրտի և մյուս օրգանների աշխատանքի մասին հաղորդումն իրականացվում է նույնիսկ տիեզերական հեռավորությունից)։ Արհեստական երիկամի, սրտի, թոքերի տեսքով արհեստական սարքերը փոխարինում են այդ օրգաններին (օրինակ՝ վիրահատության ժամանակ), էլեկտրախթանումը հնարավորություն է տալիս ղեկավարել հիվանդ սրտի ռիթմը, միզապարկի ֆունկցիան և այլն։ Էլեկտրոնային մանրադիտակի շնորհիվ հնարավոր է դարձել դիտվող օբյեկտը խոշորացնել տասնյակհազարավոր անգամներ[81], ինչը թույլ է տալիս ուսումնասիրել բջջի կառուցվածքը և փոփոխությունները։ Ակտիվորեն զարգանում է բժշկական կիբեռնետիկան։ Ախտորոշման բնագավառում հատուկ նշանակություն է ձեռք բերել էլեկտրոնային-հաշվողական տեխնիկան։ Ստեղծվել են վիրահատության ժամանակ նարկոզի, շնչառության և զարկերակային ճնշման մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգեր, ակտիվորեն կառավարվող պրոթեզներ և այլն։ Գիտատեխնիկական առաջընթացը լուրջ ազդեցություն է թողել նաև բժշկագիտության նոր ճյուղերի ձևավորման վրա։ Օրինակ՝ 20-րդ դարում ավիացիայի զարգացման հետ մեկտեղ սկզբնավորվել է ավիացիոն բժշկագիտությունը։ Տիեզերանավերում մարդու թռիչքները հանգեցրել են տիեզերական բժշկագիտության զարգացմանը։

Բժշկագիտության արագ առաջընթացը պայմանավորված է եղել ոչ միայն ֆիզիկայի և տեխնիկայի հայտնագործություններով, այլև քիմիայի և կենսաբանության նվաճումներով։ Գործնական կլինիկայում ներդրվել են հետազոտման քիմիական և ֆիզիկական մեթոդներ, խորացել են կենսաբանական, այդ թվում նաև հիվանդագին գործընթացների քիմիական հիմքերը։

Գենետիկան, որի հիմքերը դրել է Գրեգոր Մենդելը[82], հաստատել է օրգանիզմի ժառանգականության և փոփոխականության սկզբունքներն ու մեխանիզմները։ Գենետիկական կոդի հայտնադործումը նպաստել է ժառանգական հիվանդությունների վերծանմանը և բժշկական գենետիկայի արագ զարգացմանը։ Այդ գիտական բնագավառի հաջողությունները հնարավորություն տվեցին հաստատել, որ միջավայրի պայմանները կարող են նպաստել հիվանդությունների հանդեպ ժառանգական նախատրամադրվածության առաջացմանը կամ ընկճմանը։ Մշակվել են ժառանգական հիվանդությունների արագ ախտորոշման, կանխարգելման և բուժման մեթոդներ, կազմակերպվել բնակչության բժշկագենետիկական խորհրդատվական օգնություն։

Յան Յանսկի, 1902

20-րդ դարում իմունաբանությունը վարակիչ հիվանդությունների հանդեպ անընկալության մասին դասական ուսմունքից վերաճել և աստիճանաբար ընդգրկել է ախտաբանության, գենետիկայի, սաղմնաբանության, փոխպատվաստման խնդիրները։ Կարլ Լանդշտայների[83] և Յան Յանսկու կողմից մարդու արյան խմբերի հայտնագործումը (1900-1907) հանգեցրել է գործնական բժշկագիտության մեջ արյան փոխներարկման կիրառմանը։ Իմունաբանական գործընթացի ուսումնասիրման հետ մեկտեղ հետազոտվել են օտարածին նյութերի հանդեպ օրգանիզմի աղավաղված հակազդեցությունների տարբեր ձևերը, ֆրանսիացի գիտնական Շառլ Ռիշեն 1902 թվականին հայտնաբերել է անաֆիլաքսիայի երևույթները[84][85]։ Ավստրիացի մանկաբույժ Կլեմենս Պիրկեն ներմուծել է ալերգիայի հասկացությունը և առաջարկել (1907) մաշկային ալերգիական հակազդեցությունը՝ տուբերկուլինի հանդեպ (որպես տուբերկուլոզի ախտորոշիչ փորձ)։ 20-րդ դարի երկրորդ կեսին ալերգիայի մասին ուսմունքը վերաճել է տեսական և կլինիկական բժշկագիտության ինքնուրույն ճյուղի։

20-րդ դարի սկզբին գերմանացի բժիշկ Պաուլ Էռլիխն ապացուցել է հիվանդությունների հարուցիչների վրա ազդող պատրաստուկների սինթեզման հնարավորությունը, որով դրվել է քիմիաբուժության հիմքը։ Հակամանրէային քիմիաբուժության դարաշրջանը գործնականորեն սկսվել է բժշկության մեջ ստրեպտոցիդի ներդրմամբ։ 1938 թվականից սկսած՝ ստեղծվել են տասնյակ սուլֆանիլամիդային պատրաստուկներ, որոնցով պահպանվում է միլիոնավոր հիվանդների կյանքը։ Դրանից վաղ՝ 1929 թվականին, Անգլիայում U. Ֆլեմինգն ապացուցել էր, որ բորբոսասնկերի տեսակներից մեկն արտադրում է պենիցիլին հակամանրէային նյութը։ 1939-1941 թվականներին Հովարդ Ֆլորին և Էռնստ Բորիս Չեյնը մշակել են կայուն պենիցիլինի ստացման մեթոդ և կազմակերպել պատրաստուկի արտադրությունն արդյունաբերական մակարդակով՝ սկիզբ դնելով միկրոօրգանիզմների դեմ պայքարի՝ հակաբիոտիկների դարաշրջանին։ 1942 թվականին Ջ. Երմոլևայի լաբորատորիայում ստացել են պենիցիլին, իսկ 1943 թվականին ԱՄՆ-ում Զելման Վաքսմանն անջատել է ստրեպտոմիցինը։ Հետագայում արտադրվել են տարբեր նշանակության բազմաթիվ հակաբիոտիկներ։

Հաջողությամբ զարգացել է 20-րդ դարի ռուս գիտնական Նիկոլայ Լունինի առաջարկած ուսմունքը վիտամինների մասին, բացահայտվել են շատ ավիտամինոզների առաջացման մեխանիզմները և մշակվել դրանց կանխարգելման մեթոդներ։ 19-րդ դարի վերջին ֆրանսիացի գիտնական Շ. Բրոուն Սեկարի և այլ գիտնականների առաջարկած ներզատիչ գեղձերի մասին ուսմունքը վերաճել է ինքնուրույն կլինիկфлфт առարկայի՝ ներզատաբանության, որի խնդիրների շրջանակներում, ներզատիչ հիվանդությունների հետ մեկտեղ, ընդգրկվել են առողջ և հիվանդ օրգանիզմում ֆունկցիաների հորմոնային կարգավորումը, հորմոնների քիմիական սինթեզը։ 1921 թվականին կանադացի ֆիզիոլոգներ Ֆրեդերիկ Բանտինգի և Չարլզ Բեստի կողմից ինսուլինի հայտնագործումը հեղաշրջում է առաջացրել շաքարախտի բուժման բնագավառում։ 1936 թվականին մակերիկամից հորմոնային բնույթի նյութի (հետագայում անվանվեց կորտիզոն) արտադրության բացահայտումը, ինչպես նաև ավելի արդյունավետ պրեդնիզոլոնի և կորտիկոստերոիդների սինթետիկ մյուս նմանակների սինթեզը (1954) հանգեցրին շարակցական հյուսվածքի, արյան, թոքերի, մաշկի և այլ հիվանդությունների ժամանակ այդ պատրաստուկների կիրառմանը, այսինքն՝ ոչ ներզատական հիվանդությունների հորմոնաբուժությանը։ Ներզատաբանության և հորմոնաբուժության զարգացմանը նպաստել են կանադացի գիտնական Հանս Սելյեի աշխատանքները, ով առաջարկել է գերհույզի և ընդհանուր հարմարվողական համախտանիշի տեսությունը։

Քիմիաբուժությունը, հորմոնաբուժությունը, ճառագայթաբուժությունը, կենտրոնական նյարդային համակարգի վրա ընտրողաբար ազդող հոգեհակ (պսիխոտրոպ) դեղանյութերի մշակումը և կիրառումը, բաց սրտի վրա, գլխուղեղի խորքում և նախկինում վիրաբույժի համար անմատչելի օրգանների վիրահատական միջամտության հնարավորությունը բժշկին թույլ տվեցին ակտիվորեն միջամտել հիվանդության ընթացքին։

Բժշկագիտությունը ԽՍՀՄ ժամանակաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ բժշկագիտության բնորոշ առանձնահատկությունը նրա կանխարգելիչ ուղղությունն էր։ Ձրի, հանրամատչելի և բարձրորակ բուժօգնության պայմաններում կանխարգելումը ձեռք էր բերել համապետական նշանակություն և դարձել ժողովրդի առողջության պահպանման համապետական և հասարակական միջոցառումների հիմքը։ Կանխարգելման ձևերը տարբեր էին․ բնության պահպանության ընդհանուր սանիտարական միջոցառումները և շրջակա միջավայրի, աշխատանքի և կենցաղի պայմանների առողջացումը, սանիտարական օրենսդրությունների, հիգիենային նորմերի, հակահամաճարակային միջոցառումների կատարման հսկողությունը, բուժկանխարգելիչ հիմնարկների ցանցի, հանգստյան տների, գիշերօթիկների, մանկամսուրների ցանցի կազմակերպումը, բնակչության զանգվածային կանխարգելիչ զննումները և այլն։ Կանխարգելման և բուժման կարևոր համադրում էր դիսպանսերացումը։ Բժշկագիտության սոցիալ-կանխարգելիչ ուղղության հաջորդական իրականացման շնորհիվ ԽՍՀՄ-ում դեռևս նախապատերազմական շրջանում վերացել էին շատ համաճարակային հիվանդություններ, էապես բարելավվել էր բնակչության առողջական վիճակը։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ ստեղծվել էր վիրավորների և հիվանդների գիտականորեն հիմնավորված բուժօգնության կազմակերպություն։ Բանակի բժշկական ծառայության հստակ աշխատանքի շնորհիվ շարք են վերադարձել վիրավորների 72,3 %-ը և հիվանդների ավելի քան 90 %-ը։ Զանգվածային պատերազմների պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է կանխել համաճարակները և համեմատաբար արագ վերացվել են պատերազմի սանիտարական հետևանքները։

Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառներում կանխարգելման ուղղությունը դարձել էր առաջատար, որն արտացոլվել է մայրության և մանկության պահպանության պետական համակարգի կազմակերպմամբ։ ԽՍՀՄ բժշկագիտության կանխարգելիք ուղղության նվաճումներից էր առողջավայրերի ցանցի զարգացումը և կուրորտաբանության հիմունքների մշակումը։

Խորհրդային սոցիալական հիգիենայի հիմնադիրներն են Նիկոլայ Սեմաշկոն, Զինովի Սոլովյովը և ուրիշներ, ովքեր, հիմնվելով հիվանդությունների առաջացման և կանխարգելման հարցում սոցիալական պայմանների առաջատար դերի մասին ուսմունքի վրա, մշակեցին խորհրդային առողջապահության տեսական հիմքերը և ծրագրեցին բնակչության առողջության պահպանման ու վերականգնման սոցիալական միջոցառումներ։ Ջրի և ջրամատակարարման հիգիենայի, բնակավայրերի մաքրման հարցերի վերաբերյալ հետազոտությունները (Գրիգորի Խլոպին, Ս. Սիսին և ուրիշներ) ջրամբարների, օդի, հողի սանիտարական պահպանության օրենսդրության համար հիմք են ծառայել, մշակվել են խմելու ջրի, քաղաքների հատակագծման, արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմերը։

ԽՍՀՄ բժշկագիտության զարգացման վրա մեծ ազդեցություն են ունեցել ախտաբանների (Նիկոլայ Անիչկով, Ալեքսեյ Աբրիկոսով, Ի. Դավիդովսկի և այլն), ֆիզիոլոգների (Իվան Պավլով, Լևոն Օրբելի, Պյոտր Անոխին, Վասիլի Պարին) աշխատանքները։ Ներքին հիվանդությունների կլինիկայի հաջողությունները հիմնվել են ներքին բժշկության հիմնադիրների (Վ. Օբրազցով, Նիկոլայ Ստրաժեսկո, Մ. Կոնչալովսկի, Դմիտրի Պլետնև, Գեորգի Լանգ) հիմնարար աշխատանքների վրա։ Այդ գիտնականները հաջողությամբ ուսումնասիրել են կրծքային հեղձուկի և սրտամկանի ինֆարկտի, սրտի ռևմատիկ ախտահարման և արյան շրջանառության խանգարման, խոցային հիվանդության, շաքարախտի, արյան և այլ հիվանդությունների խնդիրները։

Սիրտանոթային, շնչառական, մարսողական համակարգերի, երիկամների, արյան հիվանդությունների ուսումնասիրության բնագավառներում մեծ ավանդ ունեն Վլադիմիր Վասիլենկոն, Վլադիմիր Վինոգրադովը, Իոսիֆ Կասիրսկին, Ալեքսանդր Մյասնիկովը, Եվգենի Տարեևը, Եվգենի Չազովը և ուրիշներ։ Հատուկ նշանակություն են ձեռք բերել սրտաբանության խնդիրների ուսումնասիրությունները։

Մանկաբուժության բնագավառում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առողջ երեխայի հիգիենայի և սննդի, մանկական օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունների, ռեակտիվականության, վաղ մանկական տարիքի հիվանդությունների կլինիկական ընթացքի և բուժման առանձնահատկությունների ուսումնասիրությանը (Ա. Կիսել, Գեորգի Սպերանսկի, Ալեքսանդր Տուր և ուրիշներ)։

Հոգեբուժության նշանակալի նվաճումներից է փոքր հոգեբուժության (բնականոնի և ախտաբանականի միջև, սահմանակից հոգեկան խանգարումների ձևերի մասին ուսմունք) մասին Պյոտր Գաննուշկինի մշակած հայեցակարգը։

Վիրաբուժության զարգացումն ընթացել է տարբեր ուղղություններով։ Պատերազմները պայմանավորել են ռազմադաշտային վիրաբուժության ձևավորումը, վնասվածքների աճը՝ վնասվածքաբանության և օրթոպեդիայի զարգացումը։

Ս. Պոլենովի, Նիկոլայ Բուրդենկոյի աշխատանքները նպաստել են նյարդավիրաբուժության, Ալեքսանդր Ֆեոդորովի աշխատանքները՝ ուրոլոգիայի զարգացմանը, Ալեքսանդր Վիշնևսկու դպրոցը ստեղծել է տեղային անզգայացման մասին ուսմունքը։ Մշակվել և կատարելագործվել են նարկոզի եղանակները։ Պայմաններ են ստեղծվել սրտի և թոքերի վիրաբուժության զարգացման համար, արհեստական շրջանառության ապարատի ժամանակակից մոդելներն օգտագործվել են մարդու, այսպես կոչված, բաց սրտի վրա կատարվող վիրահատությունների ժամանակ։ Նշանակալի հաջողությունները կապված են վիրաբուժության մեջ տեխնիկական նվաճումների ներդրումների (անդրաձայն, լազեր, կրիոտեխնիկա, ռենտգենախտորոշման սարք, էլեկտրոնիկա և օպտիկա, համակարգիչներ, գերճնշումային թթվածնաբուժություն, հյուսվածքների սառեցում և այլն) հետ։

Խորհրդային վիրաբույժները մեծ նվաճումների են հասել օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, վերակառուցողական և վերականգնողական միջամտությունների բնագավառում (Վլադիմիր Ֆիլատով, Վ. Շանով, Սերգեյ Յուդին)։ Մեթոդական և գործնական մեծ նշանակություն են ունեցել Ֆիլատովի մշակած դիակի եղջերաթաղանթի պատվաստման տեխնիկան ու մեթոդը։ Դեռևս 1933 թվականին Յու. Վորոնը կատարել էր դիակի երիկամի պատվաստման առաջին փորձն աշխարհում, այնուհետև երիկամի պատվաստման առաջին հաջող վիրահատությունը ԽՍՀՄ-ում կատարել է Բորիս Պետրովսկին (1965)։

Բժշկագիտության զարգացման համար էական նշանակություն է ունեցել արյունից և օրգանիզմի կենսաբանական այլ հեղուկներից թունավոր նյութերի հեռացումը, «արհեստական երիկամի» ստեղծումն ու ներդրումը հնարավորություն են տվել երիկամային անբավարարության ժամանակ օրգանիզմից հեռացնել թունավոր նյութերը։ Ներկայումս մշակվել և գործնականում ներդրվել է արյունակլանման «արհեստական լյարդ» մեթոդը, որի շնորհիվ օրգանիզմը մաքրվում է մի շարք թունավոր նյութերից։ Այդ մեթոդի կիրառումը հնարավորություն է տվել սուր թունավորումների, նույնիսկ ամենածանր դեպքերի ժամանակ բավականին նվազեցնել մահացությունը։

ԽՍՀՄ-ում սրտային վիրաբուժության զարգացումը պայմանավորված էր Ալեքսանդր Բակուլևի, Պյոտր Կուպրիյանովի, Բորիս Պետրովսկու, Ալեքսանդր Վիշնևսկու, Ե. Մեդալկինի, Վլադիմիր Բուրակովսկու և ուրիշների, որովայնի խոռոչի վիրաբուժության զարգացումը՝ Իվան Գրեկովի, Ալեքսեյ Մարտինովի, Սերգեյ Սպասոկուկոցկու, Սերգեյ Յուդինի և այլոց աշխատանքներով։

Կերակրափողի և թոքերի հիվանդությունների բուժման յուրօրինակ մեթոդներ են մշակել և գործնականում ներդրել Վլադիմիր Կազանսկին, Ֆեոդոր Ուգլովը, Լև Բոգուշը, Վ. Ստրուչկովը և այլք։

Խորհրդային բժշկագիտության ամենախոշոր նվաճումներից էր միկրովիրաբուժության զարգացումը, որը հնարավորություն է տալիս վերակառուցողական վիրաբուժության խնդիրները լուծել որակական նոր մակարդակով (վիրահատության մեթոդը նախատեսում է վիրահատական մանրադիտակի, հատուկ օպտիկայի և գերճշգրիտ սարքերի կիրառում)։ Այդ ուղղությունը տրամադրում է միկրովիրաբուժական վիրահատությունների մեծ փորձ, որի շնորհիվ հաջողվել է վնասվածքի հետևանքով ձեռքերի մատների և վերջույթների ավելի խոշոր հատվածների վերաճեցումը, ոտնաթաթի մատների պատվաստումը ձեռնաթաթին, նյարդերի, մաշկի և մկանների կտորների պատվաստումը և այլն։

20-րդ դարի սկզբին ձևավորվել է ուռուցքաբանությունը, որի հիմնադիրներն են Նիկոլայ Պետրովը և Պյոտր Գերցենը։ ԽՍՀՄ-ն աշխարհում առաջին երկիրն էր, որտեղ ստեղծվել էր հակաքաղցկեղային պայքարի պետական համակարգ։

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում էական նվաճումների շարքին են դասվում Մ. Վոլկովի, Կ. Սիվաշի, Օ. Գուդուշաուրու, Վ. Կալնբերգի, Գավրիիլ Իլիզարովի և այլոց աշխատանքները՝ ճնշող-ձգող ապարատների, կոնքազդրային տիտանակոբալտային արհեստական հոդի, ոսկրերի հիվանդությունների և արատների ժամանակ ոսկրային հյուսվածքների ստեղծման բնագավառում։

Խոշոր նվաճումներով է նշանավորվել ակնաբանության զարգացումը. Միխայիլ Ավերբախը, Վ. Օդինցովը, Վլադիմիր Ֆիլատովը և նրանց հետևորդները մշակել և գործնականում ներդրել են տեսողական օրգանի հիվանդությունների և վնասվածքների ախտորոշման, բուժման և կանխարգելման լայն ճանաչում գտած (այդ թվում՝ փոխպատվաստումային վիրաբուժության) մեթոդները։

