Մաշկ (մարդու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաշկը (լատ.՝ cutis, հուն.՝ δέρμα) մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը: Այն զբաղեցնում է մոտ 2մ² մակերես: Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը` առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը[1]: Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը:

Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն:

Մաշկի շերտերը (նկարած). 1 - էպիդերմիսի եղջրային շերտ, 2 - էպիդերմիսի բջջային շերտ (հիմային, փշավոր, հատիկավոր շերտեր), 3 - դերմա, 4 - ենթամաշկային ճարբաջջանք


Բովանդակություն

Մաշկի կառուցվածքը [խմբագրել]

Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ: Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով:

Մարդու մաշկը (արտաքին տեսք)


Էպիդերմիս [խմբագրել]

Մաշկի արտաքին շերտն է, ներկայացված է բազմաշերտ տափակ եղջրացող էպիթելով: Հաստությունը տատանվում է 0,05մմ-ից (կոպերին) մինչև 1,5մմ (ներբաններին) չափերի սահմաններում: Այստեղ բջիջների 95%-ը հանդիսանում են կերատինոցիտները (էկտոդերմայի ածանցյալներ), որոնք տարբերակման գործընթացին համապատասխան տեղաշարժվում են հիմային թաղանթից դեպի մաշկի մակերես:
Էպիդերմիսը կազմված է հինգ շերտերից. հիմային, փշաձև, հատիկավոր, փայլուն և եղջրային:

Վերնամաշկի (էպիդերմիսի) կառուցվածքը
Հիմային շերտ [խմբագրել]

Հիմային շերտը (stratum basale կամ stratum germinativum, բազալ շերտ) էպիդերմիսի հիմքն է, նրա ամենախորանիստ շերտը: Կազմված է մանր գլանաձև բջիջների մեկ շարքից: Այդ բջիջները կոչվում են բազալ կամ հիմային կերատինոցիտներ, ունեն խոշոր, մուգ ներկված կորիզներ և խիտ, ռիբոսոմներով և տոնոֆիլամենտներով հարուստ ցիտոպլազմա: Բջիջներն իրար հետ կապված են միջբջջային կամրջակներով` դեսմոսոմներով, իսկ բազալ թաղանթին ամրացված են կիսադեսմոսոմներով:
Բազալ կերատինոցիտները սինթեզում են ջրում անլուծելի մի սպիտակուց, որից ձևավորվում են դեսմոսոմների ու կիսադեսմոսոմների կազմի մեջ մտնող և կերատինոցիտների բջջային կմախքը կազմող կերատինային ֆիլամենտներ: Այս շերտի բջիջների միտոտիկ ակտիվությունը ապահովում է էպիդերմիսի վերադիր կառույցների ձևավորումը:

Փշաձև բջիջների շերտ [խմբագրել]

Անմիջապես հիմային շերտի վրա կերատինոցիտները չափերով մեծանում են և ձևավորում փշաձև բջիջների շերտ (stratum spinosum): Այն կազմված է 3-6 (երբեմն` 15) շարք փշաձև կերատինոցիտներից, որոնք ունեն պոլիգոնալ տեսք և նույնպես իրար հետ կապակցված են դեսմոսոմներով: Ցիտոպլազմայում առկա են տարբեր տրամագծի բազմաթիվ կլորավուն բշտիկներ, ցիտոպլազմատիկ ցանցի անցուղիներ, մելանոսոմներ:
Բազալ և փշաձև շերտերը անվանում են Մալպիգի աճային շերտ, որովհետև այդ շերտերում է դիտվում միտոզ, ինչի հաշվին իրականացվում է էպիդերմիսի ձևավորումն ու ռեգեներացիան (վերականգնումը):

Հատիկավոր բջիջների շերտ [խմբագրել]

Հատիկավոր բջիջների շերտը (stratum granulosum) կազմված է 2-3 շարք բջիջներից, որոնք փշաձև բջիջների շերտին հարող հատվածներում խորանարդաձև են, իսկ մաշկի մակերեսին ավելի մոտ հատվածներում՝ ռոմբաձև: Կորիզներին բնորոշ է արտահայտված բազմաձևությունը (պոլիմորֆիզմ), ցիտոպլազմայում առկա են կերատոհիալինի հատիկներ: Հատիկավոր շերտի ստորին շարքերում տեղի է ունենում կերատոհիալինային հատիկների հիմնական սպիտակուցի՝ ֆիլարգինի սինթեզը: Այս շերտի բջիջների հաջորդ առանձնահատկությունը նրանց ցիտոպլազմայում կերատոսոմների կամ Օդլանդի մարմնիկների առկայությունն է, որոնց պարունակությունը (գլիկոլիպիդներ, գլիկոպրոտեիդներ, ազատ ստեարիններ, հիդրոլիտիկ ֆերմենտներ) արտազատվելով միջբջջային տարածություն՝ ձևավորում է ցեմենտող (ամրացնող) նյութը:

Փայլուն շերտ [խմբագրել]

Փայլուն շերտը (stratum lucidum) տեսանելի է մարմնի առավել զարգացած էպիդերմիսով հատվածներում՝ ափեր, ներբաններ: Այստեղ այն ներկայացված է 3-4 շարք ձգված բջիջներով, որոնք հարուստ են էլեիդինով, որից էլ հետագայում սինթեզվում է կերատինը: Փայլուն շերտի վերին շարքի բջիջները կորիզներ չեն պարունակում:

Եղջրային շերտ [խմբագրել]

