Եղծ աղանդոց
«Եղծ աղանդոց» («Աղանդների հերքումը»), 5-րդ դարի հայ մատենագիր, իմաստասեր, աստվածաբան և թարգմանիչ Եզնիկ Կողբացու կոթողային աշխատությունը, հայ միջնադարյան աստվածաբանական-իմաստասիրական մտքի և դասական հայրախոսության կարևորագույն հուշարձան:
Չորս մասից բաղկացած աշխատությունում` Եղծ աղանդոց հեթանոսաց, Եղծ քէշին պարսից, Եղծ կրօնից յունաց իմաստնոցն և Եղծ աղանդոյն Մարկիոնի, հաջորդաբար ներկայացվում և քրիստոնեական կրոնի գաղափարաբանական տեսանկյունից հերքվում են հեթանոսական բազմաստվածության հավատալիքները, պարսից զրադաշտական կրոնը, անտիկ հունական որոշ փիլիսոփայական դպրոցների ուսմունքները և Մարկիոնի գնոստիկական աղանդը:
Եզնիկ Կողբացու նշանաբանն է. «Աստծու եկեղեցու գործն է՝ արտաքիններին դատապարտել ճշմարիտ իրողություններով, առանց Գրքի, իսկ կարծեցյալ և ոչ արդարացի ներքիններին՝ Սուրբ Գրքով» («Եղծ աղանդոց», 1994, էջ 91): Նա սահմանազատում է աստվածաբանությա և իմաստասիրության ոլորտները, միաժամանակ հիմնավորում անտիկ ժառանգության յուրացման անհրաժեշտությունը: Օգտագործում է անտիկ տրամաբանությունը թե՛ անընդունելի հունա-հռոմեական (և որոշ եկեղեցական) ուսմունքների հերքման, թե՛ Ս. Գրքի դրույթների բանական հիմնավորման համար:
Վերլուծության ընթացքում նա գործադրել է մի շարք մեթոդներ.
- որևէ անտիկ տեսության հերքման ժամանակ դիմում է մի այլ անտիկ ուսմունքի, որի ճշմարտացիությունը արտացոլվում է Ս. Գրքի
- դիտարկումների տվյալներով,
- հմտորեն օգտագործում է քննադատվող ուսմունքի փաստագրական նյութը,
- ինքնուրույն մեկնաբանում է Ս. Գրքի առանձին դրույթներ:
Եզնիկ Կողբացին, հավատարիմ լինելով 4-5-րդ դարերի քրիստոնեական աստվածաբանությանը, որպես միակ և գերագույն գոյ ընդունում է Աստծուն, որն անսկիզբ է, մշտնջենական, ոչնչով և ոչ մեկի կողմից չպայմանավորված, արարող և անհասանելի, բայց ամեն ինչի՝ երևելիի և աներևույթի սկզբնավորման պատճառը: Ոչինչ և ոչ ոք չկա նրանից վեր, նրանից առաջ կամ հավասար, հակառակ էություն կամ ներհակ գոյություն: Աստվածային էությունն անճանաչելի է մարդկային բանականության համար, նրան կարելի է հասնել միայն հավատի միջոցով: Աստված ոչնչից նախ ստեղծել է չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը, կրակը առանձին-առանձին և ապա դրանց խառնուրդից՝ բազմազան աշխարհը: Տարրերը փոփոխական են և այդ պատճառով՝ ոչ մշտնջենական, ուստի և չեն կարող համարվել աստվածներ: Արարված բնությունը նույնպես գտնվում է շարժման մեջ, որի աղբյուրը անշարժ Աստվածն է: Տիեզերքը նա դիտում է իրապես կիսաբոլոր ակ, իսկ երկիրը՝ սկավառակ: Երկնային լուսատուները գտնվում են անընդհատ 7 անհամաչափ շարժման մեջ, իսկ երկինքը մնում է անշարժ: Բնական համակարգի հիմնարար հասկացություններն են՝ մարմնականն ու անմարմինը, շնչավորն ու անշունչը, կենդանի և ոչ կենդանի հասկացությունները: Առաջին աստիճանը կազմում են անշունչ մարմինները, որոնց բնորոշ հատկություններն են առաջացումը, գոյությունը և ոչնչացումը, երկրորդը՝ բուսական աշխարհը, որն օժտված է նաև սնման, աճի և շնչավորության ստորին ձևի ունակությամբ, երրորդը՝ կենդանական աշխարհը, որն ունակ է նաև տեղափոխության և օժտված է բնազդներով: Վերջին աստիճանը զբաղեցնում է մարդը՝ բնության «պսակը», որն իր մարմնական բնությամբ հաղորդ է մյուս մարմնավոր էակներին, բայց միաժամանակ նա բանականության կրող է:
Եզնիկ Կողբացին քննադատում զրադաշտական դուալիզմը, չարին սուբստանցիոնալ բնույթ հաղորդելը, ինչը տրամաբանորեն հանգեցնում է դեպի չարի աստծո ընդունումը, մինչդեռ Աստված որպես բարության անսպառ աղբյուր և խորհրդանիշ չի կարող չարիքի արարիչ լինել: Ուստի, աշխարհում առկա չարը միակ բանական էակին՝ մարդուն շնորհած ազատ կամքի արդյունքն է: Մարդիկ լիովին պատասխանատու են իրենց բոլոր, այդ թվում՝ չար գործողությունների համար: Ցույց է տալիս սնահավատության, ճակատագրապաշտության, աստղագուշակության, հեթանոսության վերապրուկների անհիմն լինելը:
«Եղծ աղանդոցը» մեծարժեք է նաև լեզվաոճական առումով. այն հայ հին գրավոր լեզվի մեսրոպյան կամ դասական շրջանի բնորոշ օրինակ է: Առաջին անգամ հրատարակվել է 1762 թվականին, Զմյուռնիայում (հրտ.՝ Հ. Նալյան)՝ «Գիրք ընդդիմութեանց արարեալ ի Սրբոյ Եզնկայ Կողբացւոյ Հայոց վարդապետէ...» վերնագրով, երկրորդ անգամ (հիմն. հրատարակությունը)՝ 1826 թվականին, Վենետիկում (հրտ.՝ Ա. Բագրատունի): Երկն ունեցել է գերմաներեն (1834, 1900, 1927), ֆրանսերեն (1853, 1959), ռուսերեն (1858, 1968) և հայերեն բազում հրատարակություններ, որոնցից աշխարհաբար՝ Բուենոս Այրեսում՝ 1951 թվականին, Երևանում՝ 1970 թվականին:[1]