Թաիլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ราชอาณาจักรไทย'
Թայլանդի թագավորություն
Թայլանդ դրոշ
Դրոշ
Թայլանդ զինանշանը
Զինանշան
Թայլանդ դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Բանգկոկ
Պետական լեզուներ թայերեն
Տարածք
 -  Ընդհանուր 514 000 կմ² 
 -  Ջրային (%) 0.4%
Դրամական միավոր Թայլանդական բատ (CNY)
Ժամային գոտի (UTCTHB)
 -  Ամռանը (DST)  (UTC+7)
Ինտերնետ .th
Հեռախոսային կոդ +66

Թաիլանդ (թայ. ประเทศไทย), Թաիլանդի թագավորություն (թայ. ราชอาณาจักรไทย [râːtɕʰa ʔaːnaːtɕɑ̀k tʰɑj]), պետություն Հարավ-Արևելյան Ասիայում, տեղակայված է Հնդկաչին թերակղզու հարավ-արևելյան և Մալակկա թերակղզու հյուսիսային հատվածում։ Արևելքում սահմանակից է Կամբոջային և Լաոսին, արևմուտքում Մյանմային, իսկ հարավում Մալայզիային։ Մինչ 1939 թվականը կոչվում էր Սիամ. թհայ (ไทย) բառը նշանակում է "ազատություն". Անվանումն իրեն լիովին արդարացնում է. Թաիլանդը Հարավ-Արևելյան Ասիայի միակ երկիր է, որ պահպանել է անկախությունն այն դեպքում հարևան բոլոր երկրները Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի գաղութներն էին։ Թաիլանդը (Thailand) երկրի անվանման անգլիականացված տարբերակն է, որ շրջանառության մեջ է մտցվել XX-րդ դարի 30-ական թվականներից և նշանակում է թաիերի երկիր։

Թաիլանդ[խմբագրել]

Արևադարձային բնության, տաք ծովի, ցնցող լանդշաֆտի և բուդդայական ճարտարապետության ապշեցուցիչ հուշարձանների ամբողջություն է Թաիլանդը։ Երկիրը տարբերվում է բացառիկ էկզոտիկայով, ինչը կզարդարի Ձեր հանգիստը։ Առեղծվածային Սիամը, հազարավոր տաճարների ու ժպիտների երկիրը, բոլոր մայրցամաքներից միլիոնավոր զբոսաշրջիկների ամենահայտնի վայրերից է։ Թաիլանդը կգրավի և կզարմացնի Ձեզ իր սեգ լեռներով, մաքուր գետերով, անանցանելի ջունգլիներով, հազվագյուտ կենդանիներով և բուսականությամբ, թայլանդական հիանալի խոհանոցով, բարձր դասվող տեղական սովորույթներով և ուրախության, անհոգության, տիեզերական խաղաղասիրության յուրահատուկ մթնոլորտով։ Թաիլանդը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում, Հնդկաչին թերակզու արևմուտքում և Մալակկա թերակղզու հյուսիսում։ Թաիլանդը սահմանակից է Կամբոջային և Լաոսին արևելքից և հյուսիս-արևելքից, Մյանմայի հետ հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, Մալազիայի հետ հարավից։ Երկրի հյուսիսը և արևմուտքը լեռնային է (ամենաբարձր գագաթը Ինխտանոն է՝ 2576 մ), արևմուտքում է գտնվում լայնարձակ ավազաքար սարահարթ Կորատը, երկրի կետնրոնական հատվածը զբաղեցնում են լայնարձակ Մենամական ցածրադիր վայրերը, իսկ երկրի հարավային մասը զբաղեցնում են ցածր դաշտավայրերը՝ կղզիների վրա գտնվող լեռներով և բլրաշարքով։ Երկրի տարածքը (կղզիների հետ միասին) կազմում է 517 ք. կմ։

Մայրաքաղաքը՝ Բանգկոկ։

Ժամային գոտին[խմբագրել]

Մոսկվայի ժամանակից առաջ է՝ ձմռանը 4 ժամ, ամռանը՝ 3 ժամ։ Ժամային գոտու տարբերությունը Գրինվիչի հետ կազմում է - + 7 է։ Ամառային ժամերին անցում չկա։

Կլիմա[խմբագրել]

Առկա է կլիմայի երկու հիմնական տեսակ. հյուսիսում՝ արևադարձային, հարավում և հարավ-արևելքում՝ արևադարձային մուսոնային։ Կենտրոնական հատվածում տարբերակում են 3 տարեշրջան՝ շոգ (մարտից-մայիս), անձրևոտ (հունիսից հոկտեմբեր, երբ երկրի վրա է թափվում հարավարևելյան մուսոնը և գրանցվում է տեղումների տարեկան նորմայի մեծ մասը) և զով (նոյեմբերից փետրվար)։ Բանկոկում ապրիլին ջերմաստիճանը հասնում է մինչև +29 C, դեկտեմբերին +25 C։ Տարվա ընթացքում տեղումները կազմում են 1000-2000 մմ(լեռներում մինչև 5000 մմ), որոնք հիմնականում լինում են արևադարձային ուժեղ հեղեղների տեսքով։ Երկիրը սակայն անձրևային ընդհանուր տարեշրջան չունի. կախված է քամու ուղղությունից, նույնիսկ հարևան տարածաշրջանների միջև տեղումների քանակի տարբերություն կարող է նկատվել։ Երկիր այցելելու ամենաբարենպաստ ժամանակը դեկտեմբեր-հունիս և օգոստոս-սեպտեմբեր ամիսներն են, երբ եղանակը չորային է, իսկ օդի ջերմաստիճանը՝ +20 +24։

Քաղաքական համակարգը[խմբագրել]

Թաիլանդի Թագավորությունը (Պրատետ-Պայը) սահմանադրական միապետություն է, պետությունը կառավարում է թագավորը։ Գլխավոր օրենսդիր մարմինը՝ երկպալատ Ազգային ընդհանուր ժողովն է (Սենատը և ներկայացուցիչների պալատը)։ Գործադիրը՝ նախարարների խորհուրդն է, որը գլխավորում է վարչապետը։

Բնակչությունը[խմբագրել]

Բնակչությունը մոտ 62 մլն է։ Հիմնական մասը կազմում են թաիլանադական ժողովուրդները (ավելի քանի 15 էթնիկ խմբեր՝ կխոն-տայի (սիամցիները), լաո, տայի-կորատ և այլն), նաև մալայացիները, չինացիները, կխմերները, տիբետ-բիրմանական խմբերը, մաո և յաո ցեղախմբերը։

