Սմբատ Սպարապետ (1208-1276), հայ ականավոր զորավոր, պետական գործիչ, դիվանագետ, պատմագիր Կիլիկյան Հայաստանում։ Հայոց սպարապետության գործակալությունը վարել է 1226-ից և շուրջ 50 տարի հմտորեն կազմակերպել է երկրի պաշտպանությունը, թշնամիների դեմ մղել է բազմաթիվ հաղթական մարտեր, 1243-ին, երբ մոնղոլները սպառնացել են Կիլիկյան Հայաստանին սահմաններին, Սմբատ Սպարապետը բանակցել է մոնղոլ զորավար Բաչու Նոյինի հետ և կնքել փոխշահավետ պայմանագիր։ 1248-ին մեկնել է Կարակորում, մոնղոլական մեծ խանի հետ բանակցել Հեթում Ա–ի այցելության և հայ–մոնղոլական դաշնագիր վավերացման պայմանների մասին։ 1250–ին վերադարձել է հայրենիք, իսկ 1254–ին Հեթում Ա–ին ուղեկցել Կարակորում, որտեղ Մանգու խանի հետ ստորագրել է նոր պայմանագիր։ Զոհվել է 1276–ին, Սարվանդիքարի ճակատամարտում։ Սմբատ Սպարապետը եղել է Հայոց Գերագույն ատյանի անդամ, անմիջաբար մասնակցել պետական գործերին և երկրի կառավարմանը։ 1265–ին կազմել է իր նշանավոր դաստանագիրքը, որը Կիլիկյան Հայաստանում գործադրվել է մինչև պետության անկումը։ Սմբատ Սպարապետը գրել է նաև պատմական երկ, որը Մեծ Հայքում, Կիլիկիայում կատարված քաղաքական դեպքերի համառոտ ժամանակագրությունն է։ Նա հանգամանորեն շարադրել է հայ–բյուզանդական, հայ–արաբական, հայ–վրացական, հայ–սելջուկյան հարաբերությունները, մոնղոլների հետ ռազմական և քաղաքական կապերը, Հեթում Ա–ի Կարակորում կատարած ճանապարհորդությունը, հայերի արտագաղտթը Մեծ Հայքից դեպի օտար երկրներ, դատապարտել խաչակիրների արկածախնդիր և զավթողական քաղաքականությունը Կիլիկյան Հայաստանի նկատմամբ։ Տեղեկություններ է հաղորդում նաև հայ իշխանների, նրանց պատկանող հողերի և իրավունքների, ներքին հակամարտությունների մասին, որոնք թեև աղոտ, բայց պատկերացում են տալիս Կիլիկյան Հայաստանի տնտեսական և հասարակական–քաղաքական հարաբերությունների ընդհանուր վիճակի մասին։ Երկն առաջին անգամ հրատարակվել է 1856–ին, Մոսկվայում։ Նշանավոր է 1269–ին Սմբատ Սպարապետի գրած «Ի ճաշոց գրիս» պոեմը, որը նվիրված է 1266–ին Եգիպտոսի սուլթանության դեմ Մառի վայրում հայկական զորաբանակի մղած ճակատամարտին։ Զբաղվել է նաև քերականությամբ։ Սմբատ Սպարապետը գրել է դյուրին, խոսակցականին մոտ հայերենով։
|
Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ |
|
|
|
 |
|