Վահան Թոթովենց
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
Վահան Թոթովենց (Սեպտեմբերի 1, 1889թ. - Հուլիսի 18, 1938թ.) ― հայ գրող, արձակագիր։ Ծնված Արևմտյան Հայաստանում, սովորելով ԱՄՆ-ում և ապա՝ վերադառնալով հետագայում խորհրդարանացված Հայաստան, Թոթովենցը հազվագյուտ հայ գրողներից է, ում ստեղծագործությունների մեջ համակերպված են արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ ազգային գրականության տարրերը։ Բազմաթիվ այլ մտավորականներին բախտակից Թոթովենցը 1938-ին ստալինյան ռեպրեսիաների զոհերից է։
[խմբագրել] Կենսագրություն
Վահան Թոթովենցը ծնվել է Օսմանյան Թուրքիայի Խարբերդ գավառի, Եփրատի ափին գտնվող Մեզրե քաղաքում, որն Խարբերդ գավառի կառավարության նստավայրն էր։ Ծնողները սերում էին Ակն քաղաքից, այսպես Վահանի հայրը Ակնի մեծահարուստ Թոթովայենց գերդաստանից էր, որոնք 18-րդ դարում ուրիշ հայ վերապրող ընտանիքների հետ տեղափոխվել էին Մեզրե։ Վահանի ընտանիքը ունեցել է երկհարկանի տուն Մեզրեից Խարբերդ տանող մայրուղու վրա, որը նշանավոր էր որպես հեռու երկրներից եկող-անցնող քարավանների միակ անցուղին ու իջևանատեղին։ Հետագայում Թոթովենցը հիշում է այս մայրուղին իբրև «հին հռովմեական ճանապարհ»։
19-րդ դարի վերջին Խարբերդը ապրում էր աննախադեպ տնտեսական և մշակութային զարգացման փուլով։ Այս ժամանակ գավառում գործում էին «Եփրատ» կոլեջը իր բարձրագույն վարժարաններով, իսկ հենց Մեզրեյում՝ «Ազգային Կեդրոնական» վարժարանը։ Պսակ վարդապետի, Երուխանի, Սիմոն Հակոբյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց անձնվեր ջանքերով այն դարձել էր հռչակավոր կրթության օջախ, ուր էլ ընդունվել էր Վահանը 1897 թ.։ Վարժարանում Թոթովենցը առաելապես նվիրված էր հայերենի ուսուցմանը և գրում էր բանաստեղծություններ, որոնք լույս էին տեսնում վարժարանի ձեռագիր ամսաթերթում՝ մորական Գույումճյան ազգանվան տակ։ Վահանը իր ուսուցման վերջին տարվա ընթացքում հաճախակիորեն այցելում էր Խարբերդ քաղաքում գտնվող Թլկատինեցու «Կարմիր դպրոց» անհատակն վարժարանը, ուր ստացել է գրական ուղղություներ։ Այս տարիքում Թոթովենցը խորապես տարված էր Դուրյանի ու Մեծարենցի քնարով, ինչը և ոգեշունչ էր ծառայել իր առաջին բանաստեղծական թոթովանքներին։
Ավարտելով տասնամյա վարժարանը 1908 թ., Վահանը մեկնում է Պոլիս, որտեղ նույն տարում լույս է տեսնում իր «Ավերակ» գրքույկը, իսկ մեկ տարի անց՝ «Սրինգ» ժողովածուն։ 1909-ին Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա՝ Նյու Յորք, 1912-ին ընդունվել Վիսքոնսինի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է գրականության, պատմության և փիլիսոփայություն։ Այստեղ Վահանը սովորում է անգլերեն, ֆրանսերեն և ծանոթանում է համաշխարհային դասական գրականության հետ։ Ուսանողական տարիներին ստիպված է լինում իր ապրուստի փողը հայթայթել ֆիզիկական տարբեր բնույթի աշխատանքներ, բայց հիմնականում աշխատել է մորեղբոր արևլյան գորգի վաճառատանը։
1915-ին մոտ 400 ամերիկահայ կամավորականների հետ ուղևորվում է կովկասյան ռազմաճակատ, ուր մասնակցել է ազատագրական պայքարին։ Հովհաննես Թումանյանի հետ հասարակական լայն գործունեություն է ծավալել, օգնել գաղթականներին։
1917-1918-ին Թիֆլիսում խմբագրել է «Հայաստան» թերթը, մասնակցել Անդրկովկասի, Կ. Պոլսի և հայաշատ այլ վայրերի մշակութային կյանքին։ Թոթովենցի համոզմամբ հայ ժողովրդի փրկությունը կապված է ռուս ժողովրդի և հոկտեմբերյան հեղափոխության հետ։ 1916-1920-ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916), «Տոնոն» (1917) սոցիալական վիպակները, «Ողբ անմահության» (1916), «Արևելք» (1918) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամաբ։ Դաշնակցության տիրապետությունից հիասթափված՝ 1920-ի մայիսին Թոթովենցը թողել է Կովկասը, մեկնել Կ. Պոլիս։ Իր ինքնակենսագրականում Թոթովենցը գրել է. «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս և ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը, Արշիպելագոսի կղզիներ»։ 1920-ի դեկտեմբերին մեծ ոգևոությամբ ընդունել է Հայաստանում սովետական կարգերի հաստատման լուրը։ 1922-ին վերադարձել է Սովետական Հայաստան։ Ճանապարհին, Կ. Պոլսում հրատարակել է «Փոթորիկին մեջ» (1922) վեպը, որով անդրադարձել է համաշխարհային-պատմական մեծ իրադարձությանը՝ հեղափոխության հաղթանակին։ 1923-ին Երևանում խմբագրել է «Շեշտ» երգիծական ամսագիրը, 1924-1926-ին աշխատել է Երևանի համալսարանում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ Այս շրջանում են հրատարակվել նրա «Մահվան բատալիոն» (1923), «Պողպատի ճաշ» (1924), «Նոր Բյուզանդիոն» (1925), «Սասմա ծռեր» (1925), «Հրդեհ» (1927) դրամատիկական ստեղծագործությունները, վիպակներ, բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում և Փարիզում։ 1934-ին Մոսկվայում մասնակցել է սովետական գրողների I համագումարին։ 1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները և շատ այլ գործեր։ Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։ Թոթովենցի լավագույն գործերից են «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» (1933), ինքնակենսագրական վեպը, «Հրկիզված թղթեր» (1934), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934) վիպակները, «Երկու սուր» (1930), «Բաքու-Լոնդոն», «Մոխրակույտ» (1936) պիեսները։ Թոթովենցը մահացել է 1938 թվականին։