Կոշիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոշիկներ
Աշխարհի ամենահին հայտնաբերված կոշիկը, որը գտնվել է 2010 թվականին Հայաստանի Վայոց Ձորի Արենի-1 քարանձավում:

Կոշիկ, մարդու հագուստի մաս, նախատեսված է արտաքին վնասակար ազդեցություններից ոտքերը պահպանելու համար։ Ըստ նշանակման ժամանակակից կոշիկը լինում է կենցաղային (ամենօրյա, տոնական, տնային) և հատուկ (սպորտային, օրթոպեդիկ, արտադրական)։ Կոշիկի հարմարավետությունը որոշվում է նրա ներքին չափսերով և ձևով, որոնց հիմնական բնութագրերն են համարը և լիքությունը։ Համարակալման համակարգում որպես համար ընդունվում է կաղապարի հետքի երկարությունը՝ արտահայտված շտիխներով (մեկ շտիխը հավասար է 2/3 սմ-ի)։ ԽՍՀՄ-ում ընդունված էր նաև կոշիկի համարակալման համակարգ, որտեղ որպես համար ընդունված է ոտնատակի երկարությունը՝ արտահայտված սմ-ով։ Կոշիկից համարներն իրարից տարբերվում են 0, 5 սմ-ով։ Ըստ խմբերի և համարների կիրառում են կոշիկի հետեյալ ստորաբաժանումը, փափուճներ՝ 9-10 սմ, հուսարիկներ՝ 10, 5-13 սմ, փոքրահասակ երեխաների՝ 13, 5-16, 5 սմ, մանկական՝ 17-19 սմ, դպրոցահասակ աղջիկների՝ 19, 5-21, 5 սմ, աղջիկների՝ 19-21, 5 սմ, դպրոցահասակ տղաների՝ 19, 5-22 սմ, տղաների՝ 22, 5- 24, 5 սմ, կանանց՝ 21, 5-27, 5 սմ, տղամարդու՝ 24, 5-30, 5 սմ։ Նույն համարի կոշիկը պետք է ունենա տարբեր լայնական չափսեր, որոնք որոշում են նրա լիքությունը։ Կոշիկի կոնստրուկտիվ առանձնահատկությունները որոշվում են ոտնաթաթի անատոմա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններով և աշխատանքի բնույթով։ Բացի այդ, կաղապարի պատրաստման ժամանակ հաշվի են առնում արտադրական սարքավորման հնարավորությունները, գեղագիտական պահանջները, նորաձևությունը։ Շարժման ժամանակ մարդու ոտնաթաթի երկարությունը մեծանում է 10-12 մմ-ով, ուստի միջատակի երկարությունը վերցնում են ոտնաթաթից երկար (կանանց կենցաղային կոշիկինը՝ 5 մմ-ով, տղամարդու և տղաների կոշիկինը՝ 10 մմ-ով)։ Մանկական կոշիկի համար հաշվի են առնում նաև ոտնաթաթի տարեկան աճը։ Ժամանակակից կոշիկը աչքի է ընկնում ձևերի, նմուշների, վերջնամշակման և դետալների բազմազանությամբ։ Կոշիկի երեսի արտաքին դետալների համար օգտագործում են բնական կաշի, տեքստիլ նյութեր և արհեստական կաշիներ, ժամանակակից կոշիկը պետք է օժտված լինի հիգիենիկ և ֆիզիկական հատկությունների ամբողջականությամբ, բավարարի սանիտարական պահանջները։ Ամենօրյա կոշիկը չպետք է սեղմի ոտնաթաթը, քթամասը պետք է համապատասխանի մատների ձևին, ներբանը լինի ճկուն, կրնկամասը՝ ամուր, նեղացումը թույլատրելի է միայն մատն արմատներից սկսած։ Անհարմար կոշիկը մանկական տարիքում խանգարում է ոտնաթաթի նորմալ զարգացմանը (կարող է առաջանալ հարթաթաթություն)։ Երկարատև հագնելիս նեղ կոշիկը կարող է ձևափոխել ոտնաթաթը, սահմանափակել շարժումները հոդերում, խանգարել արյան և ավիշի շրջանառությանը և այլն։ Մեծ կոշիկը առաջացնում է կոշտուկներ և տրորվածություն։ Առավել հարմար է լայնակրունկ, չափավոր բարձրությամբ (տղամարդկանց համար՝ 2-3 սմ, կանանց համար՝ 2-4 սմ, ցածր և միջին տարիքի դպրոցականների համար՝ 1-2 սմ, բարձր տարիքի դպրոցականների համար՝ 2-3 սմ) կոշիկը։ Կարևոր են կոշիկի ջերմապաշտպան հատկությունները, որոնք տարվա տարբեր եղանակներին ապահովում են ոտնաթաթի նորմալ ջերմաստիճանը։ Առավել հիգիենիկ է կաշվե ներբանով կաշվե կոշիկը, քանի որ այն բավականաչափ դիմացկուն է, օդա- և գոլորշա- թափանցելի, պլաստիկ։ Ձմռան կամ ցուրտ կլիմայի համար նախատեսված կոշիկում օգտագործվում է բուրդ, բնական և արհեստական