Արյունաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արյունաբանություն, հեմատոլոգիա, գիտություն արյան, արյունաստեղծ օրգանների կառուցվածքի ու գործունեության, նրանց հիվանդությունների և բուժման մեթոդների մասին։ Արյունաբանությունը սկիզբ է առել 17-րդ դարի երկրորդ կեսին, մանրադիտակի հայտնադործումից հետո, երբ իտալական անատոմ Մալպիգին (1661) և հոլանդական կենսաբան Լևենհուկը (1673) մարդու և կենդանիների արյան մեջ առաջին անգամ նկարագրել են արյան կարմիր մարմնիկները՝ էրիթրոցիտները։ Արյունաբանությունը բաղկացած է մի քանի հիմնական բաժիններից, մորֆոլոգիական արյունաբանություն, ուսումնասիրում է արյան ձևավոր տարրերի և արյունաստեղծ օրգանների (ոսկրածուծ, փայծաղ, ավշային հանգույցներ) կառուցվածքն ու ձևաբանությունը։ Շիճուկաբանական արյունաբանություն, ուսումնասիրում է արյան պլազմայի և շիճուկի բաղադրությունը և հատկությունները։ Կլինիկական արյունաբանություն, ուսումնասիրում է արյան հիվանդությունների առաջացման պատճառները, ընթացքը, կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև այլ հիվանդությունների ժամանակ արյան կազմության և արյունաստեղծ օրգանների կրած ախտանշական փոփոխությունները։ Փոխներարկումային արյունաբանություն, ուսումնասիրում է մի անհատի արյունը մեկ ուրիշին փոխներարկելու, ինչպես նաև ներարկման համար վերցրած արյունը երկար ժամանակ պահելու (արյան կոնսերվացում) հնարավորությունները։

Արյունաբանությունյան նորագույն ուղղություններից են՝ հեմոկոագուլոլոգիան, որը հետազոտում է արյան մակարդման պրոցեսը և դրա խանգարումներից առաջացող հիվանդությունները, իմունոհեմատոլոգիան, որը հետազոտում է արյան ձևավոր տարրերի և պլազմայի իմունոլոգիական բնութագիրը և արյան մի շարք իմունոլոգիական հիվանդությունների առաջացման գործոններն ու մեխանիզմները, լեյկոզոլոգիան, որն ուսումնասիրում է լեյկոզների առաջացումը, զարգացումը։ Արյունաբանության մեջ լայնորեն օգտագործում են օպտիկական, էլեկտրոնային, ֆլուորեսցենտային, ֆազոկոնտրաստային, մանրադիտակային, ինչպես նաև հյուսվածաբանական-հյուսվածաքիմիական, կենսաքիմիական, ռադիոլոգիական (իզոտոպային), իմունոլոգիական և մի շարք այլ մեթոդներ։

ԽՍՀՄ-ում արյունաբանական հետազոտություններ և աշխատանքներ կատարվել են արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտներում, արյան փոխներարկման կայաններում, մասնագիտացված լաբորատորիաներում և բժշկական ինստիտուտների կլինիկաներում։ 1947 թվականին Երևանում հիմնադրվել և գործում է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան հեմատոլոգիայի և արյան փոխներարկման ինստիտուտը։ Հայ արյունաբաններից իրենց կլինիկական և փորձառական ուսումնասիրություններով հայտնի են Ռ․Յոլյանը, Թ․Իստամանովան, Հ․Մարկոսյանը, Ռ․Հարությունյանը, Ս․Հակոբյանը, Է․Անդրեասյանը, Մ․Գրիգորյանը, Հ․Պողոսյանը։

Գրկ․ Истаманова Т․ С․, Очерки функциональной гематологии, Л․, 1963; Физиология системы крови, Л․, 1968; Кассирский И․ А․, Алексеев Г․ А․, Клиническая гематология, 4 изд․, испр․ и доп․, М․, 1970

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png