Թորոս Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թորոս Ա (ծն.թ.անհայտ–1129), Կիլիկիայի Հայոց իշխան 1100–ից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մահմեդական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածներն Կնդռոսկավիս բերդը։ Թորոսը այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որը այնուհետև դարձել է արքունի դամբարան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png