Կենաց ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրարտուի hողմի և անձրևի աստված Թեյշեբան կենաց ծառի մոտ

Կենաց ծառ, առասպելական բույս դրախտում (երկնքում) աստվածներին ու արդարներին անմահություն պարգևելու համար։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատկերացման արմատները թաղված են հին ժամանակների խորքերում, նրանց դասական մշակումը, սակայն, տեղի է ունեցել նստակեցության, անասնապահության և մասնավորապես ոռոգվող երկրագործության շնորհիվ։ Կենաց ծառի գաղափարի մեջ ընդգրկվել են մարդկանց կենսափորձային իմաստությունները և հին պատկերացումները՝ բնության օրինաչափությունների վերաբերյալ։

Կենաց ծառը համարվում է հնագույն մարդու կրոնածիսական պատկերացումների առանցքային բաղադրիչներից մեկը։ Կենաց ծառի պաշտամունքը տարածված ամբողջ աշխարհում և ամեն մի միջավայրում կրում է տեղական առանձնահատկություններ։ Առանձին վայրերում սրբայնացվել են նաև ծառերի տարբեր տեսակներ[1]

Անհրաժեշտ է ավելի հանգամանալից կերպով ուսումնասիրել այն հնարավորությունները, որոնք հենվում են բույսերի ու ծառերի պաշտամունքի վրա։ Նախնադարյան մարդու համար իր շրջապատում ամեն ինչ թվում էր շնչավորված, կենդանացած, այս կանոնից բացառություն չէին կազմում նաև ծառերն ու բույսերն։ Նա հավատում էր որ այն ամենը, ինչն իրեն շրջապատում էր, իր նման շնչում էր խոսում, լսում և այլն։ Մարդիկ ոչ միայն հավատում էին, որ ծառերի ու բույսերի մեջ հոգիներ են բնակվում այլ նույնիսկ հավատում էին նրանց ստվերներին։ Միսսուրիի հովտում գտնվող հսկայական ծառի՝ բրգաձև բարդու ստվերին, տեղաբնիկները բանականություն էին վերագրում։ Հնդկացիները հավատում էին, որ պատշաճ վարվեցողության դեպքում ստվերը կարող է օգնել իրենց ձեռնարկներում։ Հնդկացիները իրենց հետ կատարված դժբախտությունները տեսնում են բրգանման բարդիների ստվերներին համապատասխան ուշադրություն չդարձնելու մեջ[2]։ Կտրականապես արգելվում էր այդ ծառերը կտրել, իսկ եթե նրանց հարկավոր էին մեծ գերաններ, ապա նրանք օգտվում էին արդեն տապալված ծառերից։ Վանիկա ցեղի բնակիչները հավատում էին որ որոշ ծառեր՝ հատկապես կոկոսի արմավենին, ունի իր հոգին, և նրան տրվում էին բնության մեջ մորը բնութագրելի հատկանիշներ։ Այդ արմավենին կտրելը մեծ հանցանք էր համարվում և նույնացվում էր մայրասպանության հետ։ Կենտրոնական Աֆրիկայի ժողովուրդները երկյուղով էին վերաբերվում բավոլի ծառատեսակին, որի հսկայական բները ապշեցուցիչ չափերի են հասնում։ Նրանք հավատում էին որ այս ծառերի մեջ ապրում են սրբազան հոգիներ (Աստծո կացարաններ), և նրանք, ովքեր կփորձեն վնասել այդ ծառերը, կարժանանան աստվածների նզովքին։

Մարդկանց անչափ կապվածությունը ծառերի հետ բերում է նրան, որ մարդը ծառը հաճախ տեղավորում է իր աշխարհընկալման հարացույցում։

Առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենաց ծառը աշխարհի կենտրոնը խորհրդանշող միֆոլոգեմ է։ Վերին և ստորին աշխարհների հակադրությունը թերևս ամենակարևորն է առասպելական հակադրություններում։ Կապը այդ աշխարհների միջև տարբեր կերպ է իրագործվում՝ երկինք հասնող նետեր, նիզակներ, թևավոր կենդանիներ, աստիճաններ, իսկ ամենատարածվածը և ունիվերսալը, որը հանդիպում ենք գրեթե հնագույն գրեթե բոլոր հասարակությունների առասպելներում՝ կենաց ծառն է։ Վերջինս հանդիպում է նաև «Պտղաբերության ծառ», «Իմաստության ծառ», իսկ ավելի ուշ արդեն «Մահվան», «Չարի», «Ստորերկրյա թագավորության ծառ» անուններով։

Ուղիղ կամ ձևափոխված տարբերակներով կենաց ծառն ի հայտ է գալիս նաև մի շարք ավանդույթներում՝ սկսած բրոնզի դարից (Եվրոպայում և Մերձավոր արևելքում) մինչև մեր օրերը։ Կենաց ծառի օգնությամբ առանձնացվում են տիեզերքի հիմնական գոտիները՝ վերին (երկնային թագավորություն), մեջտեղի (երկրային թագավորություն), ստորին (անդրշիրիմյան թագավորություն), ժամանակային պատկերացումների՝ անցյալ-ներկա-ապագա, ինչպես նաև մարմնի երեք մասերը՝ գլուխ, իրան, ոտքեր։ Կենաց ծառի ուղղահայաց բաժանման դեպքում առանձնացվում են ստորին (արմատներ), միջին (բուն) և վերին (սաղարթ) հատվածները։ Ուղղահայացում դիտարկվում է հակադրության (վերև-ներքև, երկիր-երկինք, երկիր-անդրաշխարհ), կրակ (չոր)-ջուր (խոնավ) և այլ համանման առասպելական կերպարներ, որտեղ նրանք գործում են[3]։

Կենաց ծառի եռամասնությունը երևում է բոլոր երևույթների՝ առավել ևս կենդանական աշխարհի նկարագրություններում. առասպելաբանական վերնամասին՝ ճյուղերին, համապատասխանում են թռչունները, միջնամասին՝ բնին, սմբակավորները, ստորին մասին՝ արմատներին, օձերը, գորտերը, մկները, ձկները, երբեմն նաև արջը։ Ոչ հաճախ ծիսական տեքստերում օգտագործվում են բնականից շուռ տված ծառի ձևը՝ կապված անդրաշխարհի հետ, որում բոլոր հարաբերությունները «շուռ տված են»՝ համեմատած վերին և միջին աշխարհների հետ (կենդանին դառնում է մահացած, տեսանելի՝ անտեսանելի և այլն)։

Կենաց ծառ, Բահրեյն

Մշակութային տարբեր պատկերացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենաց ծառի պատկերավորումները տարբեր մշակույթներում տարբեր են։ Այսպես, օրինակ՝ կենաց ծառը մեզ երբեմն ներկայանում է իբրև իսկական կյանքի պահապան և ճակատագրի տիրակալ։ Անկասկած, Միջին և Հյուսիսային Ասիայի ժողովրդների ժամանակակից տեսակը բավական չափով ազդված է հարավարևելյան ուժերից։ Յակուտների հավատալիքների համաձայն՝ «երկրի ոսկե պորտին» աճում է ծառ՝ ութ ճյուղերով. դա որոշակի նախնական դրախտն է, որքանով որ այնտեղ է ծնվել առաջին մարդը և կերակրվել կնոջ կաթով։

Համանման սյուժե մենք հանդիպում ենք հին Արևելքում, ինչպես նաև Հին Հնդկաստանում, որտեղ Յման՝ առաջին մարդը, ընտիր ծառի տակ խմում է աստվածների հետ, ինչպես նաև Իրանում՝ Յիման, կենաց ծառի վրա խոստանում է մարդկանց և կենդանիներին անմահություն։ Գոլդինները, դոլգանները և տունգուսները պատմում են, որ երեխաների հոգիները՝ մինչև ծնվելը, հանգստանում են տիեզերական ծառի ճյուղերին, որտեղ նրանց հետևից գալիս են շամանները[4]։

