Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, 0023, Երևան, Արշակունյաց պող., 28 շենք0023
Հիմնադրվել է2015
ՏնօրենՆիկոլայ Կոստանդյան
Կայքkomitasmuseum.am
Քարտեզ
Քարտեզ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։ Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը։ Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է։ Ցուցադրության հեղինակը և համադրողը Վարդան Կարապետյանն է, նկարիչ-ձևավորողը՝ Ալբերտո Տորսելլոն։ Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեն։ Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները[1]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2015 թ. հունվարիի 25-ի ՀՀ Կառավարության որոշմամբ՝ որպես «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն[2]։

Կառուցվել է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի հիման վրա։ Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները։ Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին[3]։

Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից։

Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։ Ցուցադրության հեղինակն ու համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն։ Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) (անգլ.՝ The International Council of Museums (ICOM)) Հայաստանի ազգային կոմիտեն։

Սրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտասի ստորագրությունը
Կոմիտասի գրչակալը (նվեր երկրպագուներից, 1908)։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․ Ս․ Օ․ Տ․Տ․ Գարեգին Բ-ի նվերը Կոմիտասի թանգարան-ինստիտուտին
  • Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն» սրահում ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը և Կոմիտասի կյանքի համառոտ ժամանակագրությունը, որին զուգահեռ տրված է նաև եվրոպական երաժշտական մշակույթի տարեգրությունը։
  • Երկրորդ սրահ՝ «Կոմիտասը և իր ժամանակակիցները» սրահում քարտեզագրված են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Կոմիտասը, և ցուցադրված այն անձանց լուսանկարները, որոնք ժամանակի գիտական միտքն ու հոգևոր արժեքները կրող անհատականություններ էին և իրենց կարևոր դերն են ունեցել արվեստագետի կյանքի տարբեր ժամանակափուլերում։
  • Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը» սրահում ներկայացված են Կոմիտասի աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները։
  • Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում գեղանկարչական գործերի և այլ նմուշների միջոցով պատկերված է այն միջավայրը, որտեղ ձևավորվում է երաժշտական ֆոլկլորը և դրա գրառման ընթացքը։
  • Հինգերորդ սրահ՝«Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահը ներկայացնում է Կոմիտասի ստեղծագործական կերպարը։ Ցուցադրված են նրա ստեղծագործության ձեռագիր և հրատարակված նմուշներ, «Անուշ» օպերայի նախագիծը և այլն։
  • Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը» սրահում ներկայացված է Կոմիտասի հոգևոր ժանրի ստեղծագործությունները և էջեր հայ եկեղեցական երաժշտությանը նվիրված ուսումնասիրություններից։
  • Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացված է մեծ երգահանի, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները և նրանց ազդագրերը, ծրագրերը, տոմսերը և այլն, որոնցով հանդես է եկել Փարիզում, Լոզանում, Ալեքսանդրիայում, Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում և այլուր։
  • «Կոմիտասից հետո» սրահում, որտեղ և գրաֆիկայի միջոցով։
  • Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո». այստեղ Կոմիտասի կերպարը ցուցադրված է քանդակագործության միջոցով, նաև շարժանկարի ժապավենի նման անցնում է Կոմիտասի կյանքը։ Կյանքն անցավ, բայց գործը մնաց…[4]

Թանգարանի մշտական ցուցադրությունն ավարտվում է այս սրահով։

  • Ժամանակավոր ցուցադրությունների սրահում պարբերաբար կազմակերպվում են արվեստի տարբեր ճյուղերին առնչվող ցուցադրություններ (երաժշտություն, լուսանկարչություն, գեղանկարչություն, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ և այլն)[5][6][7][8][9][10]

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին։ Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն[11]։ Թանգարան-ինստիտուտի բացմանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Կոմիտաս Վարդապետի շիրիմին։ Բացման կապակցությամբ ՀՀ Նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է արել՝