Պետական լեզուն[խմբագրել]

Պետական լեզուն թաիլանդերենն է։ Քաղաքներում լայն տարածում են գտել անգլերենը, չինարենը և ճապոներենը։ Թաիլանդերենը հիմնականում բաղկացած է միավանկ բառերից։ Միավանկ համակցությունների բավականին քիչ լինելու պատճառով օգտագործվում են հնչերանգային բազմաթիվ տարբերակներ։ Լեզվի գրավոր տարբերակը նույնպես շատ բարդ է (3 ՙկ՚ տառ, 3 ՙտ՚ տառ, 2 ՙխ՚ տառ և այլն)։ Այդ պատճառով աշխարհագրական տեղանունների մեծ մասը եվրոպական արտասանության մի քանի տարբերակ ունեն և բավականին բարդ են ընկալման համար։

Դրամը[խմբագրել]

Դրամական միավորը բատն է (THB), հավասար 100 սատանգի։ Կան 1, 2, 5 բատանոց նիկելից դրամներ, 50 բատանոց պլաստիկ ՙարժեթղթեր՚, 10 բատանոց երկմետաղյա դրամներ։ Թղթադրամները լինում են՝ 10 բատ (շագանակագույն), 20 բատ (կանաչ), 50 բատ (երկնագույն), 100 բատ (կարմիր), 500 (բաց մանուշակագույն), և 1000 բատ (մոխրագույն)։ Սատանգները գրեթե չեն շրջանառվում։

Մաքսատուն[խմբագրել]

Երկիր մուտք գործելուց և դուրս գալուց, արտարժույթի ներմուծումը և արտահանումը անսահմանափակ չէ (դեկլարացիան լրացնում են ավելի քան 10.000 ԱՄՆ դոլարի առկայության դեպքում)։ Երկրից հնարավոր է դուրս բերել ոչ ավելի, քան 50.000 բատ կամ 500.000, երբ ճամփորդողը ուղևորվում է այն երկրները, որոնք սահմանակից են Թաիլանդին։ Ավելի շատ գումար դուրս է բերվում հատուկ թույլատվությամբ։ Առանց մաքսի թույլ է տրվում դուրս բերել անձնական օգտագործման իրեր՝ 1 տեսախցիկ, 1 ֆոտոխցիկ (ֆոտոխցիկի հետ թույլ է տրվում 5 ֆոտոժապավեն, 3 տեսասկավառակ), 200 հատ ծխախոտ (կամ 250 գր. ծխախոտաբույս), մինչև 1լ գինի կամ թունդ ալկոհոլային խմիչքներ։ Թմրադեղի, զենքի, պոռնոգրաֆիայի ներմուծումը առանց ոստիկանության թույլատվության արգելվում է։ Թմրադեղ ներմուծողները ենթարկվում են մահապատժի։ Արգելվում է արտահանել ոսկյա իրեր, իրեր Բուդդայի պատկերով (բացի մեդալիոնից), չմշակված թանկարժեք քարեր, փղոսկր, պաշտպանության տակ գտնվող կենդանիների կաշվից և ոսկորներից պատրաստված իրեր, ինչպես նաև դրոշմանիշներ և հնաոճ առարկաներ (անհրաժեշտ է ՙFine Arts Department՚-ի թույլտվությունը)։ Մաքսային վերահսկողությունը պարտադիր է բոլորի համար, այդ թվում նաև դիվանագետների։ Երկրից դուրս գալու ժամանակ օդանավակայանում գանձվում է 500 բատ (որը հիմնականում միացվում է ավիատոմսի արժեքին)։

Առողջապահություն և ապահովագրություն[խմբագրել]

Մեծ է հեպատիտ A-ով, մալարիայով և չինական էնցեֆալիտով վարակվելու հավանականությունը։ Խորհուրդ է տրվում ձևակերպել միջազգային առողջապահական ապահովագրություն և պատվաստվել հեպատիտ A-ի և B-ի դեմ։ Թաիլանդում գործում է հիվանդանոցների ամբողջական ցանց, բոլոր քաղաքներում կարելի է գտնել բարձր որակավորում ունեցող բժիշկների, այդ թվում նաև ատամնաբույժերի։ Բուժումը վճարովի է, բացառությամբ մի քանի արտոնյալ հիվանդանոցների, գները շատ մատչելի են։ Բժիշկները խոսում են անգլերեն, իսկ սպասարկման մակարդակը շատ բարձր է։ Թաիլանդում գոյություն չունեն դեղատոմսեր, դեղերն էլ ազատ վաճառվում են դեղատներում։

Հիմնարկ-ձեռնարկությունների աշխատանքները[խմբագրել]

Խոշոր բանկերը գործում են միայն աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերն են՝ 8։30-12։00։ Ոչ մեծ բանկերը և արտոնագրված փոխանակման կետերը աշխատում են 8։30-9։30 մինչև 15։00-15։30։ Հանգստյան, առողջարանային գոտիներում բանկերի աշխատանքային ժամանակացույցը հիմնականում ավելի ընդգրկուն է։ Խանութների մեծ մասը բաց է 10։00-20։00, մասնավոր խանութները և կրպակները աշխատում են 8։30-6.30։ Հանգստյան, առողջարանային գոտիներում խանութների, առևտրի կենտրոնների մեծ մասը ժամանակի խիստ սահմանափակում չունի։

Տրանսպորտը[խմբագրել]

Բանգկոկը մարզերի հետ կապվում է ավտոմայրուղիների ճյուղավորված ցանցով։ Պետական տրանսպորտային ընկերության ավտոբուսները աշխատում են ըստ կարգացուցակի, տոմսերը թանկ չեն և լինում են 3 կարգի։ Առաջին կարգի ավտոբուսները նարնջագույն են, ստանդարտ կոմպլեկտով (լավ օդափոխություն չկա), կանգնում է ըստ պահանջի, այդ պատճառով էլ շարժվում է դանդաղ։ Երկրորդ կարգի ավտոբուսները կապույտ գույնի են, ունեն օդափոխիչ, կանգնում են միայն խոշոր բնակավայրերում։ VIP կարգի ավտոբուսները տարբերվում են քիչ նստատեղերով և մեծ հարմարավետությամբ (ապակիները և օդափոխիչը պարտադիր են)։ Ավտոբուսները երկրի քաղաքային տրանսպորտի հիմքն են։ Երթուղիներում աշխատում են նաև մեքենաներ օդափոխիչի (երթևեկությունը ավելի թանկ է) և առանց օդափոխիչի։ Կան նաև ճեպընթաց երթուղային տաքսիներ։ Ժամը 23։00-05։00-ից որոշ ուղղություններով աշխատում են նաև գիշերային ավտոբուսներ առանց օդափոխիչի։ Տոմսերը ավտոբուսում վաճառվում են վարորդը կամ տոմսավաճառը։