մորթի, որոշ սինթետիկ նյութեր և այլն։ Ամառային կոշիկում պետք է ապահովվի բավարար օդափոխանակություն։ Սպորտային կոշիկը պետք է բավարարի առանձնակի պահանջների։ Զբոսաշրջիկների, ալպինիստների կոշիկը պետք է օժտված լինի բարձր ջերմամեկուսիչ և անջրաթափանց հատկություններով, ազատ ձևվածքով։ Չմշկորդների կոշիկը պետք է լինի թեթև, նեղ ներբանով, ռանտով, գեղասահորդներինը՝ բարձր, թեթև աթլետներինը՝ թեթև, առանց կոշտ կրնկամասերի, քթամասերի, կոպիտ կարերի ու ներքին ծալքերի։ Օրթոպեդիկ կոշիկը կիրառվում է բուժական նպատակներով՝ ոտքերի ախտաբանական փոփոխությունների դեպքում։ Այն օժանդակում է ստորին ծայրանդամների սկզբնական անկայուն ձևափոխությունների ուղղմանը, կանխարգելում դրանց առաջընթացը և այլն։ Արտադրական կոշիկը ծառայում է ոտքերը պրոֆեսիոնալ վնասակարությունից պաշտպանելու համար։ Տաք արտադրամասերի աշխատանքային կոշիկը պատրաստվում է հեշտությամբ հանվող, երեսի առաջամասում թեք կտրվածքով ճտքակոշիկների կամ կիսաճտքակոշիկների տեսքով, երեսը՝ ջերմակայուն յուխտից կամ կիրզայից, ներբանը՝ թաղիքե միջատակով ջերմակայուն ռետինից։ Վթարային իրավիճակների դեպքում օգտագործում են ասբեստից պատրաստված հրահեստ աստառով պաշտպանական սրունքակալներ։ Ոտքերը խոնավությունից պաշտպանելու համար օգտագործում են ռետինե կամ կաշվե, ցրտից պաշտպանելու համար՝ մորթե, թաղիքե, բրդե կոշիկ։ Էլեկտրական հոսանքից պաշտպանելու համար կիրառում են դիէլեկտրիկ ճտքակոշիկներ կամ երկարաճիտ կրկնակոշիկներ։ Քիմիական նյութերից պաշտպանելու համար օգտագործում են հատուկ ռետինե ճտքակոշիկներ, որոնք օգտագործվելուց հետո չեզոքացվում են և լվացվում ջրով։ Մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար կոշիկը պատրաստում են ներքին կամ արտաքին մետաղական քթամասերով։ Ռադիոակտիվ նյութերից պաշտպանելու համար օգտագործում են ռետինե ճտքակոշիկներ, ռետինե և պլաստիկ բախիլներ։ Հայկական լեռնաշխարհի հնավայրերում (Դավիթ Բեկ, Քաջարան և այլն) հայտնաբերված ճտքավոր կոշիկաձև խեցանոթները հիմք են տալիս ենթադրելու, որ կոշիկը գործածվել է դեռևս ուշ բրոնզի դարում և ուրարտական շրջանում։ Մատենագրական տեղեկությունների համաձայն (Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի և այլն) պարսից և հայ թագավորները հագել են զույգ, իսկ նրանց մերձավոր նախարարները՝ մեկական կարմիր կոշիկ, իբրև մեծագույն պատվի նշան։ Նման կոշիկ են կրել նաև բյուզանդական սատրապները VI-րդ դարում։ Միջնադարյան Հայաստանում հարսները հագել են արծաթապատ կոշիկներ (հիշատակված է, որ Թալինում 360 հարսներ եկեղեցի էին գնում արծաթե կոշիկներ հագած)։ Թովմա Արծրունու վկայությամբ (IX-րդ դարի կես) Խութ գավառի բնակիչները ձյան վրա քայլելու համար հնարել էին փայտից կոշիկներ։ Հայաստանում մինչև XX-րդ դարի սկիզբը հագնում էին տնայնագործական եղանակով կարած կամ գործած կոշիկներ։ Կոշիկը կարել են հիմնականում կաշվից, գործել՝ մազե, բրդե, բամբակե թելերից։ Յուրաքանչյուր գավառ ուներ տղամարդկանց, կանանց և երեխաների հագուստին համապատասխանող կոշիկ։ Կանայք և տղամարդիկ հավասարապես հագել են չմոշկ, սոլ, կոնտուրա, յամանի, չուստ, բաշմակ, նալիկ, քոշ, մաշիկ, տրեխ, մաս-բաբուճ, երկարաճիտ և գործած կոշիկներ։ Սկսած XIX-րդ դարի վերջից, կապված կոշիկի արդյունաբերության արտադրության հետ, տնայնագործական եղանակով պատրաստված կոշիկը աստիճանաբար վերանում է՝ առանձին վայրերում պահպանվելով մինչև 1950-ական թվականներին։ «Կոշիկ» բառը վաղ միջնադարում գործածվել է նաև աշխատավարձի իմաստով։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png