Երևանի կոնյակի գործարան
Երևանի կոնյակի գործարան, Հայաստանի Հանրապետության ալկոհոլային խմիչքների առաջատար կազմակերպություն:
Բովանդակություն |
[խմբագրել] Անվանումը
1900 թվականին Փարիզի ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստացավ «Գրան-պրի» մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրեցին շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի, ինչպես ընդունված էր անվանել խաղողից ստացված այն բոլոր սպիրտային խմիչքները, որոնք չէին աճում Կոնյակ գավառում:
[խմբագրել] Պատմությունը
Երևանի Կոնյակի գործարանը կառուցվել է 1887 թվականին վաճառական Ներսես Թահիրյանի (Թաիրով) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում: 1899 թվականին վարձակալության է տալիս, իսկ 1900 թվականին վաճառում է ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: Ամենամեծ ճանաչումը հայկական կոնյակը ունեցավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին:
1948 թվականին Երևանի գինու-կոնյակի գործարանի (այդպես էր կոչվում նախկին շուստովյան գործարանը) վերակազմավորման արդյունքում առանձնացան Երևանի գինու կոմբինատը և Երևանի կոնյակի գործարանը:
1953 թվականին ավարտվում է նոր շենքի կառուցումը և տեղափոխությունը, Երևանի կոնյակի գործարանը լիովին առանձնանում է: 1953-1991 թվականներին Երևանի կոնյակի գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը: 1991 թվականից այդ մենաշնորհը վերացվեց:
Երևանի կոնյակի գործարանը 1998 թվականին սեփականաշնորհվեց և մտավ «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ: Գործարքի արժեքը 30 մլն. դոլար էր:
[խմբագրել] Մասնագետները
1940-1973 թվականներին Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգն էր Մարգար Սեդրակյանը: Նա ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է: Ստեղծել է կոնյակներ`
- «Հոբելյանական» (ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը),
- «Դվին»,
- «Երևան»,
- «Նաիրի»,
- «Տոնական»,
- «Ախթամար»,
- «Արմենիա»,
- «40 տարի»,
- «50 տարի»:
1966 թվականին Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի պատրաստման մեծ վարպետ» պատվավոր կոչումը:
[խմբագրել] Հետաքրքիր
Հայկական կոնյակի սիրահարներից են բազմաթիվ ճանաչված մարդիկ, որոնց թվում էր Ուինսթոն Չերչիլը: Ստալինը անձանբ էր վերահսկում բրիտանական վարչապետի համար «Դվին» կոնյակի առաքման գործընթացը: Երբ արդեն ծերունի Չերչիլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց` «Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:
