Ռոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոք երաժշտությունը հանրամատչելի երաժշտության ժանր է, որի գործիքավորումը սովորաբար ներառում է էլեկտրական կիթառ, բաս կիթառ և հարվածային գործիքներ: Ռոք երաժշտության շատ ժանրեր ներառում են նաև ստեղնաշարային գործիքներ՝ երգեհոն, դաշնամուր, մելլոտրոն, սինթեզատոր: Այլ գործիքներից ռոքում երբեմն կիրառվում են սաքսաֆոն, շրթհարմոն, ջութակ, ֆլեյտա, շեփոր, բանջո, մելոդիկա, թմբուկ, հազվադեպ՝ մանդոլին, սիթար: Ռոքը սովորաբար ունի ուժեղ բեք բիթ և ծավալվում է կիթառի շուրջ՝ էլեկտրական կամ ակուստիկ:

Ռոք երաժշտությունը ծագում է 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից և ռոքաբիլլիից, որոնք ձևավորվել են բլյուզի, քանթրի երաժշտության և այլ ուղղությունների ազդեցության տակ։ Ըստ Allmusic.com կայքի, "Իր մաքրագույն ձևում ռոքնռոլն ունի երեք ակորդ, ուժեղ, կայուն բեք բիթ և գրավիչ, հեշտւթյամբ ընկալվող մեղեդի: Վաղ ռոք-ն-ռոլը ունի բազմաթիվ սկզբնարմատներ՝ գլխավորապես բլյուզ, ռիթմ-ն-բլյուզ և քանտրի, ինչպես նաև գոսփել, ավանդական փոփ, ջազ և ֆոլկ։ Բոլոր այս ազդեցությունները միավորվել են պարզ, բլյուզային երգակառուցվածքում, որն արագ էր, պարային, գրավիչ և հեշտ ընկալվող"[1]

1960-ականների երկրորդ կեսում ռոք երաժշտությունը խառնվեց ֆոլկի, բլյուզի, ջազի և էլեկտրոգործիքային էմբիենթի հետ՝ սկիզբ դնելով համապատասխանաբար ֆոլկ-ռոք, բլյուզ-ռոք, ջազ-ռոք ֆյուժն և փսիխեդելիկ ռոք ժանրերին։ 1970-ականների երկրորդ կեսում ռոքը ազդեցություն կրեց սոուլ, ֆանկ և լատինո երաժշտություններից. 1970-ականներին ձևավորվեցին սոֆթ ռոք, գլեմ ռոք, հևի մետալ, հարդ ռոք, պրոգրեսիվ ռոք և փանկ ռոք; 1980-ականներին՝ նյու ուեյվ, հարդքոր փանկ և ալտերնատիվ ռոք; 1990-ականներին՝ գրանժ, բրիթփոփ, ինդի ռոք և նյու ռոք ենթաժանրերը։

Ռոք երաժշտության մեջ մասնագիտացած երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք-բենդ: Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով՝ ներառելով վոկալիստ, կիթառիստ, բաս կիթառիստ և թմբկահար: Որոշ խմբերում կան մեկից ավել կիթառիստներ կամ բաս կիթառիստներ, որոշներում գլխավոր վոկալիստը երգելուն զուգահեռ նաև նվագում է (այս դեպքում խումբը կարող է իրենից ներկայացնել տրիո և նույնիսկ դուո), այլ խմբերում էլ ներառված են հավելյալ երաժիշտներ՝ մեկ-երկու ռիթմ կիթառիստ և/կամ ստեղնաշարահար, հազվադեպ՝ լարային և փողային գործիքների վրա նվագողներ։


Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. allmusic - Rock and Roll(անգլերեն)