Մենուա
Մենուա, Մինուա (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ.թ.ա. 786)- Ուրարտուի թագավոր մոտ մ.թ.ա. 810 թվականից: Իշփուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը:
[խմբագրել] Գործունեությունը
Իշփուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Ուրարտուի սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին): Մենուայի միանձնյա թագավորության օրոք Ուրարտուն ապրել է ռազմաքաղաքական վերելք: Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի (Էրզրումի) դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ): Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ: Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները (որտեղ, Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը): Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Ուրարտուի դիրքերը հյուսիսում: Այնուհետև Մենուան ռազմական գործողություններ է ծավալել արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Ծուփանիում (Ծոփք), Ալզիում (Աղձնիք), անդրեփրատյան Մելիտեայում (Մալաթիա): Մենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց: Ոչ միայն Ուրարտուում, այլ Հին Արևելքում ուրույն տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ շուրջ 80 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Ուրարտուի մայրաքաղաք Տուշպային (Վան): Մենուան ջրանցքներ է անց-կացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում:
[խմբագրել] Գրականություն
- Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
- Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան 1972
- Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
- Марр Н. Я. и Орбели И. А., Археологическая экспедиция 1916 г. в Ван, Петербург 1922
- Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси 1954
- Арутюнян Н. В., Биайнили (Урарту), Ереван 1970
[խմբագրել] Տես նաև
| Նախորդող Իշփուինի |
Ուրարտական արքա Մենուա մ.թ.ա. 786-764 |
Հաջորդող Արգիշտի Ա |