Ճանապարհներն ու երթևեկության կանոնները[խմբագրել]

Թաիլանդում ձախակողմյա երթևեկություն է, ճանապարհների վիճակը բավականին լարված է, վթարներ հաճախ են տեղի ունենում, երթևեկության կանոնները տեղացի վարորդների կողմից հիմնականում չեն պահպանվում։ Ճանապարհների վիճակը վատ է (բացառությամբ առողջարանային շրջանների)։ Քաղաքային ճանապարհներին անհրաժեշտ է պահպանել բացառիկ զգուշություն։ Բանգկոկի ճանապարհներին բնորոշ են խցանումներ։ Մայրաքաղաքում տրանսպորտային ցանցը շատ բարդ կառուցվածք ունի. հետաքրքիր կերպով միահյուսվել են ժամանակակից և ավանդական փոխադրամիջոցները։ Քաղաքային երթևեկում են՝ ավտոբուսներ, երթուղային տաքսիներ, գործում է վերգետնյա և ստորգետնյա մետրո, ինչպես նաև տարբեր տեսակի տաքսիներ՝ սովորական, մոտոցիկլետ, ջրային։

Հիմնական տրանսպորտային ծանրաբեռվածությունը կրում են ավտոբուսները, որոնք լինում են սովորական, ճեպընթաց, օդափոխիչով և առանց։ Նույն երթուղով կարող են շարժվել տարբեր տեսակի և տարբեր ուղևարձով ավտոբուսներ։ Սովորական ավտոբուսի ուղևարձը 4-5 բատ է, ճեպընթացինը՝ 5.5 բատ։ Օդափոխիչով ավտոբուսների ուղևարձը 8-20 բատ է՝ կախված երթուղուց և ճանապարհի տևողությունից։ Երթուղային տաքսիների ուղևարձը 3-3.5 բատ է։ Թաիլանդի այլ քաղաքներում տրանսպորտը ավելի քիչ է զարգացած, այնտեղ կարելի է հեծանվասայլակներ և երկրին բնորոշ յուրահատուկ փոխադրամիջոցների հանդիպել։ Հիմնական փոխադրամիջոցը ավտոբուսն է։

Մետրո[խմբագրել]

Բանգկոկում մետրոյի 3 գիծ կա (2 վերգետնյա, 1 ստորգետնյա)։ Վերգետնյա մետրոյի տոմսի արժեքը 10-40 բատ է, կան տոմսեր 10, 15 և 30 ուղևորության համար՝ 250, 300 և 540 բատ արժողությամբ։ Ցերեկային ուղևորատոմսը արժե 100 բատ, եռօրյան՝ 280 բատ, ստորգետնյա մետրոյի տոմսի արժեքը տատանվում է 12-31 բատ՝ կախված ճանապարհի երկարությունից։

Տաքսի[խմբագրել]

Հանդիպում է տաքսի-ավտոմեքենաների 2 տեսակ. TAXI՝ առանց հաշվիչի և TAXI-METER հաշվիչով։ Ուղեվարձը կազմում է 35-200 բատ՝ կախված հեռավորությունից։ TAXI-ում գնի հարցում կարելի է սակարկել և նախօրոք համաձայնության գալ։ Խորհուրդ է տրվում առաջնահերթությունը տալ օդափոխիչով մեքենաներին, քանի որ օդի աղտոտվածությունը բավականին մեծ է և տապի պայմնաններում երկար երթևեկելու ժամանակ այն շատ է զգացվում։ Չիանգմայում և Պատտայում երթուղային տաքսիների դեր հաճախ կատարում են ոչ մեծ բեռնատարները, որոնցում ուղևորների համար նստարաններ են տեղադրված։ Ճանապարհածախսը կախված չէ հեռավորությունից և սովորաբար այն 10 բատ արժե։ Տեղական տաքսիի յուրահատուկ ձևեր կան՝ «տուկ-տուկներ», մոտոտաքսիներ։ Խորհուրդ է տրվում օգտվել նաև մոտոցիկլետներից (առաջացել են Բանգկոկի խցանումներից խուսափելու համար), կան նաև ջրային տաքսիներ։ Գները նույնն են ինչ որ մեքենաներինը, գնի համար խորհուրդ է տրվում նախօրոք պայմանավորվել։

Խմելու ջուրը[խմբագրել]

Խորհուրդ չի տրվում ծորակից ջուր խմել, կարելի է շշալցված ջուր գնել (հյուրանոցներում այն հաճախ տրվում է անվճար)։

Էլեկտրականություն[խմբագրել]

220 Վ, 50Հերց

Տեսարժան վայրեր[խմբագրել]

Զբոսաշրջիկների հաճախելիության ցուցանիշով Թաիլանդը հարավարևելյան Ասիայի երկրներից առաջատարն է։ Միլիոնավոր այցելուների ուշադրությունը գրավում են հազարավոր բուդդայական տաճարները և վանքերը, հիանալի պալատները և սրբատեղիները Բանգկոկում, Պատտայի, Սամույի և Փհուկետի հիանալի լողափները, աշխույժ գիշերային կյանքը իր զանազան շոուներով, զվարճանքներով ու հռչակավոր սեքս-տուրիզմի բոլոր տեսակներով, հայտնի թաիլանդական մերսումը և մարտական արվեստը, փղերով զբոսանքը, դայվինգի համար հիանալի պայմանները, յուրահատուկ ՙլողացող՚ շուկաները և Անդամյան ծովում հարյուրավոր էկզոտիկ անմարդաբնակ կղզիները, թաիլանդական խոհանոցի հայտնի ուտեստները և գեղեցիկ բուդդայական տոնակատարությունները։

Բանգկոկ թարգմանաբար նշանակում է "վայրի սալորի քաղաք"։ Հիմնադրվել է Ռամոյ Առաջին թագավորի կողմից XVIII դարում, հայտնի է իր ապշեցուցիչ ճարտարապետական և մշակութային հուշարձաններով։ Հարյուրավոր բուդդայական տաճարները և պալատները սրածայր տանիքներով, հազարավոր մեքենաները և նավերը, արտանետվող գազերից և փողոցի վառարաններից եկող մշտական գարշահոտությունը, անգլիական ոճի ոչ մեծ հարմարավետ զբոսայգիները. այս ամենը միահյուսված են մի ամբողջության մեջ։ Թաիլանդերեն քաղաքն անվանում են Կրունգ Տեպ (ՙհրեշտակների քաղաք՚), իսկ մայրաքաղաքի պաշտոնական անվանումը ավելի երկար է և ՙֆարանգների՚ համար բոլորովին չարտաբերվող (ՙֆարանգների՚՝ ՙսպիտակ օտարերկրացիների՚, զբոսաշրջիկներին այդպես անվանում են տեղաբնակները)։

Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է Ռատտանակոսին (ՙԲարձրագույն գանձ՚) կզու վրա, որը առաջացել է Չաո Պրայ գետի ու նրա վտակների միջև ընկած տարածքում։ Գլխավոր տեսարժան վայրը այստեղ Թագավորական Մեծ Պալատն է՝ թաիլանդացի վանականների նստավայրը, հիանալի զբոսայգիով և ավանդական թաիլանդական ոճի շինություններով։ Պալատի տարածքը 218.4 հազար քմ է, պատերի երկարությունը՝ 2 կմ-ից ավելի։ Թագավորական պալատն ընդգրկում է բազմաթիվ հին շինություններ՝ ստեղծելով Դուզիթ-Մահապրասատ և Մահամոնտիեն շրջանները՝ գրադարան և դամբարան, որտեղ պահպանվում են թագավորական ընտանիքի բոլոր անդամների մասունքները, Չաքրի պալատը (1868-1910 թթ) իր գահադահլիճով, որը միապետ Չաքրաբարդիբիմանի անձնական նստավայրն է, Դուսիտ, Բորոմաբիմանն իր հայտնի որմնանկարներով, Մախիշրա-Պրասադը և Ամիրանդա ընդունելությունների դահլիճը, նաև Պայսան դահլիճը (Պրի Տինանգ Պայսան Տակշին), որտեղ տեղի է ունենում թաիլանդական թագավորների թագադրությունները։ Այսեղ է գտնվում Ռամ V թագավորի սիրելի նստավայրը և աշխարհում ամենամեծ շինությունը, որը ամբողջովին կառուցված է ոսկյա հնդկակաղնու փայտից (Բիմանմեկ, 1900 թ, այժմ թանգարան է)։ Պալատի հարևանությամբ տեղադրված է հսկա Լակ Մուանգը ծիսակատարողական ճոճը։

Թագավորական նստավայրից դեպի հյուսիս գտնվում է Զմրուխտյա Բուդդայի վանքը (Վատ Պրա Կեո 1782 թ), որը դարպասներով միացված է թագավորական նստավայրին։ Այստեղ է պահպանվում բուդդայականության սրբություններից մեկը՝ ոսկյա զոհասեղանին նստած Բուդդայի հայտնի արձանը (արձանի մասին առաջին հիշատակումը եղել է 1464 թվականին)։

Քաղաքում կան են մոտ 400 հիանալի տաճարներ, որոնցից ամենահայտնին Ոսկյա Բուդդայի Վանքն է (Վատ Տրիմիտիր), որտեղ գտնվում է Բուդդայի արձանը՝ պատրաստված 5.5 տոննա մաքուր ոսկուց, պառկած Բուդդայի մեծ արձանով Վատ Պո եկեղեցական մեծ համալիրը, որը Բանկոկի ամենամեծ և ամենահին եկեղեցին է, Վատ Բենչա Մաբոֆիտ (Մարմարյա տաճար XIX-XX դար), Վատ Արուն տաճարը (Արշալույսի կամ Մայր մտնող արևի, որը տեղակայված է նախկին Պհոնբուրի ամրոցում) 79 մետրանոց աշտարակով, Վատ Սուտհատը, Տհոն Բուրիս Վատը և այլն։

Քաղաքի ամենահին Նոր փողոցով կարելի է իջնել ափ, որտեղից ՙսամպանեով՚ (երկար պոչով նավակով) կարելի է ՙկլոնգներով՚ (ջրանցք) երկար զբոսնել ամբողջ քաղաքով։ Հնում Բանգկոկը անվանում էին ՙԱրևելքի Վենեցիա՚, այն պատճառով, որ նրա 140 իրար հատող ջրանցքները մեր օրերում էլ են շարունակում պահել քաղաքի տեմպը։ Դա այլ աշխարհ է՝ աղքատության և ճոխության, առևտրի և ձկնորսության, լողացող շուկաների և խորհրդավոր գիշերային կյանքի։ Սիլոմ շրջանից (քաղաքի գործարար կենտրոնն է) դեպի հյուսիս գտնվում է Սիամ-Սուկէ շրջանը, որը համարվում է մայրաքաղաքի առևտրի կենտրոնը։ Այստեղ են գտնվում քաղաքի ամենամեծ սուպերմարկետները, փոքր խանութները, առևտրի կետերը, որտեղ գները շատ բարձր չեն։ Բանգկոկի ամենամեծ խաչմերուկում՝ տուրիզմի կենտրոն համարվող Սուկհումվիտում տեղակայված են հարյուրավոր սրճարաններ, բարեր, հյուրանոցներ, ռեստորաններ և գիշերային ակումբներ, նաև քաղաքի մի քանի ամենալավ առևտրի կենտրոնները։ Ցանկացած խոշոր հյուրանոց ունի իր գիշերային ակումբը։ Ժամանցային ամենատարբեր հաստատությունները կենտրոնացած են Պատրոնգում և Նյու-Պետչաբուրի-Ռոադսում, որտեղ են գտնվում հարյուրավոր սրահներ, բարեր, ռեստորաններ։ Իր գիշերային կյանքով և ռեստորաններով հայտնի է նաև Ռաչադա փողոցը։

Քաղաքում մի քանի թանգարաններ, պլանետարիումներ, պատկերասրահներ, մշակութային կենտրոններ կան։ Հյուրերը նախընտրում են այցելել Ազգային թատրոն, Ազգային թանգարան՝ թաիլանդական մշակույթի հիանալի հավաքածուով և Բուդդհայսավան մատուռով (1795), Սանամ-Լուանգ հրապարակի վրա Թամմասատի համալսարանը, ինչպես նաև Գիտության թանգարանը (տարածաշրջանի ամենալավ գիտատեխնիկական թանգարաններից մեկն է)։ Ճարտարապետ և լրտես Ջիմ Թոմսոնի տանը այժմ տեղակայված է Մետաքսի թանգարանը և հարավարևելյան Ասիայից նրա հավաքված հնությունների ցուցահանդեսը։

