Համլետ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Խաչատրյան
Ի ծնեՀամլետ Արմենակի Խաչատրյան
Ծնվել էմարտի 25, 1951(1951-03-25)
ԾննդավայրԵղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2017
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ

Համլետ Արմենակի Խաչատրյան (մարտի 25, 1951(1951-03-25), Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2017[1]), հայ ճարտարապետ, դասախոս։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1973-1980 թվականներին եղել է Հայշինճարտ գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1980 թվականին Լայպցիգի միջազգային տոնավաճառի հայկական տաղավարի գլխավոր ճարտարապետ,1980-1984 թվականներին՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության նախագծային ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1984-1988 թվականներին նույն վարչության «Արագածոտն» արվեստանոցի գլխավոր ճարտարապետ, տնօրեն։ 1989 թվականին Հայպետնախագիծ ինստիտուտում Սպիտակ քաղաքի նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1990-1992 թվականներին Ճարտարապետների միջազգային ակադեմիայի արվեստանոցի վարիչ (IAA, Սոֆիա, Բուլղարիա)։ 1993-1995 թվականներին IAA-ի Ուկրաինայի մասնաճյուղի գլխավոր ճարտարապետ (Կիև)։ 1996-1997 թվականներին եղել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետը[2]։ 1998 թվականից դասախոսել է ԵՊՃՇՀ-ում։ 1998-2000 թվականներին` եղել է Երևանի գլխավոր ճարտարապետ[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմել է Պարույր Սևակ գյուղի (Արարատի մարզ) գլխավոր հատակագիծը (1980), Նոր Սպիտակի գլխավոր հատակագիծն ու մանրամասն հատակագծման (1989) նախագծերը։

Խաչատրյանի նախագծերով Երևանում իրականացվել են «Երևան» հյուրանոցի (1999-2000), Արարատյան թեմի առաջնորդարանի (1980-1981), Շուշիում՝ «Խանի աղջկա պալատի» (2002) վերակառուցումները, Ժնևում՝ «Ֆրանկ Մյուլլեր» կենտրոնի համալիրի գլխավոր հատակագիծն ու կառուցապատումը (2004), կառուցվել Գառնիի ամրոցի (1982), Գլաձորի համալսարանի (1984, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1985) թանգարանները, Աշտարակում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին (1985), երկրաշարժի զոհերի հուշարձանը Բելգրադում (1990) և այլն։

Ձևավորել է «Լայպցիգ-80» միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973-1980 թվականներին Հանրապետական միութենական տասնյակ մրցույթների մրցանակակիր
  • 1981 թվականին «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակի դափնեկիր
  • 1985 թվականին ՀԼԿԵՄ-ի դափնեկիր։ Երիտասարդության համաշխարհային մոսկովյան փառատոնի դափնեկիր
  • 1991 թվականին Ճարտարապետների միջազգային բիենալեի (INTERARCH-91) «Մեծ արծաթե» մեդալի մեդալակիր
  • Երևանի հյուսիսային մուտքի համալիրի նախագիծ-մրցույթ, առաջին մրցանակ
Նախորդող
Արթուր Մեսչյան
Երևանի գլխավոր ճարտարապետ
Համլետ Խաչատրյան

1998-2000
Հաջորդող
Նարեկ Սարգսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը». hraparak.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Խաչատրյան Համլետ Արմենակի».
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.