Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան

Վերածնված Հայաստան
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.3/10
Համայնք Արաբկիր
Գտնվում է Ազատության պողոտա (Երևան), Կասկադ համալիրի վերևում
Բարձրություն 65 մ
Ճարտարապետ(ներ) Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան
Հիմնադրում 1967
Նյութ բազալտ
Շինարարության ավարտ 1967
Ներկա վիճակ կանգուն



Վերածնված Հայաստան, նախկինում՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան, գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Ազատության պողոտայի սկզբնամասում՝ Կասկադ համալիրի վերևում։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1967 թվականին՝ որպես Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված խորհրդանիշ։ Օբելիսկի ընդհանուր բարձրությունը կազմում է 65 մ։ Ճարտարապետներն են Ջիմ Թորոսյանն ու Սարգիս Գուրզադյանը։

Սիմբոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

65 մետրանոց վեր խոյացող օբելիսկի 50 մետրը քառանկյուն հիմքով սյան հիմնական ծավալն է, որը և ներկայացնում է 50-ամյակը խորհրդանշող թիվը։ Այն վերջնամասում ավարտվում է թեթևակի ընդգծված երեք կամարաձև ելուստներով։ Կոթողի այսպիսի ավարտը կիրառվել է դեռևս ուրարտական ժամանակաշրջանում և խորհրդանշել է արքայական թագը։ Հնում այսպիսի կոթողների վրա էին արվում բոլոր պետական արձանագրությունները։ Հայտնի օրինակներից են հայկական միացյալ պետության հիմնադիր Արտաշես Ա-ի սահմանաքարերը՝ արամեերեն արձանագրությամբ։ Հաջորդ 15 մ բարձրություն կազմող ոճավորված սոսին, որը մեծ մասամբ ընկալվում է որպես ցորենի հասկ, անցյալում պատմամշակութային նշանակություն է ունեցել և Կենաց ծառ է խորհրդանշել։ Հետաքրքիր է, որ հուշարձանի համաչափական համակարգը բազմաթիվ նմանություններ ունի հայ միջնադարյան ճարտարապետության մեջ հայտնի գավազան-սյուների հետ։ Հետագայում ճարտարապետ Ջիմ Թորոսյանը փոքր մասշտաբով սպիտակ քարից նման մի կոթող կառուցեց հուշարձանի մոտ տանող Կասկադ համալիրի աջակողմյան հարթակներից մեկի վրա։ Սյան նիստերի եզրերին ներգծված են 4 մ տրամագծով հավերժության նշաններ։ Դրանք, ավելի փոքր չափերով, հանդիպում են նաև վերևում՝ աշտարակաձև թևերի վրա։ Հուշարձանի վրա գրված են Եղիշե Չարենցի տողերը՝ «Բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ», իսկ հյուսիսային կողմի վրա այբբենական թվարկման համակարգով փորագրված է կառուցման տարեթիվը՝ «ՌՋԿԷ»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիթ Ստեփանյան, «Հայերեն խոսող հուշարձաններ», հեղինակային հրատարակչություն, Երևան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան (Երևան)» հոդվածին։