Սահակադուխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակադուխտ
Ծնվել է7-րդ դար
Մահացել է8-րդ դար
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծուհի և գրող

Սահակադուխտ (7-րդ դար - 8-րդ դար), VIII դարի հայ երաժիշտ–բանաստեղծուհի։

Դվինի կաթողիկոսարանի ավագերեց Սահակի դուստրը, նշանավոր գիտնական, շարականագիր Ստեփանոս Սյունեցու քույրը։

XIII դ․ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Ս․ մանուկ հասակից ստացել է «զվարս կուսութեան» և, առանձնանալով Գառնիի ձորի մի քարայրում, ապրել է ճգնակեցությամբ, այդտեղ էլ կնքել իր մահկանացուն։ Հմտացել է երաժշտական ու բանաստեղծական արվեստի մեջ, ունեցել է աշակերտներ, որոնց ուսուցանել է վարագույրի ետևում նստած։ Հորինել է հոգևոր երգեր՝ կցուրդներ և «քաղցրեղանակ» մեղեդիներ։ Ստեփանոս Օրբելյանը հիշատակել է Աստվածամորը ձոնված նրա միայն մի ակրոստիքոս երգի վերնագիրը։ Ղ․ Ալիշանը հրապարակել է այդ երգի առաջին տան մի տարբերակ։ Երգի ամբողջական բնագիրը հետագայում հայտնաբերել ու հրապարակել է եպիսկոպոս, բանասեր Ն․ Ծովականը։ Այն գրված է մեծացուսցե շարականների ոգով, բաղկացած է անհավասար տողերից, տների առաջին տառերով հոդվում է բանաստեղծուհու անունը (Սահակդուխտ)։ Երգը որոշակի ազդեցություն է ունեցել հայ շարականագրության զարգացման վրա։ Սահակադուխտի մյուս ստեղծագործությունները հայտնի չեն։ Ենթադրվում է, որ մեզ հասած շարականների, հատկապես մեծացուսցեների մի մասը նրա գրչի արգասիքն է։ Որոշ, բանասերների ենթադրությամբ՝ Սահակադուխտին է պատկանում նաև Վահան Գողթնացուն նվիրված հայտնի շարականը, որն ավանդաբար վերագրվել է վերջինիս քրոջը՝ Խոսրովիդուխտին։

Հոգևոր երգեր հորինելուց զատ, նա զբաղվել է մանկավարժությամբ (վարագույրի հետևից)։ Գրել է Ծննդյան և փոխման բազմաթիվ քաղցրեղանակ մեղեդիներ և կցուրդներ, որոնցից է «Սրբուհի Մարիամ» երգը (ակրոստիքոս է, տների առաջին տառերով հոդվում է բանաստեղծուհու անունը)։ Երգի բնագիրը հայտնաբերել և 1951 թվականին «Հասկ» ամսագրում հրատարակել է Նորայր Պողարյանը (Ծովական)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 136