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է։ Կոմիտաս վարդապետը միավորեց հոգևորը և աշխարհիկը, ազնվականը և գեղջկականը, արևմտահայկականը և արևելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ և բազում այլ բաժանարար գծերը։ Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով և մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ։ Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է համակարգված ուսումնասիրության և լայն տարածման առարկա դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ։ Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ քառուղիներում։ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի համար[3]։
- Սերժ Սարգսյան

Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն և համերգ[3]։

Գիտահետազոտական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գործող գիտահետազոտական կենտրոնը նպատակ ունի հանգամանորեն և համակարգված հետազոտել Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, Կոմիտասին վերաբերող արխիվային նյութերը։ Կարևորվում է հայ հոգևոր երաժշտության տարբեր ճյուղերի ու դպրոցների պատմական և տեսական խնդիրների ուսումնասիրությունը` ըստ Կոմիտասի գիտական սկզբունքների։

Գիտական աշխատանքներ են կատարվում հետևյալ ոլորտներում.

  • Կոմիտասի արխիվ
  • Կոմիտասի բանահավաքչական, երաժշտագիտական և ստեղծագործական ժառանգություն
  • Հայ հոգևոր երգարվեստի Ութձայն համակարգ
  • «Սասունցի Դավիթ» էպոսի երգվող հատվածներ և այլն[12]

Հրատարակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հրատարակում է գիտական աշխատություններ, ժամանակավոր ցուցադրությունների սրահում կազմակերպված ցուցադրությունների պատկերագրքեր և գիտական հոդվածների ժողովածուներ[12][13][14]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Ա, պատասխանատու խմբագիր՝ Տ. Շախկուլյան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարկչություն, 2016։
  2. Կոմիտասը և ավանդական երաժշտական մշակույթը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Բ, պատասխանատու խմբագիր՝ Տ. Շախկուլյան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2017։
  3. Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում, գիտական հոդվածներ և պատկերագիրք, պատասխանաու խմբագիր՝ Հ. Պիկիչյան, ցուցադրության համադրող՝ Ն. Խաչատուրեան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2017։
  4. Կուտինայի հայկական հախճապակու արվեստը, խմբագիր՝ Ն. Խաչատուրեան. Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2016։
  5. Ծառերի հիշողություն. Քեթրին Քուք, ցուցադրության պատկերագիրք, համադրող՝ Ն. Խաչատուրեան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2016։
  6. Գոյնէն անդին. Ռուբէն Նաճարեան, խմբագիր Ն. Խաչատուրեան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2017։
  7. Հասկաքաղ. Միհրան Թումաճան (1890-1973), ցուցադրության պատկերագիրք և գիտական հոդվածներ, ցուցադրության համադրող՝ Ն. Խաչատուրեան, խմբագիր՝ Գ. Ամիրաղյան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2018։

Երաժշտական գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից Կոմիտասի թանգարան-ինստիտուտում է գործում երաժշտական գրադարանը (նախկինում որպես առանձին կառույց՝ Երաժշտագիտական գրադարան)։ Այստեղ առկա է նոտային և երաժշտական-մասնագիտական բազմաժանր գրականություն, ինչպես նաև հայկական և համաշխարհային երաժշտության բազմաթիվ ձայնապնակներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տաթևիկ Շախկուլյան, «Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրումը քառորդդարյա պետությունում», Հայոց նորագույն պետականության քառորդ դարը, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, էջ 149-155
  2. «ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը 168 Ժամ առցանց լրատվական կայք
  4. Հայաստանի Հանրապետության Նախագահի կայքից․ Մամլո հաղորդագրություն
  5. «Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
  6. «Գոյնէն անդին». Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել
  7. «Ծառերի հիշողություն»
  8. «Հնչյուն և լռություն»
  9. «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը»
  10. «Գոյնէն անդին»
  11. Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը
  12. 12,0 12,1 Գիտահետազոտական կենտրոն
  13. «Կոմիտասը և ավանդական երաժշտական մշակույթը» տարեգրքի շնորհանես Կոմիտասի թանգարանում, Շողակաթ հ/ը
  14. [komitasmuseum.am/wp-content/uploads/2015/03/Տարեգիրք-Ա.pdf Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, Երևան, 2016]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]