Վախթանգ Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վախթանգ Անանյան

Անանյան.jpg

Ծնվել է Վախթանգ Ստեփանի Անանյան
օգոստոսի 8, 1905
Պողոսքիլիսա (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծի մեջ), (Հայաստան)
Մահացել է մարտի 4, 1980
Երևան, (Հայաստան)
Մասնագիտություն արձակագիր, լրագրող
Ազգություն հայ
Գրական ոճեր Արկածային
Ուշագրավ աշխատանքներ "Հովազաձորի գերիները"

Վախթանգ Անանյան ( 1905 - 1980), հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1968)։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին), Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թ - Ին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.

- Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

1926-ին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970)։

1941 թ.-ին նա մասնակցել է Մեծ հայրենականին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։

1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։

Նա մահացել է 1980 թ.-ին Երևանում։

2006 թվականին Անանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։

Վախթանգ Անանյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել]

Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնացուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։

Առաջին ստեղծագործությունը՝ «Չոլախ Թաքոն» հրատարակվեց «Պիոներ» ամսագրում 1927-ին։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930-ին։

1934 թ.-ին հրատարակվեց «Որս» պատմվածքների ժողովածուն, որը ամբողջությամբ նվիրված է բնությանը և շուտով ընթերցողը ճանաչեց նրան, որպես հայրենի բնությունը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։

Ճանաչված գործերից է նրա «Սևանի ափին» (1951) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։

1947-66-ին հրատարակվել են Անանյանի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքներ» ժողովածուն նույնպես նվիրված է հայրենի բնությանը, սակայն այստեղ ի հայտ է գալիս բնություն - մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը, որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը, հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի, կուզե կենդանի։ Անանյանը ոչ միայն բնությունից վերցնում է գեղեցիկը, այլև արտահայտում է իր զգացմունքները, պատմվածքներում քանիցս կրկնում է.

- Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…։

Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքները» շատ կարդացվող գրքերից է բոլոր տարիքի ընթերցողների համար։

Նկարազարդում «Սևանի ափին» գրքից։
Նկարազարդում «Սևանի ափին» գրքից։
Նկարազարդում «Հովազաձորի գերիները» գրքից։ Նկարի հեղինակն է Պ.Պ. Դավիդովը։

Հայաստանի կենդանիների մասին ընթերցողներին բազմակողմանի ծանոթացում է տալիս գրողի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1 – 4, 1961-67) աշխատությունը։

«Հին վրանի փոքրիկ բնակիչը» և «Ու՞ր են տանում կածանները» վեպերը ինչ–որ իմաստով ինքնակենսագրական են. նրանց հիմքում ընկած է Անանյանի հետ մանկության ու պատանեկության տարիներին կատարված դեպքերը։

Մեր գրականության մեջ այսօր Վ. Անանյան անունը դրվում է ամենաժողովրդական գրողների շարքում։ Գրական վիճակագրական տվյալներով հայ գրողների մեջ իր երկերի թարգմանությամբ նա գրավում է առաջին տեղերից մեկը։ Անանյանի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Սա ասում է այն մասին, որ Անանյան գրողը կարողացել է նաև այլ ազգի ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնել բնության և կենդանական աշխարհի նկատմամբ։

Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1956) վիպակներն արժանացել են մրցանակի։ Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա գրված սցենարներով նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները («Հայֆիլմ», 1954, 1957)։

Մեջբերումներ Անանյանի մասին[խմբագրել]

Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ … Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից։

Պարույր Սևակ

Անանյանը ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։

Սերո Խանզադյան

Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։

Հարի Ազեմիս (գերմանացի գրող)

Վ. Անանյանի ստեղծածը մի գրականություն է, որ հավասարապես կարող է հմայել և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականավոր գրողին՝ պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակա ճանապարհորդություն տանելու համար։

Յա Եդլիչկա (չեխ գրող)

Գրականություն[խմբագրել]

  • Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով։ Հտ. 1 - 6։ Եր., Հայաստան, 1968 - 1971։
  • Անանյան Վ. Անձրև։ Հայպետհրատ, 1963 - 52 էջ։
  • Անանյան Վ. Լեռներ հայրենի. - Եր.։ Հայպետհրատ, 1963. 707 էջ։
  • Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ։ Պրակ 1 7. - Եր.։ Հայպետհրատ, 1953 - 1974։
  • Անանյան Վ. Սևանի ափին. - Եր.։ Հայպետհրատ, 517 էջ։
  • Անանյան Վ. Հովազաձորի գերիները։ Երկեր Հ. 6. - Եր., 1970. - 574 էջ։
  • Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը . 5 հտ. Եր.։ Հայպետհրատ, 1961. 1975։
  • Անանյան Վ. Հին վրանի փոքրիկ բնակիչը. - Եր.։ Սովետ. գրող. 1978 - 420 էջ։
  • Անանյան Վ. Ուր են տանում կածանները։ Վեպ. Եր.։ Սովետ. գրող, 1980. - 396 էջ։
  • Անանյան Վ. Սևանի ափին։ Վիպակ. Արևիկ, 1987. - 503 էջ։
  • На березі Севану։ (Пригод. повість із життя юних натуралістів).- К.։ Молодь, 1955.- 377 с.։
  • На берегу Севана։ Повесть из жизни юных натуралистов.- М.։ Дет. лит., 1976.- 320 с.
  • Пленники Барсова ущелья։ Приключенч. повесть.- К.։ Рад. шк., 1986.- 382 с.։ ил.- (Библ. сер).
  • Пташине серце։ Бувальщини гір та лісів։ Казки та легенди.- К.։ Веселка, 1992.- 68 с.։ іл.
  • Անանյան Վ. Երկեր (Պատմվածքներ, հուշեր, ակնարկներ, խոհեր, անտիպ էջեր)։ Եր․, ՀԳՄ հրատ․, 2005, 562 էջ։

Գրականություն Անանյանի մասին[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