Դիֆթերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիֆթերիան բնորոշվում է փքված պարանոցով

Դիֆթերիա (հուն.՝ διφθέρτον), սուր վարակիչ, համաճարակային հիվանդություն։ Բնորոշվում է հարուցիչի անցման տեղում բորբոքման և պինդ թաղանթային փառի առաջացումով, օրգանիզմի ծանր թունավորման երևույթներով։ Հարուցիչը Corynobacterium diphteriae ցուպիկն Է, որը հայտնաբերել է գերմանացի մանրէաբան Էդվին Կլեբսը 1883 թվականին, իսկ մաքուր կուլտուրան անջատել է գերմանացի Ֆ. Լյոֆլերը։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ բացիլակիրը։ Դիֆթերիայի ցուպիկներն արտազատվում են լորձի կաթիլների միջոցով՝ խոսելիս, հազալիս, փռշտալիս։

Տարածումը[խմբագրել]

Վարակն օրգանիզմ է թափանցում բկանցքի, քթի լորձաթաղանթների և վերին շնչառական ուղիների, հազվադեպ՝ աչքի շաղկապենու, վնասված մաշկի, երբեմն՝ սննդի, զանազան առարկաների, հագուստների, խաղալիքների, գրքերի միջոցով։ Ընկնելով օրգանիզմ (լորձաթաղանթների կամ մաշկի մեջ)՝ հարուցիչն արտադրում է Էքսոտոքսին, որն առաջացնում է Էպիթելային հյուսվածքի մեռուկացում, արյան անոթների ախտահարում՝ ֆիբրինային ցանցի քայքայում և դիֆթերիային փառ։

Հիվանդության փուկերը[խմբագրել]

Հիվանդության գաղտնի շրջանը երկուսից տաս օր Է։ Ըստ պրոցեսի տեղակայման լինում են՝ բկանցքի, շնչառական ուղիների, քթի, աչքի, ականջի, արտաքին սեռական օրգանների, մաշկի, պորտի վերքերի դիֆթերիա։ Բկանցքի դիֆթերիան հանդիպում է առավել հաճախ, տեղակայված (սահմանափակ) ձևի ժամանակ փառը ծածկում է նշագեղձերը, չանցնելով վերջիններիս սահմաններից, ավշային հանգույցները մեծանում են չափավոր, ջերմությունը բարձրանում է մինչև 38,5—39 °C։ Տարածուն ձևի դեպքում Փառը նշագեղձերից անցնում է քմային աղեղների, լեզվի և ըմպանի լորձաթաղանթների վրա։ Նկատվում է օրգանիզմի ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, գլխացավ։

Ձևերը[խմբագրել]

Dirty white pseudomembrane classically seen in diptheria 2013-07-06 11-07.jpg

Բկանցքի դիֆթերիա[խմբագրել]

Բկանցքի դիֆթերիայի թունավոր ձևը բնորոշվում է բկանցքի լայնատարած ախտահարումով։ Նշագեղձերը այտուցվում են, մակերեսը պատվում է հաստ, կեղտոտ սպիտակավուն փառով։ Պրոցեսը կարող է տարածվել քիթ-ըմպանի և քթի խոռոչի մեջ։ Թունավորման նշանները արագ զարգանում են, խանգարվում է սրտի ռիթմիկ աշխատանքը, դժվարանում կլլումը և շնչառությունը։ Սուր շրջանում, սրտամկանի ախտահարման հետևանքով առաջանում է քթային արյունահոսություն, որովայնի ցավեր, փորլուծություն, սրտի գործունեության հանկարծակի անկում (կոլապս

Շնչառական ուղիների դիֆթերիա[խմբագրել]

Շնչառական ուղիների դիֆթերիա, կոկորդի և շնչափողի ախտահարման ժամանակ Փառի, այտուցի, ինֆիլտրացիայի, կոկորդի մկանների սպազմի առաջացման հետևանքով նեղանում է կոկորդի լուսանցքը, խանգարվում շնչառությունը (դիֆթերիային կրուպ)։ Վերջինս բնորոշվում է «հաչոցանման» հազով, խռպոտ ձայնով (երբեմն լրիվ անձայնությամբ), շնչառման խիստ դժվարությամբ։ Ժամանակին բուժօգնություն ցույց չտալու դեպքում հիվանդը կարող է շնչահեղձ լինել։ Պրոցեսը բրոնխների վրա տեղակայվելու դեպքում առաջանում է դիֆթերիայի առավել ծանր՝ տարածուն կրուպ ձևը։

Քթի դիֆթերիա[խմբագրել]

Քթի դիֆթերիայով հիվանդանում են փոքրահասակ երեխաները։ Թունավորման երևույթներ սովորաբար չեն նկատվում։ Առաջանում է միակողմանի հարբուխ՝ երկարատև արյունային արտադրության հակումով։

A diphtheria skin lesion on the leg. PHIL 1941 lores.jpg

Դիֆթերիայի այլ տեսակներ[խմբագրել]

Աչքի, ականջի, արտաքին սեռական օրգանների, ստամոքս-աղիքային համակարգի, մաշկի, վերքերի և պորտի դիֆթերիայի ժամանակակից բժշկության պրակտիկայում գրեթե չի հանդիպում։

Դիֆթերիայի բարդությունները[խմբագրել]

Դիֆթերիայի բարդությունները մեծ մասամբ առաջանում են թունավոր ձևի և հիմնականում՝ շիճուկաբուժումն ուշացնելիս։ Կոլապսն առաջանում է հիվանդության երկուսից չորրորդ, սրտամկանի բորբոքումը՝ հինգից վեցերորդ օրը։ Երբեմն առաջանում են ծայրամասային և գլխուղեղային նյարդերի լուծանքներ, տոքսիկական նեֆրոզ, դիֆթերիային կրուպի ժամանակ՝ թոքաբորբ։

Լոնդոն, 1941

Բուժում[խմբագրել]

Հակատոքսիկ-հակադիֆթերիային շիճուկի վաղ սրսկումներ, հակաբակտեբիային դեղամիջոցներ։ Շնչառության խիստ խանգարման և թթվածնային անբավարարության դեպքում՝ շուտափույթ վիրահատություն (շնչափողահատում

Կանխարգելում[խմբագրել]

Հակադիֆթերիային վակցինայով ակտիվ իմունացում։ Վերոհիշյալ միջոցառումը ԽՍՀՄ-ում հինգից վեց ամսականից մինչև տասերկու տարեկան երեխաների համար պարտադիր է։ Կատարվում է մեկ վակցինացում և երեք ռեվակցինացում մաքրված-ադսորբցված անատոքսինով (AKDC), որը պարունակում է դիֆթերիայի, կապույտ հազի և փայտացման վակցինաներ։ Հիվանդի վաղ հայտնաբերում և հոսպիտալացում, բնակարանի վարակազերծում, հիվանդի հետ շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողություն և բազմակի բակտերիալոգիտկան հետազոտություն յոթ օրվա ընթացքում։ Երեխաներին այդ օրերին խստիվ արգելում են մանկական հիմնարկություններ հաճախելը, օրգանիզմի զգայնության վիճակը՝ դիֆթերիայի նկատմամբ ստուգում Շիկի ռեակցիայով (կոչվում է ավստրիացի բժիշկ Բ․ Շիկի անունով)։

Գրականություն[խմբագրել]

  • Алексанян А․ Б․, Дифтерия, М․, 1957։
  • Титова А․ И․ и Флек- сер С․ Я․, Дифтерия, М․, 1967։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png