Քաղաքային զբոսայգիները հանգիստ կպարգևեն քաղաքի աղմուկից, անցուդարձից հոգնած զբոսաշրջիկներին։ Բանգկոկի հյուսիսում գտնվող Կիրակնօրյա շուկայի հարևանությամբ հրաշալի Չատչուակ զբոսայգին է, իսկ զվարճանքի զբոսայգի Մեջիք լենդը գրավում է իր կարուսելներով, սարսափների սենյակով և այլ զվարճանքներով։ Քաղաքի ամենամեծ զբոսայգին Լումպինին է, որը գտնվում է քաղաքի գործարար կենտրոնում։ Ռամա IX-ի անունով նոր զբոսայգին բացել է հենց թագավորը, իսկ հայտնի Սաֆարի Ուորլդ շատ մեծ զբոսայգին (170 ակր) գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում, որը հայտնի է իր վայրի կենդանիներով, Մարինա դելֆինարիայով և հսկայական Սիամ ջրաշխարհով։

Սամուտպրակարնայում (Բանգկոկից 30 կմ դեպի հարավ-արևելք) է գտնվում աշխարհում ամենամեծ ՙԿոկորդիլոսի ֆերման՚՝ ավելի քան 40 հազար կոկորդիլոսներով, իր կենդանաբանական այգով և դինոզավրերի թանգարանով։ Բանգկոկից 30 կմ դեպի հարավ գտնվում է Բան-Նամ-Պուենգը լողացող մեծ շուկան։ Հանգստյան օրերին 08։00-14։00 այստեղից կարելի է ձեռք բերել տարբեր տեսակի բազմաթիվ ապրանքներ՝ ծովամթերք, մրգեր, ծաղիկներ, տեղական անուշաբույրեր և ձեռքի աշխատանքներ։ Շուկայի յուրահատկությունը պայմանավորված է առևտրականներով, որ նավակներով լողում են շարքերի արանքով։ Բանգկոկից 33 կմ հեռավորության վրա է գտնվում Մուանգ-Բորան (Հին քաղաք) զբոսայգին, որտեղ վերարտադրված է ամբողջ թագավորությունը՝ ամենահայտնի պատմական հուշարձաններով։

Բանգկոկից 86 կմ դեպի հյուսիս գտնվում է Սիամ հնագույն մայրաքաղաքը և ժամանակակից Այուխտայան պատմական զբոսայգին (1350-1767 թթ), որը հայտնի է իր հին ավերակ տաճարներով՝ Վատ Պրա Չաո Պխանան Չոենգ (14-րդ դար), Չաո Մոնգկոլ, Վատ Պրա Սի Սանպհետ (14-րդ դար), Վատ Պրա Մերու, Վատ Չայ Վատտանարամ, նաև Բանգ Պա Ին դղյակի ավերակները (ամառային գահանիստը Չակրի դինաստային առաջին թագավորների)։ Քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է։ Բանգկոկի արևմուտքում՝ Նակխոնպատխոմ փոքրիկ քաղաքի կողքին է գտնվում Բուդդայի ամենամեծ արձանը (127 մետրանոց Պրա Պատհոն Չեդին), իսկ Կանչանաբուիր փոքրիկ քաղաքից ոչ այնքան հեռվում՝ Բանգկոկից 130 մետր հեռավորության վրա գտնվում է տխրահռչակ կամուրջը, որը անցնում է Կվայ գետի վրայով և ՙՄահվան ճանապարհը՚, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառուցել են զինվորական գերիները։ Ոչ շատ հեռվում ՙՎարդերի այգին՚ է՝ մշակութային կենտրոնը (երկրի ամենալավ ազգագրական ցուցասրահներից մեկը)։ Հարևանությամբ է գտնվում կենդանաբանական այգին և փղերի արգելոց Սամպհրան։

Հարավային Թաիլանդը զբոսաշրջիկներին քիչ է ծանոթ՝ սակայն հանդիսանում է թաիլանդական քաղաքակրթության օրրան, հայտնի է իր գեղատեսիլ անտառներով, ջրվեժներով, ազգային գունագեղ տոներով, տասնյակ հին քաղաքներով և տաճարներով։ Չիանգմայը (Բանգկոկից 700 կմ) իր մեծությամբ և կարևորությամբ երկրի երկրորդ քաղաքն է։ Սարերի լանջերին տեղակայված (2600 մ) ՙհին քաղաք՚ Չիանգմայը ստեղծվել է 1296թ։ Շրջապատված է հուժկու, հզոր բերդային պատով և պաշտպանողական խրամատով։ Քաղաքում և նրա շրջակա տարածքում կան մոտավոր 300 տաճարներ և պատմական հուշարձաններ։ Այնպիսի շինություններ, կառույցներ ինչպիսիք են՝ Դոյի Սուտեր Շրինեն, Վատ Պրա Սինգհը, Վատ Չիանգ Մանը (1296 թ. տարածաշրջանում ամենահին վանքն է), Պրա Սատանգ Ման, որի վրա պատկերված են Բուդդայի պատկերները (մոտ 2000 տարեկան), Վատ Չեդի Լուանգ, նաև բուդդիզմի սրբություններից մեկը, որը տեղակայված է սարի գագաթին, Չինգմայից 16 կմ. դեպի հյուսիս-արևմուտք Վատ Դոյի Սուտխեպ տաճարը (XIII-XIV դար) և Թագավորական ընտանիքի ամառային գահանիստ՝ Պխուպինգ դղյակը։ Այս ամենը քաղաքին համաշխարհային ճանաչում են բերել։

Ոչ շատ հեռվում տեղակայված է առեղծվածային Մեխոնգսոն քաղաքը իր Վատ Չհոնգ Կհամը տաճարով, որը քաղաքի ամենահին շինություններից մեկն է։ Հետաքրքիր է նաև Վան Պրախտատ Դոն Կոնգ Մու տաճարը, Բուդդայի սուրբ մասունք պահպանող Վատ Կիտտի Վոնգը, Վատ Չոնգ Կլանգ տաճարը։