Կենաց ծառը հատուկ նշանակություն ունի շամանի համար. շամանը նրա փայտից պատրաստում է իր դահիրանը։ Բարձրանալով ծիսական կեչիի վրա՝ նա այդ ձևով գտնվում է կենաց ծառի ամենավերևում։ Տիեզերականուրեն կենաց ծառը վեր է ձգվում երկրի մեջտեղում՝ նրա «պորտի» վրա, իսկ նրա ճյուղերը դիպչում են Բաց Ուլգենի պալատին։ Ալբանական թաթարների առասպելում երկաթե լեռան գագաթին աճում է յոթ ճյուղանի ճերմակ կեչի։

Մոնղոլները իրենց ծառը պատկերացնում են քառակողմ բուրգի տեսքով. կենտրոնում ծառը, ինչպես նաև կենաց սյունը, որը աստվածներին ծառայում է իբրև ցից՝ ձիերին կապելու համար։ Վասյուգանական խանտերը հավատում են, որ նրա վերնամասը հպվում է երկնքին, իսկ արմատները հասնում են Ադա։ Ըստ սիբիրյան թաթարների հավատալիքների՝ Ադայում գտվնում է կենաց ծառի կրկնօրինակը։ Իրլե խանի պալատի առջև աճում է 9 եղևնի՝ իր արտահայտված արմատներով (ըստ որոշ տարբերակների 10 եղևնի), որի բնին նստած է մեռելների թագավորը և որից նրա որդիները կապում են իրենց ձիերը։ Գոլդերի մոտ երեք կենաց ծառ կա. մեկը՝ երկնքում (մարդկանց հոգիները թռչունների պես նստում են նրա ճյուղերին, սպասելով երկիր վերադարձին, որպեսզի տեղավորվեն նոր երեխաների մեջ), երկրորդ ծառը երկրի վրա է, իսկ երրորդը՝ Ադայում։

Մոնղոլներին հայտնի է զամբու ծառը, որի արմատները հասնում են Սումեր լեռան հիմքին, իսկ սաղարթը փռված է նրա գագաթին. Աստվածները օգտվում են ծառի բարիքներից, իսկ հրեշտակները մնում են թաքնված լեռան ծերպերում, նախանձով հետևում են նրանց։ Համանման առասպել մենք հանդիպում ենք նաև կալմիկների և բուրյաթների մոտ[5]։

Խեթական ծիսական տեքստերում, կապված մեռնող և հարություն առնող աստծո՝ Տելեպինուսի պաշտամունքի հետ, նրա առջև կանգնեցվում էր մշտադալար ծառ «eia»՝ ուռենի[6]։

Ըստ էության՝ կենաց ծառի խորհրդաբանությունը շատ նման է «կենտրոնական լեռան» խորհրդաբանությանը։ Երբեմն երկու խորհրդանշաններն էլ համընկնում են, սակայն սրանք հիմնականում հանդես են գալի որպես իրար լրացնող։ Երկուսն էլ հանդիսանում են Տիեզերական անիվի (համաշխարհային սյան և այլն) առասպելաբանական բաղադրիչներ[7]։

Կաբալիստական կենաց ծառ

Հնագույն որոշ ավանդություններում կենաց ծառը պատկերված է իբրև կանացի սկիզբ, որի հետ կապվում են այն կենդանիները որոն համընկնում են ծառի միջնամասի հետ և համարվում են վերարտադրողականության կրողներ. (խեթական մի տեքստում ասվում է, որ ծառի հետ քնել է առյուծը, ընձառյուծը, արջը նրանց վրա է ցատկել)։ Կենաց ծառի հետ սերտորեն կապված են այն տեքստերը, որոնցում հիշատակվում է.

