Սխտոր
Սխտորը (Allium sativum) միամյա, վեգետատիվ ճանապարհով բազմացող բանջարային մշակաբույս է, որի մշակովի տեսակները լայն տարածում ունեն սննդի, երշիկի ու պահածոների արդյունաբերության և ժողովրդական բժշկության մեջ: Օգտագործվում է թարմ վիճակում ծանրամարս կերակուրների հետ որպես համեմունք, թթուների ու պահածոների մեջ` որպես յուրահատուկ համ ու բույր տվող համեմունք, և երշիկի արդյունաբերության մեջ` որպես հականեխիչ ազդեցություն ունեցող նյութ:
Սխտորի հյութի ֆիտոցիդներն ունեն առավել ուժեղ բակտերիասպան հատկություն, քան սոխինը: Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է եղել որպես տարափոխիկ հիվանդությունների հարուցիչների ոչնչացնող և համաճարակային հիվանդություններից պաշտպանվելու միջոց:
Սխտորի քիմիական կազմը կախված է դրա տեսակից, մշակման վայրից ու ագրոտեխնիկայից: Սխտորի քիմիական կազմի մեջ մընում են 64,66% ջուր, 35,34% չոր նյութ (ընդ որւոմ` ածխաջրեր-26,31%, սպիտակուցներ-6,67%, ճարպ-0,06%, թաղանթանյութ-0,77%) և 1,44% մոխիր: Սխտորն հարուստ է նաև C վիտամինով: Հանքային տարրերից սխտորը պարունակում է կալցիում, մագնեզիում, մոլիբդեն, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծումբ, քլոր և անագ:
Ունի բարձր կալորիականություն. մեկ կիլոգրամը տալիս է 1300 կալորիա էներգիա: