Կասկադ համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասկադ համալիր
Տեսակկառույց և սանդուղք
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ԲԾՄ1020 մետր
Ճարտարապետական ոճար-դեկո
Բարձրություն78 մետր
ՇինանյութՏրավերտին
ՍեփականատերԵրևանի քաղաքապետարան
Կառուցման սկիզբ1976 թ.
Հիմնադրված է1980
Բացվածնոյեմբերի 17, 2009
ՃարտարապետԱլեքսանդր Թամանյան, Ջիմ Թորոսյան և Ասլան Մխիթարյան
Կառուցման ավարտ1988 թ.
Վերանորոգվել է2002-2009 թթ Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամի կողմից
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967 թ.)։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասկադ համալիրի աստիճանների թիվը 572 է[1]։ Բարձրությունը հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր։ Լայնությունը 50 մետր է։ Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր։ Վերին հարթակի բարձրությունը 118 մետր է։ Ընդհանուր թեքությունը 15 աստիճան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը Կասկադի բակում

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադի նախագծման պատվերն արվել էր 1972 թվականին։ Այն պետական պատվեր էր, որի իրականացման համար միջոցները հատկացվում էին կենտրոնից՝ Մոսկվայից։ Շինարարական աշխատանքները սկսվեցին խորհրդային իշխանության օրոք՝ 1976 թվականին[2]։

Համալիրը կառուցվել է տրավերտին տեսակի սպիտակ քարից, որը ներդաշնակորեն համադրվում է շրջակա միջավայրի հետ։ Նախագծելով Կասկադը հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ[2]։ Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր։ Այդ գաղափարը իրականություն դարձնելու համար օգտագործվեցին ճարտարապետական ամենատարբեր ձևեր և գեղարվեստական արտահայտչամիջոցներ։ Կասկադի կառուցման նպատակը ոչ միայն տարածքի բարեկարգումն էր, այլև այնպիսի համալիրի ստեղծումը, որն ունենար բազմաբնույթ կիրառություն։ Կասկադի թորոսյանական ընկալումն ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով. դրանք էին մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով[2]:Սրահները և ենթակառուցվածքները օգտագործվելու էին ցուցադրությունների և մշակութային տարբեր միջոցառումների համար։ Սկզբնական նախագիծը հետագայում ենթարկվեց մի շարք փոփոխությունների, էական փոփոխություններ կատարվեցին հատկապես 1980 թվականին։ Խորհրդային տարիներին Կասկադը պաշտոնական բացում չունեցավ, որովհետև սրահների ինտերյերներն անավարտ էին[2]։

Ջերարդ Գաֆէսճեանը Երևանում մասնակցում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական բացմանը, նոյեմբերի 8, 2009թ․

Կասկադ համալիրի շինարարութունը դադարեցվեց 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ՝ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք։ Ամերիկահայ մեծ գործարար և բարեգործ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը (1925-2013), համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002 թվականին նախաձեռնեց Կասկադի վերականգնումը։ Գաֆեսճէանի նախաձեռնությամբ՝ Կասկադի կառուցումը նորից կյանք առավ։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր բարերար՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը։ 2009 թվականին նոյեմբերի 8-ի պաշտոնական բացումով Կասկադ համալիրը վերափոխվեց ժամանակակից արվեստի կենտրոնի։ Այժմ այստեղ է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը[3]։

Ջերարդ և Քլեո Գաֆէսճեանները կտրում են կարմիր ժապավենը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ, նոյեմբերի 8, 2009 թ․

Ներկայումս Կասկադը՝ ի դեմս Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, ծառայում է ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնս ներկայացնելու առաքելությամբ։ Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ՝ այդ թվում ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն, Երևան, XX դար, Երևան, «ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն», 2012, էջ 54 — 174 էջ, ISBN 978-99941-2-759-7։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ռիմա Դեմիրճյան, «Հիշատակ», Էդիտթ պրինտ, Երևան, 2018
  3. 3,0 3,1 ԳԱԿ-ի մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կասկադի պատմությունից
  • «Շրջակայքը: Կասկադ համալիր». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին.