Ծերենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Picto infobox auteur.png
Ծերենց
Ծնվել է սեպտեմբերի 16, 1822
Օսմանյան կայսրություն Կ․ Պոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է փետրվարի 17, 1888
Ռուսական կայսրություն Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Գրական անուն Ծերենց
Մասնագիտություն գրող, հրապարակախոս
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն

Ծերենց (Շիշմանյան Հովսեփ), (սեպտեմբերի 16, 1822, Կոստանդնուպոլիս - փետրվարի 17, 1888, Թիֆլիս), հայ գրող և հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել]

Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ 1837 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, ծավալել ազգային–լուսավորչական գործունեություն։ 1848 թվականին մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է Մուրատ–Ռափաելյան վարժարանում։ Նույն թվականի Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, իտալական ազգային–ազատագրական շարժումները մեծ ազդեցություն են ունեցել Ծերենցի լուսավորական աշխարհայացքի վրա։

1849 թվականին Ն.Ռուսինյանի, Ծերենցի և այլոց ջանքերով Փարիզում ստեղծվում է «Արարատյան ընկերություն»–ը։ 1852 թվականին Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թվականին՝ վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթա–դաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում դավանաբանական վեճերի դեմ, դառնում հակահասունյան շարժման պարագլուխ։

1860-ական թվականների սկզբներին, լինելով Կոստանդնուպոլսում կազմակերպված «Բարեգործության ընկերության» հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, հարել Սվաճյան-Նալբանդյան խմբին։ Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, հալածվել քաղաքական գործնուեության համար։

1872 թվականից ազգային կյանքին նվիրված հոդվածներով աշխատակցել է Մ.Մամուրյանի «Արևելյան մամուլ» հանդեսին։ Ենթարկվելով նոր հալածանքների՝ 1876 թվականին բժշկի պաշտոնով մեկնել է Կիպրոս։ Կյանքի վերջին տարիներին Ծերենցն ապրել է Թիֆլիսում։ Այդ շրջանում նա եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր, բժշկական օգնություն ցույց տվել բնակչությանը։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել]

Նրա առաջին վեպը՝ «Թորոս Լևոնի»–ն (1877), պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները։ Քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները՝ Թորոսը երկրի անկախության վերականգնման երաշխիքը տեսնում էր ժողովրդի միասնության և կենտրոնաձիգ իշխանության հաստատման մեջ։

1879 թվականին Ծերենցը հրատարակել է «Երկունք Թ դարու» պատմական վեպը։ Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս «ժողովրդի մարդը»՝ Խութեցի Հովնանը։ Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը։ Ազնվականությանն անվանելով «բազմագլխյան վիշապ»՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը «ժողովրդոց բանակն» է։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է «երկունքից» ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։

1881 թվականին լույս է տեսնում «Թեոդորոս Ռշտունի» վեպը, որտեղ արտահայնված են Ծերենցի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների և պետականության անկման հետ։ Թեման վերցված է 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից։ Ներկայացնելով Բյուզանդիայի և Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ կգործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության» դաշինքը։

Ծերենցի դերը նշանակալից է նաև պատմա–ռոմանտիկական դասական վեպի ստեղծման ու զարգացման գործում։

Կարդացեք նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png