Ջերարդ Գաֆեսճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերարդ Գաֆեսճյան
Gerard Cafesjian public photo.jpg
ԱԱՀ՝ Ջերարդ Լևոնի Գաֆեսճյան
Ծննդյան օր՝ 1925, ապրիլի 26
Ծննդավայր՝ Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր՝ 2013, սեպտեմբերի 15
Վախճանի վայր՝ ԱՄՆ
Քաղաքացիություն՝ հայ
Մասնագիտություն՝ բարերար, գործարար

Ջերարդ Լևոնի Գաֆեսճյան (ապրիլի 26, 1925, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 15, 2013, ԱՄՆ), գործարար և բարեգործ, հիմնադրել է «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը (ԳԸՀ), «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամը (ԳԹՀ) և Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։

Կենսագրություն[խմբագրել]

Ջերարդ Լևոնի Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին, Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Ծնողները Միացյալ Նահագներ են ներգաղթել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։

Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում տեղակայված ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի կազմում՝ ծառայելով «Կորսեր III» զբոսանավի վրա, որը կառուցվել էր 1895 թվականին՝ ավելի ուշ վերածվելով գեոդեզիական հետազոտություններ կատարող ռազմանավի։ Ծառայել է նաև «Անդրես» ամերիկյան ռազմանավի վրա։ Պատերազմից վերադառնալուն պես ամուսնացել է բուժքույր Քլեո Թոմասի հետ, որին հանդիպել էր պատերազմի ժամանակ։

Գաֆեսճյանը ստացել է տնտեսագիտության և իրավաբանության բակալավրի աստիճան։ Սովորել է Հանթեր քոլեջում, ապա Սուրբ Հովհաննես համալսարանի Իրավագիտական բարձրագույն դպրոցում։ Եղել է Նյու Յորքի փաստաբանների ասոցիացիայի անդամ։

1952 թվականին սկսել է մասնագիտական գործունեությունն աշխարհի առաջատար իրավաբանական տեղեկատվության ընկերություններից մեկում՝ West Publishing-ում, որպես իրավական հարցերով խմբագիր։ Ընկերության 100-ամյա պատմության մեջ նա դարձել է առաջին աշխատակիցը, ով մասնաճյուղից տեղափոխվել է Մինեսոտա՝ գլխավոր գրասենյակ, որտեղ ստանձնել է նույն ընկերության մի շարք ղեկավար պաշտոններ՝ ի վերջո դառնալով West Publishing ընկերության գործադիր փոխնախագահ և տնօրենների խորհրդի անդամ։

Հիմնադրել և հաջողությամբ իրականացրել է «Արևմտյան արվեստը և իրավունքը» (West Art and the Law) ամենամյա ցուցահանդեսը։ Այդ նախաձեռնության համար արժանացել է «Գործարարությունը և արվեստը» պարգևի։

1996 թվականի հունիսին սկսել է անձնական ներդրումների կառավարումն ու բարեգործական գործունեությունը։ Գաֆեսճյանի բարեգործական ջանքերի հիմնական առաքելությունը հայության բարեկեցությանն աջակցելն է եղել։

Վաշինգտոնում եղել է Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։

1996 թվականին Գաֆեսճյանը հիմնադրել է «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը։ ԳԸՀ-ի նպատակն է նպաստել հայ ազգի նկրտումներին՝ ցեղասպանության թողած ողբերգական հուշերի բեռը թեթևացնելու գործում։ «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը նախաձեռնել է նաև մի շարք նախագծեր, որոնց նպատակն է ստեղծել աշխատատեղեր և ապահովել կայուն տնտեսական ակտիվություն՝ վերականգնվող էներգետիկայի, ԶԼՄ-ների, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի զարգացման, համակարգչային ծրագրերի և հեռահաղորդակցության ոլորտներում ծրագրերի զարգացման և իրականացման համար։

Ջերարդ Գաֆեսճյանի բարեգործական գործունեության ամենակարկառուն ձեռքբերումը Երևանի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկի՝ Կասկադի վերանորոգումն է եղել, որտեղ 2009 թվականին բացվեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող թանգարանը, որ կրում է իր հիմնադրի անունը, այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը։ Ցուցադրելով իր մասնավոր հավաքածուն՝ Գաֆեսճյանը նպատակ ուներ արվեստի միջոցով նոր լույս տարածելու հայերի կյանքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]