Մաշկաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաշկաբանություն (դերմատոլոգիա (հուն.՝ δέρμα, (սեռ. δερματός), «մաշկ» և λόγος - «գիտություն»)), գիտություն, բժշկության ճյուղ` մաշկային հիվանդությունների մասին, ուսումնասիրում է մաշկի, նրա հավելումների(մազեր, եղունգներ) և տեսանելի լորձաթաղանթների կառուցվածքն ու ֆունկցիանները նորմայում և պաթոլոգիայի ժամանակ, պարզում է տարբեր դերմատոզների պատճառներն ու պաթոգենեզը, մշակում մաշկային հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդները։

Պատմություն[խմբագրել]

Մաշկաբանությունը բժշկության հնագույն ճյուղերից է, որն ինքնուրույն, պրակտիկ փորձերի արդյունքում առաջացել և ձևավորվել է տարբեր ժողովուդների մոտ (առաջին հերթին` Չինաստանում, Հնդկաստանում, Հին Հունաստանում)։ Ենթադրվում է , որ մաշկային հիվանդությունների մասին առաջին տվյալները զետեղված են եղել հին եգիպտական մագաղաթներում (մ.թ.ա. 1552 թ.), իսկ որոշ տվյալներով` 3 հազար տարի առաջ, շումերական փաստաթղթերում։ Հիպոկրատը նկարագրել է մեծ թվով մաշկային հիվանդություններ, բաժանելով դրանք երկու խմբի` արտաքին գործոններից և ներքին գործոններից կախված։ Նա օգտագործում էր այնպիսի տերմիններ, որոնք պահպանվել են մինչև հիմա. հերպես, ալոպեցիա, կարցինոմա, էկթիմա, պետեխիա և այլն։ Հռոմեացի Ցելսը(մ.թ.ա. 25.թ.) իր 8-հատորանի "De medicina libri octo" տրակտատի մի շարք բաժիններ նվիրել է մաշկային հիվանդությունների նկարագրությանը. մասնավորապես` սիկոզ, պսորիազ, խորանիստ տրիխոֆիտիա , մազաթափություն և այլն։ Բուժման նպատակով առաջարկել է արևային ճառագայթների, ջերմության, ֆիզիկական վարժությունների կիրառումը։

Հայտնի գիտնական Ավիցենան նկարագրել է բշտախտը, քորպտիկը, տարբերել է բորը փղախտից։ Իր "Բժշկագիտության կանոն"-ում նկարագրել է նաև չինական, հնդկական, հունական բժշկությունը, այդ թվում` մաշկաբանությունը։

1571 թ.-ին իտալացի բժիշկ Մերկուրիալիսը հրատարակել է մաշկային հիվանդությունների մասին առաջին դասագիրքը` "De morbus cutaneus" :

Որպես գիտություն ձևավորվել է 18-րդ դարում, մաշկային ցանավորումների միասնական կառուցվածքային դասակարգում մտցնելուց հետո։ 19-րդ դարում գոյություն ունեցող գերմանական, անգլիական, ռուսական և ամերիկյան դպրոցները խիստ տարբերվում էին մաշկային հիվանդությունների էության ընկալման հարցերում։ Սակայն 20-րդ դարի սկզբում այդ տարբերությունները հարթվեցին, և այժմ կարելի է խոսել միայն տարբեր դպրոցների գիտական հետազոտությունների ուղղվածությունների որոշ առանձնահատկությունների մասին։ Այդ գործում հսկայական դեր խաղացին միջազգային դերմատոլոգիական կոնգրեսնները, դերմատոլոգիական պարբերականները, գիտնականների անձնական կապերը և այլն։

Մաշկաբանության անգլիական դպրոցի հիմնադիրը Ռ. Ուիլանն էր, ով առաջինն էր ժամանակակից մակարդակով նկարագրել էկզեման: Ու. Ուիլսոնը նկարագրել է կարմիր տափակ որքին և այլ հիվանդություններ, 1867թ.-ին Անգլիայում հրատարակվել է առաջին դերմատոլոգիական պարբերականը։ Ֆրանսիական մաշկաբանական դպրոցի հիմնադիրն էր Զ. Ալիբերտը, ով կազմել է մաշկային հիվանդությունների մասին ձեռնարկ և ատլաս։ Ֆրանսիացի մաշկաբան Է. Բազինը նկարագրել է քոսի տիզը ՝որպես քոսի հարուցիչ , և մակաբույծ սնկերը որպես միկոզների հարուցիչներ։ Գերմանական դպրոցի հիմնադիրն է համարվում Ֆ. Հեբրան, ով կազմել է մաշկային հիվանդությունների յուրահատուկ ձեռնարկ և ատլաս, նկարագրել պոլիֆորմ էքսուդատիվ էրիթեման և այլն։ Նրա աշակերտ Կապոսին նկարագրել է իդիոպաթիկ հեմոռագիկ սարկոման, որը ստացել է Կապոշիի սարկոմա անվանումը։ Ամերիկացի նշանավոր դերմատոլոգներից են եղել Լ. Ա. Դուրինգը, Ուայթը, Հայդը և այլոք։

Ռուսական դերմատոլոգիական դպրոցը ձևավորվել է 18-19րդ դարերում։ Հիմնադիրներն են եղել Զիբելինը, Մուդրովը, Բոտկինը, Սեչենովը, Մեչնիկովը ևայլոք։