Կամար (ճարտարապետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամար ( հուն. καμα΄ρα— թաղածածկ սենյակ կամ սայլ) ճարտարապետության մեջ, միահարթ կորագիծ կառուցվածք։ Ի տարբերություն հեծանի, Կամարի հենակետերում ծանրության ուղղաձիգ ուժից բացի առաջանում է նաև հրման ուժ (հենարանային հակազդման հորիզոնական բաղադրիչը)։ Երկու ծայրերը միակցված Կամարը («պրկված» կամար) աշխատում է որպես հեծան, այս դեպքում հրման ուժերը մարվում են ձգման աշխատող պրկանի միջոցով։ Բեռի ազդեցության տակ կամարի աշխատանքն ընթանում է սեղմման, մասամբ՝ ծռման ճիգերին հակազդելու ուղղությամբ։ Կամարի և թաղի հիմնական համաչափական տարրերը, բացառությամբ երկայնական չափի, նույնն են (թաղը բազմաթիվ կամարների միաձուլվածք է)։ Կամարի առանձին հատվածքներն ունեն բնորոշ անվանումներ, հենման մասերում՝ Կիկրունկ, գագաթի մասում՝ փական, փականաքար կամ կամարիի պորտ։ Վերելքի սլաքի (տես Թաղ) հարաբերությունը թռիչքին կոչվում է կամարի թևքավունություն։ Ըստ կորաձևության կամարները լինում են՝ կիսաշրջանային (միակենտրոն), սլաքային (երկկենտրոն), պայտային (երկրաչափական կենտրոնը գտնվում է կրունկների մակարդակից վեր), սահող (կրունկները տարբեր մակարդակի վրա են), եռատերև, (նշտարաձև են)։ Ըստ կառուցվածքային սխեմայի ստորաբաժանվում են՝ անհոդակապ (կրունկների և հենարանների կոշտ միակցում), երկհոդակապ (կրունկների ու հենարանների հոդակապային միակցում), եռահոդակապ (կրունկներից բացի փականի հատվածքում նույնպես հոդակապային միակցում) կամարների։ Հոդակապային կամարները ի տարբերություն անհոդակապ տիպերի ունեն նվազ կոշտություն, սակայն աշխատանքով ճկուն են, ավելի քիչ ենթակա տարբեր դեֆորմացիաների։ Ելնելով կառուցվածքային թռիչքից, բեռնվածությունից, նշանակությունից՝ կամարները համապատասխանորեն կառուցվում են քարից, երկաթբետոնից, մետաղից, փայտից։ Ցանցային կառուցվածք ունեցող կամարը, որպես կանոն, հավաքվում է մետաղե կամ փայտե ձողերից և անվանվում կամարաձև ֆերմա։ Կամարը կիրառվել է հնագույն ժամանակներից՝ համապատասխանորեն ձևափոխվելով ըստ տարբեր կառուցվածքային համակարգերի, ոճերի։ Բոլոր ժամանակներում եղել է համաշխարհային ճարտարապետության կառուցվածքային և կոմպոզիցիոն կարևոր տարր։ Հայկական ճարտարապետության մեջ կամարի նախագաղափարը հանղիպում է դեռևս ղոչմեն անվանվող մի քանի կառույցների (Օշականի դոլմենները) ծածկերի ձևում։ Կամարաձև ավարտով մուտք է քանդակված ուրարտական եռահարկ բնակելի տան ռելիեֆային պատկերում։ Կամար և թաղ է կիրառված Գառնիի հելլենիստական ժամանակաշրջանի տաճարում։ Հայկական միջնադարյան շինարվեստում ստեղծագործաբար է կիրառվել կամարը, այս կամ այն ձևի ընտրությունը բխել է թե' կառուցվածքային, թե' ճարտարապետական պլաստիկայի խնդիրների առանձնահատկությունից։ IV—V դդ. բնորոշ է պայտային կամարը։ Կամարի այս տիպը հայկական ստեղծագործություն է։ Ֆրանսիացի ճարտարապետ Շ. Տեքսիեն 1839-ին Հայաստան այցելելուց հետո իր երկհատոր աշխատության՝ «Հայաստանի, Պարսկաստանի, Միջագետքի նկարագրության» մեջ գրել է, որ կամարի այդ տիպը նույն թվականներին չի հանդիպում ո'չ արևելքի և ո'չ արևմուտքի ճարտարապետության մեջ (մինչ այդ վերագրվում էր արաբական ճարտարապետությանը, որը կիրառել է XI—XII դարերից)։ VI—VII դարերին բնորոշ է թեթևակի պայտաձևությունը, գագաթներում արդեն զգալի է ձգտումը որոշ սրացման (երկկենտրոնության)։ Նույն ժամանակաշրջանում կիրառվել է նաև միակենտրոն կամար։ Երկկենտրոն կամարները X—XI դդ. զարգանալով, XII—XIV դդ., աննշան բացառությամբ, գերիշխող են դարձել։ XII—XIII դդ. Հայաստանում ստեղծվել և պաշտամունքային ու պալատական շենքերում կիրառվել է փոխհատվող կամարների կառուցվածքային համակարգը։ Կամարը հիմնականում որպես պլաստիկ արտահայտիչ ճարտարապետական տարր լայնորեն կիրառվում է սովետահայ ճարտարապետության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png