Մեխոնգսոնի շուկաներում կարելի է գտնել ազգային հուշանվերներ Լաոսից, Բիրմայից և Թաիլանդի հյուսիսային ցեղերի բացառիկ աշխատանքները։ Մեխոնգսոն շրջանը գտնվում է Չիանգմայի և Չիանգրայի արանքում։ Այն յուրահատուկ է իր զբոսայգիներով, հրաշալի ջրվեժներով, հարյուրավոր քարանձավներով, իսկ շրջակա լեռները հարուստ են տաք հանքաղբյուրներով և առողջարար բուժացեխերով։ Նամտոկ-Պա-Սիա անտառային զբոսայգում է տեղակայված համանուն վեցհարկանի ջրվեժը, Տհամ Պլա զբոսայգում է գտնվում անկրկնելի ՙՁկների քարանձավը՚, որտեղ կան միլիարդավոր գույնզգույն ձկներ, իսկ ոչ այնքան մեծ գրոտում տարբեր չափերի և գույների խխունջները։ Ազգային Զբոսայգի Նամ Տոկ Մէ Սուրինը հայտնի է հարյուր մետրանոց Մէ Սուրին ջրվեժով, ինչպես նաև Նամ Լոտ քարանձավը իր աներևակայելի շթաքար և պտկաքար ՙայգիով՚։ Մեխոնգսոնից դեպի Չիանգմայ ճանապարհին է գտնվում ունիկալ ՙխոլորձների ագարակը՚, ինպես նաև փղերի հայտնի գյուղը, որտեղ բազմացնում և վարժեցնում են այդ հսկայական կենդանիներին՝ տնտեսության աշխատանքների և զբոսաշրջիկներին զվարճացնելու համար։

Չիանգմայից 5 կմ դեպի հարավ գտնվում են Վիանգ Կում Կամի փլատակները (տարածաշրջանում ամենավաղ պատմական բնակության, մոտավոր X-XI դար)։ Սուկհոտայ պատմական արգելոցը տեղակայված է Բանգկոկից դեպի 447 կմ դեպի հյուսիս և զբաղեցնում է 70 քկմ ներառյալ Իյոմ գետի ձախ ափը, որը պահպանում է այս հնագույն մայրաքաղաքի ավելի քան 100 կիսաքանդ շինությունները (XIII-XV դարեր), այդ թվում նաև հայտնի Վատ Սի Չխում տաճարը։ Այստեղ Բուդդայի նստած արձան կա, որի ոտքերի երկարությունը կազմում է 11 մ։ Չիանգմայը և նրա մոտակա տարածքները բնակեցված են բազմաթիվ ցեղերով ու ժողովուրդներով (մոտավոր 550 հազար մարդ), այդ շրջանի յուրօրինակ մշակույթը մինչև 20-րդ դար իր վրա չի զգացել քաղաքակրթության ազդեցությունը։ Տարածաշրջանի ամենաառեղծվածային ցեղը՝ կարեններն են (ՙպա դոնգ՚, ՙպգհանո՚)։ Այդ ցեղերից մեկում կնոջ գեղեցկության իդեալ են համարվում երկար պարանոցով և երկար ականջներով կանայք, այդ պատճառով աղջիկներին դեռ վաղ հասակում պարանոցներին տաքացրած պղնձյա օղակներ էին հագցնում։ Տարիքի հետ օղակները ավելանում են, հետևաբար, պարանոցն էլ երկարում էր, որն էլ կանանց էկզոտիկ տեսք էր հաղորդում։ Հետաքրքիր է նաև ՙլիսու՚ ցեղի հյուսիսային գյուղը, որն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ։ Նրանք պատրաստում են շատ գեղեցիկ, վառ ազգային կոստյումներ, որոնք զարդարված են մեծ թվով արծաթյա զարդերով։ Շատ ցեղերում պաշտամունք է համարվում օպիում ծխելը. որպես մշակութային ավանդույթների մի մաս՝ իշխանությունները օրենքով թույլ են տալիս (այդ թույլտվությունը չի վերաբերում զբոսաշրջիկներին)։

Չիանգմայից հյուսիս-արևելք և Բանգկոկից 785 կմ վրա է գտնվում Չիանգրայը, Լաննա Տայ պետության նախորդ մայրաքաղաքը (ՙմիլիոնավոր բրնձի դաշտերի թագավորությունը՚)։ Մեր օրերում էլ քաղաքը հայտնի է իր արտասովոր գեղեցիկ բնությամբ, նաև բազմաթիվ բուդդայական տաճարներով։ Նախկինում Բատ Պրա Կեոում պահպանվել է զմրուխտյա Բուդդայի արձանը, որը այժմ գտնվում է Բանգկոկում, Նգամ Մուանգ Խիլը լեգենդար Մենգրայ Մեծի գերեզմանատունն է համարվում, իր ճարտարապետությամբ հետաքրքիր է նաև Վատ Պրա Սինխը և այլ շատ պաշտամունքային շինություններ։

Մեկոնգ գետի ափին՝ Չիանգրայից դեպի հյուսիս-արևելք, գտնվում է ևս մեկ հնագույն մայրաքաղաք Չիանգսէն (Չիանգսաեն), որը հայտնի է իր՝ Վատ Պրա Տհատ Չոմ Կիտտի, Պրա Տհատ Դոյի Տունգ, Չեդի Վատ Պա Սակ և Չեդի Լուանգ տաճարներով և հարուստ գավառագիտական թանգարանով։ Անմիջապես քաղաքի սահմանից է սկսվում հայտնի ՙՈսկե եռանկյունին՚ (Սոպ Ռուակը)՝ Բիրմայի և Լաոսի սահմանին գտնվող լեռնային անտառային շրջանը, որը թաիլանդական քաղաքակրթության օրրանն է և որտեղ շատ դարեր առաջ առաջացել են թաիլանդական առաջին անկախ պետությունները։ Այժմ այդ շրջանը հայտնի է իբրև ՙօպիումի մայրաքաղաք՚, բայց այդ վայրերի իրական հմայքն են՝ լեռնային բնապատկերները, խիտ անտառներում բնակվող փղերը, ջրվեժները։

Զբոսաշրջիկների համար առանձին հետաքրքրություն են ներկայացնում թաիլանդական հայտնի մարտարվեստները՝ բոկսը կամ Մուաու-Թայը (ՙծովամարտը՚), չայան (ՙհաղթանակը՚), շա-ֆուտ-ֆանը (ՙհինգ մարտական կատուների կլանը՚) և կրաբի-կրաբոնգ (ՙձող-փայտ՚)։ Հայտնի է այն հանգամանքը, որ թաիլանդացիները սիրում են կենդանիներին ներգրավել մոլի մարզաձևերի մեջ. աքլորների կռիվ, ձկների մրցում և նույնիսկ էկզոտիկ փղերի մարտ։ Այլազգիներին հիմնականում թույլ չեն տալիս դիտել այս մենամարտերը, բայց եթե հաջողվի, արժե ծախսել 2 ժամ այդ տեսարանին ականատես լինելու համար։

