Արտամետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտամետ (այլ կիրառումներ)
Գյուղ
Արտամետ
թուրքերեն՝ Edremit
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՎանի գավառակ
Մակերես142 կմ2 կմ²
ԲԾՄ1650 մ մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն14․225[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այժմ՝ Քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3, ամառը UTC+4
Հեռախոսային կոդ432
Փոստային ինդեքս65170
Ավտոմոբիլային կոդ65
Պաշտոնական կայքvanedremit.bel.tr (թուրքերեն)
Արտամետ (Թուրքիա)##
Արտամետ (Թուրքիա)

Արտամետ (թուրքերեն՝ Edremit. քրդ.՝ Erdêmed), գյուղ Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Վանի գավառակում, ներկայում՝ քաղաք և շրջան Թուրքիաի Վանի մարզում։ Արտամետը գտնվում էր Վանա լճի հարավարևելյան ափին, Վան քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևմուտք։ Հիշատակվում է իբրև ավան, գյուղաքաղաք, քաղաք (իսկ նոր ժամանակներում՝ գյուղ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտամետի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներում։ Հեթանոսական շրջանում այն Անահիտ աստվածուհու (հունարեն՝ Արտեմիդա) անվան հետ կապված մեհենատեղի էր, որը քրիստոնեության ընդունումից հետո վերածվել էր եկեղեցու։ Արտամետի կառուցումը ավանդաբար վերագրում են Արտաշես Ա թագավորին (մ.թ.ա. II դար)։ Ըստ այդ ավանդության, Արտաշեսն այն կառուցել էր իր կնոջ՝ Սաթենիկի համար որպես ամառանոց քաղաք և ինքը Սաթենիկի հետ այդտեղ է անցկացրել մեղրամիսը։ Արտամետը մտնում էր Վասպուրական աշխարհի Տոսպ գավառի մեջ, մինչև VIII դարի վերջերը կազմելով Ռշտունիների տիրույթների բաղկացուցիչ մասը, իսկ դրանից հետո անցնում է Արծրունիներին։ Այն աննախընթաց զարգացում է ապրում Արծրունիների թագավորության օրոք՝ Х—ХI դարերում, սովորական բնակավայրից վերածվելով ֆեոդալական քաղաքի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծրունիների թագավորության շրջանում այն ուներ մոտ 10 հազար հայ բնակիչ։ Նոր ժամանակներում, մինչև առաջին համաշխարհային պատերազմը, թեպետ սովորույթի ուժով Արտամետը շարունակել են կոչել քաղաք, գյուղաքաղաք, բայց բնակչության թվով համեմատաբար փոքր բնակավայր էր. XIX դարի առաջին կեսում ուներ մոտ 500 տուն բնակիչ, որից 400 տունը՝ հայ, մնացածը թուրք, իսկ XX դարի սկզբներին թուրքերն ավելի մեծ թիվ էին կազմում. Վ. Մաևսկու տվյալներով, այդ ժամանակ գյուղաքաղաքի 600 բնակիչներից 400–ը թուրքեր էին, իսկ 200-ը՝ հայեր[2]։ Հայերը բնակվում էին քաղաքի բուն թաղում, իսկ թուրքերը հիմնականում շրջակայքի այգիներում։ Արտամետի բնակչության զբաղմունքի մեջ առանձնապես հայտնի էր այգեգործությունը։ Նրա շրջակայքում տարածվում էին մրգատու այգիներն ու ընկուզենիների պուրակները, որոնք ոռոգվում էին գյուղաքաղաքի հարավային մասով դեպի Վան գնացող Մենուայի ջրանցքի ջրերով։ Արտամետի հայ բնակչությունը 1895 թվականին կողոպտվել է թուրքերի կողմից։ 1915 թվականին նրանցից շատերը մասնակցել են Վանի հերոսամարտին և նահանջող ռուսական զորքերի ու հայ կամավորների ջոկատների հետ միասին գաղթել Արևելյան Հայաստանի զանազան շրջանները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտամետի բնակչության տնտեսության հիմնական ճյուղերը այգեգործությունն ու երկրագործությունն էին, որոնց հետ և սերտորեն կապված էին տեղական արհեստները։

Պատմամշակութային կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանից եկող և դեպի Ոստան ձգվող ճանապարհով Արտամետը բաժանված էր երկու թաղի՝ հայկական և թուրքական։ Դրանք երկուսն էլ գյուղական համայնապատկեր էին ներկայացնում, բայց հայկական թաղը համեմատաբար ավելի բարեկարգ էր, որի մեջ բարձր դիրքով առանձնանում էր ծովահայաց Սուրբ Աստվածածին եկեղեցին։

XX դարի սկզբին Արտամետի հայկական դպրոցը, որ գոյություն ուներ անցյալ դարից, տեղավորված էր երկհարկանի բարեկարգ շենքում։ Գյուղաքաղաքում 1870 թվականից գործում էր Արշակունյաց բարեգործական ընկերությունը, որը նպաստում էր նաև նրա մշակութային–կրթական գործի առաջադիմությանը։ XVI— XVII դարերում Արտամետում ընդօրինակվել են մի քանի ձեռագրեր։ Հայտնի է Ավետիս գրիչը, որ 1605 թվականին այստեղ գրել է մի Ավետարան։ Արտամետի Աստվածածին եկեղեցում ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը պահպանվում էր մի ձեռագիր Հայսմավուրք։

Քաղաքում պահպանվել են Արտաշես Ա–ին վերագրվող բերդի պարիսպների մնացորդները և հետագայում կառուցված չորս փառահեղ եկեղեցիների ավերակները, որոնք գտնվում են այգիներում։ Վերջիններից ամենահինը, հավանաբար, կառուցվել է XIII դարում։ Հայկական եկեղեցիներից բացի, այստեղ կար նաև հունական մի եկեղեցի։ Արտամետի հայ բնակչության այցելության մշտական վայրերից էին ս. Շմավոն, Թուխ Մանուկ և ս. Հակոբ ուխտավայրերը։ Արտամետի հարավային մասով անցնող Շամիրամի առվի պատերի վրա պահպանվել են ուրարտական մի քանի սեպագիր արձանագրություններ։ Դրանցից մեկը, որ ամենից ընդարձակն է և բաղկացած է 14 տողից, մի այլ արձանագրության հետ միասին գտել է ֆրանսիացի պրոֆեսոր Շուլցը։ Գյուղաքաղաքից մոտ 4 կիլոմետր հարավ-արևմուտք, դարձյալ Շամիրամի առվի երկու ափին, դեմ դիմաց կանգնած են երկու սրբատաշ մեծ քարեր, որոնց վրա նույնպես կան սեպագիր արձանագրություններ և որոնք նույնպես վերաբերում են Մենուա թագավորի ժամանակներին[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.yerelnet.org.tr/ilceler/ilce_belediye_koordinat.php?ilceid=199086
  2. Լինչ, Հայաստան, հ. 2-րդ, Պոլիս, 1914, էջ 130-138, В. Т. Маевский, Ванекий вилает, 1901, էջ 250.
  3. ՀՍՀ, հտ 2, էջ 133-134, Արտամետ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 133
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտամետ» հոդվածին։