Արտաշես Ա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արտաշես Ա Բարի (ծն. թ. Անհայտ– մ.թ.ա. մետ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում, Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադիր անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա–ի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը և Ծոփքը։ Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետության թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմին, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդ՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165–ին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնց կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքակաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։

Անձնական գործիքներ