Արթուր Մեսչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Մեսչյան
Հիմնական տվյալներ
Ծնված մարտի 3, 1949 (1949-03-03) (64 տարեկան)
Գործունեություն 1967-ներկա
Կապված Առաքեալներ, Առաքեալներ-90
Կայք http://www.arthurmeschian.com/

Արթուր (Արտաշես) Ստեփանի Մեսչյան (ծնվել է 1949-ի, մարտի 3-ին, Երևան) հայ Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ։ ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի` «Առաքյալներ» -ի (1968-1979) հիմնադիր և առաջատար։ 2011 թ-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Արթուր Մեսչյան 1966 թվական

Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թ-ի մարտի 3-ին Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց` ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում` 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում իր ստեղծագործությունների վրա։

1960-ական թվականներ [խմբագրել]

Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին՝ 1965 թ., գրվում են «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը։ Առաջին անգամ «Ու՞ր էիր Աստված» երգը հանդիսատեսի համար կատարվում է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորում էր Ա. Մեսչյանը։ 1966 թ. ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղում մտերմությունը հայտնի պատմաբան, ազգագրագետ Հովսեփ Օրբելու աշակերտ՝ Սեդրակ Բարխուդարյանի հետ։ 1967-ին ստեղծվում է «Առաքյալներ» ռոք խումբը, որը սկզբնական շրջանում չուներ սեփական անվանում և հանդես էր գալիս որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ։ Խմբում բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ) ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ)։ Արդեն երրորդ կուրսում խումբը հադես է գալիս համերգներով, որոնք հսկայական հաջողություն են ունենում ուսանող երիտասարդների շրջանում։ Միաձուլելով հայ հոգևոր երաժշտությունը այդ տարիներին ծաղկում ապրող ռոքի հետ` խումբը անմոռանալի տպավորություն է թողնում ունկնդիրների վրա և դառնում է իսկական հայտնություն։ Խմբի առաջին համերգները տեղի են ունենում պոլիտեխնիկական ինստիտուտում և հանդիպում կոմերիտական ակտիվիստների դիմադրությանը։ Վերջիններս խմբի անդամներին բնորոշում էին որպես «նորընծա առաքյալներ», ինչն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի խումբը կոչվի «Առաքյալներ» («Apostles»)։

Արթուր Մեսչյան և «Առաքյալներ» խումբը 1976 թվական

1970-ական թվականներ [խմբագրել]

Արթուր Մեսչյանը և Վազգեն I Ամենայն Հայոց Կաթողիկոս, 1975 թվական, «Ռեքվիեմ»-ի ներկայացումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում

«Առաքյալներ»-ի ցնցող հաջողությանը խոչընդոտ չհանդիսացավ անգամ 1970-ականների խորհրդային ցենզուրան, և տասնյակ հազարավոր հայեր լսում էին նրանց ձայնագրությունները։ «Խենթանոց» («The Insane Asylum») ներկայացումը, որն առաջին հայկական ռոք օպերան է (բառերի և երաժշտության հեղինակ Ա. Մեսչյան) էլ առավել ամրապնդեց խմբի հանրաճանաչությունը։ Սրան հաջորդեցին ելույթները սովետական հանրապետությունների տարբեր համալսարաննրում։ Խումբը մեծ հաջողությամբ ելույթ ունեցավ սովետական ռոք երաժշտության առաջացման կենտրոններ համարվող Էստոնիայում և Մոսկվայում։ Մեծ հաջողությամբ էին անցնում «Առաքյալների» ելույթները Կիրովականում, Լենինականում և Երևանում։ «Առաքյալները» առաջին խումբն էր նախկին ԽՍՀՄ տարածքում, որ սեփական երգերը կատարում էր մայրենի լեզվով, այն դեպքում, երբ խմբերի ճնշող մեծամասնությունը կատարում էին արևմտյան ռոք կոմպոզիցիաներ և երգեր։ 1971 թվականին «Առաքյալներ»-ը հրավիրվում են մասնակցելու Լեհաստանում տեղի ունեցող խորհրդային պետությունների երիտասարդական երաժշտական փառատոնին, բայց Լեհաստան մեկնելու թույլտվություն տալիս են միայն Մեսչյանին` կոմսոմոլ ակտիվիստների ուղեկցության պայմանով։ Մեսչյանը ելույթը մեծ հաջողությամբ է պսակվում։ 1972-ին Մեսչյանը գերազանց պաշտպանում է դիպլոմային աշխատանքը և ԽՍՀՄ-ի նկատմամբ ունեցած «անհավատարմության» պատճառով ստիպված է լինում աշխատանքի որոնման երկարատև փորձությունների միջով անցնել։ Միայն 1974 թվականին Մեսչյանը ընդունվում է աշխատանքի «Հայպետնախագիծ»-ում, և մասնակցում է «Զվարթնոց» օդանավակայանի նախագծման աշխատանքներին։ 1973 թ.-ին Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, որտեղ և ծանոթանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն I Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Վերջինս բավական մեծ համակրանք էր տածում երիտասարդ երաժշտի և նրա արվեստի նկատմամբ, ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի 1974 թ.-ին Մեսչյանին առաջարկվի Եղեռնի Զոհերի հիշատակին նվիրված Ռեքվիեմ գրել։ Տեքստային նյութերի որոնման ընթացքում Մեսչյանի ուշադրությունը գրավում է արևմտահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի «Տառապանք» բանաստեղծությունների ժողովավածուն, որը ԽՍՀՄ-ում արգելված գրականություն էր համարվում։ Հեղինակի թույլտվությամբ Մեսչյանը օգտագործում է նրա բանաստեղծությունները «Ռեքվիեմ»-ը ստեղծելու համար։ Ստանալով Կաթողիկոսի օրհնությունը` 1975 թվականին «Ռեքվիեմ»-ը առաջին անգամ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում` Հայաստանի և սփյուռքի մշակութային վերնախավի ներկայությամբ Կաթողիկոսի աջակցությամբ, և մեծ դժվարություններ հաղթահարելով հաջողվում է կատարել ձայնագրությունը, սակայն ԽՍՀՄ-ում այս տեսակի ստեղծագործությունների թողարկումը անհնար էր։ ԱՄՆ-ում ձայնագրելու ու թողարկելու գաղափարը խափանվեց, քանի որ «Ռեքվիեմ»-ի երգերը առանց հեղինակի իմացության և թույլտվության արդեն 1975 թվականին հայտնվում են նահանգներում, և շատ երգեր խեղաթյուրվեով Հարութ Փամբուկչյանի կողմից, կատարվում են ռեստորանային միջավայում։ Այդ դեպքից հետո երկար տարիներ Մեսչյանը «Ռեքվիեմ»-ից ոչ մի երգ չէր կատարում, սակայն հետագայում ընկերների և երկրպագուների խնդրանքով մոտավորապես 15 տարի անց մի քանի երգեր որոշակի վերամշակված տեսքով ընդգրկվում են նրա 90-ականների սկզբերին թողարկված ձայնասկավառակներում։ 1978 թվականին Արթուր Մեսչյանը ելույթ է ունենում ազգային երկրորդ հեռուստաալիքով և կատարում իր ստեղծագործությունները քաղաքական ենթատեքստ ունեցող «Մարդակեր» հեռուստաներկայացման ընթացքում։

1980-ական թվականներ [խմբագրել]

Արթուր Մեսչյան, բարեգործական համերգ Դիլիջանում, 1987 թվական
Արթուր Մեսչյան, Բոստոն (ԱՄՆ), 1989 թվական

Հաջորդ տասնամյակի սկզբերին «Առաքյալներ»-ը անսպասելիորեն անհայտացան երաժշտական բեմից։ Իր գոյության ընթացքում խմբում պարբերաբար նվագում էին` Գևորգ Մանգասարյանը, Աշոտ Ադամյանը (կիթառ), Վիգեն Ստեփանյանը, Գևորգ Ջանգուլյանը, Մովսես Մուրադյանը ու Աշոտ Եղիկյանը (ստեղնաշարային), Ստանիսլավ Բունիաթյանը, Ռոստոմ «Պեսոկ» Օհանյանը և Գրիգոր Բալայանը (հարվածային)։ 1984 թ.-ին Մեսչյանը սկսում է իր սեփական ուղղին։ Նրան միանում են իր երկու աշակերտները` Վահան Արծրունին և Գուրգեն Մելիքյանը։ 1980-ականների սկզբում Մեսչյանը իր ուժերն է փորձում նաև կինոյում։ Համաձայնվում է մասնակցել «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմի նկարահանումներին` Միքայել Նալբանդյանի դերում, այն պատճառով, որ հնարավորություն կար իր ստեղծագործությունները ընդգրկել ֆիլմում։ Սա առիթ հանդիսացավ, որպեսզի Մեսչյանը ԽՍՀՄ-ում վերջին անգամ պրոֆեսիոնալ ձայնագրություն կատարի Մոսկվայի «Մելոդիա» ստուդիայում։ Արդյունքում ֆիլմում ընդգրկվեցին Մեսչյանի երեք ստեղծագործություններ` «Երկիր հնամյա»-ն, «Տապանագիր»-ը և «Հարություն»-ը։ Երկրորդ ֆիլմը «Եվ կրկնվի ամենը»-ն էր, որի պրիմերիան տեղի ունեցավ 1989 թ.-ին, երբ Մեսչյանը արդեն տեղափոխվել էր ԱՄՆ։ 80-ականների սկզբներին Մեսչյանը «Հայարդնախագծի» ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն էր։ Այդ ընթացքում մշակվում է Մոսկվայում գտնվող Լազարյան ճեմարանի (ներկայումս Ռուսաստանում ՀՀ դեսպանատան) վերանորոգման նախագիծը (1981-1982)։ 1985 թ.-ին նախագծում է Երևանում կառավարության ընդունելությունների տան շենքը։ 1987-88 թթ.-ին` Մատենադարանի նոր մասնաշենքը, որի շինարարությունը կասեցվում է երկրաշարժի պատճառով և վերսկսվում միայն 2007 թ.-ին։