  • Աստվածուհիների մասին, որոնք կյանք են տալիս,
  • Կենաց հեղուկը կամ կերակուրը՝ աստվածուհու կյանքի կաթը, որը տղամարդուն կյանք է տալիս,
  • Սրբազան ամուսնությունների բազմաթիվ տեսակներ[8]։

Գերագույն աստվածուհու և կենաց ծառի միջև զուգահեռները եղել են նաև Եգիպտոսում։ Եգիպտոսում մի բարձրաքանդակ պատկերում է Խաստորին՝ կենաց ծառին, որը ուտելիք և խմիչք է տալիս մահացած ոգիներին, ապահովում է նաև կյանքի շարունակականությունը։ Մենք տեսնում ենք մեռած հոգուն սնունդ տվող աստվածուհու ձեռքի պատկերումը՝ լիքը բարիքներով, ծառից առաջացած նրա գլուխը և ուսերը։ Առհասարակ առաջին ծառը սերտորեն կապված է լուսնի պաշտամունքի հետ։ Այսպիսով, կենաց ծառը համարվում է բոլոր հիասքանչ ծառերի նախատիպը, որը վերակենդանացնում է մահացածներին, բուժում հիվանդներին, վերադարձնում երիտասարդությունը և այսպես շարունակ։ Այսպես, օրինակ՝ Օշադի լեռան վրա կա չորս հիասքանչ բույս. նրանցից մեկը անգին ծառ է, հարություն է տալիս մահացածներին, մյուսը հեռացնում է նիզակները վերքերից, մյուսը լավացնում է վերքերը։ Մրիտա սամջիվանի բույսը, որը հարություն է տալիս մեռելներին, անկասկած ամենաարժեքավորն է։ Սակայն կա նաև «Մեծ բույս»՝ սամդխանին, որն ունակ է միացնել մահացածի մարմնի մասերը։ Չինական առասպելները պատմում են մի կղզու մասին, որտեղից ագռավները բերում են մի խոտ, որը ունակ է վերադարձնել ռազմիկներին իրենց կյանքը, ովքեր մահացել են դեռևս երեք օր առաջ։ Միևնույն հավատալիքը գոյություն ունի նաև Իրանում։ Խոտը որը մահացածների կյանքն էր փրկում, հայտնի է նաև հռոմեական աղբուրներում՝ գրեթե բոլոր եվրոպական առասպելներում։ Երբ, համաձայն առասպելի, Սողոմոն թագավորը խնդրեց թագուհուն իրեն տալ անմահություն, թագուհին պատմեց նրան մի բույսի մասին, որը կարելի է գտնել ժայռերի արանքում։ Սողոմոնը հանդիպեց «զառամյալ մարդու»՝ ծերունու, ում ձեռքում էր այդ բույսը, և վերջինս այն հնազանդորեն տվեց Սողոմոնին։ Հետաքրքրական է նաև այն, որ մինչ այդ բույսը գտնվում էր այդ ծերունու ձեռքին նա չէր մահանում։ Այդ բույսը տալիս էր միայն անմահություն, այլ ոչ թե երիտասարդություն[9] :

Կենաց ծառը տարբեր մշակույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարդուրի Բ թագավորը կենաց ծառի մոտ (ասորական բարձրաքանդակ)
Կենաց ծառը սասանյան արվեստում
Կենաց ծառ դերվիշի գերեզմանաքարի վրա, Կոնիա
Կենաց ծառ, 11-րդ դար, Շվեդիա
Եգիպտական Կենաց ծառ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրեզեր Ջ. Ոսկե Ճյուղը, Ե., 1989, էջ 34.
  2. Ֆրեզեր Ջ. Ոսկե Ճյուղը, Ե., 1989, էջ 38.
  3. Мифы Народов Мира, тт. 1-2, М., 1991-1992 (Древо Жизни, Древо Мировое) c. 56.
  4. Элиаде М. Очерки сравнительного религиоведения, М, 1999.c. 145.
  5. Элиаде М. Очерки сравнительного религиоведения, М, 1999.c. 314-315.
  6. Мифы Народов Мира, тт. 1-2, М., 1991-1992 (Древо Жизни, Древо Мировое) c. 165-166.
  7. Элиаде М. Очерки сравнительного религиоведения, М, 1999.c.313.
  8. Мифы Народов Мира, тт. 1-2, М., 1991-1992 (Древо Жизни, Древо Мировое) c.189.
  9. Элиаде М., Шаманизм и архаические техники экстаза, Киев: «София», 2000. — 480 с.// Перевод с английского: К.Богуцкий, В.Трилис. [1] Արխիվացված 2015-09-06 Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 361