Միկրովիրաբուժության շնորհիվ աչքի վիրահատությունները դարձել են ավելի խնայողական, անվտանգ և արդյունավետ։ Ակնաբուժության մեջ միկրովիրաբուժական ուղղության հիմնադիրը Միխայիլ Կրասնովն է։ Նրան են պատկանում աչքի վիրահատության նոր սկզբունքները՝ տարբեր տեսակի լազերների կիրառմամբ, ԽՍՀՄ-ում առաջին անգամ բարձր աստիճանի կարճատեսության վիրահատական բուժումը, գլաուկոմայի «առանց դանակի» (լազերի օգնությամբ) միկրովիրաբուժությունը։ Արհեստական ոսպնյակի «վերաճեցման» յուրօրինակ մեթոդներ են առաջարկել Կրասնովը և Սվյատոսլավ Ֆեոդորովը, մշակվել են կարճատեսության և աչքի տարաբեկության վիրաբուժական շտկման բարձր արդյունավետ մեթոդներ։

Քիթկոկորդականջաբանության խոշոր նվաճումներից է ականջի ծանր հիվանդության՝ օտոսկլերոզի ժամանակ լսողությունը լավացնող վիրահատությունների ներդրումը։

Արագորեն զարգացել են նաև մանրէաբանությունը և վիրուսաբանությունը։ Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գիտական հիմք են դարձել վարակի փոխանցման մեխանիզմների մասին Լև Գրոմաշևսկու առաջարկած ուսմունքը, ժանտախտի, խոլերայի, սիբիրյան խոցի և որովայնային տիֆի համաճարակաբանության, լեպտոսպիրոզի, ռիկետսիոզների և այլն ոաումնասիրությունները։ Եվգենի Պավլովսկու, Կոնստանտին Սկրյաբինի և այլոց աշխատանքներով ստեղծվել է ուսմունք՝ փոխանցողական հիվանդությունների բնական օջախայնության մասին, դրվել են ճիճվաթափության և մակաբուծական հիվանդությունների դեմ պայքարի հիմքերը։ Հենվելով մանրէաբանության և վիրուսաբանության նվաճումների վրա (Լև Զիլբեր, Միխայիլ Չումակով, Անատոլի Սմորոդինցև, Վլադիմիր Տիմակով և այլն)՝ վարակիչ հիվանդությունների առանձնահատուկ կանխարգելման մեթոդը (վակցինայի և շիճուկի օգնությամբ) որոշիչ դեր է ունեցել բնական ծաղիկի, դիֆթերիայի, պոլիոմիելիտի, կարմրուկի և մի շարք այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում։

Պոլիոմիելիտային կենդանի վակցինայով զանգվածային իմունացման շնորհիվ ամբողջ երկրում պոլիոմիելիտով հիվանդացությունը նվազեց 120 անգամ։ Մանկական վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հաջողությունները մանկաբուժության կարևոր նվաճումներից են։ Բավականին նվազեց մահացությունը՝ մանկական բոլոր վարակիչ հիվանդություններից (կարմրուկի, քութեշի, կապույտ հազի դեպքում՝ տասնյակ անգամներ)։

ԽՍՀՄ բժշկագիտության զարգացման ակնհայտ նվաճումները պայմանավորված էին նաև նրանով, որ երկրում իրականացվող գիտության կազմակերպման քաղաքականությունը խրախուսում էր ազգային հանրապետությունների գիտական ներուժի կենտրոնացումը Ռուսաստանի կենտրոնական ինստիտուտներում ու հիվանդանոցներում։ Չնայած բժշկագիտության և գործնական բժշկության նվաճումներն արագ ներդրվում էին երկրի խոշոր հիվանդանոցներում, բայց առանձին հանրապետություններում գիտական հիմնարար հետազոտության համար բավարար հնարավորություններ միշտ չէ, որ ստեղծվում էին։

ԽՍՀՄ փլուզումից հետո (1991) բժշկագիտության բնագավառում նրա բնական իրավահաջորդը դարձավ ՌԴ-ն, իսկ մյուս հանրապետությունները, այդ թվում նաև Հայաստանը, չնայած բավական զարգացած ԳՀ և հիվանդանոցային համակարգի առկայությանը, հայտնվեցին լուրջ դժվարությունների առջև։

Ժամանակակից բժշկագիտության խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի 70-ական թվականներից սկսած՝ անցյալում զանգվածային տարածում գտած և մահվան հիմնական պատճառ հանդիսացող վարակիչ ու մակաբուծական հիվանդությունները ցածր տեսակարար կշիռ ունեն։ Տնտեսապես զարգացած երկրներում վերացել են հատուկ վտանգավոր համաճարակային հիվանդությունները, կրճատվել մանկական վարակներով հիվանդացությունը։

Զարգացած երկրներում սիրտանոթային հիվանդությունները դարձել են մահացության (1980-ական թվականներին մահվան բոլոր պատճառների ավելի քան 50 %-ը) և հաշմանդամության հիմնական պատճառ։ Հատուկ նշանակություն են ձեռք բերել սրտի իշե- միկ հիվանդության (այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի), հիպերտոնիկ հիվանդության և կենտր. նյարդային համակարգի անոթային ախտահարումները, որոնց բաժին է ընկնում սիրտանոթային համակարգի հիվանդություններից մահացության ավելի քան 80 %-ը։ Սակայն նշանակալի են նաև այդ հիվանդությունների ախտորոշման և բուժման հաջողությունները։ Օրինակ՝ 30 տարվա ընթացքում եռակի ավելացել են սրտամկանի ինֆարկտով հիվանդների առողջանալու և աշխատանքային գործունեության վերադառնալու հնարավորությունները։ Բժշկագիտության հրատապ խնդիրներից են չարորակ նորագոյացությունները, որոնցից մահացությունը 60 տարում ավելացել է 2-3 անգամ։ Աշխարհում ամեն տարի քաղցկեղից մահանում է մինչև 2 միլիոն մարդ։ Դա բացատրվում է մասնավորապես մթնոլորտի աղտոտմամբ, ծխելու տարածվածությամբ և այլն։ Ուռուցքային աճի բնույթը լիովին չի բացահայտված, առաջիկայում հարկավոր է շատ բան իմանալ քիմիական ուռուցքածին նյութերի ազդեցության մեխանիզմների, ճառագայթման, ուռուցքածին վիրուսների, օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների մասին։ Ուռուցքների բուժման արդյունքների լավացմանը նպաստել են ախտորոշման և վիրահատական մեթոդների կատարելագործումը, հզոր սարքերի և ճառագայթաբուժման նպատակով ռադիոակտիվ իզոտոպների կիրառումը։ Առավել արդյունավետ են համալիր (վիրաբուժական, ճառագայթային, քիմիաբուժական) մեթոդները։

Ժամանակի կարևոր խնդիրներից է նյարդահոգեբանական խանգարումների աճը, որոնց մեջ հատուկ նշանակություն ունեն ալկոհոլամոլությունը և թմրամոլությունը։ Ստեղծված է ալկոհոլամոլության կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման մեթոդների մշակման ու ներդրման համապետական ծրագիր։

Առավել հրատապ խնդիր է վնասվածքների դեմ պայքարը, որի ժամանակակից ծրագիրն ընդգրկում է վնասվածքների պատճառների համալիր վերլուծությունը։

Ամբողջ մարդկության առջև լուրջ խնդիրներ է դրել վերջին տարիներին ի հայտ եկած հիվանդությունը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը։

Սոցիալական կարևոր նշանակություն ունի շրջապատող միջավայրի պահպանման ու առողջացման խնդիրը։ Ջրի, օդի, հողի աղտոտումը, կենսոլորտում բնապահպանական հավասարակշռության խանգարումը բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա։ Հատուկ խնդիր են ներկայացնում արդյունաբերական թունավոր թափոնները։ Բնական պաշարների տարերային օգտագործումը, մոլորակի մի շարք շրջաններում մթնոլորտի աղտոտումը գերազանցում են բնության ինքնապաշտպանության շեմը, խախտվել են միջավայրի ինքնուրույն պահպանության գործընթացները, տեղի է ունենում մարդու առողջության համար վնասակար նյութերի կուտակում։ Շրջակա միջավայրի առողջացման համար պայքարը, բնության պահպանությունը ձեռք են բերել միջազգային նշանակություն։ Հիվանդության փոփոխված պատկերը սերտորեն կապված է ժողովրդագրական գործընթացների փոփոխության հետ, որոնք տնտեսական զարգացած երկրներում բնորոշվում են ծնելիության նվազման միտումով (մոտավորապես 15-20 մարդ՝ 1 հզ բնակչին), ընդհանուր (9-12 մարդ՝ 1 հզ բնակչին) և մանկական (10-20 երեխա՝ 1 հզ ողջ ծնվածին) մահացության հարաբերական կայունացմամբ և կյանքի միջին տևողության բարձրացմամբ (69-75 տարի)։ Տեղի է ունենում բնակչության «ընդհանուր» ծերացում։

Բնակչության «ծերացման» խնդիրը պահանջում է շատ հարցերի լուծում՝ կապված ծերունական օրգանիզմում հիվանդածին գործընթացի առանձնահատկությունների, առողջապահության մարմինների կողմնորոշման (մասնագիտացված բժշկական օգնություն, հոսպիտալացում), զբաղվածության և աշխատանքային գործունեության (ապրելակերպ, սոցիալ-տնտեսական հետևանքներ), սոցիալ-ծերաբանական մարմինների կողմնորոշման հետ։

Գիտական խնդիրներից բացի, ժամանակակից բժշկագիտության առջև ավելի սուր, քան երբևէ, դրված են բժշկի և հիվանդի փոխհարաբերությանը վերաբերող բարոյագիտական խնդիրները՝ թույլատրելի միջամտության սահմաններում (օրինակ՝ հոգեկանի վրա ազդեցությունը հոգեհակ նյութերով), դոնորությունը՝ օրգանների փոխպատվաստման ժամանակ։ Բժշկագիտության բարոյագիտական կողմը մոռացության մատնելու վտանգի մասին են վկայում այնպիսի էական փաստեր, ինչպիսիք են հակամարդկային փորձերը մարդկանց վրա կամ բժիշկների մասնակցությունը բակտերիաբանական պատերազմի նախապատրաստությանը։ Բուժաշխատողների կողմից բարոյագիտական նորմերի պահպանումը իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, որը կազմում է բժշկական բարոյագիտության առարկան, հատուկ ուշադրություն է պահանջում։

Բժշկի մարդասիրական և բարոյագիտական սկզբունքներն օրենսդրորեն հաստատված են բժշկի երդման մեջ։ 1980 թվականին հիմնվել է «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման» միջազգային շարժումը։ Իր հիմքում մասնագիտական, տարբեր ազգությունների, քաղաքական հայացքների և կրոնական հավատքով գիտնականներին և բժիշկներին միավորող այդ շարժումն արտացոլում է մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու կոչված բժշկի մասնագիտության էությունը։ 1985 թվականին շարժումն արժանացել է խաղաղության նոբելյան մրցանակի։ Այդ շարժման 3-րդ վեհաժողովն առաջարկել է լրացնել ազգային և միջազգային երդումներն ու օրենսգրքերը բժշկի մասնագիտական, բարոյագիտական պարտքի մասին, որով բժիշկներին պարտավորեցնում է պայքարել միջուկային աղետի դեմ։

Սպիտակի երկրաշարժից հետո աղետյալ հայերին օգնելու, տարատեսակ ծրագրեր իրականացնելու՝ բժշկագիտության ձեռքբերումներով ու բժշկական նորագույն սարքավորումներով Հայաստանի և Արցախի ազգաբնակչությանն օգնելու նպատակով ստեղծվել և Հայաստանում գործում է «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային մարդասիրական շարժումը, իսկ 1986 թվականից՝ «Բժշկական օգնություն հայերին» (ԱՄՆ) կազմակերպությունը։

Բժշկագիտությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները (բժշկական գործիքներ և այլն) վկայում են հին Հայաստանում բժշկության մակարդակի մասին։ Հայաստանում մասնավոր հիվանդանոցներ եղել են դեռևս 3-րդ դարում։ 260 թվականին նախարար Սուրեն Սալահունու կինը՝ Աղվիթան, Առբենուտ կոչվող բուժիչ հանքային աղբյուրների մոտ, իր միջոցներով, բորոտանոց է կառուցել (Եվրոպայում առաջին բորոտանոցները բացվել են դրանից 300 տարի հետո միայն)։

Առաջին հիվանդանոցները Հայաստանում եղել են վանքերին կից։ Ըստ 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի՝ կաթողիկոս Ներսես Մեծը Հայոց աշխարհի բոլոր կողմերում հիվանդանոցներ է բացել բորոտների, հաշմանդամների և ցավագարների համար։ Հայ ժողովրդական բժշկությունը, որ գրեթե 3000 տարվա պատմություն ունի, ստեղծել է դեղանյութերի մի հարուստ գանձարան։ Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերն արտահանվել են Արևելքի և Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ գտել հնագույն դեղագիտարաններում։

Հայաստանը, ինչպես նաև Մարաստանը, հնում եղել է մի շարք արժեքավոր խեժատու բույսերի, այդ թվում նաև հայտնի ուպանի (Laserpitium), ինչպես նաև վայրի դեղաբույսերի հայրենիքը։ Ըստ Մովսես Խորենացու՝ Հայոց Վաղարշակ թագավորը (մ.թ.ա. 2-րդ դար) Տայքի ճահճոտ վայրերում այգիներ և բուրաստաններ է հիմնել, որտեղ աճեցվել և բազմացվել են (դա վկայում է նաև 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին) վայրի դեղաբույսեր։ Ըստ 9-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունու՝ Հայաստանի բուժիչ բույսերը մեծ խնամքով աճեցվել են դեռևս Արտաշես Բ թագավորի (մ.թ.ա. 1-ին դար) հիմնած հատուկ պարտեզներում։ Մեծ կիրառություն ունեին նաև հանքային դեղանյութերը՝ հայկավը, հայքարը, բորակը, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, կապարի միացությունները, որդան կարմիրը, որոնք Հայաստանից արտահանվել են հարևան երկրներ։

Հայ բժշկության մեջ օգտագործվել են նաև կենդանական ծագում ունեցող դեղանյութեր՝ պատրաստված կենդանիների սեռական գեղձերից, ուղեղից, լյարդից, փայծաղից և այլն։

Միջնադարյան հայ մատենագրության մեջ 4 տարրերի և դրանց համապատասխանող 4 հիմնական հեղուկների (արյուն, լորձ, դեղին և սև մաղձ) անտիկ տեսությունն առաջին անգամ հիշատակվում է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» (5-րդ դար) երկում։ Հիվանդությունների առաջացումը նա կապում էր հիմնական հեղուկների հավասարակշռության խախտման հետ։ Հիպոկրատի նման, Եզնիկ Կողբացին հոգեկան հիվանդությունները համարել է գլխուղեղի հյուծման հետևանք։ Դավիթ Անհաղթի (5-րդ դարի վերջ և 6-րդ դարի սկիզբ) մի քանի երկերում շոշափվել են մարդակազմության, կենսաբանության, դեղագիտության, հիգիենայի և բժշկական բարոյագիտության հարցերը։ «Վերլուծութիւն «Ներածութեանն Պորփիւրի» աշխատությունը վկայում է Հայաստանում կատարված դիահերձումների մասին։ Անանիա Շիրակացին իր 667 թվականին կազմած «Քննիկոնում» տեղ է տվել նաև բժշկագիտական երկերին։ Նա զբաղվել է նաև բուսաբուժության հարցերով, նկարագրել է համասփյուռ կոչվող բույսի (Lichinis Լ.) բուժիչ հատկությունները, որը պաշտամունք է եղել Հայաստանի որոշ շրջաններում։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

10-11-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկագիտության զարգացման համար հատկապես նպաստավոր պայմաններ են ստեղծվել 10-11-րդ դարերում, Անիի Բագրատունյաց թագավորության ժամանակ։ Անիում, Հաղպատում և Սանահինում հիմնվել են բարձրագույն դպրոցներ՝ միջնադարյան համալսարաններ, որտեղ ուսումնասիրել են նաև բժշկություն։ Այդ շրջանի բժշկական պատկերացումներն առավել ամբողջությամբ արտացոլված են Գրիգոր Մագիստրոսի աշխատություններում։ Նա քաջածանոթ էր հիվանդությունների մահճաբուժությանը, դեղագիտությանը և հատկապես բուսաբուժությանը։ Ստեղծվել Են նաև ախտաբանության, թերապիայի և դեղագործության հարցերի վերաբերյալ աշխատություններ, այսպես կոչված, բժշկարաններ։ Գագիկ Ա թագավորի (989-1020) օրոք գրված «Բժշկարանը» (հեղինակն անհայտ է) հետագայում խմբագրվել է Կիլիկյան Հայաստանում՝ Հեթում թագավորի օրոք, հարստացվել 2 բաժնով և ստացել «Գագիկ-Հեթումյան բժշկարան» անվանումը։ Վերջինս մեծ ազդեցություն է գործել Հայաստանի միջնադարյան բժշկության հետագա զարգացման վրա։

Բժշկագիտության, հատկապես մարդակազմության, առաջընթացին նպաստել է դիահերձումների և կենդանահատումների ազատությունը, որի մասին վկայում են գրավոր աղբյուրները։

12-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված միջնադարյան հայ բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխիթար Հերացու գիտական ու բժշկական բեղմնավոր գործունեությունը։ Նա գրել է մարդակազմությանը, կենսաբանությանը, ախտաբանությանը, դեղագիտությանը վերաբերող աշխատություններ, որոնցից միայն առանձին հատվածներ («Վասն շինուածոյ և յորինուածոյ աչացն», «Վասն փոշտանկի, որ է ձվանքն», «Վասն քարանց», «Որոտացոյց և շարժացոյց») են մնացել հետագա ժամանակների բժիշկների երկերում և մասամբ տեղ գտել «Գագիկ-Հեթումյան բժշկարանում»։ 12-րդ դարի 80-ական թվականներին Գրիգոր Տղա կաթողիկոսի խրախուսանքով և օժանդակությամբ Մխիթար Հերացին ձեռնամուխ է եղել «Ջերմանց մխիթարութիւն» գրքի (հրտ. 1832) շարադրմանը։ Նա մեծ աշխատանք է կատարել նաև հայկական բժշկական տերմինների ստեղծման ուղղությամբ։ Նրա՝ ջերմերի հարուցիչ-գործոնների վերաբերյալ տեսակետը մոտ է անտիկ աշխարհի բժշկության հիմնադիր Հիպոկրատի տեսակետին։ Հայ բժշկապետը մեծ նշանակություն էր տալիս ինչպես արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններին, այնպես էլ ներքին ազդակներին (հոգեկան ապրումներ, անքնություն, ընդհանուր հյուծում)։ Հերացու կարծիքով, արյան և մարմնի մյուս հեղուկների մեջ գոյություն ունեցող «բորբոսն» է, որ առաջ է բերում «բորբոսային» տենդ։ Տենդը «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ» խմբերի բաժանելիս նա առաջնորդվել է հումորալ տեսության սկզբունքներով։ Սակայն հայ բժշկապետն առանձնացրել է «միօրյա» տենդերը, որոնք չեն տեղավորվում հումորալ ախտաբանության շրջանակներում, և դրանց ախտածնությունը բացատրելու համար դիմել է հին հեղինակների պնևմատիկ տեսությանը։ «Միօրյա» տենդերի խմբում նա նկարագրել է նաև ալերգիական հիվանդությունների մի քանի ձևեր (ֆիզիկական, քիմիական, սննդային, նյարդահոգեկան)։

«Բորբոսային տենդեր» բաժնում Մխիթար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, բորբոսային տենդի, հատկապես տիֆի, վարակիչ լինելը։

«Հալևմաշ» տենդերը, որոնք համապատասխանում են պալարախտի (տուբերկուլոզ) տարբեր կլինիկական ձևերին (թոքախտ, ոսկրախտ և այլն), ըստ Մխիթար Հերացու, առաջանում են հոգեկան ծանր ապրումների, գերհոգնածության, վատ սննդի, կլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով, որոնց այսօր էլ բժշկությունը մեծ նշանակություն է տալիս։

