Մայր Հայաստան հուշահամալիր
| Մայր Հայաստան հուշահամալիր | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Գտնվում է | |
| Կառուցվել է | 1950 թ-ի նոյեմբերի 29 |
| Շինության ձևը | Կենտրոնակազմ |
| Կառուցել է | Ռաֆայել Իսրայելյան |
| Շինարար | |
| Ներկա վիճակը | Կանգուն |
Մայր Հայաստան հուշահամալիր, հուշարձան համալիր է Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում: Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը: 1951 թվականին հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի: 1962 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը: 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը:
Հուշահամալիրը նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 52 մետր է: Հաղթանակի մոնումենտի ճարտարապետական և քանդակագործական մասերը համարժեք են և ընդհանուր մտահղացման սահմաններում ունեն ինքնուրույն նշանակություն, բովանդակություն ու իմաստավորում։ Պատերի զուսպ պլաստիկ մշակումը, քանդակազարդ շքամուտքի 19 չկրկնվող վարդյակների նուրբ նկարվածքը հարազատ են ազգային արվարձանի լավագույն նմուշներին։ Մոնումենտը կառուցված է սև տուֆով։1970 թվականին բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին. թանգարանը: 1995 թվականին այն վերանվանվել է Մայր Հայաստան զինվորական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո: Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա` Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատագրական պատերազմ:
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |