Jump to content

Արշավիր Շիրակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշավիր Շիրակյան
արմտ. հայ.՝ Արշավիր Շիրակեան
Դիմանկար
Ծնվել է1900[1][2][3][…]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4]
Մահացել էապրիլի 12, 1973(1973-04-12)
Մահվան վայրՀաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանHackensack Cemetery
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրող և ակտիվիստ
ԿուսակցությունՀՅԴ
ԵրեխաներSonia Shirakian Blackwell?
 Arshavir Shirakian Վիքիպահեստում

Արշավիր Շիրակյան (1900[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] - ապրիլի 12, 1973(1973-04-12), Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ վրիժառու, ՀՅԴ անդամ։ Կամավոր կերպով ներգրավվել է Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքական ղեկավարների ահաբեկման գործին («Նեմեսիս» գործողություն)։ 1921 թվականին Հռոմում ահաբեկել է 1915 թվականին Օսմանյան կայսրության մեծ վեզիր (վարչապետ) Սայիդ Հալիմ փաշային։ 1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանի հետ ոչնչացրել է Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ 1923 թ. հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ ապրել ու գործել է մինչև մահը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավիր Շիրակյանն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցության շարքերը դեռևս պատանության տարիներին։ Արշավիրի ողջ ընտանիքը եղել է դաշնակցական։ Պոլսի իրենց տունը եղել է հայ գործիչների հավաքատեղին, որտեղ հաճախ հավաքվել են հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ՝ քննարկելու ստեղծված բարդ իրավիճակը, որոնց մասնակիցն է դարձել նաև պատանի Արշավիրը։ Առաջին աշխարհամարտի սկզբից Պոլսում ստեղծված ծանր ու լարված իրավիճակում հայ գործիչները նոր կոտորածների կասկածանքով զգուշորեն էին գործում։ Պատանի Արշավիրը իրենց տանը կատարվող գաղտնի հավաքների և քննարկումների ժամանակ հետախույզի դեր էր ստանձնում և ներկաներին փոխանցում իր հավաքած տեղեկությունները թուրքերի ծրագրերի մասին։ Շուտով համարձակ երիտասարդը կուսակցության առաջադրանքով լծվում է այլ պատասխանատու գործի և զենք-զինամթերք հայթայթում ու տեղավորում պահեստներում։

Փրկվելով թուրքական յաթաղանից՝ Արշավիր Շիրակյանն անդամագրվել է ՀՅԴ-ի ստեղծած «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին, որի նպատակն է եղել հայոց ցեղասպանություն իրականացնող դահիճների և հայ դավաճանների ահաբեկումը։

«Նեմեսիս» գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նեմեսիսի» պատասխանատու մարմնի որոշումով 1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը սպանում է Վահե Իհսանին։

Վրիժառուն Վահե Իհսանին հանդիպում է Թալաբաշ փողոցում։ Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է նրան, և նա փորձում է փախչել։ Սակայն հասնելով նրան՝ Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին։ Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում։

Դավաճանի ահաբեկումից հետո Արշավիր Շիրակյանը հեռանում է Պոլսից և 1920 թվականի ամռանը հայտնվում Երևանում։ Այստեղ նա մտերմանում է հայ ազատամարտի ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ, որի հանձնարարականով ծառայության է անցնում ՀՀ ոստիկանությունում։ Ռուբեն Տեր-Մինասյանն էլ կազմակերպում է երկու հայորդիների՝ Արշավիր Շիրակյանի և Արամ Երկանյանի բախտորոշ հանդիպումը իր բնակարանում, ովքեր կարևոր առաջադրանք ունենին։ Նրանք պետք է Բաքու ուղևորվեին և այնտեղ իրականացնեին Էնվեր և Խալիլ փաշաների գնդակահարությունը։ Սակայն Թիֆլիսում ձերբակալվում են վրացական ոստիկանության կողմից և բանտ նետվում։ Կուսակցական ընկերներին հաջողվում է կազմակերպել նրանց փախուստը, որից հետո երկու վրիժառուները Պատասխանատու մարմնից հանձնարարություն են ստանում անցնել Պոլիս և այնտեղ սպասել նոր առաջադրանքի։

Պոլսում Շիրակյանը երկար չի մնում։ Նա ուղևորվում է Հռոմ՝ իրականացնելու «Նեմեսիսի» հաջորդ առաջադրանքը՝ գնդակահարել երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշային, որը փախել և ապաստանել էր Հռոմում, որտեղ Արշավիրը հանդիպում է անգամ Էնվեր փաշային, բայց հանգամանքները բարենպաստ չեն լինում՝ իրականացնելու ոսոխի մահապատիժը։

Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը Սայիդ Հալիմն էր։ Նա որոշ ժամանակ զննում է Հալիմի կենցաղը և 1921 թվականի դեկտեմբերի 5-ին պատուհասում նրան։ Երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում վախից անշարժացած Սայիդ Հալիմի քունքին, ապա սառնասրտորեն գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում։ Սայիդ Հալիմի թիկնապահը վախեցած անգամ փորձ չի անում հակառակվել Արշավիրին։ Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս՝ սպասելով հետագա ցուցումների։

1922 թվականի փետրվարին Արշավիր Շիրակյանը Շահան Նաթալու, Արամ Երկանյանի և մի քանի այլ ընկերների հետ ժամանում է Բեռլին՝ պատուհասելու երիտթուրք պարագլուխ, «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության ստեղծող, «Թուրքիան՝ թուրքերին» կարգախոսի հեղինակ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի ջարդերի կազմակերպիչ Ջեմալ Ազմիին։

Խումբը հայտնաբերում է Ջեմալ Ազմիի բնակարանը և հետախուզում նրան։ Այս գործում «Նեմեսիսին» մեծ ծառայություն է մատուցում Մեհմեդ Ալի կեղծանունով թուրքերի շրջապատ սողոսկած վրիժառու հայորդին՝ Հրաչ Փափազյանը։ Նա հայտնում է «Նեմեսիսի» պարագլուխներին, որ թուրքերի հավաքատեղին հենց Ազմիի խանութն է։ Վրիժառուները որոշում են հավաքի ժամանակ ներխուժել խանութ և բոլորին սպանել այնտեղ։ Սակայն այս ծրագիրը ձախողվում է։ Բայց դա չի հուսահատեցնում Շիրակյանին ու իր ընկերներին, որոնք մշակում են վրիժառության երկրորդ ծրագիրը։ Վրիժառուները որոշում են գործողությունն ի կատար ածել մարտի 15-ին, երբ թուրքերը հավաքվելու էին Թալեաթի տանը՝ նշելու նրա սպանության տարելիցը։ Ծրագրի համաձայն՝ այդ օրը պիտի իսկական «տոն» դառնար թուրք ոճրագործների համար։ Սակայն այս պլանը նույնպես ձախողվում է, ինչը հուսահատեցնում է Շահան Նաթալիին, որը ցանկանում է անգամ չեղյալ համարել գործողությունն այդ փուլում։

1922 թվականի ապրիլի 17-ին թուրք հասարակության սերուցքը խնջույքի էր հավաքվել Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի բեյի տանը։ Կեսգիշերից առաջ խնջույքն ավարտվում է, և թուրքերը խմբերով հեռանում են հյուրընկալի տնից։ Նրանց մեջ էին Թալեաթի կինը՝ Հայրիե Թալեաթը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին՝ իրենց կանանցով և երեխաներով, մի խումբ թիկնապահներ։ Հետևի կողմից մոտենալով խմբին՝ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը հարձակվում են նրանց վրա։ Արշավիրը, հայտնվելով Ջեմալի կողքին՝ մի կրակոցով գետին է տապալում նրան։ Մյուս կրակոցն ուղղված էր Բեհաէդդին Շաքիրին, սակայն այս անգամ Արշավիրը վրիպում է։ Արամ Երկանյանի կրակոցը վերջ է տալիս Բեհաէդդին Շաքիրի կյանքին։ Իրենց գործը ավարտած՝ հայ վրիժառուները հեռանում են Բեռլինից։

1922 թվականին Արշավիր Շիրակյանը ընտանիք է կազմում՝ ամուսնանալով սիրած աղջկա՝ Գայանե Ասլանյանի հետ։ Շուտով ՀՅԴ-ն փոխում է իր մարտավարությունը Թուրքիայի նկատմամբ, «Նեմեսիս» ծրագիրը կասեցվում է։ Անելիք չունենալով Եվրոպայում՝ Արշավիր Շիրակյանը 1923 թվականին ընտանիքով հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ գործում է մինչև կյանքի վերջը։ Հաստատվել է Նյու Յորքում, որտեղ զբաղվել է արևելյան գորգերի առևտրով[5][6]։

Հիշատակի հավերժացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավիր Շիրակյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. «Արշավիր Շիրակյան, հայ վրիժառու բազուկը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  6. «Արշավիր Շիրակյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]