Տենդային հիվանդությունների Մխիթար Հերացու դասակարգումը հենվում է ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա։ Նա կիրառում էր հիվանդի քննության բազմաթիվ օբյեկտիվ մեթոդներ՝ հարցուփորձ (վերհուշություն), զննում, շոշափում, ունկնդրում և այլն։ Հին աշխարհի բժիշկների նման Հերացին հիվանդությունը բաժանում էր 4 շրջանի՝ նախնական, սաստկացման, նվազման և ավարտման։

Հերացին փորձնական ճանապարհով, հաճախ հակառակ սխոլաստիկ հայացքների, մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության, ինչպես նաև սննդաբուժության և ֆիզիկական մեթոդների վրա։ Հավատարիմ անտիկ աշխարհի բժշկության սկզբունքներին՝ հայ բժշկապետն առաջարկել է բուժել «հակառակը հակառակով»։

Մխիթար Հերացին դեղաբուժության մեջ գլխավոր տեղը հատկացրել է բոաաբուժությանը։ Բույսերից բացի, նրա դեղատոմսերում հանդիպում են կենդանական ծագում ունեցող դեղանյութեր (եզան լեղի, լյարդ), ինչպես նաև հանքային պատրաստուկներ (հայկավ, ծծումբ, ցինկ, բորակ և այլն)։

Տենդային հիվանդություններով տառապող հիվանդների համար Մխիթար Հերացին առաջարկում էր հատուկ դյուրամարս սնունդ՝ առաջնություն տալով կանաչեղենին, բանջարեղենին, մրգերին ու հատապտուղներին։ Բուժման ֆիզիկական մեթոդների շարքում Հերացին մեծ տեղ է հատկացրել ջրաբուժմանը (շփումներ, լոգանք), ինչպես նաև մերսումներին և մարմնամարզական վարժություններին։ Նա լուրջ ուշադրություն է դարձրել հոգեբուժման մեթոդներին, ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը։ 1908 թվականին «Ջերմանց մխիթարութիւն»-ը մանրակրկիտ ուսումնասիրվել և թարգմանվել է գերմաներեն (Էռնեստ Տայդել

Հայ պատմիչների վկայությամբ՝ Կիլիկիայում, Ռուբինյանների օրոք, բացվել են հիվանդանոցներ, բորոտանոցներ և ապաստարաններ։ Այս ուղղությամբ հատկապես մեծ ներդրում ունեն Լևոն Բ թագավորը (1198-1219), նրա դուստրը՝ Զապել թագուհին, և Լևոն Գ թագավորը (1269-1289)։ Ստեղծվել են բժշկանոցներ՝ հայտնի բժշկապետերի գլխավորությամբ։

13-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» երկը (Մատենադարան, ձեռագիր Ns 415) վկայում է Կիլիկյան Հայաստանում ախտաբանության և մահճաբուժության զարգացման որոշակի մակարդակի մասին։ Գիրքը գրված է միջին հայերենով, որտեղ շարունակվում են Մխիթար Հերացու ավանդույթները։ Գրիգորիսը հետազոտել է այն ժամանակ հայտնի բոլոր հիվանդությունների պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության հետ կապված հարցերը, նկարագրել հատկապես տենդերը և ներքին օրգանների հիվանդությունները։

Ջերմերի պատճառագիտության հարցում ևս նա եղել է Հերացու հետևորդը, «բորբոսային» տեսությունը կիրառել է ոչ միայն «բորբոսային», այլև «հալևմաշ» ջերմերի նկատմամբ, այն տարածել նաև թոքերի, սրտի, լյարդի, ստամոքսի մի շարք հիվանդությունների վրա։ Գրիգորիսն ուսումնասիրել է նաև տենդային հիվանդությունների հպավարակայնության հարցը, մանավանդ թոքախտի և բորոտության վարակիչ լինելը։ Նա, զարգացնելով Հերացու մեկ այլ դրույթը՝ հիվանդ օրգանների անատոմիական կառուցվածքի ուսումնասիրության անհրաժեշտությունը, եղել է ախտաբանական անատոմիայի նախակարապետը միջնադարյան հայ բժշկության մեջ։ «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» գրքում ներքին օրգանների հիվանդությունների նկարագրությունները վկայում են, որ Գրիգորիսը որոշ դեպքերում օգտվել է դիահերձումների տվյալներից. օրինակ՝ թոքախտի պատկերը նկարագրելիս նա հիշատակել է թոքերում առաջացած «խուլերի», «խոցերի» և «քարերի» մասին (ներկայումս հայտնի տուբերկուլոզային թմբիկները, ինֆիլտրատները, կավեռնաները և կրակալման օջախները)։ Հետաքրքրական են թոքաբորբի, թարախակույտի, թոքերի էխինոկոկի վերաբերյալ Գրիգորիսի ախտաբանաանատոմիական տվյալները։

14-15-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևի բարձրագույն դպրոցի հետ է կապված միջնադարյան Հայաստանի խոշորագույն մտածողներ Հովհան Որոտնեցու (1315-1386) և Գրիգոր Տաթևացու (1346-1409) գործունեությունը, որոնց երկերում արծարծվում են նաև բժշկագիտության հարցերը։ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» ծավալուն աշխատության (1389, հրտ. 1729) մեջ մարդակազմությանը, կենսաբանությանը, հոգեբանությանը և սաղմնաբանությանը վերաբերող հարցերը շարադրված են Պլատոնի, Արիստոտելի, Գրիգոր Նյուսացու և Նեմեսիոս Եմեսացու ոգով։

15-րդ դարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին եղել է նախորդ շրջանի այն գործի շարունակողն ու զարգացնողը, որով, ըստ իր խոսքերի, «զբաղվել են մեր առաջին բժիշկները՝ Մեծ Մխիթարը, բժիշկ Ահարոնը, նրա որդին՝ բժիշկ Ստեփանոսը․․․, որոնք շատ գրքեր են գրել դեղորայքների ներգործության ու օգտակարության մասին»։

Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բժշկութեան» աշխատությունում քննության են առնված սաղմնաբանության, մարդակազմության, ախտաբանության և հիգիենայի հարցերը։

Ամասիացու «Օգուտ բժշկութեան» աշխատությունը (1469, հրտ. 1940) գրվել է իր ժամանակի լավագույն բժշկական երկերի մակարդակով և ընդհանրացնում է միջնադարյան հայ բժիշկների աշխատանքները բժշկության տեսական և գործնական հարցերի վերաբերյալ։ Առավել հետաքրքրական է նրա երկի մահճաբուժության բաժինը, որտեղ համակարգված տրված են ներքին օրգանների 200-ից ավելի հիվանդությունների, ինչպես նաև ջերմերի ու չարորակ ուռուցքների, թունավորումների, մաշկային և այլ հիվանդությունների նկարագրությունները, դեղաբուժման և սննդաբուժման մեթոդները։ Նա զբաղվել է նաև հայ մատենագրության, հին աշխարհի բժիշկների և փիլիսոփաների ստեղծագործությունների ուսումնասիրությամբ։

Դեղագիտության վերաբերյալ Ամասիացու ամենանշանավոր աշխատություններն են «Ախրապատինը» (1481) և «Անգիտաց անպէտը» (1482, հրտ. 1926)։ Վերջինս միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան է, որտեղ դեղանունները տրված են 5 լեզվով՝ հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն, և պարունակում է 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների ու հանքային նյութերի անվանումներ, նրանց հոմանիշները։ Պարզվում է, որ այն բոլոր հիվանդությունների բուժման համար, որոնց առաջացման մեջ այսօրվա տվյալներով որոշակի դեր ունի վարակ-ալերգիական գործոնը, Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել է հայկական բուսական աշխարհին բնորոշ բույսեր՝ կոծուկը, կղմուխը, երիցուկը, բարձվենյակը, մշտիկը, ուրցը, խնկեղեգը, սև գնդիկը, տատաշը, քարասերմիկը։ Նշված բույսերը հարուստ են եթերային յուղերով, վիտամիններով, բուսական հորմոններով և այլ ակտիվ նյութերով, որոնցով էլ պայմանավորված են նրանց բուժիչ հատկությունները։ Բժշկապետը պարզել է նաև մարգացնծուի, երնջակի, կուսածաղկի, արևադարձի, սորնջակի և որոշ այլ բույսերի հակաուռուցքային հատկությունները։ Ամիրդովլաթը կիրառել է նաև հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ և այլն) և օրգանիզմի տոնուսը բարձրացնող (սղանգ, լոշտակ) բույսեր, վաղաժամ ծերությունը կանխող որոշ բուսական, կենդանական և անօրգանական ծագում ունեցող խեժեր (քաղբան, սեքպինաճ, անգուժատ, ակնամոմ և այլն)։ Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերն ապաքինելու և ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթ Ամասիացին խորհուրդ էր տալիս օգտագործել մումիան։ Նա ստեղծել է հայ բուսաբույժ-բժիշկների դպրոց, որը գոյատևել է մի քանի դար, որի ազդեցության հետքերը նշմարվում են Սեբաստիայի բժշկական դպրոցի ներկայացուցիչների՝ Հովասափ, Ասար և Բունիաթ Սեբաստացիների (16-17-րդ դարեր) երկերում։ Սեբաստիայի դպրոցի բժիշկների գործունեությամբ ավարտվում է հայ միջնադարյան բժշկության զարգացման վերջին շրջանը։

Նորագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի երկրորդ կեսից սկսած՝ հանդես են գալիս Եվրոպայի և Ռուսաստանի բուհերում կրթություն ստացած հայ բժիշկները (Պետրոս Քալանթարյան, Ստեփանոս Շեհրիմանյան, Հովակիմ Օղուլլուխյան, Միքայել ՌԵստեն), որոնք հաճախ եվրոպական գիտության տվյալները համադրել են հայ բժշկության հարուստ փորձի հետ։ Առանձնահատուկ ուշադրություն է ներկայացնում Պետրոս Քալանթարյանի «Բժշկարան համառօտ» աշխատությունը (տպագրվել է 1793 թվականին, Դոնի Նախիջևանում)։ Գիրքը վերաբերում է վարակիչ, ալերգիական, մաշկային, հոգեկան, նյարդային և մի շարք այլ հիվանդությունների բուժման հարցերին։

Ստեփանոս Շեհրիմանյանի (1766-1840) «Տնկաբանութիւն կամ փղորայ Հայաստանի», 1818) աշխատությունում նկարագրված են Հայաստանի դեղաբույսերը, ընդ որում՝ հեղինակն օգտագործել է հայ միջնադարյան բուսաբուծության տվյալները։ Շեհրիմանյանը գրել է նաև «Անդեղեայ ժանտախտի» (1796, հրտ. 1812) աշխատությունը։ Նրա առաջարկած դեղանյութերի շարքում նշված է նաև հայկավը։ Շեհրիմանյանի ստեղծագործությունները վկայում են, որ նա ծանոթ էր եվրոպական նորագույն բժշկության նվաճումներին։

18-19-րդ դարերի բժիշկ Միքայել Ռեստենի «Բժշկաբանութիւն» (1832) և «Կրթութիւն բժշկական արուեստի» (1833-1841) աշխատությունները ևս հայ բժշկագիտության զարգացման նմուշներ են։

Հայաստանում բժշկագիտությունը վերսկսեց զարգանալ խորհրդային կարգերի հաստատումից հետո, որից աստիճանաբար սկսեցին առանձնանալ և որպես ինքնուրույն գիտություններ ձևավորվել հետևյալ ճյուղերը.

Բժշկասոցիալական բժշկագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկասոցիալական բժշկագիտությունը ձևավորվել է հիգիենայի բնագավառի ուսումնասիրություններով. ԵՊԲՀ-ի ընդհանուր հիգիենայի ամբիոնում կատարվել են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման, սննդի և ճառագայթային հիգիենայի, թափոնների վնասազերծման, ջրամատակարարման և ջրամբարների պահպանության հարցերին վերաբերող հետազոտություններ (U. Ալեքսանյան, Ն. Հակոբյան, Լ. Հարությունյան և ուրիշներ)։ Առաջարկվել է հիգիենային մեծ առավելություն ունեցող խմբակային ջրմուղների կառուցումը (Ն. Հակոբյան)։ Ուսումնասիրվել են բանվորական վայրերի օդի փոշոտվածության, քիմիական նյութերով աղտոտման և միկրոկլիմայական անբարենպաստ գործոնների ազդեցության հարցերը։ Հետազոտվել են սինթետիկ կաուչուկի արտադրության բանվորների աշխատանքի սանհիգիենային պայմանները, երկքլորբութենի ազդեցության հետևանքով կենդանիների օրգանիզմում փորձնական ճանապարհով առաջացրած ախտաբանական մի շարք փոփոխություններ (Հ. Միրզաբեկյան և ուրիշներ)։ Կազմվել Են գյուղական առողջապահության ատլասներ, ուսումնասիրվել արտաքին միջավայրի աղտոտվածության և գյուղաբնակների ժառանգական անկանոնությունների փոխկապակցության հարցերը (U. Հայրիյան)։

Ուսումնասիրվել է վիրուսային և բակտերիային ծագման վարակիչ հիվանդությունների պատճառագիտությունը, մշակվել դրանց դեմ պայքարի միջոցառումներ, ստացվել բակտերիային պատրաստուկներ․ առաջարկվել և ներդրվել է դիֆթերիայի կրկնավակցինացման որակապես նոր համակարգ (Ա. Ալեքսանյան), որի կիրառմամբ դիֆթերիան վերացել է Հայաստանում և ԽՍՀՄ մյուս հանրապետություններում։

Ա. Իսահակյանը Հայաստանում առաջինն է բացահայտել պապատաչի տենդը, լեյշմանիոզները, տզային հետադարձ տիֆը, նախակենդանիներով փոխանցվող աղիքային վարակիչ հիվանդությունները, մալթայան տենդը (բրուցելոզ), մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ։

Բժշկակենսաբանական բժշկագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկակենսաբանական բժշկագիտության բնագավառում հիշարժան են Վ. Արծրունու նախաձեռնությամբ հիմնված ԵԲԻ անատոմիայի ամբիոնում կատարված աշխատանքները. 1923 թվականին նա հրատարակել է անատոմիայի առաջին դասագիրքը. 1924 թվականին՝ ռուս-լատիներեն-հայերեն բժշկագիտական բառարանը, որը հայկական բժշկագիտության տերմինաբանության զարգացման հիմքը հանդիսացավ։ Դեղաբանական առաջին կենտրոնների ստեղծման հետ մեկտեղ սկսվեցին Հայաստանի հանքային ջրերի ծրագրավորված ուսումնասիրությունները, պարզվեցին դրանց ազդեցության մեխանիզմները ստամոքսաղիքային համակարգի շարժողական ֆունկցիաների վրա (Գ. Մեդնիկյան, Ս. Միրզոյան)։ Ս. Միրզոյանի ղեկավարությամբ ուսումնասիրվեցին հանրապետության բուսական պաշարները, հայտնաբերվեցին ավելի քան 65 ալկալոիդակիր բույսեր։

Դեղաբանության բնագավառում պարզվել է գլխուղեղի արյան անոթների պատերում առկա անոթասեղմիչ և անոթալայնիչ պրոստագլանդինների մասնակցությունը գլխուղեղային արյան շրջանառությանը՝ հոմեոստազում, ինչպես նաև ուսումնասիրվել արյան բջիջների վրա դեղանյութերի ազդեցության մեխանիզմները (Է․ Գաբրիելյան)։

Վ. Հակոբյանը ստեղծել է օրգանիզմի ինտեգրալային ֆունկցիաների, հատկապես գլխուղեղային արյան շրջանառության կարգավորման գործընթացում գամմաամինակարագաթթվի (ԳԱԿԹ) և նման նյութերի համակարգի եզակի դերի վերաբերյալ յուրօրինակ հայեցակարգ, որը լայն ճանաչում է ստացել աշխարհի շատ երկրներում։

Կլինիկական բժշկագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական բժշկագիտության բնագավառում սկզբնական շրջանում ուսումնասիրվել են մալարիայի կլինիկայի, դասակարգման, բուժման հարցերը և այդ հիվանդության հետ կապված սիրտանոթային համակարգում կատարվող կենսաքիմիական տեղաշարժերը (Լ. Հովհաննիսյան, Ա. Մելիք-Ադամյան, Ռ. Գյանջեցյան և ուրիշներ)։

Նկարագրվել և առանձնացվել է Հայաստանում տարածված մի հիվանդություն, որն սկզբում անվանվել է 6-օրյա տենդ, իսկ հետագայում՝ պարբերական հիվանդություն (Լ. Հովհաննիսյան և ուրիշներ)։ Դ. Գյանջեցյանը Հայաստանում առաջինն է առաջարկել խոցային հիվանդության բուժումը բրոմի պատրաստուկներով և քնով։ Մշակվել է դեղորայքային քնի արդյունավետությունը բարձրացնող տարբերակված մեթոդ (Ռ. Ստամբոլցյան, Ռ. Գյանջեցյան), ներդրվել էլեկտրաքնի ինքնատիպ սարք։ Ուսումնասիրվել են սրտի աղմուկների ծագման պատճառները (Լ. Հովհաննիսյան), առաջարկվել է էլեկտրասրտագրության քանակական վերլուծության մակերեսաչափ, մեթոդ (Ռ․ Ստամբոլցյան և ուրիշներ), ներդրվել սրտաբանության նոր ուղղություն՝ մանիտորահամակարգչային դինամիկ էլեկտրասրտագրությունը (Ռ. Ստամբոլցյան)։ Գ. Բադալյանի ղեկավարությամբ զբաղվել են սրտային անբավարարության ժամանակ սրտային գլիկոզիդների ազդեցության ուսումնասիրությամբ, մշակել արտաքին շնչառության ուոումնասիրության մեթոդներ, արտաքին շնչառության մեկ ցուցանիշ հայտնի է որպես «Բադալյանի ցուցանիշ»։ Կիրառվել են սիրտանոթային համակարգի ռենտգենաբանական հետազոտման մեթոդներ (Բ. Ֆանարջյան, U. Ճաղարյան)։ Կ. Ադամյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել է սրտի իշեմիկ հիվանդության և սրտի բնածին արատների դեպքերում սրտի ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգը և առաջարկվել արյան շրջանառության անբավարարության մինչկլինիկական փուլի զարգացման դասակարգումը։ Կլինիկական սրտաբանության մեջ հատուկ տեղ են գրավում նրա հետազոտած և ներդրած կենսառիթմաբանության և իմունաբանության ուղղությունները։ Ա. Հակոբյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են Հայաստանի տարածքի առողջավայրային պաշարները, մշակվել առանձին նյարդային հիվանդությունների առողջարանային բուժման արդյունավետության հարցերը։ Մշակվել են սրտի արատների, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզի բուժման ցուցումներն ու հակացուցումները (Լ. Հովհաննիսյան), պարզվել է հիպերտոնիկ հիվանդության վազային առողջարանային բուժման արդյունավետությունը (Ռ. Գյանջեցյան)։ Բացահայտվել են ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների դեպքում Հանքավան և Ջերմուկ առողջարանների հանքային ջրերի ազդեցության մեխանիզմները (U. Մելիք-Ադամյան)։

Ներզատաբանության բնագավառում ուսումնասիրվել են Հայաստանում տեղաճարակային խպիպի տարածվածության հարցերը և առաջարկվել հակախպիպային միջոցառումներ (Ռ. Գյանջեցյան), կազմվել է խպիպի տարածվածության քարտեզ և հրատարակվել ժողովածու (Ս. Շարիմանյան)։

Վիրաբուժության բնագավառում հիշարժան են Հ. Քեչեկի աշխատանքները փայծաղի բշտուռուցքների, տուբերկոզոզային-կարմիր գայլախտի լուսաբուժության հարցերի վերաբերյալ։ Գ. Մելքոնյանն զբաղվել է էխինոկոկոզի ախտորոշման ու բուժման հարցերի ուսումնասիրությամբ։ Ս. Շարիմանյանն առաջարկել է երկարատև ու դժվար ապաքինվող վերքերի հատման տեխնիկայի բարելավման մեթոդներ, ծայրատված վերջույթի երևակայական ցավերի (կաուզալգիայի համախտանիշ) բուժման նպատակով կիրառել նովոկաինային պաշարում։ Գործնական նշանակություն են ունեցել Ք. Պետրոսյանի առաջարկած մեթոդները՝ անոթալայնանքների, ինչպես նաև ծնկոսկրի կոտրվածքների ժամանակ։

Ռ. Պարոնյանը Հայաստանում առաջինն է կատարել ստամոքսի մասնահատում, մշակել լյարդի ընդծակման (պունկցիա) նոր մեթոդ, որն ունի կարևոր ախտորոշիչ նշանակություն։ Ի. Գևորգյանն զբաղվել է որովայնի քաղցկեղի ուսումնասիրությամբ, առաջարկել է նոր վիրահատություն՝ վերել հաստ աղիքի մեզոպերիտոնիզացիա, որը լայն տարածում է ստացել ԽՍՀՄ-ում։

Ս. Ավդալբեկյանը հիմնել է վիրաբուժության նոր ուղղություն՝ թոքերի վիրաբուժությունը, ուսումնասիրել թոքերի թարախակալումների ժամանակ պրոտեոլիտիկ ֆերմենտներով և կենսածին ամիններով բուժման հնարավորությունը, թոքերի ինքնանույնափոխպատվաստման ժամանակ ֆունկցիոնալ, ձևաբանական և իմունակենսաբանական փոփոխությունները։

Ք. Պետրոսյանն զբաղվել է հոդախախտումների բուժման մեթոդների ուսումնասիրությամբ։ Մշակել է հատուկ սարքավորումներ՝ ազդրի բնածին հոդախախտումների բուժման համար։

Ալ. Միքայելյանն առաջարկել է սրտի անբավարարության ախտորոշման նոր չափանիշներ, մաշկի, օրգանների փոխպատվաստման փորձարարական և կլինիկական տեսակետներ, զբաղվել գլխուղեղի արյան անոթների և սրտի կենսաքիմիական, ձևաբանական փոփոխությունների հետազոտությամբ։

Հ. Միրզա-Ավագյանն ուսումնասիրել է որովայնի օրգանների հիվանդությունների ժամանակ վիրաբուժության տեխնիկայի ներդրման, արյունատար անոթների ու սրտի վիրաբուժության հարցերը։ 1927 թվականին կատարել է Անդրկովկասում եզակի բարդ վիրահատություն՝ սրտամկանից հեռացրել է հրազենային փամփուշտը։

Ռ. Յոլյանն զբաղվել է վնասվածքաբանության, կլինիկական վիրաբուժության, արյան փոխներարկման, ուռուցքաբանության, անեսթեզիոլոգիայի, երիկամային անբավարարության, սոզֆանիլամիդային պատրաստուկներով բուժման, վերջույթների վնասվածքների հարցերի ուսումնասիրությամբ։

Պրոկտոլոգիայի բնագավառում Լ. Նազարովը ուսումնասիրություններ է կատարել հաստ աղիքի և հետանցքուղիղաղիքային շրջանում բորբոքային և ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ։

Հիշարժան են U. Ճաղարյանի կազմած ատլասները՝ «Սրտի և մագիստրալային անոթների բնածին արատների ատլասը» (1959), որը Բյուսելում ստացել է Գրան Պրի մրցանակ և «Սրտի վիրաբուժության ատլասը» (1961), որն ստացել է Ն. Բուրդենկոյի անվան մրցանակ և այլն։

Մանկաբուժության բնագավառում մեծ ներդրում ունի Հ. Գաբրիելյանը (ուսումնասիրել է մանկական բրուցելոզի, ուղեղապատյանաբորբի, տուբերկուլոզի, մալարիայի, կարմրուկի կլինիկայի և բուժման հարցերը)։ Վ. Աստվածատրյանն զբաղվել է լեղուղիների բորբոքային հիվանդությունների, վերին շնչուղիների վիրուսային վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակ ինտերֆերոնի և նրա խթանիչների ազդեցության, բրոնխաթոքային ախտաբանությամբ հիվանդ երեխաների իմունաբանության ցուցանիշների ուսումնասիրությամբ։

Պ. Մարգարյանի գիտական գործունեությունը վերաբերում է հղիության և մալարիայի, արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող կանանց աշխատանքի հիգիենայի և մասնագիտական ախտաբանության հարցերին, կանանց ֆիզիոլոգիայի և ախտաբանության առանձնահատկությունների ուսումնասիրությանը, մեռածածնության, մանկական և մայրական մահացության և դրանց կանխարգելման միջոցառումների մշակման հարցերին։

Ռ. Աբրահամյանն զբաղվում է մանկաբարձության նոր ուղղության՝ պերինատոլոգիայի դրույթների մշակման, պտղի վիճակի ուսումնասիրման նորագույն մեթոդների ներդրման, գենոֆոնդի առողջացման ու բարելավման նպատակով բնածին արատների վաղ հայտնաբերման ու կանխարգելման ժամանակակից նոր համակարգի մշակման, Հայաստանում վերարտադրողական առողջության իրավիճակի ուսումնասիրման, անպտղության մեթոդների մշակման հարցերով։

Ակնաբանության բնագավառում Բ. Մելիք-Մուսյանը մշակել է տրախոմայի բուժման ինքնատիպ մեթոդ՝ սուլֆիդինի լուծույթի ներերակային ներարկմամբ և ԽՍՀՄ-ում առաջինն է ներդրել (Հ. Դեմիրչօղլյանի հետ) էլեկտրացանցենագրության մեթոդը։

Ա. Մեհրաբյանի ղեկավարությամբ մշակվել են հոգեբանության, հոգեախտաբանության, նյարդային հիվանդությունների կլինիկայի, շիզոֆրենիայի, էպիլեպսիայի, ալկոհոլամոլության, գլխուղեղի վնասվածքների, պսիխոզների, հիսթերիայի, պսիխոպաթիայի ախտորոշման ու բուժման հարցերը։

U. Արզումանյանի գիտական գործունեությունը վերաբերում է բազմանյարդաբորբերի, հիպոֆիզի և գանգի հիմի ուռուցքների ուսումնասիրությանը։

Ռենտգենաբանության և ուռուցքաբանության բնագավառում ուշադրության են արժանի Բ. Ֆանարջյանի աշխատանքները. մշակել է ստամոքսաբորբի, ստամոքսի խոցի և քաղցկեղի, հաստ աղիքի, շնչառական օրգանների հիվանդությունների ռենտգենյան ախտորոշման հարցերը։

