Ժիրայր Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժիրայր Անանյան
Ծննդյան անունԺիրայր Հրայրի Տեր-Անանյան
Ծնվել էհուլիսի 14, 1934(1934-07-14)[1]
ԾննդավայրԲերդ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 24, 2004(2004-04-24)[2] (69 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունդրամատուրգ և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1958)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Ժիրայր Անանյան Վիքիդարանում

Ժիրայր Հրայրի Անանյան (Տեր-Անանյան) (հուլիսի 14, 1934(1934-07-14)[1], Բերդ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 24, 2004(2004-04-24)[2], Երևան, Հայաստան), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ ավանում (այժմ՝ քաղաք)։ 1952 թվականին ավարտել է Երևանի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1959-1980 թվականներին աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա՝ գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956 թվականին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։

Անանյանի «Տաքսի, տաքսի» («Սերը ճամպրուկի մեջ») կատակերգությունը բեմադրվել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան (1973), Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան, Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան (1974), Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի (1978), Ղափանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան (1983) պետական թատրոններում։ Նույն դրաման տեղ է գտել «Տեատր» հանդեսի 1973 թվականի Խորհրդային Միության պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանում 100 անգամից ավելի ներկայացված պիեսների ցանկում։

1978 թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնն անընդմեջ ներկայացնում է նրա կատակերգությունները։ 1979 թվականին Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Անծանոթ ամուսիններ» կատակերգությունը։ Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» («Հեռախոսային զանգ», «Բնակարանամուտ») պիեսը բեմադրել է Լենինականի Ա. Մռավյանի անվան, Արտաշատի Ամո Խարազյանի անվան, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական (1983) պետական թատրոններում։

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի՝ 1989-1990 թվականների խաղացանկում միաժամանակ ներկայացվել են նրա երեք պիեսներ՝ «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում», «Կարուսել»։ «Կարուսել» և «Տաքսի, տաքսի» կատակերգությունները 1989 թվականին հյուրախաղերի ժամանակ ներկայացվել են ԱՄՆ-ում։ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը երկրորդ անգամ «Տաքսի, տաքսին» ԱՄՆ-ում ներկայացրել է 1994 թվականին, իսկ «Ես եմ, եկել եմ» («Կարուսել») կատակերգությունը՝ 2001 թվականին Իրանում։

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում 1992 թվականին տեղի է ունեցել դրամատուրգի «Իմ տունը քո տունը չէ» պիեսի 500-րդ ներկայացումը, իսկ «Տաքսի, տաքսի» կատակերգության 500-րդ ներկայացումը 1993 թվականին կայացել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 600-րդը՝ 1997 թվականին[3][4]։

Ժիրայր Անանյանի հուշատախտակը Երևանում

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել նաև Ժ. Անանյանի «Հայրիկ, ու՞ր...» պիեսը), Երևան, 1971, 419 էջ։
  • Կտակ (պիես երկու մասից), Երևան, 1976, 40 էջ։
  • Գևորգ Հարությունյան (կյանքն ու ստեղծագործական ուղին), Երևան, 1981, 76 էջ։
  • Սվետլանա Գրիգորյան (բեմական գործունեությունը), Երևան, 1985, 80 էջ։
  • Ստեփան Հարությունյան (վաստակավոր արտիստի մասին), Երևան, 1986, 72 էջ։
  • Ստեփան Հարությունյան, Երևան, 1987, 69 էջ։
  • Տաքսի, տաքսի (պիեսներ), Երևան, 1987, 216 էջ։
  • Թատերական էսքիզներ (ժողովածու), Երևան, 1990, 160 էջ։
  • Թռչող ափսեից իջած մարդը (պիեսներ), Երևան, 1992, 400 էջ։
  • Լույս քսանյոթի գիշերը (պիեսներ), Երևան, 2002, 112 էջ։
  • Ընդունելությունը՝ երկուսից մինչև վեցը (դրամա), Երևան, 2003, 64 էջ։
  • Լույս քեզ տեսնողին (պիեսներ), Երևան, 2003, 142 էջ։
  • Պիեսներ (ընտրանի), Երևան, 2008, 426 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12058
  2. 2,0 2,1 2,2 Ժիրայր Անանյանի կենսագրությունը
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 45-46.
  4. «Ժիրայր Անանյանի կենսագրականը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 45-46։
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիրայր Անանյան» հոդվածին։