Մուշեղ Իշխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ Իշխան
Mushegh-ishkhan.jpg
գրող
ԱԱՀ՝ Մուշեղ Իշխան
Բնագիր
ԱԱՀ՝
Ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի
Ծննդյան օր՝ 1914 (ծննդյան օրն անհայտ է)
Ծննդավայր՝ Սիվրիհիսար
Վախճանի օր՝ 2.06.1990
Վախճանի վայր՝ Բեյրութ

Մուշեղ Իշխան (իսկական անունը՝ Ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի, 1914, Սիվրիհիսար (Անկարայի նահանգ) - 1990թ. հունիսի 12, Բեյրութ), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս ու մանկավարժ։

Կենսագրությունը[խմբագրել]

Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը, 1938 - 1940 թթ. հետևել Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941 - 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը» (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։

Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք՝ հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը. «Մանկությանս վերջին լավագույն տարիները անցած են Դամասկոս։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանեն 1928 թվականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերը ետք, հաջողեցա ինքզինքս նետել Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան՝ աշակերտելով Հակոբ Օշականին։ Ուսուցիչներս միայն իր անունը կը հիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը և իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցություն ունեցան իմ կազմավորմանս մեջ։ Մելքոնյանի ընթացքը առանց ավարտելու, երբ արձակուրդ եկա Պեյրութ 1930 թվականին, դարձա գիշերօթիկ սան Շանթի և Աղբալյանի նոր բացած Հայ ճեմարանին»: Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ 1938-1940-ական թվականներին Իշխանը սովորում է Բրյուսելի համալսարանում։ Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակում դասավանդել հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։

Գրական ժառանգությունը[խմբագրել]

Մուշեղ Իշխանի ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կյանք ու երազ», 1949, «Ոսկի աշուն», 1963, «Տառապանք», 1968 և այլ ժողովածուներ)։ Թատերախաղերը կառուցման սկզբունքով և մտածողության որակով նոր են՝ արդիական, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական և բարոյաբանական հարցեր («Մեռնիլը որքան դժվար է», 1971, «Սառնարաևեն ելած մարդը», 1979, «Թատերախաղեր», 1980)։ Երևանում բեմադրվել են «Կիլիկիո արքան» (1989, «Նորք» երիտասարդ, թատրոն) և «Մեռնիլը որքան դժվար Է» (1992, ՊՀԹ) պիեսները։ Արձակ գործերն են «Հացի և լույսի համար», 1951, «Հացի և սիրո համար», 1956, «Մնաս բարով, մանկություն», 1974, վեպերը, «Ապասում», 1977, վիպակը։ Գրել է «Արդի հայ գրականություն» (հհ. 1-3, 1973-1975) աշխատությունը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Մուշեղ Իշխանի անունով դպրոց է կոչվել Երևանում։
  • Մուշեղ Իշխանի «Հայ լեզուն տունն է հայուն» ասույթը «9-րդ Հրաշալիք» շաբաթաթերթի կարգախոսն է։
  • Մուշեղ Իշխանի որոշ բանաստեղծությունները դարձել են հոյակապ երգեր Արթուր Մեսչյանի երաժշտությամբ և կատարումով։

Գրականություն[խմբագրել]

Աղբյուր[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]