Հ. Գալստյանն աշխատանքներ է կատարում ստամոքսաղիքային համակարգի, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման ուղղությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Плиний Старший. Естественная история XXXV 137
  2. Критий, фр. 4. Джентили-Прато; Ликимний, фр. 2. Пейдж
  3. Мифы народов мира / Ред. С. А. Токарев. — М.: Советская энциклопедия, 1991. — Т. 2, с. 280.
  4. C.Michael Hogan. 2011. Sulfur. Encyclopedia of Earth, eds. A. Jorgensen and C.J. Cleveland, National Council for Science and the environment, Washington DC
  5. «Yoga has five principal meanings: 1) yoga as a disciplined method for attaining a goal; 2) yoga as techniques of controlling the body and the mind; 3) yoga as a name of one of the schools or systems of philosophy (darśana IAST); 4) yoga in connection with other words, such as hatha-, mantra-, and laya-, referring to traditions specialising in particular techniques of yoga; 5) yoga as the goal of yoga practice». Jacobsen, p. 4.
  6. Monier-Williams includes «it is the second of the two Sāṃkhya systems», and «mental abstraction practised as a system (as taught by Patañjali and called the Yoga philosophy)» in his definitions of «yoga».
  7. Temple, Robert. (1986). The Genius of China: 3,000 Years of Science, Discovery, and Invention. With a forward by Joseph Needham. New York: Simon and Schuster, Inc. ISBN 0-671-62028-2. p. 135–37.
  8. Иероглифом «чжень» долгое время обозначался любой вид надрезания или прокола с целью прижигания или кровопускания, а позже и хирургии. См. Kavoussi B. The Acupuncture and Fasciae Fallacy, Buell P.D., May T., Ramey D. Greek and Chinese Horse Medicine: Déjà vu All Over Again
  9. Темперамент // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1985. — Т. XXIV (Сосудистый шов — Тениоз). — С. 536-537.
  10. Гиппократ // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1977. — Т. VI (Гипотиреоз — Дегенерация). — С. 37-38.
  11. Becka J (1980). «The father of medicine, Avicenna, in our science and culture: Abu Ali ibn Sina (980–1037) (Czech title: Otec lékarů Avicenna v nasí vĕdĕ a kulture)». Cas Lek Cesk (Czech). 119 (1): 17–23. PMID 6989499.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Medical Practitioners». Eee.uci.edu. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  13. Caelius Aurelianus, De Morb. Chron. iii. 8. p. 469
  14. Christos Yapijakis, Hippocrates of Kos, the Father of Clinical Medicine, and Asclepiades of Bithynia, the Father of Molecular Medicine, In Vivo, 23-4, с. 507-514, url=http://iv.iiarjournals.org/content/23/4/507.full.pdf+html
  15. Galen on the affected parts
  16. Arthur John Brock (translator), Introduction. Galen. On the Natural Faculties. Edinburgh 1916
  17. Galen on pharmacology
  18. [Mark Grant, 2000, Galen on Food and Diet, Routledge]
  19. Furley, D, and J. Wilkie, 1984, Galen On Respiration and the Arteries, Princeton University Press, and Bylebyl, J (ed), 1979, William Harvey and His Age, Baltimore: Johns Hopkins University Press
  20. Kudlien, Fridolf; Durling, Richard J., eds. (1991). Galen's method of healing : proceedings of the 1982 Galen Symposium. Leiden: Brill.
  21. Moosavi, Jamal (April–June 2009). «The Place of Avicenna in the History of Medicine». Avicenna Journal of Medical Biotechnology. 1 (1). ISSN 2008-2835. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  22. Nasr, Seyyed Hossein (2007). «Avicenna». Encyclopædia Britannica Online. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5–ին-ին.
  23. Sajadi, Mohammad M.; Davood Mansouri, Mohamad-Reza M. Sajadi (2009 թ․ մայիսի 5). «Ibn Sina and the Clinical Trial». Annals of Internal Medicine. 150 (9): 640–643. doi:10.7326/0003-4819-150-9-200905050-00011. ISSN 0003-4819. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  24. Edwin Clarke, Charles Donald O'Malley (1996), The human brain and spinal cord: a historical study illustrated by writings from antiquity to the twentieth century, Norman Publishing, p. 20 (ISBN 0-930405-25-0).
  25. Iris Bruijn (2009), Ship's Surgeons of the Dutch East India Company: Commerce and the progress of medicine in the eighteenth century, Amsterdam University Press, p. 26 (ISBN 90-8728-051-3).
  26. Blainey, Geoffrey (2011). A Short History of Christianity. Penguin Viking. էջեր 214–215. OCLC 793902685.
  27. Pagel, Walter. Paracelsus; an Introduction to Philosophical Medicine in the Era of the Renaissance. Basel: Karger, 1958. Print.
  28. Н. И. Сонин, М. Р. Сапин. Биология. 8 кл. Человек: Учеб. для общеобразоват. заведений. — М.: «Дрофа», С. 22
  29. И. В. Гайворонский. Нормальная анатомия человека (учебник для медицинских ВУЗов), - СПб, СпецЛит, 2001, второе издание, С.29
  30. Baconian method
  31. Santorio Santorio
  32. Вильям Гарвей - биография
  33. («Физиология человека» под ред. В. М. Покровского, Г. Ф. Коротько).
  34. Джироламо Фракасторо «О КОНТАГИИ, КОНТАГИОЗНЫХ БОЛЕЗНЯХ И ЛЕЧЕНИИ В ТРЕХ КНИГАХ» под ред. К. М. Быкова (1954)
  35. Амбруаз Паре - великий хирург Средневековья
  36. Gochfeld, Michael (2005 թ․ փետրվար). «Chronologic history of occupational medicine». Journal of Occupational and Environmental Medicine / American College of Occupational and Environmental Medicine. 47 (2): 96–114. doi:10.1097/01.jom.0000152917.03649.0e. ISSN 1076-2752. PMID 15706170.
  37. Ramazzini, Bernardino (2001 թ․ սեպտեմբերի 1). «VOICES FROM THE PAST – De Morbis Artificum Diatriba (Diseases of Workers)». Am J Public Health. 91 (9): 1380–1382. doi:10.2105/AJPH.91.9.1380. PMC 1446785. PMID 11527762. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.
  38. Самойлович (Сушковский) Данила Самойлович (1744-1805)
  39. Тетенев Ф. Ф. Физические методы исследования в клинике внутренних болезней. — Томск: Томский государственный университет, 2001, 392 с.
  40. Auenbrugger, Leopold von
  41. История физикальных методов диагностики. под редакцией д.м.н. Бутова М. А. (посвящается 190-летию открытия Рене Теофиля Гиацинта Лаэннека). Рязань 2007
  42. «Великие врачи: Лаэннек». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  43. Palpation
  44. "Vivisection", Encyclopaedia Britannica, 2009: "Vivisection: operation on a living animal for experimental rather than healing purposes; more broadly, all experimentation on live animals."
  45. Tansey, E.M. Review of Vivisection in Historical Perspective by Nicholaas A. Rupke, book reviews, National Center for Biotechnology Information, p. 226.
  46. Croce, Pietro. Vivisection or Science? An Investigation into Testing Drugs and Safeguarding Health. Zed Books, 1999, and "About Us" Արխիվացված 2013-09-21 Wayback Machine, British Union for the Abolition of Vivisection.
  47. W R Albury "Experiment and explanation in the physiology of Bichat and Magendie", journal-Studies in history of biology, pages 47–131
  48. Бернар, Клод
  49. B.) Anderson, Julie, Emm Barnes, and Enna Shackleton. "The Art of Medicine: Over 2,000 Years of Images and Imagination [Hardcover]." The Art of Medicine: Over 2, 000 Years of Images and Imagination: Julie Anderson, Emm Barnes, Emma Shackleton: 9780226749365: Amazon.com: Books. The Ilex Press Limited, n.d. Web. 29 Sept. 2013.
  50. Франсуа-Жозеф Виктор Бруссе
  51. «Великие врачи: Гельмгольц». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  52. Филомафитский Алексей Матвеевич
  53. Иван Михайлович Сеченов
  54. Выдающийся русский врач-терапевт, основоположник русской клинической медицины.
  55. Остроумов Алексей Александрович
  56. «Творческий метод С.П.Боткина и Г.А.Захарьина» (PDF). internist.ru. էջ 12. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18–ին-ին.
  57. «Новиков Ю. Ю. Первый российский Нобелевский лауреат Иван Петрович Павлов (посвящается 100-летию присуждения И.П. Павлову Нобелевской премии). — Москва: Компания Спутник+, 2005. — 92 с.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  58. «Кравков Николай Павлович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  59. П.Ф. Литвицкий Патофизиология: Учебник для ВУЗов. — ГЭОТАР-МЕД, 2002. — С. 13. — ISBN 5-9231-0077-0
  60. Pathophysiology
  61. Stefan Riedel, MD, PhD (2005 թ․ հունվար). «Edward Jenner and the history of smallpox and vaccination». 18 (1). Baylor University Medical Center: 21–25. PMC 1200696. PMID 16200144. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  62. Baxby, Derrick. «Jenner, Edward (1749–1823)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  63. Земмельвайс, Игнац Филипп
  64. H. D. Flack (2009)։ «Louis Pasteur's 1848 discovery of molecular chirality and spontaneous resolution, together with a complete review of his chemical and crystallographic work»։ Acta Crystallographica A65, pp. 371-389։ Արխիվացված 2012-09-06 Archive-It «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  65. Джозеф Листер — творец антисептики. К 175-летию со дня рождения
  66. "Robert Koch." World of Microbiology and Immunology. Ed. Brenda Wilmoth Lerner and K. Lee Lerner. Detroit: Gale, 2006. Biography In Context. Web. 14 Apr. 2013.
  67. Lechevalier, Hubert (1972). «Dmitri Iosifovich Ivanovski (1864–-1920)» (PDF). Bacteriological Reviews. Washington, D.C.: American Society for Microbiology. 36 (2): 135–-45. ISSN 0005-3678. PMC 408320. PMID 4557165. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  68. A Lustig and A J Levine (1992 թ․ օգոստոս). «One hundred years of virology». J Virol. 66 (8): 4629–31. PMC 241285. PMID 1629947.
  69. Bos, L. (1995). «The Embryonic Beginning of Virology: Unbiased Thinking and Dogmatic Stagnation». Archives of Virology. 140: 613–-619. doi:10.1007/bf01718437. ISSN 0304-8608.
  70. Zaitlin, Milton (1998). «The Discovery of the Causal Agent of the Tobacco Mosaic Disease» (PDF). In Kung, S. D.; Yang, S. F. (eds.). Discoveries in Plant Biology. Hong Kong: World Publishing Co. էջեր 105–-110. ISBN 978-981-02-1313-8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 4-ին.
  71. Sebastion, Anton (2001). A dictionary of the history of science. Google Books Excerpt: Informa Health Care. էջ 267. ISBN 1-85070-418-X. OCLC 9781850704188. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 24–ին-ին. {{cite book}}: Check |oclc= value (օգնություն)
  72. Илья Ильич Мечников - биография
  73. «ВЕЛИКИЕ НЕМЕЦКИЕ ВРАЧИ - ЭМИЛЬ АДОЛЬФ ФОН БЕРИНГ (1854-1917)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  74. Эрисман Ф.Ф. Краткий учебник по гигиене. М.: типогр. Г.И. Простакова, 1898. - 475 с.
  75. «X-Rays». ՆԱՍԱ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  76. Novelline, Robert (1997). Squire's Fundamentals of Radiology. Harvard University Press. 5th edition. ISBN 0-674-83339-2.
  77. The history, development, and impact of computed imaging in neurological diagnosis and neurosurgery: CT, MRI, DTI: Nature Precedings doi:10.1038/npre.2009.3267.5.
  78. Радиобиология
  79. Rivera-Ruiz M, Cajavilca C, Varon J (1927 թ․ սեպտեմբերի 29). «Einthoven's String Galvanometer: The First Electrocardiograph». Texas Heart Institute journal / from the Texas Heart Institute of St. Luke's Episcopal Hospital, Texas Children's Hospital. 35 (2): 174–8. PMC 2435435. PMID 18612490.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  80. Cooper JK (1986). «Electrocardiography 100 years ago. Origins, pioneers, and contributors». N Engl J Med. 315 (7): 461–4. doi:10.1056/NEJM198608143150721. PMID 3526152.
  81. Erni, Rolf; Rossell, MD; Kisielowski, C; Dahmen, U (2009). «Atomic-Resolution Imaging with a Sub-50-pm Electron Probe». Physical Review Letters. 102 (9): 096101. Bibcode:2009PhRvL.102i6101E. doi:10.1103/PhysRevLett.102.096101. PMID 19392535.
  82. Weiling, F (1991). «Historical study: Johann Gregor Mendel 1822–1884». American journal of medical genetics. 40 (1): 1–25, discussion 26. doi:10.1002/ajmg.1320400103. PMID 1887835.
  83. Landsteiner K (1900). «Zur Kenntnis der antifermentativen, lytischen und agglutinierenden Wirkungen des Blutserums und der Lymphe». Zentralblatt Bakteriologie. 27: 357–62.
  84. Marx, John (2010). Rosen's emergency medicine: concepts and clinical practice 7th edition. Philadelphia, PA: Mosby/Elsevier. էջ 15111528. ISBN 9780323054720.
  85. Triggiani, M; Patella, V, Staiano, RI, Granata, F, Marone, G (2008 թ․ սեպտեմբեր). «Allergy and the cardiovascular system». Clinical and experimental immunology. 153 Suppl 1: 7–11. PMC 2515352. PMID 18721322.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 431