Օֆելյա Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օֆելյա Համբարձումյան
Ծնվել էհունվարի 9, 1925(1925-01-09)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհունիսի 13, 2016(2016-06-13)[3] (91 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ[1]
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[1]
և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
 Ofelya Hambardzumyan Վիքիպահեստում

Օֆելյա Կարապետի Համբարձումյան (հունվարի 9, 1925(1925-01-09)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 13, 2016(2016-06-13)[3], Երևան, Հայաստան[4]), հայ երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1959)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օֆելյա Համբարձումյանի շիրմաքար-հուշարձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
Օֆելյա Համբարձումյանին և Նորայր Հովհաննիսյանին նվիրված հուշատախտակ Երևանի Մաշտոցի պողոտայում

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականին Երևանում։ Վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին՝ իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։ Շնորհալի դպրոցականին առաջիններից նկատել է Միքայել Չաղալյանը, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, ապա հորդորել է ստանալ երաժշտական կրթություն։ Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (Հ. Մուսինյանի դասարան)[6], ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 1944 թվականից եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։

Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ՝ իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլոր երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենը իր «Էլինար» պոեմը գրել է Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ են կատարել «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնացել է անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը։

Օֆելյա Համբարձումյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում

Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ21-րդ դարում բեմում այլևս հանդես չի եկել։

Ֆիլմեր Օֆելյա Համբարձումյանի մասնակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վավերագրական ֆիլմ։ Սոխակներ։ 1974 թ., Երևան ստուդիա։
  • «Երգում է Օֆելյա Համբարձումյանը»։ 1985 թ., «Երևան» ստուդիա / կինոհամերգ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2016 թվականի հունիսի 13-ին, 91 տարեկան հասակում[4]։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 611.
  3. 3,0 3,1 3,2 Կյանքից հեռացել է երգչուհի Օֆելյա Համբարձումյանը
  4. 4,0 4,1 «Մահացել է Օֆելյա Համբարձումյանը». Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  5. Վիոլետա Ադոյան (1979 թ). «Սիրված երգչուհին». Սովետական Հայաստան. Թիվ 3: էջ 8.
  6. «Օֆելյա Համբարձումյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  7. «Օֆելյա Համբարձումյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  8. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օֆելյա Համբարձումյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օֆելյա Համբարձումյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 110
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։