Այս շերտը (stratum corneum) ձևավորվում է ամբողջովին եղջրացած, անկորիզ բջիջներով՝ կոռնեոցիտներով, որոնք պարունակում են անլուծելի սպիտակուց կերատին: Կոռնեոցիտները միացած են իրար բջջաթաղանթի ելուստերով և եղջրացած դեսմոսոմներով: Եղջրային շերտի մակերեսային հատվածներում դեսմոսոմները քայքայվում են, կոռնեոցիտները վերածվում են եղջրային թեփուկների և հեշտությամբ շերտազատվում ու պոկվում: Այս շերտը առավել զարգացած ու արտահայտված է մարնի հատկապես այն հատվածներում, որտեղ մաշկը ենթարկվում է ամենամեծ մեխանիկական ներգործությանը (ափեր, ներբաններ):


Բազալ թաղանթ [խմբագրել]

Բազալ կամ հիմային թաղանթը տարանջատում է էպիդերմիսը դերմայից: Այն ունի 40-50նմ չափեր, նրա ուրվագիծը կրկնում է դերմայի մեջ ներխրվող էպիդերմալ ձգանների ռելիեֆը: Բազալ թաղանթը հանդիսանում է էլաստիկ հենք, որը ոչ միայն ամուր կապում է էպիթելը դերմային կոլագենային թելերին, այլ նաև խոչընդոտում էպիդերմիսի ներաճը դերմայի մեջ: Այն կազմված է ֆիլամենտներից և կիսադեսմոսոմներից, ինչպես նաև դերմայի մասը հանդիսացող ռետիկուլյար խրձերից, կատարում է պաշտպանիչ, նյութափոխանակային և այլ ֆունկցիաներ: Ունի երեք շերտեր:


Դերմա [խմբագրել]

Դերման մաշկի շարակցահյուսվածքային մասն է, կազմված երեք բաղադրիչներից՝ թելիկներ, հիմնական նյութ և սակավաթիվ բջիջներ: Այն հենք է հանդիսանում մաշկի հավելումների (մազեր, եղունգներ, քրտնա- և ճարպագեղձեր), անոթների և նյարդերի համար: Հաստությունը՝ 0,3-3 մմ: Դերմայում տարբերում են երկու շերտեր՝ պտկիկային և ցանցային: Այն հարաբերականորեն աղքատ է բջիջներով. անոթների և մազերի շուրջ կարող են հանդիպել քիչ քանակությամբ լիմֆոհիստիոցիտար ինֆիլտրատներ:

Պտկիկային շերտ [խմբագրել]

Բարակ պտկիկային շերտը (stratum papillare) կազմված է ամորֆ նյութից և բարակ շարակցահյուսվածքային թելերից, որոնք ձևավորում են էպիդերմիսի փշաձև շերտի մեջ մեջ ներխրվող պտկիկներ: Այստեղ քիչ քանակությամբ առկա են նաև փուխր շարակցական հյուսվածքին բնորոշ բջջային տարրեր: Որոշ հատվածներում տեղակայված են հարթ մկանաթելեր, որոնք հիմնականում կապված են մազային սոխուկների հետ (մազը բարձրացնող մկան):

Ցանցային շերտ [խմբագրել]

Ցանցային շերտը (stratum reticulare) ավելի հաստ է, տեղակայված է պտկիկային շերտի հիմքից մինչև հիպոդերմա ընկած հատվածում: Կազմված է մաշկի մակերեսին զուգահեռ դասավորված կոլագենային հաստ թելերի խրձերից և ֆիբրոցիտներից: Մաշկի ամրությունը պայմանավորված է հիմնականում ցանցային շերտի կառուցվածքային առանձնահատկություններց:


Հիպոդերմա [խմբագրել]

Ենթամաշկային ճարպաբջջանքը կազմված է շարակցական հյուսվածքի (կոլագենային, էլաստիկ և ռետիկուլյար) թելերի փուխր ցանցից, որի ներսում տեղակայված են ճարպի մեծ կաթիլներ պարունակող խոշոր ճարպային բջիջներ: Հիպոդերմայի հաստությունը տատանվում է 2 մմ-ից (գանգաթաղի վրա) մինչև 10 սմ և ավելի (հետույք) սահմաններում: Այն ավելի հաստ է վերջույթների թիկնային և տարածիչ մակերեսներին, բարակ՝ փորային և ծալիչ մակերեսներին: Որոշ տեղերում (կոպեր, ենթաեղնգային թիթեղիկներ, մեծ և փոքր ամոթաշրթեր և այլն) այն ընդհանրապես բացակայում է:

Մաշկի արյունատար և ավշային անոթներ [խմբագրել]

Մաշկի նյարդային համակարգ [խմբագրել]

Մաշկի ֆունկցիաները [խմբագրել]

Մաշկի հիմնական ֆունկցիաներն են[2].

  • մարմնի և շրջապատող միջավայրի միջև պաշտպանողական պատնեշի ապահովում, այդ թվում` պաշտպանություն մեխանիկական վնասումներից, ռադիացիայից, քիմիական գրգռիչներից, բակտերիաներից և այլ գործոններից,
  • իմունային ֆունկցիա,
  • ռեցեպտոր ֆունկցիա,
  • ջերմականոնավորող ֆունկցիա,
  • նյութափոխանակային ֆունկցիա,
  • ռեզորբցիոն (ներծծող) ֆունկցիա,
  • ներզատիչ ֆունկցիա,
  • արտազատիչ ֆունկցիա,
  • շնչառական ֆունկցիա:

Տես նաև [խմբագրել]


Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Адаскевич В.П., Козин В.М. - Кожные и венерические болезни, 2006, ISBN 5-89677-076-6, стр. 4
  2. О.Л.Иванов - Кожные и венерические болезни, 2002, ISBN 5-900758-23-0, стр. 27
  • Clinical Dermatology - John Hunter, John Savin, Mark V. Dahl,THIRD EDITION (2002)
  • О.Л.Иванов - Кожные и венерические болезни, 2002