Հիպոկրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոկրատ
հին հունարեն՝ Ἱπποκράτης
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 460
ԾննդավայրԿոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Մահացել էմոտ մ. թ. ա. 370
Մահվան վայրԼարիսա, Հունաստան
Մասնագիտությունբժիշկ և փիլիսոփա
ԵրեխաներThessalus?
 Hippocrates Վիքիպահեստում

Հիպոկրատը[1] կամ Հիպոկրատեսը (հունարեն՝ Ιπποκράτης, Hippokrates) (մոտ մ. թ. ա. 460, Կոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - մոտ մ. թ. ա. 370, Լարիսա, Հունաստան), անտիկ հույն բժիշկ, փիլիսոփա, անտիկ բժշկության ռեֆորմատոր, համարվում է բժշկության հայրը։ Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին։ Նա հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ և ժխտել է նրա գերբնականությունը։ Նրա նշանաբանն է՝ բուժել մարմինն ամբողջությամբ, ոչ թե՝ մասամբ։ Հիպոկրատի երդումը տարածված է ողջ աշխարհում, և արտասանվում է աշխարհի գրեթե բոլոր բժշկական համալսարանների ավարտական հանդեսներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոս կղզում, բժշկի ընտանիքում։ Ենթադրում են, որ նա պատկանում էր ժառանգական բժիշկների ընտանիքի 17-րդ սերնդին։ Բժշկական կրթություն ստացել է հոր մոտ, ծնողների մահից հետո՝ շարունակել Աթենքում։ Հետագայում շրջել է Հունաստանում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Լիբանանում, եղել Սև ծովի ափերին, սկյութացիների մոտ և ծանոթացել Առաջավոր Ասիայի ու Եգիպտոսի ժողովուրդների բժշկությանը[2]։ Մեզ են հասել Հիպոկրատի մի շարք աշխատություններ որոնք հին Հունաստանի այլ բժիշկների աշխատությունների հետ մտել են Հիպոկրատի ժողովածուի մեջ։ Հիպոկրատը սովորեցնում էր, որ բժիշկը պետք է բուժի ոչ թե հիվանդությունը, այլ՝ հիվանդին, ուշադրություն դարձնելով օրգանիզմի անհատական առանձնահատկությունների և արտաքին միջավայրի վրա։ Հիպոկրատը համարվում է բժշկական աշխարհագրության նախահայրը։ Հիպոկրատը ըստ խառնվածքի մարդկանց բաժանել է 4 խմբի՝ սանգվինիկներ, խոլերիկներ, ֆլեգմատիկներ և մելանխոլիկներ, նշելով, որ յուրաքանչյուր խումբ որոշակի հիվանդությունների նկատմամբ ունի նախատրամադրվածություն[3]։ Հիպոկրատը մշակել է ախտորոշագիտության կարևոր հարցերը, հաստատել հիվանդության զարգացման հիմնական շրջանները, ստեղծել ուսմունք կանխագուշակման մասին (պրոգնոստիկա) և սկիզբ դրել հիվանդության ընթացքի նկարագրմանը (հիվանդության պատմություն)։ Հիպոկրատի հիվանդների հետազոտման ժամանակ օգտվել է զննման, շոշափման, ընդբախման և լսելու մեթոդներից։ Նկարագրել է բազմաթիվ ախտանշաններ և ախտանշախմբեր։ Հիվանդության պատճառները բաժանել է 2 խմբի՝ ընդհանուր, գերազանցապես արտաքին (կլիմայի, օդի, ջրի, սննդի ազդեցություն) և անհատական (տարիք, սեռ, սովորություններ, ժառանգականություն)։ Առաջ է քաշել բուժման սկզբունքներ՝ օգուտ տալ և չվնասել, հակադիրը բուժել հակադիրով, օգնել բնությանը և, պահպանելով զգուշություն, խնայել հիվանդին։ Հիպոկրատը հայտնի է եղել նաև որպես նշանավոր վիրաբույժ։ Մշակել է վիրակապերի կիրառման, կոտրվածքների և հոդախախտերի (օգտվելով ձգման եղանակից, շինայից, հատուկ սարքերից), վերքերի, թութքի, էմպիեմայի բուժման եղանակներ։ Հիպոկրատի անվան հետ են կապում բժշկի երդումը։ Ժամանակակից բժշկության մեջ պահպանվել են մի շարք տերմիններ՝ Հիպոկրատի երդում, Հիպոկրատի ժողովածու, Հիպոկրատի դեմք, Հիպոկրատի եղունգ, Հիպոկրատի աթոռ, Հիպոկրատի ծփման աղմուկ ևն։ Հաշվի առնելով բացառիկ ծառայությունները համաշխարհային բժշկագիտության համար՝ Հիպոկրատին անվանում են բժշկության հայր։ Հիպոկրատի աշխատությունները նպաստել են նաև միջնադարյան Հայաստանի բժշկագիտության զարգացմանը։

Հիպոկրատի աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆորիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Magni Hippocratis medicorum omnium facile principis, opera omnia quae extant, 1657

Բժիշկը փիլիսոփա է. չէ՞ որ չկա մեծ տարբերություն իմաստնության և բժշկության միջև։

Բժիշկը պետք է պահպանի ձեռքերը՝ մաքուր, իսկ խիղճը՝ անբիծ։

Բժշկությունը, իրավամբ, ազնվագույնն է բոլոր արվեստներից։

Բոլոր գիտություններից բժշկությունն ամենաազնվագույնն է։

Երբ բժիշկը չի կարող օգուտ տալ, թող չվնասի։

Ինչ տուն էլ մտնեմ, կմտնեմ միայն հօգուտ հիվանդի։

Հակադիրը բժշկում է հակադրությունը։

Ոչ հագեցածությունը, ոչ սովը և այլ ոչինչ լավ չեն, եթե անցնում ես բնության սահմանը։

Մի վնասիր։

Հարբեցողությունը թուլության և երեխաների հիվանդության պատճառ է[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 58. ISBN 99941-56-03-9.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. В. Д. Небылицын. «Темперамент». Большая Советская Энциклопедия... Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Մտածում են մեծերը
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հիպոկրատ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 421