Զարեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարեհ
Ծոփքի Արքա
Իշխանություն Մ.թ.ա. 190–մ.թ.ա. 175
Նախորդ Աբդիսարես
Տոհմ Երվանդունիներ
Հայր Շավարշ


Զարեհ (Զահրատ,Դարեհ; հուն.Ζαριαδρης, ծննդյան և մահվան թթ. անհտ.), Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ` մ.թ.ա. 202-ից, թագավոր` մ.թ.ա. 190-մ.թ.ա. 175-ին: Սերել է, հավանաբար, Ծոփք-Կոմմագենեի Երվանդունի արքայատոհմից: Հաջորդել է Ծոփքի Շավարշ-Քսերքսես թագավորին: Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորը մ.թ.ա. 3-րդ դարի վերջին նվաճելով Երվանդյան Հայաստանի տիրույթների զգալի մասը Կոմմագենեում, Ծոփքում և Մեծ Հայքում, Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ է կարգել Զարեհին: Հռոմի դեմ Մագնեսիայի ճակատամարտում (մ.թ.ա. 190) Անտիոքոսի պարտությունից հետո Զարեհը ապստամբել և Ծոփքը հռչակել է անկախ թագավորություն`դաշնակցային հարաբերություններ հաստատելով Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ի հետ:Զարեհը մասամբ իր թագավորությանն է միավորել Սելևկյանների միջամտությամբ տրոհված հայկական մերձեփրատյան հողերը: Զարեհի անունով և պատկերով հատվել է դրամ: