Մանկաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկաբուժություն, պեդիատրիա, բժշկական դիսցիպլին, ուսումնասիրում է մանկական օրգանիզմի անատոմիան ու ֆիզիոլոգիան ՝ տարիքային տարբեր շրջաններում, մանկական հիվանդությունները, դրանց բուժումն ու կանխարգելումը։ Երեխաների մտավոր և ֆիզիկական համաչափ զարգացումն ապահովող պայմանների ուսումնասիրությամբ զբաղվում է երեխաների և դեռահասների հիգիենան։ Մանկաբուժությունը, որպես ինքնուրույն գիտություն, ձևավորվել է XIX դարի 2-րդ կեսին։ Մանկաբուժության զարգացման ասպարեզում մեծ ներդրում ունեն XVIII դարի անգլիացի բժիշկներ Ու. Կադոգանը, Դ. Արմսթրոնգը, Մ. Ունդերվուդը, Է. Զենները։ Մինչև XIX դարի վերջը մանկաբույժների Փարիզյան դպրոցն ամբողջ Եվրոպայի համար մանկաբույժների պատրաստման կենտրոն էր։ Ռուսաստանում երեխաների առողջության պահպանման առաջին հետազոտությունները կատարել են Ս. Զիբելինը, Ն. Ամրոդիկ-Մաքսիմովիչը, Ն. Նովիկովը, Կ. Գրումը, իսկ Ս. Խոտովիցկին հրատարակել է մանկական հիվանդությունների վերաբերյալ առաջին ձեռնարկը՝ «Մանկաբուժություն» (1847 թվական)։ 1834 թվականին Պետերբուրգում բացվել է առաջին մանկական հիվանդանոցը (ներկայումս՝ Ն. Ֆիլատովի անվ.)։ 1866 թվականին Ն. Տոլսկին Մոսկվայի համալսարանին կից կազմակերպել է մանկական կլինիկա, որը հետագայում դարձավ մանկաբուժության կենտրոն։ Մանկաբուժությունն արմատապես վերափոխվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Այն աստիճանաբար բաժանվել է ավելի նեղ մասնագիտությունների, ստեղծվել է բուժական և կանխարգելիչ մանկական հիմնարկների լայն ցանց։ Կազմակերպվել են գիտահետազոտական ինստիտուտներ և մանկաբույժներ պատրաստող հատուկ ֆակուլտետներ, ստեղծվել են մայրության և մանկության պահպանության, ինչպես նան երեխաների և դեռահասների առողջության պահպանման համակարգեր, որոնք ապահովել են մանկական մահացության խիստ նվազումը։ Մանկաբուժության պրոբլեմների գիտական մշակմամբ զբաղվում էին ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի մանկաբուժության ինստիտուտը, հանրապետական 14 ԳՀԻ, ինչպես նաև բժշկական ինստիտուտների և համալսարանների մանկաբուժության մոտ 300 ամբիոններ։ Առաջինը ԽՍՀՄ-ում է ստեղծվել պաղի նախածնընդյան պահպանման համակարգը։

Մանկաբուժության ժամանակակից պրոբլեմներն են ՝ աճող օրգանիզմի ռեակտիվության ուսումնասիրությունը բնականոն ն ախտաբանական վիճակներում, երեխաների ռեակցիան իմունային պատրաստուկների նկատմամբ, քրոնիկական հիվանդությունների ծագման և զարգացման պայմանների, մոր և պտղի օրգանիզմների փոխհարաբերության մեխանիզմների ու խանգարման հետևանքների բացահայտումը, երեխաների մասնագիտական օգնության առավել արդյունավետ ձևերի մշակումը։ Մանկաբուժության պրոբլեմները լուսաբանվում են «Պեդիատրիա» («Педиатрия», 1934 թվականից), «Պեդիատրիա, ակուշերստվո ի գինեկոլոգիա» (1938-40 թվականներ, 1945 թվականից` «Օխորոնա մատերինստվա ի դիտինստվա»), «Վոպրոսի օխրանի մատերինստվա ի դետստվա» («Вопросы охраны материнства и детства», 1956 թվականից) ամսագրերում։ Հայաստանում մանկաբուժությունը զարգացել է խորհրդային կարգերի հաստատումից հետո։

1918 թվականին ՀԽՍՀ առժողկոմատին կից ստեղծվել են մայրության և մանկության պահպանության, երեխաների և դեռահասների առողջության պահպանման բաժիններ, 1931 թվականին ՝ մայրության և մանկության պահպանության ինստիտուտ (1937 թվականին վերանվանվել է մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ)։ 1926 թվականին Հ. Գաբրիելյանի նախաձեռնությամբ Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում հիմնվել է մանկաբուժության ամբիոն և մանկական կլինիկական հիվանդանոց։ 1944 թվականին Երևանի բժշկական ինստիտուտում հիմնվել է երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնը, 1959 թվականին ՝ մանկաբուժական ֆակուլտետը։ 1971 թվականին ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպվել է երեխաների և դեռահասների հիգիենայով զբաղվող խումբ։ ՀԽՍՀ-ում մանկաբուժության բնագավառում գիտական հետազոտությունները կենտրոնացվել են 3 ուղղությամբ՝ պուլմոնոլոգիա (ղեկավար՝ Վ. Ասավածատրյան), նեֆրոլոգիա (Ս. Իբոյան) և սիրտ-անոթային ախտաբանություն (Ա. Գալստյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png