Հորովել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հորովել (այլ կիրառումներ)

Հորովել (նաև՝ հոռովել, գութաներգ), հայ գյուղացու հողագործական աշխատանքի ավանդական երգը (նաև՝ հիմնական երգատեսակը), որը հնչել է գութանով վար անելիս, բանող անասուններին, ինչպես և հոտաղներին ոգևորելու, աշխատանքը թեթևացնելու ու խթանելու նպատակով։ Արտահայտել է նաև գյուղացու սոցիալական բողոքը, անձնական հույզերն ու ապրումները։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ծագել է առավել բառից, որը նշել է երկու արտի սահմանագիծը ներկայացնող, չհերկվող հողաշերտը։ Գութանավորը, ձգտելով շուտ հասնել առավելին, այդ բառը միացրել է հո՜ բացականչությանը. գոյացել են հոռովել կապակցությունը և դրա կրճատ ըռավել, ռավել, ռոլ, հոռոլ, հոռոլո և այլ տարբերակները, որոնք դարձել են գութաներգին բնորոշ բացականչություններ։ Երգի կատարումն անվանել են առավել ասել կամ առավել տալ։ Հորովել անվան տակ սովորաբար հասկացվել են նաև կալի ու սայլի երգերը (տես Կալերգ), որոնք Հորովելի հետ ընդհանուր հատկանիշներ ունեցող, բայց ինքնուրույն երգատեսակներ են։

Հորովելները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորովելներն աշխատանքի ընթացքում հանպատրաստից գոյացած երգեր են, սակայն հիմնված գյուղացու ավանդաբար մշակված-յուրացված խոսքային և ելևէջային պաշարի վրա։ Խոսքերի (արձակ և չափածո) հիմնական նյութը աշխատանքն է, հացը, բնությունը. մեծ տեղ է բռնում բացականչությունները և ձայնանմանեցումը, պարունակում են նաև աղոթքի ու հեթանոսական հավատալիքի տարրեր։ Մեղեդիական առումով Հորովելներն ասերգի և եղանակավոր երգեցողության սերտ զուգորդում են. նրանցում ցայտուն արտահայտվել են գեղջուկի իմպրովիզացիայի բարձր կարողությունն ու ստեղծագործ. փորձը, դրսևորվել նաև առանձին տեղավայրերի երաժշտության հատկանիշներ (հուզական արտահայտման կերպը, արտասանության ռիթմն ու ինտոնացիան, նախասիրված ելևէջները ևն)։ Վարի բաղակազմ աշխատանքի ամեն մի օղակը, որպես կանոն, անդրադարձել է Հորովելի երաժշտության մեջ, որը խոշոր կառուցվածքի ժողովրդական հորինվածք է, բաղկացած միմյանց համադրվող ինքնուրույն (երբեմն՝ հակադրական) բաժիններից՝ նախաբան, անընդմեջ զարգացող բուն Հորովել, զարգացման բարձրակետ և վերջաբան։ Աշխատանքի ծավալից ու մասնակիցների թվից կախված՝ երգեցողությունը ընդունել է պարզ կամ բարդ ձև, երկրորդ դեպքում երևան են եկել բազմաձայնության տարրեր (զարգացած անտիֆոն, նմանակող բազմաձայնում, բազմատոն զուգահեռ երգեցողություն)։

Օռովելա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորովելների հետ իրենց սոցիալական ֆունկցիայով, իմաստային բովանդակությամբ ու երաժշտական կառուցվածքով ամենամերձավոր առնչություն ունեն Արլ. Վրաստանում տարածված Օռովելա կոչվող երգերը (միաձայն), որոնք նույնպես միավորում են գութանի (գութնուրի), կալի (կալաուրի) և սայլի (ուռմուլի) երգեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմիտաս, Ժողովրդական երգեր. Ազգագրական ժող. 1, Երևան, 1931։
  • Նույնի, Լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով, տես նրա Հոդվածներ և ուսումնասիրություններ, Երևան, 1941։
  • Ղանալանյան Ա., Հայ շինականի աշխատանքի երգերը, Երևան, 1937։
  • Բրուտյան Մ., Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, Երևան, 1983։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • հորովել բառը անգլերեն վիքիբառարանում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 590