Ապահովագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապահովագրությունը մարդկանց միջև առաջացող հասարակական տնտեսական հարաբերությունների հատուկ կատեգորիա է, որն արտադրական հարաբերությունների անբաժանելի մասն է: Այն իրենից ներկայացնում է հասարակական վերարտադրության համակարգում տնտեսական հարաբերությունների օբյեկտիվ ու անհրաժեշտ տարր: Ապահովագրությունը բոլոր տնտեսվարական սուբյեկտներին տրամադրում է անհրաժեշտ երաշխիքներ` փոխհատուցելու տարբեր պատահականություններով պայմանավորված կորուստները:
Ապահովագրությունը չի նվազեցնում պատահարը տեղի ունենալու հավանականությունը, սակայն թեթևացնում է պատահարը տեղի ունենալու արդյունքում հնարավոր ֆինանսական ծախսերի բեռը: Կարելի է ասել, որ ապահովագրությունը իրենից ներկայացնում է ապահովագրված անձի համար անցանկալի և անկանխատեսելի դեպքերի հետևանքով առաջացող մեծ ծախսերից ազատվելու միջոց` ապահովագրական ընկերության կողմից դրանց փոխհատուցման հաշվին:

Բովանդակություն

Ապահովագրման զարգացման պատմությունը [խմբագրել]

Ապահովագրական հարաբերությունները հայտնի են դեռևս միջին դարերից: Առաջին ապահովագրական պայմանագիրը կնքվել է 1347 թվակակնին, իսկ առաջին կյանքի ապահովագրության գծով գրավոր պայմանագիրը կնքվել է Անգլիայում` XVI դարում: Պատմականորեն առաջանալով վնասների փոխհատուցման անհրաժեշտությունից` ապահովագրությունն իր զարգացման տևական ընթացքում կրել է էական փոփոխություններ և այժմ տարածվում է բազմաթիվ դեպքերի վրա: Ապահովագրությունը ծագել ու զարգացել է մարդկանց զանազան պատահականություններից ապահովագրելու անհրաժեշտությունից ելնելով: Դրանց իրացման գործընթացում առաջանում են տնտեսական առանձնահատուկ հարաբերություններ, որոնք կապվում են արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման հետ: Ապահովագրությունը ծագել է դեռևս նախնադարյան համայնական հասարակարգի վերջին շրջանում և աստիճանաբար դարձել է մարդկային կենսագործունեության, հասարակական արտադրության անքակտելի տարրը: Այսպես, ստրկատիրական ժամանակաշրջանում ստրկատերերն ապահովագրությունն օգտագործում էին որպես իրենց գույքի և ստրուկների պաշտպանության միջոց բնական աղետներից, գողություններից և այլ անկանխատեսելի դեպքերից:

Ապրանքադրամային հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, բնեղեն ապահովագրությունն իր տեղը զիջել է դրամական տեսքով ապահովագրությանը, որը հնարավորություն էր ստեղծում դրամական ձևով ստեղծելու և բաշխելու ապահովագրական պաշարը: Նման պաշարները, որպես ապահովագրական հիմնադրամ, հնարավոր էր ձևավորել նաև մինչև ապահովագրական պատահարի տեղի ունենալը: Մասնակիցները, վնասի փոխհատուցման անհրաժեշտությունից ելնելով, ապահովագրական վճարների տեսքով լրացուցիչ դրամական միջոցներ էին հավաքագրում: Դրամական ձևով վնասի բաշխումը էականորեն ընդլայնել ու պարզեցրել է ապահովագրության հնարավորությունները: Ապահովագրությունը վեր է ածվել համընդհանուր ունիվերսալ միջոցի` ապահովագրավճարներից ձևավորված դրամական ֆոնդերի հաշվին ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքային շահերի պաշտպանության համար: Այսինքն, ապահովագրության տնտեսական էությունը կայանում է նրանում, որ ապահովագրողների կողմից ձևավորված ապահովագրական ֆոնդերը նախատեսվում են ապահովագրական պատահարի դեպքում ապահովադիրներին փոխհատուցման վճարումներ կատարելու համար:

Ապահովագրության հիմնական հասկացությունները [խմբագրել]

Ապահովագրողը ապահովագրական ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը:

Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է:

Ապահովագրված անձն այն անձն է, որի համար կնքվում է ապահովագրական պայմանագիրը և որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումն է հանդիսանում ապահովագրության պայմանագրի առարկան:

Շահառուն ապահովագրական պայմանագրով նախատեսված այն անձն է, որն իրավունք ունի ստանալու ապահովագրական հատուցում, երբ տեղի է պայմանագրով նախատեսված դեպքը: Որպես կանոն ապահովագրված անձը կամ ապահովադիրն է հանդիսանում շահառու, և հազվագյուտ դեպքերում՝ երրորդ անձը:

Ապահովագրության օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:

Ապահովագրական ռիսկն առաջանալու որոշակի հավանականությամբ և պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:

Ապահովագրական գումարն ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:

Ապահովագրավճարն ապահովագրության պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:

Ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:

Ապահովագրական uակագինը uահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափն է:

Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:

Չհատուցվող գումարը ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մաuնակցության չափն է վնաuի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոuի տեսքով: Չհատուցվող գումարի տեսակներն են` 1) պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաuտացի վնաuների կամ կորուuտների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեuված չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը. 2) ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:

Ապահովագրության տեսակները [խմբագրել]

Ապահովագրության տեսակները բազմազան են, բազամազան են նաև իրադարձությունները, որոնցից ապահովագրված անձը կարող է ապահովագրվել: Ստորև բերված են ապահովագրության այն տեսակները, որոնք ամենահաճախն են հանդիպում:

  1. Ավտոմեքենայի, տան, փոխադրվող բեռի կամ այլ գույքի ապահովագրություն՝ հրդեհից, պայթյունից, գողությունից, փոթորիկից, հողի սողանքից կամ այլ պատահարներից
  2. Գյուղատնտեսական բերքի կամ անասունների ապահովագորւթյուն՝ կարկտահարոթւյունից, ցրտահարությունից, երաշտից, համաճարակից, ջրհեղեղից և այլ բնական աղետներից
  • Պատասխանատվության ապահովագրություն, մարդիկ կարող են պատասխանատու լինել երրորդ անձին անզգույշ կամ ոչ միտումնավոր կերպով կատարված գործողությունենրի արդյունքում պատճառված վնասների համար: Օրինակ, մեքենայի օգտագործման արդյունքում վնաս է պատճառվել ուղևորին կամ երրորդ անձին:
  1. Պաշտպանության վկայագրերը ուղղված են ապահովադրի վաղաժամկետ մահվան դեպքում մահացածի ընտանիքին եկամուտների ապահովմանը: Սա կոչվում է նաև մահվան ապահովագրություն:
  2. Խնայողության վկայագրերը ուղղված են մարդու կյանքում որոշ իրադարձություններին նախապատրաստվելուն: Օրինակ, երեխայի ծնունդին, ամուսնությանը, կամ կենսաթոշակին


Ապահովագրությունը կարող է լինել`

  • կամավոր ապահովագրություն
  • պարտադիր ապահովագրություն

Կամավոր ապահովագրությունը ապահովադիրի կամավոր ցանկությամբ ապահովագրական ընկերության հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է, իսկ պարտադիր ապահովագրությունը ապահովադիրի կամքից անկախ` oրենքով սահմանված պահանջն է ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու վերաբերյալ:


Դիտեք նաև [խմբագրել]