Պերճ Պռոշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերճ Պռոշյան
Ծնվել է Հովհաննես Տեր-Առաքելյան
հունիսի 3, 1837
Ռուսական կայսրություն Աշտարակ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է նոյեմբերի 23, 1907 (70 տարեկան)
Ռուսական կայսրություն Բաքու, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
թաղված է Խոջիվանքում
Գրական անուն Պերճ Պռոշյան
Մասնագիտություն Գրող
Լեզու Հայեր
Ազգություն Հայ
Կրթություն Ներսիսյան դպրոց
Գրական ոճեր Դասական
Գրական շարժումներ Ազգային-դեմոկրատական

Պերճ Պռոշյան (Տեր–Առաքելյան Հովհաննես Ստեփանի, 1837, գ. Աշտարակ – 23.11.1907, Բաքու, թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը), հայ գրող։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է դերձակի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական վարժարանում (1849-52), ապա կարճ ժամանակ՝ Երևանի արքունական դպրոցում։ 1856–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ և ձևավորվել են նրա ազգային–դեմոկրատական ըմբռնումները՝ Պ. Շանշյանի ազդեցությամբ։ Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857–ին վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ վարել է գավառական գործակալի քարտուղարի պատմականությունը, որը հնարավորություն է տվել նրան մոտիկից ծանոթանալու գյուղի կյանքին։

1859–ին Պռոշյանը մեկնել է Թիֆլիս, եղել է Ներսիսյան դպրոցի նախապատրաստականի ուսուցիչ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում (1861), այնուհետև՝ Շուշիում, Ագուլիսում, Աստրախանում, մանկավարժությամբ զբաղվել է Հայաստանի տարբեր վայրերում, հրատարակել դպրոցական կանոնադրություններ։ 1879-ին հրավիրվել է Էջմիածին, նշանակվել Երևանի թեմի և Կարսի վիճակի հոգևոր դպրոցների տեսուչ, աշխատել մինչև 1881–ը։ Այդ տարիներին աշխարհաբարի է վերածել մի ավետարան, որի համար Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում։ 1887–ին վերադարձել է Թիֆլիս։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել]

1850-ական թթ. ներշնչվել է ազգային–կրոնական ռոմանտիզմով և որոշ գրական փորձեր կատարել։ Սակայն, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը ուղղություն է տվել նրա որոնումներին. 1860–ին Պռոշյանը գրել է «Սոս և Վարդիթեր» վեպը։ Առաջին այդ փորձը ճանաչում է բերել հեղինակին։ Իր հռչակավոր «Կրիտիկա», «Սոս և Վարդիթերի» աշխատությամբ Մ. Նալբանդյանը բարձր է գնահատել «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից մեկին և կռահել գրողի տաղանդի ռեալիստական տարերքն ու սոցիալական միտվածությունը։ Սիրապատում սյուժեին զուգորդված ազգագրական պատկերները պատմափիլիսոփայական որոշակի միտում ունեին, որի իմաստը Պռոշյանը մեկնաբանել է վեպի առաջաբանում։ Նկատելով, որ հայ ժողովոիրդն իր պատմության ընթացքում ստեղծել է ավանդություններ, ծեսեր, երգեր ու առասպելներ, որոնք, պարունակում են յուրյանց մեջ մեծ բարոյական դասեր», նա պատվիրել է հայ գրողներին «գրով ի լույս հանել... ազգի կենաց տիպը պարունակող» այդ «անգին ավանդությանց հիշատակները»։ Սակայն իր վեպում բարոյական ավանդների արժեքը Պռոշյանը դիտել է սոցիալական կոնկրետ ժամանակի մեջ, որտեղ նահապետական հովվերգությունը բախվում էր կապիտալիստական նորամուտ բարքերին։

1879–ին «Փորձ» ամսագրում տպագրվել է Պռոշյանի «Հացի խնդիր» վեպը, որը մնայուն տեղ է գտել հայ ռեալիստական վեպի պատմության մեջ։ Նահապետական գյուղը ներկայացնելով երկու ներհակ ուժերի բախման մեջ՝ գրողն իրար է հակադրել կյանքի երկու ընբռնում, կեցության երկու ձև։ Մեկը նահապետական համայնքն էր, որ ձգտում էր պահպանել իր գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ կապիտալի նախնական կուտակումը, որ խարխլում էր առաջին հիմքերը։ Դարաշրջանի սոցիալական այս դրաման ներկայացվում է Խեչանենց Խաչանի և Միկիտան Սաքոյի բախումով։ Կապիտալիստական հարաբերությունների ներխուժումով քանդվում է նահապետական գյուղը, ենթարկվում դասակարգային շերտավորման, գյուղացին զրկվում է հողին և ունեցվածքին կապված լինելու իրավունքից։ Ցույց տալով տնտեսական քայքայման անխուսափելիությունը՝ Պռոշյանը չկարողացավ ըմբռնել այդ երևույթի սոցիալական անհրաժեշտությունը։

Ինչպես այս, այնպես էլ «Ցեցեր», «Հունոն» վեպերում, «Օրը կիրակի է, երազը սուտ», «Գյուղական խանութպան», «Բուլի–բուլի», «Տան Բարբարեի վերջին առակը», «Հինգերորդ գինագիծը», «Վարդի յուղը մահադեղ» պատմվածքներում Պռոշյանը տվել է ետռեֆորմյան հայ գյուղի սոցիալական պատմության համապատկերը։ Իր աշխարհայացքով Պռոշյանը գյուղացիական դեմոկրատ էր։ Նրա իդեալը համընկել է շահագործումից, ներքին հակասություններից ազատ, իրավահավասար նահապետական համակեցության սոցիալական երազանքին։ Կապված լինելով իր դասակարգի հետ՝ նա ձգտել է խղճի «արդար դատարանի» բարոյական հորդորներով կանխել չարիքի ներխուժումը, բայց որպես ռեալիստ օբյեկտիվորեն ականատես է եղել պատրանքների ամենօրյա փլուզմանը և վերապրել իր համակրելի մարդկանց կործանումը։ Պռոշյանի ստեղծագործությունը մի համակ եղերգ է՝ անդառնալիորեն անհետացող նահապետական հայ գյուղի մասին։

Պռոշյանի գրական վաստակի արժեքավոր էջերից է «Հուշիկներ»–ը, որտեղ մանկության ու պատանեկության տարիների ինքնակենսագրական պատումները ներհյուսվել են 40-50–ական թթ ազգային մտավորականության գաղափարական որոնումների, դեպքերի ու դեմքերի հավաստի նկարագրություններով, բնութագրումներով։

Գրական ժառանգություն[խմբագրել]

Պռոշյանի գրչին են պատկանում նաև հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում–հոդվածներ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ. Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդ»–ը, Լ. Տոլստոյի «Մանկություն և պատանեկություն»–ը և այլ գրողների ստեղծագործություններ։

Լինելով հայ դասական գրականության ականավոր դեմքերից՝ Պռոշյանը խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձևավորման ու զարգացման գործում։ Պատկերելով «գյուղացիական կյանքն իր ամբողջ մերկությամբ և ներկայացնելով «գյուղական մի ամբողջ ալբոմ»՝ նա կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը և որակական նոր աստիճանի բարձրացրել ռեալիզմի գեղագիտությունը։ Պռոշյանի վեպերը հսկայական նյութ են տալիս 19-րդ դարի հայ գյուղացիության պատմության վերաբերյալ և որպես անկրկնելի վավերագրեր այսօր էլ պահպանում են իրենց ճանաչողական ու գեղարվեստական արժեքը։

Գրականություն Պերճ Պռոշյանի և նրա ստեղծագործության մասին[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png