Ավանդական խոհանոց[խմբագրել]

Թաիլանդական խոհանոցի յուրահատկությունը պայմանավորված է 2 հանգամանքով՝ կլիմայով և մշակույթով, չնայած որ մեծ ազդեցություն են ունեցել նաև երկրի պատմությունը, ներգաղթը և արշավանքները։ Մեծ ազդեցություն է ունեցել Չինաստանը, Բիրման և Կամբոջան։ Բարենպաստ կլիման թույլ է տալիս, որպեսզի տարեկան երկու, նույնիսկ երեք անգամ բերքահավաք կատարվի, իսկ ամբողջ տարի այստեղ աճում է տարբեր տեսակի կանաչեղեն։ Երևի թե այս առատությամբ կարելի է բացատրել այն, որ թայլանդերենում չկա ՙսով՚ բառը։ Թաիլանդացիների մեծ մասը բուդդայականություն է դավանում, որը սննդի մեջ սահմանափակում չի դնում։ Թաիլանդացիները իրենց խոհանոցում օգտագործում են մսի բոլոր տեսակները, ձուկ, տարբեր տեսակի բանջարեղեն ու բազմատեսակ մրգեր։ Թաիլանդացիները բարձր են գնահատում իրենց մշակույթը և ավանդույթները։ Նրանք հպարտանում են իրենց ազգային ճաշատեսակներով և բավականին հյուրասեր են։ Փողոցներում ամենուրեք տարբեր տեսակի խորտիկներ են վաճառվում։ Թաիլանդում շատ են սիրում տոներ և երեկույթներ։ Աղմկոտ և ուրախ փառատոների ժամանակ մատուցվում են ավանդական ճաշատեսակներ, տարբեր խորտիկներ, էկզոտիկ մրգեր, թաիլանդական գարեջուր կամ տեղական վիսկի։ Բոլոր ճաշատեսակները մատուցվում են միանգամից, որպեսզի տան տիրուհին հյուրերի հետ նույնպես վայելի ճաշը։ Թաիլանդական խոհանոցի ճաշատեսակները ձևավորում են վառ ու քեղեցիկ կերպով. գեղարվեստական մոտեցումը թաիլանդական խոհանոցի անբաժանելի մասնիկն է։

Ամենօրյա ճաշատեսակները կախված են եղանակից, տարվա ժամանակից, բերքահավաքից և անձրևային տարեջրջանից։ Թաիլանդացիները կերակրին շատ լուրջ են վերաբերվում, ընտրում են միայն ամենաթարմ բաղադրամասերը։ Հիմնական մթերքներից է բրինձը, այն օգտագործվում է որպես խավարտ, հիմնական ճաշատեսակ և աղանդեր։ Ուտելիքը հասարակ թաիլանդացու համար ՙկապ կհաո՚ է, ինչը թարգմանաբար նշանակում է ՙայն, ինչ ուտում են բրնձի հետ՚։ Կարևոր տեղ է զբաղեցնում նաև կոկոսը։ Բոլոր շրջանները ունեն իրենց յուրահատուկ խոհանոցը։ Խոհարարը կարող է փոխել այս կամ այն բաղադրամասերը կամ համեմունքները՝ պահպանելով միայն հիմնական պատրաստման կարգը։ Օրինակ շատ բաղադրատոմսերում խոզի միսը փոխարինվում է հավի մսով կամ մանր ծովախեցգետիններով։

Կան մթերքներ, որոնք պարտադիր են բոլոր տներում։ Դրանք են կոկոսը, լայմը, բրինձը, չիլին, սխտորը, կոճապղպեղի արմատը և գինձը։

Ավանդույթները և վարքի կանոնները[խմբագրել]

Երկրում մեծաթիվ են յուրահատուկ դավանանքներն և ավանդույթները, այդ իսկ պատճառով վարքագծի մեջ անհրաժեշտ է լինել ծայրահեղ զգուշավոր։ Ավելի ճիշտ է հետևել թաիլանդացիների վարքագծին և չկողմնորոշվելու պարագայում վարվել ինչպես տեղացիները։

Թաիլանդում ավանդական բարևը ՙվայ՚-ն է՝ ՙնավակի՚ նման ձեռքերի ափերը պահելով՝ դնում են գլխին, կամ կրծքավանդակին։ Դա ոչ միայն ողջույնի ժեստ է, այլ մի ամբողջ կարգավիճակային գործողություն՝ համապատասխան էթիկետով։ ՙՎայ՚-ի ավարտման կարգը շատ խիստ է և ենթարկվում է մի շարք օրենքների. ձեռքերի դիրքը և ժեստի շարունակականությունը կախված է դիմացինի սոցիալական կարգավիճակից. ինչքան բարձր է սոցիալական կարգավիճակը, այնքան վեր են բարձրանում ափերը և ավելի երկար է շարունակվում ՙվայ՚-ը։ Չի կարելի ՙվերադարձնել վայը՚ երեխաներին և սպասարկող անձնակազմին, այդ իսկ պատճառով նպատակահարմար չէ, որպեսզի զբոսաշրջիկները ընդօրինակեն այս ավանդույթը, եթե նախօրոք չեն ուսումնասիրել դրա կատարման բոլոր մանրամասները։ Առօրյայում թաիլանդացիները բավարարվում են ընկերական գլխով անելուց և ունիվերսալ «հելո»-ով։ Ձեռքսեղմումը ընդունված չէ։

Չի կարելի դիպչել թաիլանդացու գլխին (նաև փոքրիկ երեխաներին). դա վիրավորանք է։ Նստած մարդը, առավել ևս, եթե ոտքը ոտքին է գցել, ոչ մի դեպքում ոտնաթաթերը չպետք է ուղղի մարդկանց, Բուդդայի արձանների և թագավորի կողմը։

