Վահան Թեքեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Թեքեյան

Թեքեյան Վահան Միհրանի (1878–1945), հայ ժողովրդական բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է 1878 թ հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896թ որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։

Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ.Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը, ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովուրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կեդրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև իր կյանքի վերջը խմբագրում է «Արեւ» օրաթերթը։

Վախճանվել է Կահիրեում 1945 թ ապրիլի 4–ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։

Վահան Թեքեյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել]

1901 թ Փարիզում հրատարակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին հավաքածուն՝ «Հոգեր»։ Այնուհետեւ, նա հրատարակել է «Հրաշալի յարութիւն» (1914), «Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» (1919), «Սէր»(1933), «Հայերգութիւն» (1943) և «Տաղարան» (1944) հավաքածուները։

Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրoրինակ համատեղություն է։

Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլև գրել է պատմվածքներ՝ գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին։ Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է։ Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երևակայությունն ու փիլիսոփայող միտքը։ Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակութան մեջ տեղ գտած անարդարութունները։

Թեքեյանի երկերում քիչ չեն նաև հայ ժողովրդի պատմությունից և ավանդություներից քաղված զրույցների մշակումները։

Հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են նաև համաշխարհային գրականության դեմքերի՝ Շեքսպիրի, Վիկտոր Հյուգոյի, Շառլ Բոդլերի, Օսկար Ուայլդի և ուրիշների արժեքավոր գործերին։

Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության արժանիքների արդարացի գնահատականը սփյուռքի ամենակարևոր մշակութային միությունը նրա անունով կոչելն էր։ Թեքեյան Մշակութային Միությունը հիմնադրվել է 1947 թ Բեյրութում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով այն օգնում է սփյուռքահայության մեջ տարածելու հայ մշակույթը։

Ստեղծագործությունները[խմբագրել]

  • 1901 - «Հոգեր» [Փարիզ]
  • 1914 - «Հրաշալի յարութիւն» [Կ.Պոլիս]
  • 1918 - «Կէս գիշերէն մինչև արշալոյս» [Փարիզ]
  • 1933 - «Սէր» [Փարիզ]
  • 1943 - «Հայերգութիւն» [Կահիրե]
  • 1944 - «Տաղարան» [Կահիրե]
  • 1945 - «Ամբողջական երկեր» [Կահիրե՝ 15 հատորով, որոնցից լույս են տեսել 9 հատոր]
  • 1958 - «Երկեր» [Երևան]
  • 1970 - «Հատընտիր» [Երևան]
  • 1978 - «Իրիկվան խորհուրդներ» [Երևան]

Մեջբերումներ Վահան Թեքեյանի մասին[խմբագրել]

… Նա դարձավ սփյուռքի հայության ամենաճանաչված բանաստեղծը, նրա դառն օրերի ողբասացը, նրա ծանր ապրումների և հույսերի երգիչը և մահացավ իբրև ազնիվ հայրենասեր՝ հոգով ու սրտով իրեն կապված զգալով մայր հայրենիքին։

Վաղարշակ Նորենց

Թեքեյանի լավագույն բանաստեղծությունները կարդալիս ինձ միշտ թվացել է, թե կանգնել եմ մեր ճարտարապետական որևէ նշանավոր կոթողի դեմ՝ նույն խորհրդավոր խոհունությունը, ձևերի նույն ներդաշնակությունը, նույն անզարդ ու զուսպ վեհությունը։

Վահագն Դավթյան

Գրականություն Վահան Թեքեյանի մասին[խմբագրել]

  • Թեքեյան Վահան ՀՍՀ գրքում.- Եր., 1978, հտ.4.- էջ 181-182։
  • Հյուսյան Մ. Մեծ եղեռնի զոհ գրողները.Հյուսյան Մ. Էջեր արևմտահայ գրականության պատմությունից գրքում.- Եր.։ Համալս. հրատ, 1977.էջ 148-182։
  • Նորենց Վ. Վահան Թեքեյան.- Նորենց Վ. Հուշեր և արձագանքներ գրքում.- Եր.։ Հայաստան, 1968.- էջ 363-386։
  • Նորենց Վ., Տարոնցի Ս. Վահան Թեքեյան.Առաջաբան Թեքեյան Վ. Երկեր գրքում.- Եր., Հայպետհրատ, 1958.- էջ 3-9։
  • Դավթյան Վ. Խոսք Թեքեյանի մասին.- Առաջաբան Թեքեյան վ. Իրիկվան խորհուրդներ գրքում.- Եր.; Խորհրդ. գրող, 1978, էջ 3-11։
  • Զաքարյան Ա. Վահան Թեքեյան և Եղիշե Չարենց.Զաքարյան Ա. Ավանդների ուժը գրքում.- Եր.; Խորհրդ. գրող, 1981, էջ 140-145։
  • Ասմարյան Լ., Վահան Թեքեյան, Ասմարյան Լ.-Եր., 1978։
  • Հովհաննիսյան Թ., Վահան Թեքեյանի սիրերգությունը, Հովհաննիսյան Թ.-Եր., 1995։
  • Օշական Հ., Վահան Թեքեյան, Օշական Հ.-Բեյրութ, 1985։
  • Օշական Հ., Սփյուռքը և իրավ բանաստեղծությունը։ Վահան Թեքեյանի առթիվ, Օշական Հ.-Երուսաղեմ, 1945։
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