Արիստակես Լաստիվերցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արիստակես Լաստիվերցի (նաև՝ Լաստիվերտցի, մոտ 1002, գ. Լաստիվեր (Բարձր Հայք նահանգի Կարնո գավառ) –1080), 11-րդ դարի հայ պատմիչ, աստվածաբան: Վկա է եղել սելջուկ թուրքերի շվայրագություններին, Արծնի և Սմբատալեռան (Սմբատաբերդի) սոսկալի կոտորածներին, տեղահանվել է և հալածվել: Արիստակես Լաստիվերցին խորացել է աստվածաբանության և ճարտասանության մեջ, տիրապետել է հունարենին, ուսումնասիրել Հայաստանի և Բյուզանդիայի պատմությունը: Ամենայն հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցու հանձնարարությամբ գրել է «Պատմություն» երկը, որտեղ ներկայացնում է 1001- 1072 թթ. վերաբերող պատմական իրադարձությունները: Նկարագրում է սելջուկ-թուրքերի արշավանքները՝ մանրամասն ներկայացնելով դրանց ընթացքում հայոց աշխարհին հասած արհավիրհքները, կոտորածները և ավերածությունները: Հուզիչ է սելջուկների կողմից 1064 թ.-ի Անիի գրավման նկարագրությունը: Լաստիվերցին անդրադառնում է նաև Հայաստանի անկախության և մասնավորապես՝ Անիի թագավորության վերացմանն ուղղված Բյուզանդիայի նենգ քաղաքականությանը, գովերգում է Բագրատունի վերջին արքաներ՝ Գագիկ Ա-ին, Աշոտ Դ.-ին, Գագիկ Բ-ին, զորավար Վահրամ Պահլավունուն և ուրիշներին: Արժեքավոր տվյալներ է հաղորդում Թոնդրակյան շարժման մասին։ [1]

[խմբագրել] Լաստիվերցու «Պատմություն» երկը

Լատսիվերցու գլխավոր աշխատությունն է 1072–79-ին գրած «Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ վարդապետի…» երկը: Բաղկացած է չափածո նախերգանքից, 25 գլխից և հեղինակի հիշատակարանից: Արիստակես Լաստիվերցին իր նկարագրած դեպքերի մեծ մասի ժամանակակիցն է և ականատեսը: Ողբալով սելջուկ թուրքերի պատճառած աղետները և նվաճված Հայաստանի վիճակը` պատմական դեպքերին վկայաբանական բնույթ չի տվել, ներխուժումները չի դիտել իբրև կրոնական տարբերության հետևանք, այլ համարել զավթողական պատերազմ, որի դեմ պետք է պայքարել: Բուն շարադրանքն ընդգրկում է 1000–45-ի հայ-բյուզանդական հարաբերությունները, սելջուկյան արշավանքները 1047–1048-ից մինչև Անիի գրավումը (1064) և Մանազկերտի ճակատամարտը (1071):

Մանրամասն նկարագրել է Տայքը նվաճելու Բյուզանդիայի փորձերը (1000–22), բանակցությունները հայ և վրաց իշխանների հետ, Անիի թագավորության անկումը (1045) ևն: Բյուզանդիայի պատմությանը վերաբերող գլուխները լիովին համընկնում են բյուզանդական պատմիչների, ինչպես նաև արաբ և պարսիկ մատենագիրների տեղեկություններին` երբեմն նաև լրացնելով նրանց:

Պատմությունը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Xդ. և XI դ. 1-ին կեսի Հայոց կաթողիկոսների (Պետրոս Ա Գետադարձ, Խաչիկ Բ Անեցի, Սարգիս Ա Սևանցի), աստվածաբան վարդապետների և մատենագիրների (Սարգիս, Տիրանուն, Ենովք, Ստեփանոս Տարոնեցի, Սամվել Կամրջաձորեցի, Հովհաննես Կոզեռն) մասին: Կարևոր են տեղեկությունները կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի քաղաքական գործունեության մասին (1022-ի Տրապիզոնի բանակցությունները, նրա դիրքորոշումը 1045-ի Բյուզանդիայի քաղաքականության հանդեպ և հայրենադավ դերը Անին կայսրությանը հանձնելու գործում): Թոնդրակյան շարժմանը նվիրված 22-րդ և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտական բացառիկ արժեք, որովհետև Արիստակես Լաստիվերցու տեղեկություններն այլ աղբյուրներում չեն հանդիպում: Ի շարս այլ հոգևորականների` նա այն կարծիքին էր, որ Թոնդրակյան շարժումը կործանման է հասցրել Բագրատունյաց թագավորությունը: Թոնդրակյան առաջնորդներից Արիստակես Լաստիվերցին ներկայացրել է Հարք գավառի եպիսկոպոս Հակոբի և Մանանաղիի Կունծիկ աբեղայի գործունեությունը, Հակոբին անվանել է «հայր ամենայն չարյաց», նրա ուսմունքը` մծղնեություն: Ըստ նրա` Հակոբ Հարքացին իր ճառերով ձգտել է «տապալել սուրբ եկեղեցին»: Շարժման կենտրոն Հարքի Թոնդրակ գյուղը Ա. Լ. անվանել է «սատանայի բնակարան»: Պատմությունը XI դ. կարևորագույն սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար: Այն միաժամանակ հայրենասիրական ողբ է, որտեղ հեղինակը նկարագրում է XI դ. աղետները: Պատկերավոր և ազդու ոճի շնորհիվ Արիստակես Լաստիվերցու երկը հայ միջնադարյան գեղարվեստական արձակի խոշորագույն գործերից է: Լաստիվերցու երկն առաջին անգամ հրատարակվել է 1844 թ. Վենետիկում, 1864 թ. Փարիզում լույս է տեսել «Պատմության» ֆրանսերեն, իսկ 1968թ.Մոսկվայում՝ ռուսերեն թարգմանությունը։ [2] Պատմությունը թարգմանվել է նաև վրացերեն, վերածվել աշխարհաբարի: Աշխատության ձեռագրերը պահվում են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում և այլուր:

[խմբագրել] Այլ երկեր

Արիստակես Լաստիվերցու մյուս աշխատությունը «Մեկնութիւն ընթերցուածոց»-ն է` նվիրված Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնի ընթերցվածքների մեկնությանը: Հեղինակի նպատակն է բացատրել Ծննդյան և Մկրտության տոնի ութ օրերի խորհուրդը: «Մեկնությունում» Արիստակես Լաստիվերցին պաշտպանել է Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը միասին նշելու Հայ եկեղեցու առաքելավանդ կանոնը: «Քարոզ նոր Կիւրակէի» ճառում (կոչվում է նաև «Արիստակէս վարդապետի ասացեալ ի նոր Կիւրակէն») խոսվում է գարնան զարթոնքի, ծաղկապտուղների ու ծաղկասերմերի աճի, գարունը ցնծությամբ դիմավորող կենդանիների և սերմնացան մարդու մասին:

Արիստակես Լաստիվերցին այս համընդհանուր շարժման և վերափոխման մեջ է տեսնում Տերունական տոնի` Նոր Կիրակիի խորհուրդն ու մեկնությունը: Տոնի կապակցությամբ հեղինակը կոչ է անում Հիսուսի Հարության օրինակով ոչ թե արտաքնապես, այլ ամբողջ էությամբ վերափոխվել, լցվել նորացման գաղափարով:

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հայ մշակույթի նշանավոր գործիչները, 5-18-րդ դարեր։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ Երևան, 1976 էջ 477
  2. Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը` Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով