Կաշտի քաջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաշտի քաջեր, միջնադարյան հայկական դյուցազներգություն, որտեղ պատմվում է Թամերլանի զորքերի դեմ ազգային պայքարի մասին։

Ծագման պատմություն և բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաշտը հայկական գյուղ է Շատախ քաղաքի մերձակայքում, Վանա լճից հարավ[Նշում 1]։ Տեղացիները հայկական բանահյուսության մեջ հայտնի են եղել իրենց քաջությամբ, որը հասել է մինչև խելացնոր համարձակության և ավանդույթի համաձայն կապված է եղել տեղի աղբյուրի ջրի հետ։ «Կաշտի հերոսները» էպոսը պատմում է Շատախի շրջանի հայերի ու քրդերի Թամերլանի դեմ պայքարի և անհնազանդության մասին։ Թեև էպոսը ծագել է 14-րդ դարի վերջին և արտացոլում է այդ ժամանակվա պատմական իրադարձությունները, որոշ հատվածներ նկարագրում են 9-րդ դարի հայ-արաբական բախումները։ Ընդհանրապես, էպոսը սերտորեն կապված է ավելի վաղ շրջանի «Սասունցի Դավիթ» էպոսի հետ, որն ստեղծվել է 7-10-րդ դարերում և պատմում է արաբ զավթիչների դեմ հայերի պայքարի մասին, ընդ որում նրանց կապն ակնհայտ է ոչ միայն սյուժեներով, այլև առանձին հերոսների բնութագրերով։ Ինչպես Արտաշեսյանների և Արշակունիների մասին հայկական հին ավանդությունները ձևավորել են Սասունցի Դավիթ էպոսը, այնպես էլ վերջինս իր հերթին ազդել է Կաշտի հերոսների ձևավորման վրա։ Բայց միևնույն ժամանակ վերջինս զուրկ է հայկական բանահյուսության որոշ ավանդական հատկանիշներից, օրինակ՝

  • չկան գերբնական ուժեր,
  • գլխավոր հերոսը լուրջ արատներ չունի,
  • քրդերը չափազանց դրական դեր են խաղում,
  • չկան գեղեցիկ գայթակղիչ կանայք, բոլոր կանայք մաքուր են, իսկ տղամարդիկ սեռական գրավչություն չունեն։

Էպոսի հիմնական սյուժետային գիծը բռնակալին խորամանկությամբ գերազանցելու փորձն է։ Օրինակ, Կաշտի բնակիչներն իրենց անտրամաբանական գործողություններով հիմարեցնում են հարկահավաքներին, իսկ նրանք, վերջիններիս անմեղսունակ համարելով, հարկեր չեն հավաքում։ Ինչպես հայկական մյուս էպոսներում, այնպես էլ ոսկով վճարվող հարկը հետագայում վերածվում է գոմաղբի, որը խորհրդանշում է այն միտքը, որ «հայերը գոմաղբից բացի զավթիչներին ոչինչ պարտական չեն»։ Էպոսի հիմնական ուղերձը մարդու արժանապատվության, ազատության իրավունքի և դրա համար պայքարելու անհրաժեշտության մասին հասարակական-քաղաքական պատկերացումների մեջ է[1]։

Տարածում և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի, «Կաշտի հերոսները» լայն տարածում չի ունեցել․ այն մեծ ժողովրդականություն է վայելել հիմնականում Շատախի շրջակայքում։ Էպոսն առաջին անգամ տպագրվել է Ֆիլադելֆիայում 1942 թվականին արևելահայերեն՝ ծնունդով կաշտեցի, բանաստեղծ և հեքիաթագիր Կարապետ Սիթալի[Նշում 2] ներկայացմամբ։ Սիթալի վարկածը, սակայն, տոգորված է նրա սոցիալիստական գաղափարախոսությամբ։ Էպոսը լույս է տեսել նաև Երևանում 1957 թվականին։ 2000 թվականին ամերիկացի հայագետ Ջեյմս Ռասելի ջանքերի շնորհիվ Սիթալի տեքստը կրկին վերահրատարակվել է՝ անգլերեն թարգմանված ծանոթագրության հետ միասին[1]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարապետ Սիթալ։ Կաշտի քաջեր։ Ֆիլադելֆիա, 1942, 125 էջ (հայերեն)։
  • James R. Russell. The Heroes of Kasht (Kašti k'ajer): An Armenian Epic. — Caravan books, 2000. — 283 с. — ISBN 978-0882060996. (անգլերեն) (հայերեն)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաշտ կամ Կաճետ, անցյալում՝ Շատախի նշանավոր գյուղերից մեկը։ Ամբողջովին ավերված 1915 թվականի ցեղասպանությունից հետո։
  2. Կարապետ Սիթալ (Շահինյան) (1891, Կաշտ - 1972, Ֆիլադելֆիա), հայ գրող և հասարակական գործիչ, ԱՄՆ կոմունիստական կուսակցության անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Khachatoor Khachatoorian „The Heroes of Kasht (Kašti k’ajer): An Armenian Epic“ by James R. Russell // Iran & the Caucasus. Vol. 5. — 2001. — С. 241—244.