Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան և Ավան վարչական շրջան
Մասն էԵկեղեցական համալիր Ավանի Սբ. Աստվածածին (Կաթողիկե, Ծիրանավոր)
Կազմված էՎիշապաքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՀիմնադիրՀովհան Բագարանցի
Կառուցման սկիզբVI դար
Կառուցման ավարտ602 թվական
Քարտեզ
Քարտեզ
 Tsiranavor church of Avan Վիքիպահեստում

Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի, խոնարհված հայ-քաղկեդոնական ուղղափառ մայր տաճար Երևանի Ավան համայնքի հյուսիսային մասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռիփսիմեատիպ, հնգագմբեթ տաճարը գտնվում է Ավան թաղամասի հյուսիսային մասում՝ կիսավեր վիճակում։ Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։

Ըստ Ճարտարապետներ Թորոս Թորամանյանի և Կ. Ղաֆադարյանի ուսումնասիրությունների՝ տաճարը կառուցվել է 6-րդ դարում։ Համալիրը բաղկացած է Կաթողիկե (Ծիրանավոր) եկեղեցուց, Ավանի Տաճարից և կաթողիկոսական պալատից։ Շրջակայքում պահպանվել են կոթողներ (5-6-րդ դդ.) ու արձանագիր խաչքարեր, (XIII-XVII դդ.) միջնադարյան գերեզմանոցի հետքեր։ Ավելի ուշ՝ 1938-1968 թթ. ընթացքում ամրակայման, մասնակի վերականգնման և բարեկարգման աշխատանքներ են կատարվել։ Հայտնաբերվել է Ամենայն Հայոց Եզր կաթողիկոսի երկլեզու (հայերեն և հունարեն) ծածկագիր արձանագրությունը (VII դարի 30-ական թթ.), որն Ավանում պահպանված գաղտնագրման առաջին օրինակն է։ Հայտնաբերվել է նաև Իվանե Զաքարյանի արձանագրությունը, որում ասվում է. «Ով տեր լինի այս տարածքին, թող հող և ջուր ավելացնի ավանցիներին»։

Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը։ VI դարավերջին պետականությունից զրկված Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Բյուզանդիան ցանկանում էր քաղեդոնականություն (երկբնություն) տարածելով իր տիրապետությունն ամրապնդել Հայաստանում։ Այդ նպատակով Մորիկ կայսեր հրամանով ստեղծվել էր Ավանի կաթողիկոսությունը՝ ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի հայոց հայրապետական աթոռի։ Ուստի այս տաճարում կաթողիկոս է ձեռնադրվել բյուզանդամետ Հովհան Բագարանցին (591-601 թթ)։ 602 թվականին պարսից Խոսրով Բ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել կաթողիկոսությունը։ Տաճարի խոնարհման ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն նույնպես ավերվել է 1679 թ. հունիսի 4-ի երկրաշարժից։ Պահպանվել են պատերը՝ արևելյան կողմից ցածր, մյուս ճակատներում զգալի բարձրությամբ։ Տաճարի մասնակի ամրացումը կատարվել է 1940 թ., հուշարձանների պահպանության պետական կոմիտեի կողմից՝ հուշարձանը հետազոտող Նիկոլայ Տոկարսկու ղեկավարությամբ։ 1968 թ բարեկարգվել է տաճարի տարածքը, իսկ 1978 թ պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը։ Տաճարը ներկայումս կիսավեր վիճակում է։

Համալիրի հիմնական կառույցը հայ միջնադարյան ճարտարապետության մեջ առաջին քառախորան, անկյունային խորշերով եկեղեցին է։ Այն կիսավեր է, պահպանվել են 2-2,5 մ բարձրությամբ պատերը։ Ունի երկու մուտք՝ արևմտյան շքամուտք և հարավային, որով եկեղեցին կապվել է կաթողիկոսական պալատի հետ։ Արևմտյան մուտքի վերևում՝ ներսից, իբրև բարավոր ագուցված է մի խոշոր վիշապաքար (մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ)։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև հորինվածքով եկեղեցին նաև արտաքին անկյունավոր խորշեր ունի։ Տաճարի չորս անկյուններում կառուցվել են նաև բոլորակաձև ավանդատներ, որոնց շնորհիվ կառույցի ներքնամասի հորինվածքը խաչաձև է դառնում։ Տաճարը միայն մեկ խոշոր գմբեթ է ունեցել։

Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի (Հատոր Ա, էջ 603)` Ավանի տաճարն իր ճարտարապետական հորինվածքով նման է Արամուսի Ծիրանավոր, Էջմիածնի Հռիփսիմե, Սիսիանի Ս. Հովհաննես, Գառնահովիտի Ս. Գևորգ, Այգեշատի Թարգմանչաց վանքերին։ Թվարկված վանքերից այն հնագույնն է։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.2/10