Թաիլանդացիները շատ հարգալից են վերաբերում այլ ազգերի ավանդույթներին։ Նրանք բավականին հավասարակշռված և հանգիստ են. ձայն բարձրացնելը, գոռալը համարվում է անքաղաքավարության դրսևորում։ Թաիլանդացի ոստիկաններին կարելի է դիմել ցանկացած հարցով։ Շատ հաճախ խոսակցականում օգտագործվում է օրվա ժամանակի 6 ժամյա կտրվածքը, այսինքն կարելի է լսել ՙօրվա ժամը 5՚ և ՙգիշերվա ժամը 5՚ (եվրոպական 17։00 և 23։00)։ Թագավորական տունը ժողովրդի կողմից մեծ հարգանք է վայելում, ընդունված է ոտքի ելնել երկրի օրհներգի կատարման ժամանակ (այն հնչում է 08։00-ին և 18։00-ին բոլոր հեռուստաալիքներով և ռադիոներով), իսկ կինոթատրոններում բոլոր սեանսներից առաջ ցուցադրվում է թագավորի նկարը։ Թագավորական օրհներգի ժամանակ այլազգիներին էլ է խորհուրդ տրվում վեր կենալ կամ կանգ առնել, եթե փողոցում են։ Բուդդայի բոլոր արձանները սրբություն են համարվում։ Այդ պատճառով հարկավոր չէ նրանց վրա բարձրանալ նկարվելու համար. սահմանված է խիստ պատժամիջոց, ոչնչացվում է նույնիսկ տեսաժապավենը, որտեղ սրբապղծություն է նկարահանված։ Կանայք իրավունք չունեն դիմել վանականին, իր հերթին բուդդայական վանականը իրավունք չունի դիպչել կնոջը կամ նրա ձեռքից ինչ-որ բան ընդունել։ Այդ իսկ պատճառով, եթե կինը ուզում է նվիրատվություն կատարել, նախ այն պետք է փոխանցի տղամարդուն, տղամարդն էլ իր հերթին այն պետք է փոխանցի վանականին։ Կարելի է այն ուղղակի դնել վանականի հագուստի ծայրին, կամ թաշկինակի վրա։ Մզկիթում տղամարդիկ պետք է գլխարկ կրեն, իսկ կանանց թույլ է տրվում ներս մտնել տաբատով, երկար շրջազգեստով, երկար թևեր ունեցող, մինչև վերև կոճկված վարտիքով և գլուխը ծածկող շորով։ Մզկիթ մտնելուց առաջ անհրաժեշտ է կոշիկները հանել։ Կրոնական արարողությունների ժամանակ այլ մարդկանց մուտքը արգելվում է։ Հյուրանոցների մեծ մասը սեփական լողափ չունեն։ Բարձրակարգ հյուրանոցների լողափերում կախում են դրոշներ, որոնք ցույց են տալիս ծովի վիճակը. կանաչը նշանակում է, որ ծովը հանգիստ է և կարելի է առանց սահմանափակումների լողալ, դեղինը նշանակում է, որ ծովում փոթորիկ է, և փրկարարները ուշադիր հետևում են լողացողներին։ Կարմիր դրոշը արգելում է լողալը, և փրկարարները նույնիսկ իրավունք ունեն չթույլատրել մոտենալ ծովին։ Պառկելաթոռի համար գանձվում է 20-30 բատ։ Լողալ և արևի լոգանք ընդունել առանց լողազգեստի արգելվում է (գանձվում է մեծ տուգանք)։ Շատ հյուրանոցներում գիշերը լողալ արգելվում է։ Խորհուրդ չի տրվում անվճար երթևեկությունից, էքսկուրսիաներից, անծանոթ մարդկանց կողմից առաջարկվող սննդից և խմիչքից օգտվելը (շատ հաճախ դա առաջարկում են տաքսու վարորդները)։ Տաքսի նստելուց առաջ անհարաժեշտ է ճշտել՝ տաքսու վարորդը Ձեզ ճիշտ է հասկացել, թե ոչ։ Անհրաժեշտ է հյուրանոցից քարտ վերցնել, որտեղ թաիլանդերենով գրված է հյուրանոցի հասցեն և երթևեկության ուղին (պատահում են վարորդներ, որոնք կարդալ չգիտեն)։ Երկրի ճանաչված որոշ առողջարաններում վերջերս սկսել են խնդիրներ առաջացնել բավականին ՙազատ՚ բարքերը. շուրջօրյա պարեր, թեթև թմրադեղերի օգտագործում, կասկածելի բաղադրությամբ սնունդ, մարմնավաճառներ, կեզծ մուրացկաններ, կասկածելի մերսման սրահները, որոնք հեղեղել են քաղաքների արևմտյան ափի առողջարանային քաղաքները։

Ծխելը[խմբագրել]

Թաիլանդի մայրաքաղաքի հասարակական վայրերում՝ հիվանդանոցներում, դպրոցներում, գրասենյակներում, հասարակական տրանսպորտում, առևտրի կենտրոններում, ռեստորաններում, զբոսայգիներում և մարզահրապարակներում ծխելը արգելվում է։ Օրենքը խախտողները կարող են մինչև 2000 բատ տուգանքի ենթարկվել (մոտավոր 45 ԱՄՆ դոլար)։ Մուսուլմանները պլանավորում են Այուտհայեի 60 իսլամական տաճարների շրջանը ՙհակածխախոտային գոտի՚ հայտարարել։

Թեյավճար[խմբագրել]

Թեյավճարը ընդունված է միայն զբոսաշրջային վայրերում։ Բեռնակիրներին տալիս են 5-10 բատ, տաքսու վարորդներին (կլորացնում են հաշվիչի գումարը՝ 5-10 բատ), և ուղեկցորդներին, ինչպես նաև հյուրանոցների աշխատողներին (սպասավորուհիներին 10-20 բատ 1 օրվա համար)։ Ռեստորաններում սպասարկման վճարը հաշվի մեջ առանձին տողով է նշված։ Այլ վայրերում, որտեղ թեյավճարը հաշվի մեջ առանձին տողով նշված չի, այն կազմում է 10%։

Հագուստ[խմբագրել]

Տղամարդկանց և կանանց թույլ է տրվում կիսատաբատներ կրել միայն լողափում և հյուրանոցում։ Յուրաքանչյուր տուն, առավել ևս տաճար մտնելու համար անհրաժեշտ է կոշիկները հանել։ Մի քանի տաճարներ կարելի է մտնել դիմացի հատվածը փակ կոշիկներով։ Հասարակական վայրեր այցելելու ժամանակ, առավել ևս տաճարներ, տաբատների և կիսաշրջազգեստների երկարությունը պետք է բավականին երկար լինի (փակի կոճերը)։

Օգտակար հեռախոսահամարներ զբոսաշրջիկների համար[խմբագրել]

Զբոսաշրջիկների համար ոստիկանության բաժին (062) 221-06, 221-10 և 16-99։ Շտապ օգնություն՝ (062) 281-15-44, 281-11-99։

Արտաքին հղումներ[խմբագրել]

encyclopedia.am կայքում