1990-ական թվականներ [խմբագրել]

Ցնորված ջութակահարը, 1992 թվական
Արթուր Մեսչյան և «Առաքյալներ 90» խումբը Castle Oaks (Լոս-Անջելես) ձայնագրական ստուդիայում, 1991 թվական

1989 թ-ին` դեռևս Խորհրդային իշխանությունների օրոք, Մեսչյանը կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվում է Բոստոն (ԱՄՆ), որտեղ նրան վերջապես հաջողվում է ձայնագրել երկու տասնամյակում կուտակած ստեղծագործությունները։ ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիները բավական դժվար էին Մեսչյանի համար` հարմարվելու գործընթացը, աշխատանքի որոնումը, ծանր ֆինանսական վիճակը (տեղափոխվելուց անմիջապես հետո նա հրաժարվեց ներգաղթյալների համար նախատեսված պետակական ֆինանսական աջակցությունից` գտնելով, որ իրավունք չունի գտնվել պետական հոգածության ներքո նույնիսկ օրինավոր հիմունքներով)։ Չնայած դժվարություններին 1989 թ.-ին երկրպագուների բազմաթիվ խնդրանքներից հետո Մեսչյանը իր առաջին համերգն է տալիս Բոստոնի Հայկական եկեղեցում։ Հետագայում` 1990 թվականին, Մեսչյանը համերգներ է ունենում Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնում և Լոս Անջելեսի «Wilshire Ebell Theatre» -ում։ Այս համերգներից գոյացած միջոցներով 1990 թ.-ին ձայնագրվում, իսկ 1991 թ.-ին լույս է ընծայվում առաջին ալբոմը` «Catharsis»-ը, վինիլային ձայնասկավառակի և ձայներիզի տեսքով` ոչ մեծ խմբաքանակով։ Սկավառակը անմիջապես հայտնվում է Հայաստանում և պատճենահանվում անօրինական ճանապարհով։ Մեսչյանի երգերը այս եղանակով սկսում են հնչել ռադիոյով։ 1990-ին Մեսչյանը ստեղծում է «Առաքյալներ 90» խումբը, որի կազմում հանդես էին գալիս Վեին Ջոնսոնը (Wayne Johnson)` կիթառ, Ջոն Լեֆտվիչը (John Leftwich)` բաս կիթառ և Արտ Ռոդրիգեսը (Art Rodrigues)` հարվածային գործիքներ։ 1993 թ.-ին խումբը հանդես է գալիս համերգներով Փասադենայում (Կալիֆորնիա), որոնց ժամանակ ներկայացվում են երգեր նոր` «Ցնորված ջութակահարի մենախոսությունը» ալբոմից։ Ալբոմը ձայնագրվում է 1993 թ.-ին։ Երկու տարի անց` 1995 թվականին, ձայնագրվում է նաև «Թափառում» («Wander») ալբոմը, որն իր մեջ է ընգրկում մի քանի ստեղծագործություն «Ռեքվիեմից»։ Նույն թվականին ստեղծվում է «Հաղորդությունը», որը հեղինակը համարում է իր արվեստի գագաթնակետը։ Առաջին անգամ «Հաղորդությունը» հնչում է 1996 թվականի հուլիսին` Փասադենայի (Կալիֆորնիա) «First church of Nazarene» դահլիճում։ Նույն թվականի հոկտեմբերին սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ «Հաղորդությունը»-ը հնչեց նաև Երևանում` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում։ 1996 թ.-ին, գտնվելով ԱՄՆ-ում, Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկով։ Վերադառնալով Հայաստան` Արթուր Մեսչյանը սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ։ Վերաբերվելով գործին մեծ պատասխանատվությամբ` անմիջապես սկսում է իրականացնել վերափոխումներ, ուղղված առ այն, որպեսզի կարգավորվեն և թափանցիկ դառնան քաղաքաշինությանը վերաբերող որոշումները։ Սակայն անմիջապես հանդիպում է իշխանությունների կոշտ դիմադրությանը, մասնավորապես Երևանի քաղաքապետի, ում խնդրանքով և առաջարկով էլ Մեսչյանը ստանձնել էր այդ պաշտոնը։ Հասկանալով, որ նման իրավիճակում իր բոլոր ջանքերը ապարդյուն են` Մեսչյանը 1997 թվականի փետրվարին հրաժարվում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից և վերադառնում է Բոստոն։

2000-ական թվականներ [խմբագրել]

Արթուր Մեսչյան, համերգ Երևանում, 2006 թվականի նոյեմբերի 1
Արթուր Մեսչյանի համերգ-հարցազրույց (Շանթ հեռուստաընկերություն), 2006 թվական հոկտեմբերի 26

2001-ին Արթուր Մեսչյանը լույս է ընծայում երգերի հավաքածուն` բաղկացած 4 սկավառակից (Hit Collection), որտեղ ընգրկված էին իր` «The monologue of a Crazy Violinist («Ցնորված ջութակահարի մենախոսությունը») «Catharsis»-ը, «Catharsis 2»-ը և «Communion» («Հաղորդությունը»)։ 2003 թ.-ին Մեսչյանը համերգ է տալիս Լոս Անջելոսի Կոդակ համերգասրահում, որտեղ ներկայացնում է նոր կատարումներ` այդ թվում «Սայաթ-Նովա» ստեղծագործությունը։ Արթուր Մեսչյանի` իրադարձություններով լի կյանքում նոր էջ բացվեց 2005 թ.-ին, երբ 17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո, կնոջ հետ վերադարձավ հայրենիք։ Վերդարձին հաջորդած համերգաշարը մեծագույն իրադարձություն էր Մեսչյանի արվեստի բազմաթիվ սիրահարների համար, ում բախտ վիճակվեց կրկին տեսնել նախկին առաքյալին բեմում։ 2005-2006 թթ.-ին Մեսչյանը համերգներ է տալիս Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Համերգների տրամաբանական շարունակությունը հանդիսացան երկու համերգային ձայնասկավառակները։ 2007 թ.-ին սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը` գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ։ Շինարարական աշխատանքները հաջողվում է ավարտին հասցնել 2011 թ.-ին։ ՀՀ անկախության 20 ամյակի նախօրեին բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների ներկայությամբ տեղի է ունենում մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Չնայած զբաղվածությանը` 2009 թվականի աշնանը կայանում են Մեսչյանի համերգները Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելոսում, որտեղ նորովի հնչող հին կատարումները զուգակցվում են նոր ստեղծագործություններով։ 2011 թ.-ին Արթուր Մեսչյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Արթուր Մեսչյանն 2012 թվականի օգոստոսի 10-ին պարգևատրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով՝ բնագավառում նշանակալի ավանդի համար։ Չնայած երաժշտական ասպարեզում ունեցած մեծ հաջողություններին` Մեսչյանը չի շտապում ներկայացնել նոր աշխատանքները։

Երաժշտական գործեր [խմբագրել]

  • Ռեքվիեմ՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված, 1970-ականերին «Առաքյալներ»-ի ալբոմը, չթողարկվեց խորհրդային «Մելոդիա» ստուդիայի կողմից
  • Խենթ ջութակահարի մենախոսություն (The Monologue of an insane violinist), 1992
  • Կատարսիս (Catharsis), 1995
  • Թափառում (Wander), 1995
  • Հաղորդություն (Communion), 1996
  • Կենդանի համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Live At Aram Khachatryan Concert Hall, 2005
  • Կենդանի համերգ Արթուր Մեսչյան Arthur Meschian Live 2006

Հիմնական Ճարտարապետական աշխատանքները [խմբագրել]

  • Կառավարության ընդունելությունների տան շենքը Երևանում.
  • Մասնակցություն Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի նախագծմանը
  • Ամառային ճամբար-պանսիոնատ Բյուրականում
  • Ֆիզիկական կուլտուրայի և առողջական համալիր Նոր Ուրենգոյում (Ռուսաստան)
  • Մոսկվայում գտնվող նախկին Լազարյան ճեմարանի (ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի) վերանորոգման նախագիծ
  • Մատենադարանի նոր մասնաշենքը
  • Մատենադարանի հին մասնաշենքի և հարող տարածքի վերանորոգման նախագիծ

Արտաքին հղումներ [խմբագրել]